Ո՞վ է գլխավոր դատախազի տեղակալի նախընտրելի թեկնածուն

Լուրեր

10.01.2025 | 22:13
Ադրբեջանական SOCAR-ը վաճառել է Թուրքիայի գազաբաշխման իր 2 խոշորագույն ընկերությունները
10.01.2025 | 22:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Ալիևի սպառնալիքն ու Փաշինյանի պատասխանը, ի՞նչ սպասել ԵՄ-ին անդամակցելու որոշումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.01.2025 | 21:45
Փաշինյանի գլամուրային բլոգը` Ալիևի սպառնալիքների ֆոնին. ինչի է ձգտում ՀՀ վարչապետը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.01.2025 | 21:29
Լրագրողներն ավելի քան 88 հազար ռուս զինվորների անուններ են պարզել, որոնք զոհվել են Ուկրաինայի դեմ պատերազմում
10.01.2025 | 21:15
Դեղերը վաճառում են օրենք խախտելով․ Factor TV-ի շրջայցը դեղատներում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.01.2025 | 21:00
ԵՄ-ին անդամակցելու մեկնարկով՝ ՀՀ-ն վեկտոր չի փոխում, այլ՝ հասանելիություն ունենալ հարուստ շուկային, մրցունակ տնտեսություն․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.01.2025 | 20:43
Ուրսուլա ֆոն դեր Լեյենին չեն հրավիրել Թրամփի երդմնակալությանը
10.01.2025 | 20:28
Մերկասառույց և մառախուղ. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին
10.01.2025 | 20:13
Նիկոլաս Մադուրոն երրորդ անգամ ստանձնել է Վենեսուելայի նախագահի պաշտոնը
10.01.2025 | 20:00
ՀՅԴ-ն երբեք դեմ չի եղել ԵՄ-ի անդամ դառնալուն, 2017-ին է կնքվել CEPA-ն․ Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.01.2025 | 19:41
Լեհաստանը նպատակ ունի աջակցել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը ԵՄ Խորհրդում նախագահության ընթացքում
10.01.2025 | 19:29
Ադրբեջանի իշխանությունները բանտարկված իրավապաշտպանից պահանջել են հրաժարվել ԱՄՆ Պետդեպի մրցանակից
10.01.2025 | 19:14
Ո՞վ է գլխավոր դատախազի տեղակալի նախընտրելի թեկնածուն
10.01.2025 | 19:00
Հանուն ԵՄ-ին անդամակցելու՝ ՀՀ-ն ծանր ուղի է անցնելու, զրկանքներ կլինեն, բայց հաջողությամբ կավարտենք․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.01.2025 | 18:44
ՀՀ ԱԽ քարտուղարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
Բոլորը

Գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով հայտարարված մրցույթին բավարարվել են երկու հավակնորդների՝ Էդգար Արսենյանի և Գևորգ Քոչարյանի հայտերը։ Թե կոնկրետ որ օրը կլինի մրցույթը, դեռևս հայտնի չէ, բայց ըստ օրենքի՝ այն պետք է անցկացվի մրցույթի համար դիմելու վերջնաժամկետից առավելագույնը մեկ ամսվա ընթացքում։

Մրցույթի համար հայտերի ընդունման վերջնաժամկետը եղել է 2024-ի դեկտեմբերի 25-ը, այսինքն՝ մինչև այս տարվա հունվարի 25-ը մրցույթը պետք է կայանա։

Ինչ կենսագրություն ունեն թեկնածուները

Էդգար Արսենյան

Թեկնածուներից Էդգար Արսենյանն արդեն 10 տարի է՝ դատախազ է։ 2015-ի փետրվարին է այս կառույցում աշխատանքի անցել, եղել է զինվորական կայազորի դատախազ,  ԱԱԾ մինչդատական վարույթի, ապա՝ Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության  վարչության դատախազ, իսկ այժմ այս նույն վարչության պետն է։

Մինչև վերջերս Էդգար Արսենյանը նաև Դատախազության որակավորման հանձնաժողովի անդամ էր, սակայն գերատեսչության կայքում առկա տեղեկատվության համաձայն՝ հունվարի 8-ին նրա լիազորությունները՝ որպես այս հանձնաժողովի անդամ դադարել են՝ նրա դիմումի հիման վրա։ Ամենայն հավանականությամբ, պատճառն այն է, որ Դատախազի տեղակալի թեկնածուի ընտրության մրցութային հանձնաժողովի կազմը որակավորման հանձնաժողովի անդամներից է կազմված, իսկ Արսենյանը, փաստորեն, մրցույթին մասնակցող թեկնածու է։

