Ինչպես է նախկին թաղապետ «Ծաղիկ Ռուբոն» այգու տեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թիթեղյա այս ցանկապատը դավիթաշենցիներին բաժանում է երբեմնի սիրելի «Դեյզի» անունով այգուց, որից այսօր ոչինչ չի պահպանվել՝ տարածքում խորը փոս է։ 7.449 ք.մ.-անոց հողատարածքում «Ֆեմիդա գրուպ» ՍՊԸ-ն պատրաստվում է կառուցել բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր։ Այստեղ, հավանաբար, ակտիվ շինաշխատանքներ կընթանային, եթե Երևանի քաղաքապետարանին կասկածելի չթվար այգու տարածքի սեփականաշնորհման պատմությունը։

Դեռ ամիսներ առաջ քաղաքապետ Հայկ Մարությանն Առաջին լրատվականի եթերում պատմել էր. «Գալիս են մարդիկ՝ սա իմ հողատարածքն է, ուզում եմ այստեղ շենք կառուցել։ Ես հատիկ-հատիկ բոլորը նայում եմ և հենց տեսնում եմ՝ կասկածելի է, կա Google Earth ծրագիր, որտեղ կարողանում ես ժամանակային հետ տալ։ Հետ ես տալիս, տեսնում ես՝ մեծ այգի է, որը փոսի է վերածվել։ Սա Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածն է, տարածքն իրավունք չունի օտարվելու, բայց օտարվել է և ո՞ւմ է օտարվել՝ այդ վարչական շրջանի թաղապետի աղջկա անունով։ Ես կանգնեցնում եմ պրոցեսը, թույլ չեմ տալիս շինարարություն լինի և ասում եմ՝ ուղարկեք դատախազություն»:

Հայկ Մարությանի հիշատակած նախկին թաղապետը Ռուբեն Գևորգյանն է, որը առավել հայտնի է «Ծաղիկ Ռուբո» մականունով։ Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան 40 հասցեի տարածքն անցել է նախկին ԲՀԿ-ական պատգամավորի աղջկան՝ Արմենուհի Գևորգյանին, երբ նրա հայրը 1996-1999 թվականներին Դավիթաշենի թաղապետն էր։

Այգու տարածքը Ռուբեն Գևորգյանի ընտանիքին անցել է աստիճանաբար. նախ՝ 1997 թվականին Արմենուհի Գևորգյանը, առանց թույլտվության, այստեղ հանգստի համալիր է կառուցել, ապա 1999-ին Գևորգյանը վարձակալել է ամբողջ այգին, իսկ հաջորդ տարի արդեն 6.452 ք.մ. հողատարածքը դարձել է նրանց սեփականությունը։ Հետագայում Ռուբեն Գևորգյանի տարածքն ընդլայնվել է և այժմ կազմում է 7.449 ք.մ.։

Երկու տարի առաջ Ռուբեն Գևորգյանի աղջիկը հողատարածքը փոխանցել է հենց իրեն պատկանող «Ֆեմիդա գրուպ» ՍՊԸ-ին։ Այս փաստաթուղթը հավաստում է, որ «Ֆեմիդա գրուպ»-ը բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու համար Բնապահպանության նախարարությունից ստացել է դրական եզրակացություն։ Համալիրը պետք է ներառեր 14, 16 և 18 հարկանի շենքեր։

Փաստացի ստացվում է, որ քաղաքապետարանի ջանքերով խափանվել է այս ծրագիրը՝ «Ֆեմիդա գրուպ»-ը քաղաքապետարանից չի ստացել շինարարության թույլտվություն։ Ավելին՝ հասկանալու համար, թե որքանով են օրինական հողահատկացման հիմքերը, հողատարածքի վերաբերյալ նյութերն ուղարկվել են ԱԱԾ։ Քաղաքապետն ակնարկում է, որ առերևույթ խախտվել է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածը, ըստ որի՝ արգելվում է պետական ու համայնքային սեփականության այգիները սեփականաշնորհել:

Դավիթաշենցիները Factor.am-ին պատմեցին, թե ինչպես տարեցտարի «Դեյզի» այգին զրկվեց ծառերից: «Հիշում եմ, որ այստեղ շատ գեղեցիկ այգի էր՝ արջեր, սիրամարգեր, թռչուններ կային, գեղեցիկ ժամանցային վայր էր»,- հիշեց անցորդներից մեկը:

Մեկ ուրիշն էլ պատմեց. «Առաջ եղել է այգի, Ծաղիկ Ռուբոյի տարածքն է: Կամաց-կամաց քանդեցին, որ շենք սարքեն, հեղափոխություն եղավ, դրանից հետո կանգնեց»: Քաղաքացիները միաբերան պահանջում են նորից այս տարածքում այգի կառուցել։

Նշենք, որ Դավիթաշենի «Դեյզի» այգին միակը չէ, որը հանրային տարածքից դարձել է սեփական հողակտոր: Երևանի քաղաքապետարանն արդեն իսկ գույքագրել է շինթույլտվության հերթում գտնվող երբեմնի հանրային այն տարածքները, որոնց մասնավորեցման գործընթացը կասկածահարույց է: Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը չի թաքցնում՝ նպատակ ունեն հանրային տարածքներին վերադարձնել իրենց նախկին նշանակությունը։

«Վերջնանպատակը, այո՛, կարող է լինել այն, որ տարածքը վերադարձվի նախկին սեփականտիրոջը, այս դեպքում՝ համայնքին: Այդ տարածքն ունիկալ չէ, ցավոք, բացառիկ չէ, այդպիսի տարածքներ քաղաքում շատ կան։ Այդ տարածքը ցայտուն  ապացույցներից է այն բանի, թե ինչպես են տարիներ շարունակ քաղաքի տարածքները զավթվել, և նաև հույս ներշնչող փաստեր են, որ այդ տարածքները կարողանանք վերադարձնել համայնքին»,- ասաց Հակոբ Կարապետյանը։

Արդյո՞ք Ռուբեն Գևորգյանի ընտանիքը պատրաստ է նախկին այգու տարածքը վերադարձնել քաղաքին և հրաժարվել բիզնես նպատակից, Factor.am-ը փորձեց ճշտել անձամբ նախկին պատգամավորից: «Ֆեմիդա գրուպ»-ի և Ռուբեն Գևորգյանի հետ կապ հաստատելու մեր տևական ջանքերը, սակայն, հաջողությամբ չպսակվեցին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան