Գյումրիի տարեցների տուն-ինտերնատի լուծարման հետևանքով 72 աշխատակից կարող է կորցնել աշխատանքը. նախարարությունից պնդում են՝ նոր աշխատանքի հնարավորություն կտրվի

Լուրեր

01.07.2026 | 22:57
ԱԺ պատգամավորի երդման տեքստը կփոփոխվի․ օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել
01.07.2026 | 22:41
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին
01.07.2026 | 22:26
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
01.07.2026 | 22:05
ԱԱ-2026. Անգլիան դժվարությամբ դուրս եկավ 1/8 եզրափակիչ, Հարի Քեյնը՝ հաղթական դուբլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:00
Ուրսուլա ֆոն դեր Լայենը գալիս է լուրջ ծրագրով՝ աջակցելու ՀՀ-ին․ ՌԴ-ն հակահայկական է՝ սահմանափակումներ մտցրեց․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 21:57
Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել
01.07.2026 | 21:39
Թրամփը հայտարարել է, որ Իրանի ապամիջուկայնացման գործընթացը «լավ է ընթանում»
01.07.2026 | 21:25
ԵՄ-ն 200 մլն եվրո կհատկացնի Հարավային Կովկասում կապի նախագծերի, 20 մլն եվրո՝ խաղաղությանն ուղղված նոր ծրագրի համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
01.07.2026 | 21:13
Վարչական դատարանը բավարարել է Մայր Աթոռի հայցն ընդդեմ ոստիկանության
01.07.2026 | 20:51
Ռուսաստանը սկսել է բենզին ներմուծել Հնդկաստանից. Reuters
01.07.2026 | 20:47
Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ Ալիևը՝ ԵՀ նախագահին
01.07.2026 | 20:36
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց «Ինտերի» հետ պայմանագիրը
01.07.2026 | 20:30
Եթե ՌԴ-ն գազն անջատի, ՀՀ-ն պիտի ԵՄ-ից գնի այն գազը, որն իրենք Ադրբեջանից են գնել․ դա փրկօղակ կլինի․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 20:21
Հայտնի են Հայաստանի լողափնյա վոլեյբոլի առաջնության հաղթողները
01.07.2026 | 20:11
Ռուս զինվորականները Չինաստանում գաղտնի զորավարժություններ են անցկացրել․ անձամբ Պուտինն է հաստատել․ Reuters
Բոլորը

Գյումրիի հաշմանդամների ու տարեցների տուն-ինտերնատը 2020 թվականի հունվարի 1-ից լուծարվում է: Կառույցի աշխատակազմն արդեն ստացել է համապատասխան ծանուցումը, սակայն կոլեկտիվը միահամուռ որոշել է չստորագրել այն: Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը ոլորտում նոր քաղաքականություն է սկսում, որի մեկնարկն էլ տրվում է Գյումրիի տուն-ինտերնատից:

«Պետական քաղաքականությունն է, որ նման տիպի հիմնարկները, նրանց տրամադրած ծառայությունը չեն համապատասխանում այն պահանջներին, ինչ ցանկալի է 21-րդ դարում: Եվ որպեսզի ավելի լավ ծառայություն մատուցվի, որոշվել է լուծարել տուն-ինտերնատը կամ ապագայում՝ տուն-ինտերնատները, որոնց փոխարեն ծառայությունները պետք է տրամադրեն հասարակական կազմակերպությունները»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց «Գյումրիի տուն- ինտերնատի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Սարուխանյանը։

Հաստատությունն այս պահին ունի 156 շահառու, 72 աշխատակից: Վերջինները վրդովված են նախարարության կայացրած որոշման առիթով, որն, ըստ նրանց, շատ արագ է ընդունվել՝ առանց աշխատակիցների հետ համապատասխան քննարկումների։ Այժմ աշխատակիցներն անորոշ վիճակում են, կանգնած են աշխատանքը կորցնելու հեռանկարի առջեւ։

«Վրդովմունքն ավելի շատ հանկարծակիության հետ է  կապված: Լուրը կար, բայց այսպիսի զարգացումները հանկարծակի էին, արագությունը՝ նույնպես. չորեքշաբթի զրույց, հինգշաբթի՝ ծանուցում։ Հուլիսին՝ լուրեր, հոկտեմբերին՝ ծանուցում»,- ասաց Արմեն Սարուխանյանը։

Նա հավելեց, որ զայրույթի այլ պատճառներ էլ կան. «Մի քանի նրբություններ էլ կան, որոնք զայրույթ են առաջացրել: Առաջին հերթին՝ ծրագրերի համար ընդունված քննարկումների, կլոր սեղանների, վերլուծությունների փուլը, փաստորեն, անցկացվել է առանց աշխատակազմի, առանց նրանց խնդիրները, շահերը հաշվի առնելու, քննարկելու կամ լսելու։ Երկրորդ՝ կոլեկտիվը, փաստորեն, կանգնել է փաստի առջև: Լուր կար, որ նման գործընթաց կա, բայց հստակություն չկար, թե երբ կլինի։ Եվ, ամենակարևորը, տարբեր մոտեցումներ կան աշխատանքի հարցում։ Մեզ հետ հանդիպմանը փոխնախարարի կողմից ներկայացվեց, որ թոշակառուները և վարչակազմը չեն աշխատելու, իսկ մնացածը աշխատանքի կընդունվեն առաջնահերթության իրավունքով: Դրանից հետո ուրիշ տեղեկություն եղավ, որ ոչ ոք աշխատանքից չի զրկվելու, բոլոր որակյալ և բարեխիղճ աշխատողները կմնան և կաշխատեն։ Այս անորոշությունը, երևի, առաջացրել է այն ըմբոստությունը, որ կա կոլեկտիվի մոտ»,- ասաց տնօրենը:

Հաստատության շահառուները ևս վրդովված են, քանի որ դեռ պարզ չէ նաև՝ ինչպես է նրանց խնամքն իրականացվելու:

«Եթե սկզբունքորեն մտածենք, տարեցների համար միևնույն պետք է լինի՝ ով է իրենց խնամում, կարևորը որակյալ խնամքի տրամադրումն է: Այստեղ ուրիշ գործոն կա, նրանց զգալի մասը երկար տարիներ են այստեղ՝ 18, 15, 10, և այդ ընթացքում հասցրել են անձնակազմի անդամների հետ մերվել, դարձել են ընտանիքի նման և, ինչպես բոլոր ընտանիքներում, էականն այստեղ փոխհարաբերությունն է: Կան մարդիկ, ովքեր պատրաստ են ավելի վատ պայմաններով, բայց իրենց նախընտրելի քույրերի, սանիտարների, բժիշկների հետ աշխատել»,- ասաց Արմեն Սարուխանյանը։

Նոր նախագծի համաձայն՝ ՊՈԱԿ-ի լուծարումից հետո նույն աշխատանքն իրականացվելու է ծառայությունների պատվիրակման սկզբունքով (կարգը օրենքի սահմաններում հստակեցվելու է առաջիկայում)՝ բարեգործական կամ հասարակական կազմակերպության կողմից, որն իրականացնելու է կապիտալ ներդրումներ, բարձրացնելու է ծառայությունների որակը՝ ապրելու պայմանների, խնամքի, տարեցների զբաղվածության ու ժամանցի մասով։ Այս մասին մեզ հետ զրույցում փոխանցեց Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:

Նախարարությունից պնդում են նաև, որ տուն-ինտերնատի աշխատակազմն անգործ չի մնա, կապահովվի աշխատանքով։

«Գյումրու տուն-ինտերնատում խնամք իրականացնող աշխատակիցները, որոնց կենսաթոշակային տարիքը չի լրացել, առաջնահերթության կարգով անցնելու են աշխատանքի այն կազմակերպությունում, որը կստանձնի ծառայությունը, նրանց աշխատավարձը շեշտակիորեն բարձրանալու է»,- ասաց Սոնա Մարտիրոսյանը։

Մեր դիտարկմանը՝ ինչո՞ւ է այս ծրագրի մեկնարկը տրվում Գյումրիից, որտեղ գործազրկությունը մեծ է և տուն-ինտերնատի լուծարումը նրանց թիվը կարող է ավելացնել, Սոնա Մարտիրոսյանը պատասխանեց, որ մյուս ինտերնատներում ևս վերանայվելու են ծառայությունները, գործընթացն անխուսափելի է:

«Այն կազմակերպությունում, որն իրականացնելու է ծառայությունը, 70-ից ավելի մարդ է աշխատելու։ Այնպես որ՝ գործազրկության խնդիր չի առաջանալու: Բացի այդ՝ 2020 թվականին ընդհանուր տիպի մյուս ինտերնատները ևս վերանայելու են իրենց մատուցվող ծառայությունների որակն ու ծավալը՝ ապաինստիտուցիոնալացման քաղաքականության շրջանակում: Ստեղծվելու են 8-10 հոգանոց համայնքային փոքր տներ, որտեղ ապագայում ապահովվելու է տարեցների շուրջօրյա խնամքը»,- ասաց նախարարի խոսնակը՝ հավելելով, որ տուն-ինտերնատի աշխատակազմը վաղօրոք տեղեկացված է եղել սպասվելիք փոփոխությունների մասին։

«Աշխատակազմը նախօրոք տեղյակ է եղել, ավելին՝ բոլորին ասվել է, որ կենսաթոշակային տարիքից ցածր աշխատակիցները շարունակելու են աշխատել: Բացի այդ՝ ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը սպասվող գործընթացների վերաբերյալ տեղեկացվել է դեռ հուլիսին: Նրան հանձնարարվել է տեղեկացնել աշխատակազմին հետագա գործընթացների վերաբերյալ: Իսկ համապատասխան ծանուցումն աշխատակիցները ստացել են երկու ամիս շուտ՝ ըստ օրենքի պահանջի»,- ասաց Մարտիրոսյանը:

Հարցին էլ, թե լուրեր են պտտվում, որ շահառուների խնամքը հանձնվելու է Կարմիր Խաչի ընկերությանը, ինչը նախօրոք է որոշված, նախարարի մամուլի քարտուղարը նշեց. «Այս մասով քննարկումները շարունակվում են: Որևէ հստակ տեղեկություն դեռ չենք կարող ասել»:

Չ.Է.