Արսենյանը եղել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով  դատախազ։ Սարգսյանը, հիշեցնենք, արդարացվել է, այժմ Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել և պահանջում է Սարգսյանին մեղավոր ճանաչել։ Հարկ է հիշեցնել նաև, որ 2024-ի տարեվերջին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանք-հորդորից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել։ Ստացվում է՝ այն կառույցի ղեկավարը, որի քննած գործերի օրինականության նկատմամբ հսկողություն է իրականացնում Էդգար Արսենյանի ղեկավարած վարչությունը, հրաժարականի դիմում է ներկայացրել։ 

Գևորգ Քոչարյան

Գևորգ Քոչարյանը 2008 թվականից մինչև 2016-ը տարբեր ընկերություններում աշխատել է որպես տնօրեն, հաշվապահ, գլխավոր հաշվապահ, 2016-ից 2019 թվականներին եղել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնտեսական և հաշվապահական փորձաքննությունների փորձագետ։ 2019-ից 2020 թվականներին եղել է Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի դատախազ, 2020-ից, երբ Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը մտել է ուժի մեջ,  և Դատախազությունում ստեղծվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը, Քոչարյանը այս վարչություն ավագ դատախազ է նշանակվել ու աշխատում է առ այսօր։

Գևորգ Քոչարյանը որպես դատախազ ներգրավված է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ընտանիքի ենթադրյալ ապօրինի գույքի, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի և այլ անձանց ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման գործերով:

Կուլիսային քննարկումներ․ ո՞վ է Աննա Վարդապետյանի ցանկալի թեկնածուն

Դատախազության մասին օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթի դեպքում՝ Որակավորման հանձնաժողովը բաղկացած է լինում 11 անդամից, իսկ այլ համալրումների դեպքում՝ 9 անդամից։

Որակավորման հանձնաժողովի կազմի մեջ են մտնում գլխավոր դատախազի կողմից նշանակվող գլխավոր դատախազի մեկ տեղակալ, չորս դատախազ և չորս իրավաբան-գիտնական, իսկ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթի դեպքում՝ նաև երկու փորձագետ, որոնց նշանակում է գլխավոր դատախազը: Որակավորման հանձնաժողովը ղեկավարում է գլխավոր դատախազի տեղակալը: Այս հանձաժողովի անդամներն անկախ են և նրանց գործունեության առնչությամբ որևէ միջամտություն արգելվում է:

Չնայած վերը նշված օրենսդրական կարգավորումներին՝ Դատախազության կուլիսներում շրջանառվում են խոսակցություններ այն մասին, որ Աննա Վարդապետյանի ցանկալի թեկնածուն Էդգար Արսենյանն է։ 

Factor TV-ն  փորձել է երկու թեկնածուներից էլ մեկնաբանություն ստանալ, որի համար երեկ՝ հունվարի 9-ին դիմել է Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանին։ 

Մասնավորապես՝ ցանկանում էինք պարզել, թե թեկնածուներից յուրաքանչյուրը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում ինչ խնդիրներ է տեսնում, Դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով տեղակալ նշանակվելու, այսինքն՝ ըստ էության ոլորտում քաղաքականություն մշակելու հնարավորություն ունենալու դեպքում ի՞նչ անելիքներ ունի։ Ցանկանում էինք նաև մեկնաբանություններ ստանալ Դատախազության ներսում  կուլիսային խոսակցությունների վերաբերյալ։ Լուսինե Մարտիրոսյանի կողմից պատասխան ենք ստացել այն մասին, որ թեկնածուները չեն ցանկանում հարցազրույց տալ։

Լրագրողի մասնագիտական անելիքը, սակայն, չի կարող  սահմանափակված լինել պաշտոնատար անձանց ցանկություններով, ուստի փորձել ենք նաև ուղիղ  կապ հաստատել դատախազի տեղակալի թեկնածուների հետ։ Էդգար Արսենյանը մեր հեռախոսազանգերն անպատասխան է թողել, իսկ Գևորգ Քոչարյանի խոսքից մեզ համար պարզ դարձավ, որ Լուսինե Մարտիրոսյանն առանց նրան տեղյակ պահելու է հայտնել, որ նա չի ցանկանում Factor TV-ին հարցազրույց տալ։ Մեր հարցադրմանը՝ ինչո՞ւ չեք ցանկանում հարցազրույց տալ, Քոչարյանն անակնկալի եկավ։

«Ո՞վ ասաց, որ չեմ ցանկանում»,- զարմանք հայտնեց Գևորգ Քոչարյանը և հավելեց, որ պարզապես կնախընտրեր լրատվական ծառայությանը տեղյակ պահել։ Մեր պատասխանից հետո, որ կապ ենք հաստատել Լուսինե Մարտիրոսյանի հետ, և վերջինս է հայտնել, որ Քոչարյանը չի ցանկանում հարցազրույց տալ, դատախազն, ամենայն հավանականությամբ, գործընկերոջ նկատմամբ սոլիդարություն դրսևորելով, այլևս չշարունակեց խոսակցությունը, իսկ քիչ անց Լուսինե Մարտիրոսյանին ուղղված մեր հստակեցնող հարցին ի պատասխան վերջինս նշեց, որ Քոչարյանը չի ցանկանում խոսել։ Մարտիրոսյանն Էդգար Արսենյանի փոխարեն և՞ս որոշել է, որ նա Factor TV-ի հետ չի ցանկանում խոսել, թե ոչ, մեզ հայտնի չէ, քանի որ այսօր նույնպես Արսենյանի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց։

Ոլորտի մասնագետների և փորձագետների կարծիքները

Թե՛ Գևորգ Քոչարյանը, թե՛ Էդգար Արսենյանը բարձր հեղինակություն վայելող դատախազներ են։  Նրանցից ո՞վ առավել արդյունավետ կարող է համակարգել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտը․ փորձել ենք պարզել ոլորտին առնչվող մասնագետների կարծիքը։

Հարություն Հարությունյանն, օրինակ, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 17 գործով ներգրավված է՝ որպես փաստաբան։ Նա դատախազ Էդգար Արսենյանի վերաբերյալ ձեռնպահ մնաց դիրքորոշում հայտնել՝ պատճառաբանելով, որ Արսենյանը մշտապես քրեական արդարադատության ոլորտում է աշխատել,  իսկ ինքը՝ քաղաքացիական։ Նշենք, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերը քննվում են քաղաքացիական դատավարության կարգով։ Ինչ վերաբերում է Գևորգ Քոչարյանին, Հարությունյանը կես կատակ-կես լուրջ ասաց, որ ինքը միայն ուրախ կլինի, որ Քոչարյանն ընտրվի դատախազի տեղակալ և այլևս դատարան չգնա։

«Դատարանում գործի քննության ընթացքում դատավարական պրոֆեսիոնալ հակառակորդ կպակասի»,- ասաց Հարությունյանը՝  միևնույն ժամանակ հավելելով, որ եթե Քոչարյանը լինի ապօրինի գույքի բռնագանձման հարցով քաղաքականություն մշակող անձ, ապա դրանից ոլորտը միայն կշահի։

Քոչարյանի թեկնածության վերաբերյալ հրապարակային դիրքորոշում է հայտնել նաև իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

«Գլխավոր դատախազի տեղակալ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի գծով պարոն Գևորգ Քոչարյանից այլ լավագույն թեկնածու չի կարող լինել. անձամբ եմ ճանաչում, անգամ համատեղ ուսումնական այց ենք ունեցել կոռուպցիոն հանցագործությունների, մասնավորապես ապօրինի գույքի վերադարձի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրման նպատակով Պրագա՝ հայտնի CELLI ուսումնական կենտրոն: Շատ հազվադեպ եմ կոնկրետ կադրային հարցերում նման տեսակետով հանդես գալիս, ու սա այդ եզակի դեպքերից մեկն է: Կադրային նշանակումներում պետք խթանել, առաջ մղել լավագույն կադրերին»,- Facebook-ի իր էջում գրել է Արթուր Սաքունցը։

Քոչարյանի թեկնածությունը պաշտպանելու վերաբերյալ գրառում է կատարել նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

«Ինչպես հայտնի է, ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի հաստիքի համար այժմ մրցույթ է ընթանում (Սրբուհի Գալյանի՝ այլ պաշտոնի անցնելու արդյունքում):

Արթուր Սաքունցի հետ միասին Գլխավոր դատախազին ռեկոմենդացիոն նամակ ենք հղել, որում առաջարկել ենք այդ պաշտոնին նշանակել նույն վարչության ավագ դատախազ Գևորգ Քոչարյանին՝ հետևյալ պատճառներով՝

  1. Գևորգ Քոչարյանն ունի երեք բարձրագույն կրթություն, որոնցից երկուսը՝ ֆինանսական և իրավաբանական, տվյալ ոլորտի կոմպետենտության լավագույն մեկտեղումն են,
  2. Գևորգ Քոչարյանն Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունում է աշխատել դրա հիմնադրման օրվանից, առաջ է տարել ամենաբարդ ու հանրային հնչեղություն ունեցող գործերը, մասնակցել ոլորտի միջազգային փորձի ուսումնասիրություններին,
  3. նախքան ներկայիս պաշտոնը Գևորգ Քոչարյանն ունեցել է թե՛ դատախազական և թե՛ տնտեսական ու հաշվապահական փորձաքննությունների իրականացման բազմամյա փորձ,
  4. Գևորգ Քոչարյանի բարեվարքությունը և գաղափարական նվիրվածությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասով վեր է որևէ կասկածից,
  5. Գևորգ Քոչարյանը փաստաբանների և դատավորների գնահատմամբ ճանաչվել է հակակոռուպցիոն ոլորտի ամենաբարձր վարկանիշն ունեցող դատախազ»,- Facebook-ի իր էջում գրել է Դանիել Դոաննիսյանը։

Արաքս Մամուլյան