«Հոկտեմբերի 27-ի վերաբացման դեպքում Մարտի 1-ը ծաղիկ կթվա Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին»․ Արման Բաբաջանյանը մանրամասներ է ներկայացնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 14:41
Նոր Հաճնի կամուրջը բացվել է
11.12.2024 | 14:30
Google-ի նոր չիպը 5 րոպեում լուծել է մի խնդիր, որի լուծման համար ամենահզոր գերհամակարգիչներից մեկը պետք է աշխատեր Տիեզերքի տարիքից ավելի երկար
11.12.2024 | 14:19
Նոյեմբերին Հայաստան այցելել է 152,976 զբոսաշրջիկ
11.12.2024 | 14:09
Սահմանազատման հաջորդ փուլը ո՞ր հատվածից է սկսվելու․ ԱԳՆ-ի արձագանքը
11.12.2024 | 14:00
Ինչ իրավիճակ է Գյումրիի շուկայում․ դժգոհ են, թե՛ առևտրականները, թե՛ գնորդները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 13:56
Բաքուն հայտնում է զինծառայողի մահվան մասին
11.12.2024 | 13:45
Շանթ Սարգսյանը «Qatar Masters Open»-ի առաջատարների շարքում է
11.12.2024 | 13:33
Մոսկվան անվտանգ ապաստան է ապահովել Ասադի համար․ ՌԴ ԱԳ փոխնախարարը՝ Սիրիայի նախկին նախագահին Հաագայի դատարանին հանձնելու մասին
11.12.2024 | 13:22
Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին Գավառից փոխանցվել է Ապարանին
11.12.2024 | 13:10
Սիրիայի անցումային կառավարության վարչապետը կայունության և հանգստության կոչ է անում
11.12.2024 | 12:59
2024թ․ ԱՄՆ զբոսաշրջային վիզայի մերժումների թիվն ավելացել է ՀՀ քաղաքացիների համար
11.12.2024 | 12:48
Բայդենի վարչակազմը նախատեսում է խստացնել ռուսական նավթի դեմ պատժամիջոցները` նախքան Թրամփի պաշտոնավարումը․ Bloomberg
11.12.2024 | 12:38
Հօգուտ պետության կբռնագանձվի 25 միլիոն դրամ. Դատարանը բավարարել է Դատախազության հայցապահանջը
11.12.2024 | 12:36
Մենք բարձր ենք գնահատում հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը միտված ամերիկահայ համայնքի բոլոր ջանքերը․ Քրիստինա Քվին
11.12.2024 | 12:24
Բլինքենը կայցելի Թուրքիա՝ Սիրիայի հարցով բանակցությունների
Բոլորը

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն օրերս «Երևան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել է Հոկտեմբերի 27-ի հանցագործության հիմնական դերակատար Նաիրի Հունանյանի հետ։ Այսօր Արման Բաբաջանյանը Factor.am-ի հյուրն է:

-Պարո՛ն Բաբաջանյան, նախ՝ ինչո՞ւ առաջացավ Նաիրի Հունանյանի հետ հանդիպման անհրաժեշտությունը։

-Նախ՝ խորհրդանշական է, 20-րդ տարելիցն է այդ ահաբեկչության և օրերս, վստահաբար տեղյակ եք, Նաիրի Հունանյանը դիմել էր վաղաժամկետ ազատման համար: Ես դրա մեջ ուղերձ տեսա, և հաշվի առնելով մեր երկրում նախորդ տարի տեղի ունեցած հայտնի իրադարձությունները՝ մտածեցի, որ, գուցե, Նաիրի Հունանյանը ասելիք ունի։ Եվ որպես ԱԺ պատգամավոր՝ նախաձեռնեցի այդպիսի հանդիպում և խնդրեցի տեղեկանալ՝ կցանկանա՞ ինձ հետ հանդիպել Նաիրի Հունանյանը: Նաիրի Հունանյանն այդպիսի ցանկություն հայտնեց, և երկժամյա հանդիպման հնարավորություն ընձեռվեց քրեակատարողական հիմնարկում։

-Շատերն են ասում, որ չեն կարողացել երկար մնալ Նաիրի Հունանյանի մոտ: Ինչպե՞ս Ձեզ հաջողվեց երկու ժամ զրուցել։

-Եթե ինձ պետք լիներ ավելին խոսել, կարծում եմ՝ այդպիսի հնարավորություն էլ կընձեռվեր։ Համենայնդեպս, ես ժամանակային սահմանափակում չեմ ունեցել։ Ինչ վերաբերում է նախկին փորձերին, Նաիրին ինքը մի քանի այդպիսի փորձի, համենայնդեպս՝ մի փորձի մասին ինձ պատմեց, բայց դա եղել է ոչ դեմ առ դեմ հանդիպման ձևաչափով, այլ նրա խցից դուրս փորձ է արվել նրա հետ զրույցի բռնվել, ինչը վիրավորել է իրեն և ինքը չի ցանկացել նույնիսկ պատասխանել այն հարցերին, որոնք նրան տրվել են։ Իսկ առհասարակ, քրեակատարողական հիմնարկում ինձ տեղեկացրեցին, որ այսպիսի փորձ և այսպիսի հնարավորություն չի տրվել ոչ մի քաղաքական գործչի և պատգամավորի երբևէ՝ և՛ քննության ընթացքում, և՛ նախաքննության ընթացքում, և՛ ամբողջ դատավարության ընթացքում։ Եվ Նաիրի Հունանյանը զրկված է եղել այսպիսի տևական զրույցի հնարավորությունից:

-Ի՞նչ էիք ուզում պարզել այդ հանդիպման ընթացքում, և Ձեզ հաջողվե՞ց։

-Առհասարակ պիտի ասեմ, որ որպես ՀՀ քաղաքացի և որպես քաղաքական գործիչ, և որպես մարդ, ում կյանքում Հոկտեմբերի 27-ն անդառնալի հետք է թողել… Ես եղել եմ Կարեն Դեմիրճյանի նախընտրական շտաբում և համակարգել եմ երիտասարդական կազմակերպությունները, որոնք սատարում էին Կարեն Դեմիրճյանին 1998-ի ընտրությունների ընթացքում, և՛ առաջին, և՛ երկրորդ փուլերին շատ ակտիվ մասնակցություն եմ ունեցել։ Եվ դրանից հետո տեղի են ունեցել որոշ իրադարձություններ։ Կարեն Դեմիրճյանն ինձ համոզում էր չլքել Հայաստանը, մասնակցել 1999-ի խորհրդարանի ընտրություններին։ Դեռևս չէր ստեղծվել Հայաստանի Ժողովրդական կուսակցությունը, և նա արդեն այդ ժամանակ ինձ հետ խոսում էր, որ մենք ստեղծում ենք կուսակցություն, և ինձ հրավիրում էր մասնակից դառնալ։ Եվ երբ իսկապես այդ ամենը տեղի ունեցավ, ես որոշել էի Միացյալ Նահանգներից վերադառնալ Հայաստան և, ինչու չէ, մաս կազմել այդ փոփոխություններին։ Եվ տեղի ունեցավ Հոկտեմբերի 27-ը: Եվ իմ՝ Հայաստան վերադառնալու երազանքը կոտրվեց։ Իմ վերադարձը տեղի ունեցավ շատ ավելի ուշ, շատ ավելի այլ պայմաններում, և դրան հաջորդեցին իրադարձություններ, որոնք կրկին ուղիղ կապ ունեն այդ շահառուների հետ, որոնց այդ ոճրագործությունից հետո բաժին հասավ Հայաստանը որպես միջոց՝ մեր ժողովրդին կեղեքելու, մեր պետականությունը դեֆորմացնելու և հարստանալու…

-… և ի՞նչ էիք ուզում պարզել։

-Եվ այն, ինչ ես ուզում էի պարզել, առնվազն կարծում եմ, որ հետաքրքիր ուսումնասիրության առարկա է պատկան մարմինների համար։ Ես միայնակ չեմ եղել զրույցի ժամանակ, ինձ առաջարկվեց, որպեսզի քրեակատարողական հիմնարկից որևէ մեկը ներկա լինի՝ անվտանգության նկատառումներով։ Ես խնդրեցի, որպեսզի քրեակատարողական հիմնարկի պետը ներկա լինի զրույցին։ Բայց դա չխանգարեց Նաիրի Հունանյանին, որ անկեղծ զրույցի բռնվի ինձ հետ։

-Իսկ եթե ուզենայիք մենակ լինել նրա հետ, կարո՞ղ էիք։

-Ես կարծում եմ, որ չէր խանգարի, եթե ես հրաժարվեի, այսինքն՝ զրույցի հնարավորություն կտրվեր։ Բայց Նաիրի Հունանյանը դեղեր է ընդունում, դա ժամանակ առ ժամանակ ագրեսիվ դրսևորումներ է առաջացնում իր մոտ, և ես դրան ականատես եղա. մերթ ընդ մերթ մթագնում էր նրա հոդաբաշխ զրույցի տրամաբանությունը, ընթացքը, և կարծում եմ, որ ճիշտ էր, որպեսզի ես միայնակ չլինեի: Անվտանգության անհրաժեշտ տեխնիկական միջոցներ կային, որոնք կարող էին հրավիրել այլ ուժեր, եթե դրա անհրաժեշտությունը լիներ։ Փառք Աստծո, դրանց անհրաժեշտությունը չզգացվեց։ Բայց ասեմ, որ օգտակար էր այս հանդիխպումը, և ես բավական նոր հանգամանքների հասու դարձա, որոնք ինձ անծանոթ էին նույնիսկ ամբողջ քրեական գործի նյութերին ծանոթանալուց հետո, իսկ դրանք 40 հատոր էին, որոնք ես այս տարիների ընթացքում հասցրել եմ ձեռք բերել, ուսումնասիրել կարդալ։

-Կարո՞ղ եք մանրամասնել։

-Չեմ կարող մանրամասնել՝ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով։ Կարծում եմ, որ դրանք նյութեր են, որոնք ես առնվազն պետք է ներկայացնեմ նախ պատկան մարմիններին, դրանք վերլուծության պետք է ենթարկվեն։ Եվ եթե իսկապես նոր հանգամանքներն արժանահավատ գնահատվեն…

-Այնուամենայնիվ՝ կան նոր հանգամանքներ։

-Կարծում եմ, որ եթե դրանք վերլուծության ենթարկվեն, կրկին փորձ արվի Նաիրի Հունանյանին հանդիպել և նրանից մասնավորեցնելով տեղեկություններ փոխանցել, կարծում եմ՝ կան այդպիսի հանգամանքներ։ Բացի այդ՝ ես կարծում եմ, որ Հոկտեմբերի 27-ը վերաբացելու պատճառ կա, դա Մեղրիի տարբերակի արդեն շրջանառված, պաշտոնապես հաստատված իրողությունն է:

-Նաիրին տեղյա՞կ է այդ տարբերակի մասին։

-Ես Մեղրիին չեմ հասել, բայց խոսել ենք Հոկտեմբերի 27-ին նախորդած և հաջորդած ժամանակահատվածից, հասել ենք մինչև Մարտի 1, մինչև հեղափոխություն, և Նաիրին այդ բոլորից տեղյակ էր, նա հեռուստացույց ունի և տեղեկացված է այդ ամենից։

-Դուք դեղերից խոսեցիք՝ ասելով, որ դրանք ինչ-որ ազդեցություն թողնում են, մինչդեռ Ձեր ֆեյսբուքյան գրառման մեջ ասել էիք, որ նա շատերից ադեկվատ է: Ինչպե՞ս են այս երկուսը խոսում իրար հետ:

-Շատ ադեկվատներից ադեկվատ է։ Նրանք, ովքեր փորձում են ամեն կերպ գնահատել լուրերը, որոնք Նաիրի Հունանյանին ուզում են ներկայացնել որպես անմեղսունակ, անընդունակ որևէ տեղեկություն հաղորդելու, ես շտապեմ տեղեկացնել այդ շրջանակներին՝ Նաիրի Հունանյանը շատ կուռ միտք ունի և շատ հավաքված, արտակարգ հիշողությամբ։ Նա կարող է վերականգնել Հոկտեմբերի 27-ին նախորդած շատ իրադարձություններ…

-… որոնք դատական գործում կա՞ն, թե՞ չկան։

-Դրանք դատական գործում չկան այդ խորությամբ և այդքան մանրամասնորեն։ Եվ ես կարծում եմ, որ անձինք, որոնք հիշատակվեցին իր կողմից, անուններ և շրջանակներ, քաղաքական ուժեր, որոնք ոռոգել են Նաիրի Հունանյանի այս մտադրությունն ու տրամադրությունը՝ իրագործել այս ոճիրը, այս հանցագործությունը, այսօր էլ շատ կարևոր դերակատարներ են ռևանշիստական շրջանակներում, և դա պատահական չէ։ Անկեղծորեն պիտի զուգահեռներ անցկացնեմ։ Այն, ինչ տեղի է ունենում ՍԴ-ի շուրջ, ՍԴ ճգնաժամը հանգուցալուծելու այս ամբողջ գործընթացի շրջանակում մի համեմատություն բերեմ, որ այն, ինչ Նաիրի Հունանյանը նպատակադրվել էր Հոկտեմբերի 27-ին իբրև փրկիչ, իբրև առաքյալ կատարել՝ այդ ոճրագործությամբ փրկել, ազատել հայ ժողովրդին արնախումներից, այդպիսի մի առաքելություն էլ իր վրա վերցրել է Հրայր Թովմասյանն ու նրա աջակիցները՝ խրամատներում հաստատված իրենց դիրքերում։ Եվ կարծում եմ՝ ոչ մի տարբերություն չկա Նաիրի Հունանյանի և Հրայր Թովմասյանի գլխավորությամբ այն մարդկանց միջև, որոնք որոշել են ՍԴ-ն պաշտպանել ժողովրդից, ժողովրդի իշխանությունից, ԱԺ-ից, ժողովրդի իրական իշխանության վստահորդներից։

-Դուք նույն գծի վրա՞ եք դնում Հրայր Թովմասյանին ու Նաիրի Հունանյանին:

-Պիտի ասեմ, որ Հրայր Թովմասյանն իրականում այն անձը չէ, որին ես դիտարկեմ որպես կարևոր դերակատար։ Նա զինվոր է։ Իրական պատվիրատուն ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանն են։ Եվ Սերժ Սարգսյանի պատվերով են իշխանությունը յուրացնելու գործողությունների դիմել Հրայր Թովմասյանն ու նրան աջակցող Արա Բաբլոյանն ու մյուսները։ Հետևաբար՝ ես կարծում եմ, որ առաջին պատասխանատուն Սերժ Սարգսյանն է։ Եվ հասկանալով, թե ովքեր են շահառուները Հոկտեմբերի 27-ի, և տեսնելով, թե ինչ միջոցների առաջ խտրություն չդրեցին այդ շահառուները Հոկտեմբերի 27-ին՝ գործի դնելով զենքերը և ոչնչացնելով, սպանելով օրվա օրենսդիր և գործադիր մարմինների գլուխները։ Ըստ էության՝ չի բացառվում, որ այդ միջոցների առջև խտրություն չդնելու գործելաոճը դեռևս շարունակում է կենսունակ մնալ։ Եվ ես իմ գրառումներում նշել եմ, որ այն նույն սպասումները, որ ժողովուրդն ուներ 1999 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, և այդ սպասումները, այդ երազները, որոնք կապված էին կոնկրետ քաղաքական տանդեմի՝ Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի հետ, և նրանք սպանվեցին Հոկտեմբերի 27-ին։ Այդ նույն հույսերը, եթե ոչ ավելին, մենք ունենք նաև այսօր։ Եվ այդ հույսերը սպանելու նպատակադրում կա ՍԴ-ի շուրջ ծագած այս վեճի համատեքստում ամեն գնով, ընդհուպ մինչև ծայրահեղ միջոցներ գործի դնելով, որովհետև նրանց և Նաիրի Հունանյանի հռետորաբանությունն իրարից չի տարբերվում։ Գործի դնելով՝ փորձել պաշտպանել այդ զինվորի, այդ խրամատի ընդհանուր նկարագրությունը, հայերի ու ադրբեջանցիների նկարագրությունները, զուգահեռները։ Դրանք պատահական չեն։ Ես կարծում եմ, որ մենք չափազանց վտանգավոր կետում ենք։ Նաիրի Հունանյանի կողմից ինձ փոխանցվել են անուններ, և պետք է ասեմ, որ զարմանալիորեն այդ անուններն այսօր կարևոր կետերում են և կարևոր անկյուններում են…

-Պարո՛ն Բաբաջանյան, այնուամենայնիվ, վիճահարույց չէ՞ համեմատել ՍԴ նախագահին և հանցագործին, որի գործողությունների արդյունքում զոհեր եղան։

-Ամենևին։ Իսկ ի՞նչ տարբերություն Նաիրի Հունանյանի և Հրայր Թովմասյանի միջև։  Երկուսն էլ, իրենց պատկերացմամբ, առաքելություն ունեն հայ ժողովրդին փրկելու, Հայաստանի պետականությունը փրկելու։ Եվ ես վստահաբար պետք է ասեմ՝ և՛ Հրայր Թովմասյանն ուներ պատվիրատուներ, և՛ Նաիրի Հունանյանն ուներ պատվիրատու։ Եվ ես ասում եմ, որ Սերժ Սարգսյանն այս գործով առնվազն ուղիղ դերակատար և ուղիղ շահառու է, և ՍԴ-ի գործով նա պետք է պատասխանատվության կանչվի և որպես ուղիղ շահառու՝ այլ գործերով կալանավորվի։ Իսկ այն գործով, ես կարծում եմ, որ եղել են շահագրգիռներ, այն մարդիկ, որոնք առնվազն որակում էին այդ ոճրագործությունը ռոմանտիկ, մի քանիսի գործած արարք, Հոկտեմբերի 27-ի օրերին հանդիպել են Նաիրի Հունանյանի հետ, ոռոգել են այդպիսի տրամադրություններ, սուտ տեղեկություններ են փոխանցել Վազգեն Սարգսյանի մտադրությունների մասին, որն նա, իբր, ծրագրել է Կարեն Դեմիրճյանի նկատմամբ։

-Անուններ կարո՞ղ եք տալ։

-Ես չեմ կարող անուններ տալ։ Անուններ տալը ճիշտ չէ։

-Բայց ռոմանտիկների խմբի մասին  Վազգեն Մանուկյանն է ասել։

-Այո՛: Եվ պիտի ասեմ, որ նա միայնակ չի եղել, Վազգեն Մանուկյանի հետ եղել են այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։ Ավելին ասեմ, եթե իրավապահներին հաջողվեց խորը ուսումնասիրությունների արդյունքում վերաբացել այս գործը, իսկ ես կարծում եմ, որ այդ հիմքերն առնվազն իմ հանդիպման արդյունքում կան, Մարտի 1-ի գործով մեղավորներին և գլխավոր ամբաստանյալին ծաղիկ կթվա Մարտի 1-ը՝ այն գործի համեմատ, որ գալիս է Մարտի 1-ից հետո Հոկտեմբերի 27-ի տեսքով։ Եվ նրանք, որոնք լծված են այդ մարդկանց պաշտպանության գործին Մարտի 1-ի շրջանակում, նրանք իրենց օրում չեն կարող պաշտպանել իրենց այդ առաջնորդներին Հոկտեմբերի 27-ի գործով։ Որովհետև անհերքելի ապացույցներ և վկայություններ կգտնվեն հաստատապես նոր իրողությունների այս պայմաններում, երբ այլևս որևէ խոչընդոտ չի լինի, ինչպիսին կար 2000-ներին, երբ դատական գործ էր ընթանում շուրջ երկու տարի։ Եվ, ի դեպ, այդ գործից շատ դժգոհ է Նաիրի Հունանյանը:

-Ի դեպ՝ այդ մարդկանց անունները Նաիրի Հունանյանն ի՞նքն է տվել, և Ձեզ արժանահավա՞տ են թվում դրանք։

-Ես կարծում եմ, որ այն անունները և այն նկարագրություններն այդ անձանց վերաբերյալ չափազանց հետաքրքիր են, և դրանք պիտի ուսումնասիրվեն։ Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ նա ասում էր, որ ինքը չափազանց համեստ մարդ է։ Եվ երբ նրան ասացի, որ քո գործողության արդյունքում երկիրը մնաց Ռոբերտ Քոչարյանի իշխանության տակ, դու գիտե՞ս՝ ինչեր տեղի ունեցան այդ տարիներին, ինքը վստահ էր, որ դա նվազագույնն է, որ կարող էր տեղի ունենալ Հայաստանի հետ։

-Այսինքն՝ ինքը մինչև հիմա էլ կարծում է, որ ճիշտ է արել։

-Ավելին, ինքը կարծում է, որ իր առաքելությունն ավարտին չի հասցրել։ Եվ ինքը դիմում է տվել վաղակետ պայմանական ազատման և հույս ունի, որ հայ ժողովուրդը իրեն պիտի ազատի և ինքն իր առաքելությունը պիտի ավարտին հասցնի։

-Եվ ո՞րն է այդ առաքելությունը։

-Թույլ տվեք այդքան չմանրամասնեմ։

-Ներողություն, գուցե հարցը շատ կոպիտ է հնչում՝ մարդիկ կան, որոնք պիտի մահանա՞ն։

-Ես չեմ կարող ավելին ասել:

-Զգացվու՞մ է, որ նա ուզում է ինչ-որ բան ասել, բայց ամբողջը չի ասում։

-Ես կարծում եմ, որ այո՛, ինքը հասկանում է իր կարևորությունը և իր հայտնած տեղեկությունների նշանակությունն առհասարակ, թե ինչ ընթացք կարող է ապահովել երկրի համար՝ կայունացնելու և ապակայունացնելու տեսանկյունից։ Եվ կարծում եմ՝ բավարար հմտության պարագային այդ մանիպուլյացիաները կարելի է գնահատել և հասկանալ, թե որքանով են արժանահավատ նրա հայտնած տեղեկությունները, որովհետև ես հիշում եմ, թե ինչպիսի մանիպուլյացիաների էր նա ենթարկում դատավարության գործընթացը, երբ կազմակերպիչների մասով սկսված գործընթացն ինչ մանիպուլյացիոն հայտարարություններով էր ուղեկցվում, և ինչպես կարճվեց այդ գործը։ Պիտի ասեմ, որ որոշ դրվագների վերաբերյալ, որոնք ինձ հայտնի են քրեական գործից, երբ ես հարցեր էի ուղղում, ինքը պաշտպանական հակադարձող հայտարարություններ էր անում և թույլ չէր տալիս, որ ես ավարտեմ հարցս։ Որոշ անձանց վերաբերյալ, որոնց մասին ես հայտնում էի, իր հաշվարկներով՝ նրանք պիտի որ ողջ չլինեին։ Եվ դա ևս ինձ ավելի ու ավելի համոզում է, որ նրան հավաստիացրել են, որ այս մարդիկ չեն լինի և իրեն կյանք են երաշխավորել: Եվ կարծում եմ, որ այս ամբողջ տեղեկությունները լրջորեն պիտի ուսումնասիրության առարկա դառնան։

-Պարո՛ն Բաբաջանյան, հնարավո՞ր է, որ Դուք այդ հանդիպման արդյունքում իրավական գործընթաց սկսեք։

-Իրավական գործընթաց ինքս չեմ նախաձեռնի։ Բայց կարծում եմ, որ այս հարցազրույցների հնարավորությամբ, հարցազրույցների միջոցով իրավապահները կտեղեկանան, որ կարևոր տեղեկություններ ունեմ այս պահին, որոնք կարող են մեր երկրի, մեր պետականության համար այդ ճակատագրական իրադարձության վերաբերյալ հիմնական հիմքեր լինել քննության համար, և կարծում եմ, որ վաղ թե ուշ դա անպայման տեղի կունենա և անհրաժեշտ ուսումնասիրություններ կկատարվեն իմ կամ ոչ միայն իմ դերակատարությամբ։

-Պատրա՞ստ եք միջնորդի դեր ստանձնել Նաիրի Հունանյանի և իրավապահների միջև։

-Ես չեմ ուզենա այդպիսի դեր ստանձնել։ Կարծում եմ, որ իրավապահները կգտնեն այդ միջոցները Նաիրիի հետ աշխատելու։ Ինձ համար շատ ծանր էր այս հանդիպումը։ Ի վերջո՝ հանդիպել մեկին, որի հանդեպ ունես ամենաբացասական վերաբերմունքը, բայց հանուն այս արդյունքի, հանուն այս համոզումների, որ ինձ համար շատ կարևոր էին, ես գնացի այս միջոցին և ստացա ինձ համար պատասխաններ։

-Ներողություն, բայց բացառո՞ւմ եք, որ այդ ամենը, այնուամենայնիվ, կեղծ է, և ինքը փորձել է ամեն ձևով Ձեզ մանիպուլացնել, և Դուք հավատացել եք նրան։

-Ես որևէ բան չեմ բացառում։ Բայց իմ հարցերը և նրա պատասխանները փորձել եմ հնարավորինս տեղավորել այն շրջանակի մեջ, որ ինձ հայտնի է քրեական գործից, այն անհատների շրջանակի մեջ, որոնք կարևոր դերակատարներ են եղել՝ ըստ գործի նյութերի, որոնք մահացել են առեղծվածային պայմաններում, մահացել են Հայաստանից դուրս, օրինակ՝ Լոս Անջելեսում։ Ես մի անհատի անուն տվեցի, ասացի, որ ինքը այլևս ողջ չէ…

-Տիգրան Նազարյանի մասի՞ն է խոսքը…

-… Նաիրին ասաց, որ, այո՛, նա չպիտի լիներ ողջ։ Այսինքն՝ նա գիտեր, որ Տիգրան Նազարյանն առնվազն պիտի ողջ չլինի։

-Իսկ ինչո՞ւ չպիտի ողջ լիներ։

-Ես չգիտեմ, թող ուսումնասիրեն, թե ով էր վստահեցրել Նաիրի Հունանյանին, որ Տիգրան Նազարյանը պիտի ողջ չլինի։ Եվ այլոք, որոնք ողջ են, բայց Նաիրի Հունանյանի համար… Օրինակ՝ նրա համար կասկածելի էր իմ հավաստիացումը, որ նրանք ողջ են և առոք-փառոք ապրում են Հայաստանում և Հայաստանից դուրս։

-Ի դեպ՝ իշխանափոխությունից հետո նա իր կյանքի հանդեպ վտանգ զգու՞մ է։

-Ամենևին: Ես պիտի ասեմ, որ ինքը հստակ վերաբերմունք ունի տեղի ունեցածի վերաբերյալ և կարծում է, որ իր առաքելությունը նաև պայմանավորված է այն իրադարձություններով, որոնք տեղի են ունեցել 2018 թվականին: Ինքը կարծում է, որ ժողովուրդը խաբկանքի մեջ է, և իրական փրկությունն իրենից է գալիս:

-Դուք տպավորություն չստացա՞ք, որ դա, այնուամենայնիվ, առողջ չէ։

-Չէ, որովհետև այդպիսի տրամադրություն նրան ներարկել են այն քաղաքական ուժերը…

-20 տարվա ընթացքում ինքը որևէ մեկին հանդիպե՞լ է։

-Ինքը հիմա ապրում է այդ 20 տարվա հիշողությամբ։ 20 տարի առաջվա հիշողությամբ։ Եվ կրկնում էր ֆրազներ, որոնք մենք լսել ենք Հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում նրա կողմից: Բառացի կրկնում էր, որ ժողովրդի արյունը, որ այսինչ մարդուն հրավիրում եմ, որպեսզի միասին որոշենք՝ ինչպես։

-Այսինքն՝ ինքը դեռ հրավիրո՞ւմ է այդ մարդուն։

-Ինքը դեռ ապրում է այդ օրվա հիշողությամբ և այդ օրվա դետալներով, կարող է վերարտադրել։ Ինքը համոզված է, որ սպանությունները պատահական են, և վստահ է, որ եթե ամեն ինչ տեղի ունենար իր պլանավորածի համաձայն և այն թղթերը, թղթապանակը, որ կա գործի մեջ, և որը, փաստորեն, իրեն պիտի վարչապետ դարձներ և իշխանության բերեր, այլ ընթացք պիտի ապահովեր։ Թեպետ ինքը դժգոհ չէ, որ դա այդպես չի եղել և, օրինակ, այդ գործողության գլխավոր շահառուն դարձել է Ռոբերտ Քոչարյանը:

