Արցախի ընտրություններին միջամտությունն առավել տեսանելի է ՀՀ նախկին իշխանությունների կողմից. Գեղամ Բաղդասարյան

Լուրեր

12.12.2024 | 23:29
Եվրոպական կառույցը ԵՄ-ին կոչ է արել հետաքննել Թուրքիայի իշխանությունների կողմից արհմիությունների գործիչների ձերբակալություններն ու իրավունքների խախտումները
12.12.2024 | 23:04
Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան շրջվել է և հայտնվել փոսի մեջ
12.12.2024 | 22:48
Բաքուն փորձում է միջնորդ լինել Թուրքիայի ու Իսրայելի միջև
12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ը զրուցել է Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ, «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանի հետ

– Արցախում նախընտրական քարոզչությունն արդեն շատ ակտիվ փուլում է: Ինչպե՞ս եք գնահատում ընթացքը:

– Խիստ հագեցած նախընտրական ժամանակահատված է, որպիսին երբևէ չի եղել։ Դա պայմանավորված է թեժ մրցակցությամբ և քաղաքական ուժերի ու գործիչների բազմաքանակությամբ ու բազմազանությամբ։ Առաջին անգամ միանշանակ կարելի է պնդել, որ ընտրությունները կանխորոշված չեն։ Դրա պատճառները մի քանիսն են՝ և՛ քաղաքական դերակատարների բազմազանությունը, և՛ հեռացող նախագահի գործոնը, ինչի պատճառով իշխանական ռեսուրսները ևս դրվագացված են և միտված չեն լոկ մի՝ իշխանական թեկնածուի շահերը սպասարկելուն, ինչը եղել է նախորդ ընտրությունների ժամանակ։ Ցավոք, չի կարելի միանշանակ ասել, որ վարչական ռեսուրսներ ընդհանրապես չեն օգտագործվում, պարզապես մասշտաբներն ու արդյունավետությունն առաջվանը չեն։ Ասենք՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում բազմաթիվ ահազանգեր են եղել առ այն, որ Ստեփանակերտում փետրվարի վերջին նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիք» կուսակցության երթի ժամանակ պետական հիմնարկների աշխատողներին հորդորել են մասնակցել երթին։ Ամեն դեպքում՝ անցյալի հետ չես համեմատի։ Հիմնական պատճառն այն է, որ Հայաստանում, ինչպես ընդունված է ասել, իրավիճակ է փոխվել, և Հայաստանի իշխանություններն այլևս Արցախի իշխանությունների ֆավորիտի հավելյալ ռեսուրսը չեն։

– Արցախի Պաշտպանության բանակն օրեր առաջ հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ տարբեր ուժերի կողմից փորձ է արվում բանակը ներգրավել նախընտրական գործընթացներում։ Ինչպե՞ս եք գնահատում ՊԲ-ի այս հայտարարությունը: Արդյո՞ք բավարար քայլեր կատարվում են՝ այդ խնդիրը բացառելու համար։

– Անկեղծորեն ասած՝ մանրամասնություններին տեղյակ չեմ։ Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, համապետական ընտրությունների նախօրեին նման հայտարարություններ, որպես կանոն, լինում են։ Հուսով եմ՝ խիստ մտահոգության առիթներ չեն եղել ու չեն լինի։

– Ընտրությանը մասնակցող տարբեր գործիչներ միմյանց մեղադրում են կաշառք բաժանելու, ինչ-որ լծակներ օգտագործելու մեջ, սակայն ընտրակեղծարարության մասին հաղորդումներ, կարծես, չեն ներկայացվել իրավապահներին: Ինչպե՞ս կգնահատեք սա, մերկապարանոց հայտարարություննե՞ր, թեկնածուների կողմից միմյանց սևացնելու փո՞րձ։

