Ամենաշատ բացակայող պատգամավորը ԲՀԿ-ական Վարդան Ղուկասյանն է, ամենահարուստը՝ Գագիկ Ծառուկյանը. ԱԺ մոնիթորինգի արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարագրած դրամական միջոցների ընդհանուր ծավալը կազմում է ԱԺ բոլոր պատգամավորների հայտարարագրած դրամական միջոցների 97%-ը։ Միաժամանակ, ԲՀԿ ղեկավարը 7-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի ընթացքում զիջել է տարիներ շարունակ ամենաշատը բացակայող պատգամավորների տասնյակի առաջին հորիզոնականը։ Հիմա ամենաշատը բացակայող պատգամավորը Վարդան Ղուկասյանն է՝ կրկին ԲՀԿ-ից։

Սրանք «Մանդատ» տեղեկատվական կազմակերպության՝ «ԱԺ մոնիթորինգ» ծրագրի շրջանակում կատարված ուսումնասիրության արդյունքներն են, որոնք վերաբերում են խորհրդարանական անցուդարձին:

Մոնիթորինգի արդյունքների համաձայն՝ հետհեղափոխական խորհրդարանի 2-րդ նստաշրջանը մեկնարկել է 2019-ի մարտի 5-ին և ավարտվել հունիսի 20-ին: Այդ ընթացքում գումարվել է 6 հերթական և 4 արտահերթ նիստ, ընդունվել է 143 օրենք, որոնց մեծամասնությունը նախաձեռնել է Կառավարությունը: Պատգամավորներն այս ընթացքում միայն 12 օրենքի նախագիծ են առաջարկել։

«143 օրենքից 44%-ն ընդունվել է հենց արտահերթ նստաշրջանների ընթացքում։ Ոլորտային առումով շարունակել են գերակշռել իրավական և տնտեսական  ոլորտներին վերաբերող օրենքները։ Սրանք կազմել են ընդունված օրենքների 80%-ը»,- նշում է «Մանդատ» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Լուսինե Վասիլյանը։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ նոր խորհրդարանը դեռ իր ամբողջ պոտենցիալով չի աշխատել․ «Պետք է այստեղ հաշվի առնենք, որ 132 պատգամավորներից 102-ը, եթե չեմ սխալվում, առաջին անգամ են պատգամավոր, հետևաբար, այստեղ նաև ինստիտուցիոնալ հիշողության խնդիր կա, հունի մեջ ընկնելու խնդիր։ Կարծում եմ՝ ընթացքում  ավելի կակտիվանան, և կաճի պատգամավորների նախաձեռնությունների թիվը»։

«Ազգային ժողովի մոնիթորինգ»-ի արդյունքներով՝ ԱԺ 2-րդ նստաշրջանի ընթացքում էթիկայի ժամանակավոր հանձնաժողով չի ստեղծվել, կանոնակարգային ընթացակարգերով էթիկական որևէ հարց չի քննարկվել՝ չնայած խորհրդարանում գրանցվել են պատգամավորի էթիկայի կանոններին ու շահերի բախման խնդրին առնչվող դեպքեր:

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը նկատում է՝ էթիկայի հանձնաժողով չի ստեղծվել՝ հիմնվելով նախկինում ունեցած փորձի վրա․ «Այն, որ չկա այդ մշտական գործող հանձնաժողովը, միգուցե բխել է նախկինում առկա էթիկայի հանձնաժողովների փորձից։ 2012 թվականից հետո կա փորձ, որ եղել են հանձնաժողովներ, այսինքն՝ այդ ամբողջ վերլուծությունը պետք է ունենալ և հասկանալ, թե նոր իրողությունների պայմաններում ո՞րն է ավելի արդյունավետ։ Ես ասում եմ՝ կյանքն է  ստիպում և թելադրում, թե ինչ գործիքակազմ պետք  է կիրառել, որ լինի արդյունավետ»։

Ի դեպ՝ Միքայել Մելքումյանը, ըստ մոնիթորինգի արդյունքների, ԱԺ 2-րդ նստաշրջանի ամենաակտիվ պատգամավորն է։ Նա ամենաշատ հարցերն է տվել և ունեցել ամենաշատ ելույթները: Ասում է՝ ուրախ է, որ կրկին ամենաակտիվն է։

«Ես ակտիվ եմ եղել և՛ 2012-17 թվականներին, և՛ 2017-2019 թթ.-ին։ Դա ինչ-որ հատուկ վարքագծի դրսևորում չէ, բնական, ակտիվ քննարկումներ են, հարցեր, ելույթներ։ Բայց ես ոչ մի մենաշնորհի չեմ ձգտում: Եթե կան այլ ակտիվ պատգամավորներ, թող լինեն: Ես ուրախ կլինեմ»,- ասում է Միքայել Մելքումյանը։

«Մանդատ» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Լուսինե Վասիլյանը նշում է․ 7-րդ գումարման Ազգային ժողովում էականորեն կրճատվել է «լուռ» պատգամավորների թիվը․ «Տարիներ շարունակ մենք արձանագրում էինք, որ խորհրդարանի կեսը քննարկումներին չէր մասնակցում։ Այս ուսումնասիրության տվյալներով՝ օրենսդրական քննարկումներին չի մասնակցել 22 պատգամավոր՝ 132-ից, ինչը հազիվ կազմում է Խորհրդարանի 15%-ը»։