-Եթե իրավական գործընթաց չլինի, Դուք ի՞նչ եք անելու։

-Ես որևէ քայլ կատարելու անհրաժեշտություն չեմ տեսնում։

-Այսինքն, հնարավոր համարո՞ւմ եք, որ իրավապահները հանդիպեն Ձեզ հետ:

-Իհարկե, եթե այդպիսի անհրաժեշտություն լինի, ես պատրաստ եմ հանդիպել և փոխանցել ամբողջ տեղեկությունները, որոնք ինձ հայտնի են, և հասկանալ, թե տեղեկությունների որ չափաբաժինը ես կարող եմ հանրայնացնել, որ չափաբաժինը պետք է, այնուամենայնիվ, գաղտնի պահեմ։

-Իսկ եթե ոչ մի գործողություն չձեռնարկե՞ն։

-Ուրեմն, ես չեմ պատրաստվում ինձ բաժին հասած տեղեկությունները որևէ մեկի հետ կիսել, բացառությամբ այն անձանց, ում հետ ես պարբերաբար խոսում եմ Հայաստանի ապագայի մասին, այն քաղաքական շրջանակների, որոնց համար չափազանց կարևոր է Հոկտեմբերի 27-ի բացահայտումը։ Ի դեպ՝ ես նշեմ, որ ինձ միայն իրավապահներն այս մասով չեն հետաքրքիր, այլ նաև զոհերի հարազատները, գուցե նրանք ցանկանան ինձ հետ հանդիպել, և ես նրանց հետ կիսվեմ որոշ մանրամասներով:

-Պարո՛ն Բաբաջանյան, գաղտնիք չէ Ձեր դիրքորոշումը Ռոբերտ Քոչարյանի շուրջ գործընթացների վերաբերյալ, և  երեկվա Ձեր տեսակցությունը Նաիրի Հունանյանի հետ արդեն իսկ տեղիք է տվել վերլուծությունների, որ այդ հանդիպման հեռահար նպատակը հենց Ռոբերտ Քոչարյանի դեմ նոր գործընթաց սկսելն է։ Ի՞նչ կարող եք ասել։

-Իսկ եթե գործ չկա, ինչո՞ւ են վախեցել Քոչարյանի աջակիցները։ Ախր, նրանք մանուկներ են, որպեսզի ստիպեն ինձ պատասխանել իրենց։ Ես նրանց պապաների հետ եմ գործ ունեցել 10 տարի առաջ, և պիտի ասեմ, որ ազատության մեջ, թե անազատության, ինձ նրանց հաղթող եմ համարում։ Եվ որևէ սպառնալիքի առաջ չեմ կանգնելու։ Պաշտպանելու եմ մեր պետությունն ու պետականությունը ինձ հասու բոլոր օրինական միջոցներով։ Եվ զգուշացնում եմ՝ ինձ այդպես հեշտ չէ վախեցնելը։ Ինձ հեշտ չէ սպառնալ, ես վերջին 10-13 տարիներին, երբ ԱՄՆ-ից վերադառնում էի և ինձ ամենասահմռկեցուցիչ միջոցներով վախեցնում էին անազատության մեջ, պիտի ասեմ, որ չեմ խորշել, գնացել եմ մինչև վերջ և պատրաստ եմ հիմա էլ գնալ մինչև վերջ, որովհետև պատճառ չունեմ կանգնելու։ Իսկ եթե Ռոբերտ Քոչարյանը որևէ մասնակցություն և դերակատարություն չունի սրա մեջ, կարծում եմ՝ վախենալու պատճառ չունի: Բայց այն, որ այս գործը շատ ավելի լուրջ է, եթե վերաբացվի և եթե Նաիրի Հունանյանի հայտնած տեղեկություններն իսկապես արժանահավատ լինեն քննության համար, կարծում եմ՝ Մարտի 1-ը ծաղիկ պիտի թվա և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի, և՛ նրանց համար, որոնք այս գործի շրջանակներում կոնկրետ շահ հետապնդելով՝ աջակցում են այդ հանցագործներին։

-Եվ մի վերջին հարց՝ ունե՞ր Ձեզ անձնական խնդրանք Նաիրի Հունանյանը։

-Չեմ կարող Ձեզ այդպիսի տեղեկություն հայտնել:

Մհեր Արշակյան