– Նախընտրական արշավի ֆալստարտ է եղել, այն էլ՝ մոտ մեկուկես տարի առաջ։ Բարեգործական միջոցառումների պատրվակով որոշ հիմնադրամներ խիստ շահագրգիռ ու մոտիվացված աշխատանք են տարել հազարավոր մարդկանց հետ։ Խոսքը նաև պետական հիմնադրամների կողմից կոնկրետ թեկնածուի թիմակիցների ու համակիրների արտոնությունների տրամադրման մասին է։ Էլ չեմ խոսում այն մասին, որ մարդկանց «օգնելու», իսկ իրականում՝ ընտրակաշառելու մասին շրջանառվող զրույցներն ու ահազանգերը համատարած են։ Եթե ապացուցված փաստեր ու հիմնավորված բողոքներ չկան, դեռ չի նշանակում, թե նման ահազանգերը մերկապարանոց են։ Նախ՝ հարմար առիթից օգտված և իրենց անձնական հարցերը լուծած մարդիկ, հասկանալի պատճառներով, չեն բարձրաձայնում դրա մասին, հետո էլ՝ ընտրակաշառքների «կուլտուրան» աննախադեպ նորացվել ու հարստացվել է, կան բազմաթիվ նրբահյուս թակարդներ, որոնց հակաթույնը դեռ չի գտնվել։ Մի օրինակ բերեմ։ Ասենք՝ թեկնածուն հարյուրավոր շտաբեր է բացում և երբեմն այնքան անիմաստ, որ դրա գաղտնանպատակը դժվար չէ կռահել։ Օրինակ՝ նույն փողոցի մի մայթին, դրա անմիջապես դիմացի մյուս մայթին և այս երկու շտաբերից մի 50 մետր էլ ներքև՝ ևս մեկական շտաբ։ Թվում է՝ անիմաստ շռայլություն է։ Բայց՝ ոչ, եթե յուրաքանչյուր շտաբում, ասենք, աշխատանքի են վերցնում առնվազն տասը հոգու ու շատ բարձր վարձատրում, ապա կարող եք պատկերացնել, թե արդյունքում ինչ թիվ է ստացվում։ Ու ոչինչ չես կարող անել։ Չես կարող ապացուցել, որ սա ընտրակաշառքի ձև է։ Տրամաբանական հարց է ծագում՝ որտեղի՞ց այս ահռելի ռեսուրսները։ Տրամաբանական եզրակացությունն էլ այն է, որ ժամանակին պետական ռեսուրսների փոշիացման արդյունք է սա։ Ու մարդկանց համար էլ միանշանակ պարզ է, թե որ թեկնածուն է առնչվել այս միջոցների փոշիացմանը։

– Այս ընտրություններում, մասնավորապես՝ նախագահի, ակնհայտ առաջատարներ կա՞ն՝ ըստ Ձեզ:

– Ամենատարբեր հանդիպումների ժամանակ մարդիկ սովորաբար դժգոհում են, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ու գործիչների քանակն աննախադեպ մեծ է, ուստի դժվար է կողմնորոշվելը։ Այո՛, կա նման խնդիր։ Միևնույն ժամանակ, խորամուխ լինելով այդ ամենում՝ դժվար չէ հասկանալ, որ հիմնական պայքարը լինելու է երկու թեկնածուների, երկու բևեռների, երկու գաղափարախոսությունների միջև։ Կարծում եմ, որ իրար դեմ են դուրս եկել նյութական-ֆինանսական ռեսուրսներն ու հանրային վստահության ռեսուրսները։ Թե որը կհաղթի՝ արցախյան հանրության պատվի խնդիրն է։ Մեծ հաշվով՝ սա նաև պայքար է հնի ու նորի միջև։ Հին ու նոր ասելով՝ մենք հասկանում ենք հին ու նոր համակարգ։ Ընտրությունների ֆավորիտներից Արայիկ Հարությունյանն ու «Ազատ հայրենիք» կուսակցությունը խորհրդանշում են հին համակարգը, Մասիս Մայիլյանը և «Նոր Արցախ» դաշինքը խորհրդանշում են նոր համակարգը և արմատական բարեփոխումների գաղափարը։ Նախագահական զընտրություններում կան այլ թեկնածուներ ևս, որոնք արմատական բարեփոխուների կողմնակիցներ են, պարզապես նրանց շուրջ առանցք չի ձևավորվել, ըստ այդմ էլ՝ նրանք նվազ ազդեցիկ են։

– Ձեր կարծիքով՝ հենց մարտի 31-ին նախագահ կընտրվի՞, թե՞ քվեարկության երկրորդ փուլ սպասել:

– Նախընտրական պայքարի սկզբնական շրջանում տիրապետող էր այն կարծիքը, որ, ամենայն հավանականությամբ, կլինի երկրորդ փուլ նախագահական ընտրություններում։ Սակայն հետագա զարգացումները, մասնավորապես՝ այն հանգամանքը, որ Մասիս Մայիլյանի շուրջ ձևավորվող առանցքը գնալով ընդլայնվում է, բոլոր հիմքերը կան կարծելու, որ մարտի 31-ին կորոշվի Արցախի Հանրապետության հաջորդ նախագահի հարցը։

– Հայաստանի իշխանությունները որևէ թեկնածուի բացահայտ նախընտրություն տալու մասին չեն նշում՝ ընդգծելով, որ կհամագործակցեն Արցախի ժողովրդի կողմից ընտրված ցանկացած թեկնածուի հետ: Դուք Երևանից այս ընտրություններին միջամտելու փորձեր նկատե՞լ եք:

– Հայաստանի նոր իշխանությունը և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանիցս արտահայտվել են այս թեմայով և ընդգծել, որ իրենց առաքելությունն ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների երաշխավոր լինելն է։ Արդեն նման փորձ կա՝ կես տարի առաջ Արցախում կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության տեսքով։ Ինչ վերաբերում է Երևանից ընտրություններին միջամտելու փորձերին, ապա այդ միջամտությունն առավել տեսանելի է ՀՀ նախկին իշխանությունների և նրանց սպասարկող մեդիայի կողմից։

– Նախագահի թեկնածուներից Վիտալի Բալասանյանը պարբերաբար ՀՀ իշխանությունների հասցեին քննադատությամբ է հանդես գալիս: Եթե այդ պաշտոնում ընտրվի հենց նա, ինչպե՞ս եք պատկերացնում հայկական երկու պետությունների իշխանությունների միջև փոխգործակցությունը:

– Արցախում կան ուժեր, որոնք դեմ են Հայաստանի նոր իշխանություններին և կոշտ հշետորաբանությամբ են հանդես գալիս նրանց հասցեին։ Սակայն արցախցիների ողջամտությունը բավարար ռեսուրս ունի՝ չեզոքացնելու նման միտումները։ Դրանք անհեռանկարային միտումներ են։ Հայաստանի իշխանությունների հետ դիմակայությունը կործանարար կարող է լինել, և սա հասկանում են մարդիկ։ Ուստիև վստահ եմ, որ փոխգործակցության որևէ խնդիր չենք ունենա ապագայում։

– Ոստիկանությունը օրեր առաջ հաղորդագրություն տարածեց՝ հորդորելով չտարածել ատելության խոսք, զրպարտություն և վիրավորանք։ Ձեր գնահատմամբ՝ այս քարոզարշավում որքանո՞վ է չարաշահվում ազատ խոսքի իրավունքը։

– Այս ընտրարշավը նախորդներից տարբերվում է նաև դրանով՝ նոր տեղեկատվական տեխնոլոգիաների և քաղտեխնոլոգիայի նոր մեթոդների կիրառմամբ։ Ծանր խնդիր է ֆեյքնյուզը։ Ատելության խոսքը գերազանցապես հենց այս խողովակով է տարածվում, և դրա դեմ արդյունավետ պայքարի մեթոդները դեռ հստակեցված չեն։ Մեկ այլ խնդիր է հայաստանյան տեղեկատվական դաշտից վարձահրավիրված հարթակների գործունեությունը։ Սա նույնպես անում են այն ուժերը, որոնք ֆինանսական ռեսուրսների խնդիր չունեն և միջոցների միջև էլ խտրություն չեն դնում։

– Արցախում համապետական միջոցառումների ժամանակ Բաքուն չի կարողանում զերծ մնալ սադրանքներից: Շփման գծում իրավիճակի լարման, Ադրբեջանի կողմից որևէ գործողության վտանգ տեսնո՞ւմ եք:

– Պարադոքս է, բայց փաստ, որ նման վճռորոշ պահերի հակառակորդը, կարծես թե՝ գիտակցաբար, իրավիճակի սրման լուրջ միջոցներ չի ձեռնարկում։ Տրամաբանությունը, հավանաբար, հետևյալն է՝ «թող հանգիստ իրար միս ուտեն»։ Նաև այս առումով է կարևոր քաղաքակիրթ ընտրությունների անցկացումը։ Չմոռանանք նաև, որ վերջին շրջանում, մի շարք հանգամանքներով պայմանավորված, հարաբերական, միգուցե՝ խիստ հարաբերական անդորր է շփման գծում, որը երբեմն խախտվում է, բայց կարծես թե զարգացման տրամաբանություն չկա:

Թամարա Հակոբյան