Իշխանական պատգամավոր Վահագն Հովակիմյանը կարծում է՝ սա բնական երևույթ է. 7-րդ գումարման խորհրդարանը «խոսող» է․ «Նախորդ խորհրդարանում այսպես էր. կային մարդիկ, որոնք այդտեղ էին, որովհետև իրենք կարող էին կապակցված միտք արտահայտել, իսկ մնացածը՝ միտք արտահայտելու համար չէին, այլ հաշվարկների, հանգամանքների բերումով էին հայտնվել խորհրդարանում: Այս խորհրդարանում այդ երևույթը չկա, այստեղ բոլորը միտք գեներացնող անձինք են։ Դա վերաբերում է նաև ընդդիմությանը»:

2-րդ նստաշրջանի ընթացքում ամենաշատ «կողմ» քվեարկած պատգամավորը ԲՀԿ-ից Ջանիբեկ Հայրապետյանն է, ամենաշատ «դեմ» քվեարկածը՝ «Իմ քայլ»-ից Վահագն Հովակիմյանը, իսկ ամենաշատը «ձեռնպահ» է քվեարկել «Իմ քայլից» Երջանիկ Հակոբյանը:

«Շատ լավ է, որ երիտասարդներ կան, բայց, միաժամանակ, դա պետք է զուգակցվի կենսափորձով, կենսափորձ ունեցող մարդիկ պետք է լինեն, և կարծում եմ, ժամանակի ընթացքում դա շատ արագ կգա։ Բայց, միանշանակ, դրական է երիտասարդ պատգամավորներով  համալրումը, իսկ կենսափորձի խնդիրը, կարծում եմ, խնդիր չի և իրենք դա շատ արագ կհաղթահարեն»,- ընդգծում է ԲՀԿ-ական պատգամավորը։

«Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը նշում է. խորհրդարանում գործող կանոնակարգը վերանայել է պետք:

«Պետք է ասեմ, որ այս կանոնակարգ-օրենքը շատ վատն է, և այն ժամանակ էլ դեմ  եմ քվեարկել։ Գերմանական օրինակը բերեմ․ երբ Բունդեսթագը նոր է ընտրվում, իրենք մի հատ նայում են կանոնակարգը՝ ուզո՞ւմ են դրանով աշխատեն, թե՝ ոչ: Եթե բաներ կան, փոխում են, նոր են սկսում տարին։ Մենք եկել ենք, հանրապետականների  գրած կանոնակարգով աշխատում ենք հաշտ ու խաղաղ,  հարմարվել ենք այդ ֆորմատին։ Սա նաև վերաբերում է սուպերվարչապետական համակարգին։ Այդ կանոնակարգն այնպես է գրված, որ միշտ հօգուտ քաղաքական մեծամանսությանն է, սա պետք է վերանայել»:

Իմքայլական Հերիքնազ Տիգրանյանը հակադարձում է Մարուքյանին. «Մենք, իհարկե, երջանիկ չենք, որ 132 պատգամավոր ունենք: Բայց դա գործող Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի տառին համապատասխան կանոնակարգումների շրջանակում է, որ մենք ունենք 88 մանդատ, Դուք ունեք 18 մանդատ, ԲՀԿ-ն՝ 26 մանդատ։ Հետևաբար, դուք էլ, կարծես, հարմարվել եք նախկինների գրած օրենքներին, բայց դա չի նշանակում, որ մենք չենք անում քայլեր փոխելու այդ օրենսդրությունը»։

Ի տարբերություն նախորդ՝ 6-րդ գումարման Ազգային ժողովի, որտեղ կար 12 դոլարային միլիոնատեր, 7-րդ գումարման ԱԺ-ում դոլարային միլիոնատեր պատգամավորները 2-ն են, երկուսն էլ՝ «Բարգավաճ Հայաստան»-ից։

«Երեք խմբակցություններից ամենահարուստը ԲՀԿ-ն է, ամենահարուստ պատգամավորների տասնյակում 9 ԲՀԿ-ականներ են և մեկ պատգամավոր կա «Իմ քայլը» խմբակցությունից։  Այստեղ ամենահարուստ պատգամավորների ցանկում  Տիգրան Կարապետյանն է։ Սյունիքի մարզից ռեյտինգային կարգով ընտրված  Կարապետյանը նախկին գործարար է, հայտարագրել է 443 հազար դոլարին համարժեք դրամական միջոցներ»,- նշում է «Մանդատ» տեղեկատվական ՀԿ նախագահ Լուսինե Վասիլյանը։

132 պատգամավորից միայն Գագիկ Ծառուկյանի (ԲՀԿ) և Դավիթ Մանուկյանի (ԲՀԿ) հայտարարագրած դրամական միջոցների ծավալն է գերազանցում 1 մլն դոլարը։

«Մանդատ» տեղեկատվական ՀԿ-ն շարունակելու է հետևել խորհրդարանի աշխատանքին ու դիտարկել քաղաքական ուժերի գործունեությունը՝ պարզելու համար, թե որքանով է այն արդյունավետ և հասարակության համար թափանցիկ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան