Հիմնավորվել է, որ Մարտի 1-ի սպանությունների հեղինակը պետական համակարգն է. իսկ ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.02.2026 | 23:21
Ֆրանսիան պատրաստ է լիակատար աջակցություն ցուցաբերել Հայաստանին COP17-ի կազմակերպման հարցում
03.02.2026 | 23:05
Հայկ Սարգսյանը որևէ քրեական վարույթով մեղադրյալի կարգավիճակ չունի. Դատախազություն
03.02.2026 | 22:51
ՄԻՊ-ը և ԵԽ հանձնակատարը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարևոր հարցեր
03.02.2026 | 22:39
Իսպանիան կարգելի 16 տարեկանից փոքր անձանց մուտքը սոցցանցեր
03.02.2026 | 22:25
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.02.2026 | 22:11
Նիկոլ Փաշինյանը Աբու Դաբի է մեկնել Աննա Հակոբյանի հետ
03.02.2026 | 22:02
Հազար դոլար՝ զոհված 2 եղբոր գերեզմանը սարքելու համար․ խարդախության հոդվածով տղամարդը դատարանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 21:49
Հայաստան–Հնդկաստան ռազմաքաղաքական օրակարգը՝ ԱԳ փոխնախարարի և Հնդկաստանի ԶՈւ շտաբի պետի հանդիպմանը
03.02.2026 | 21:36
Բաքուն և Լոնդոնն ամրապնդում են պաշտպանական գործընկերությունը
03.02.2026 | 21:22
Հայաստանում շտապօգնության բժիշկները մոտոցիկլով կմեկնեն կանչի․ ԱՆ նոր նախաձեռնությունը
03.02.2026 | 21:08
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ճապոնիայի ԱԳՆ-ների միջև
03.02.2026 | 21:00
Վենսի այցով՝ ԱՄՆ-ն մեծ նշանակություն է տալիս ՀՀ-ի հետ գործակցությանը․ դրական անակնկալներ են լինելու․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 20:43
Լեհաստանի ՊՆ աշխատակից է ձերբակալվել ՌԴ-ի և Բելառուսի հետախուզության համար աշխատելու կասկածանքով
03.02.2026 | 20:30
Թուրքիան կորցրել է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման հանդեպ հետաքրքրությունը, քանի որ գիտի՝ կստանա, ինչ ուզում է․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 20:22
Ադրբեջանն ու ԱՄԷ-ն պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում համագործակցության փաստաթղթեր են ստորագրել
Բոլորը

Տասը տարի Հայաստանը ղեկավարելը սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին քաղբանտարկյալ չի դարձնում: Նրա պաշտպանական խումբը նաև չի ներկայացնում դատարանների վրա բիրտ ճնշումների փաստեր: Այս մասին հայտարարում են Մարտի 1-ի գործով տուժողների ներկայացուցիչ փաստաբանները:

«Որևէ ապացույց մենք չենք տեսնում բիրտ ճնշումների վերաբերյալ։ Սկզբից հայտարարեցին, թե Աննա Դանիբեկյանի մոտ ինչ-որ մարդիկ են եկել, հետո, երբ առարկություններ եղան, փաստաբանն իր խոսքը հետ վերցրեց: Պարզապես սա հասարակությանն ասելն է, թե Քոչարյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում»,- նշում են նրանք:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն էր դատարանում հայտարարել, թե երկրորդ նախագահի դիմումի հիման վրա կալանքը վերացնելու որոշման հրապարակումից առաջ դատավոր Աննա Դանիբեկյանին այցելություն է եղել՝ ակնարկելով, որ այդպիսով դատավորը ճնշման է ենթարկվել։ Հակադարձելով՝ տուժողների ներկայացուցիչները հարց են բարձրացնում. եթե դատավորն անաչառ չէ, ինչո՞ւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին թույլատրեց բացակայել երկրից:

Քոչարյանի պաշտպանները, ըստ տուժող կողմի ներկայացուցիչների, արհեստական խոչընդոտներ են ստեղծում և փորձում են թույլ չտալ, որ գործը մտնի դատաքննության փուլ։ Ասում են՝ նպատակ կա հասարակությանը հասու չդարձնել Մարտի 1-ի ահասարսուռ մանրամասները:

«Երբ այդ փուլը գա, կտեսնեք՝ ինչ ապացույցներ կան, ինչեր են արել Մարտի 1-ին, ինչ գումարներ են դուրս գրվել և բաժանվել զինվորականներին, հատուկջոկատայիններին: ԼՂ-ից մեծ պատրաստվածություն ունեցող զինվորներին բերել են, պատրաստություն անցկացրել, թե ոնց պետք է խաղաղ հավաքը ցրվի»,- ասում է փաստաբան Արա Ղարագյոզյանը:

Դատարանների վրա իշխանության կողմից ճնշումները բազմաթիվ են, տուժողների փաստաբաններին հակադարձում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից, փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ Դատարաններն արգելափակվեցին և դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները դադարեցվեցին Քոչարյանին ազատելուց օրեր անց, իսկ դատավոր Աննա Դանիբեկյանին այցելության մասին տեղեկությունը, ըստ Խուդոյանի, անհիմն չէ. «Խոսակցությունները հասնում են տարբեր տեղերից, հերթական խոսակցություններից մեկն է, որոշակի մարդկանց վկայություններ, նման տեղեկություններ կան։ Տեսել ենք, որ գործերը ձևական ընթացակարգով փակվում են»:

Ըստ գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի՝ Մարտի 1-ը կազմակերպել է Ռոբերտ Քոչարյանը, և ազատության մեջ գտնվելով՝ նա կարող է ազդել վկաների ցուցմունքի, ողջ գործի ընթացքի վրա, ըստ այդմ՝ դատավոր Աննա Դանիբեկյանը օբյեկտիվ է գտնվել՝ երկու անգամ մերժելով Քոչարյանին ազատել կալանքից։ Փաստաբանն այսօր գործից մանրամասներ հայտնեց. մարտիմեկյան իրադարձություններին միջազգային հանրությունից բանակի մասնակցությունը թաքցնելու նպատակով կեղծվել են կարևոր ապացույցներ: Մասնավորապես, ըստ նրա, որպես ապացույց զինվորական մեքենան չի ներկայացվել քննչական բաժին, փոխարենը Ոստիկանության մեքենա է ճանաչվել որպես ապացույց։ Սեդա Սաֆարյանի տեղեկություններով՝ Փաստահավաք խմբում հարցաքննությունից առաջ պաշտոնյաներին Բաղրամյան 26-ում պատրաստել են, թե ինչ հարցերի և ինչպես պատասխանեն։

«Առկա են ցուցմունքներ, որ երբ Փաստահավաք խմբում իրավիճակը շիկացել է, պաշտոնատար անձանց մակարդակով քննարկում է գնացել, թե այդ սպանություններից մի քանիսը ով պետք է իր վրա վերցնի։ Խոսք է գնացել, որ իրենց վրա սպանություն վերցնող անձանց վարձատրության հարցը կդնեն օլիգարխների ուսերին»,- ասաց Սաֆարյանը։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Խուդոյանն ընդունեց՝ գործում տվյալներ կան, որ փորձ է արվել սպանության հոդվածով դատել ոստիկանի, որպեսզի հարցը փակվի։ Սակայն բարձրաստիճան ոստիկաններն ընդդիմացել են դրան: «Մեր գործընկերները թող հանեն մեղադրական եզրակացությունից հատվածներ, որտեղ կերևա, որ իրենց նկարագրած բոլոր սարսափելի բաները կապված են գործով ամբաստանյալներից որևէ մեկի հետ։ Եթե ցույց կտան, նոր կքննարկենք»,- նշեց Հովհանես Խուդոյանը։

Սեդա Սաֆարյանը բացահայտում է, թե 2008 թվականի մարտի 1-ն օլիգարխներից ով ինչ դեր է ստանձնել, ում է զենք բաժանվել. «Գործի նյութերում առկա են տեղեկություններ, փաստեր, որ Գագիկ Ծառուկյանը, նրա թիկնապահներն են համազգեստ ստացել, և ինքն է նյութապես օգնել Արցախից եկած զինված ուժերին։ Քրեական գործով հիմնավորված ցուցմունքներ կան, թիկնապահներից մարդիկ են հարցաքննվել և առերես պնդել են, որ, այո՛, Մարտի 1-ի կեսօրին Կառավարության շենքի մոտ մեքենայի բեռնախցիկից զենք և հագուստ է տրամադրվել Ռուբեն Հայրապետյանի և Լևոն Սարգսյանի թիկնապահներին, ովքեր համազգեստը հագել են և հանդես են եկել որպես զինվորականներ»:

Մարտի 1-ին «Չերյոմուխա»-ից կրակոց է արձակվել խաղաղ ցուցարարների վրա և, ըստ փաստաբան Ղարագյոզյանի, հիմնավորվել է, որ հայտնաբերված պարկուճները պատկանել են Էրեբունու ոստիկանության զորքերի զորամասին։ Փետրվարի 23-ից սկսած՝ Լեռնային Ղարաբաղից հատուկջոկատայիններ և զինվորականներ են բերվել Երևան, որոնց տեղավորել են հյուրանոցներում, տրվել է հանդերձանք։ Ամեն զինվոր նվազագույնը 55.000 դրամ պարգևավճար է ստացել։ Զինծառայողները քնել են Կառավարության շենքում, ինչի մասին, ըստ տուժողների, նախագահը չէր կարող չիմանալ:

Սեդա Սաֆարյանի կարծիքով՝ Քոչարյանի պաշտպանները փորձում են սպանությունների չբացահայտումն օգտագործելով՝ հիմնավորել, թե երկրորդ նախագահը դրանց հետ առնչություն չունի. «Մենք գիտենք, թե ովքեր են սպանել 3 տուժողներին: Ակնհայտորեն հիմնավորվել է, որ պետական համակարգն է սպանությունների հեղինակը։ Ինչպե՞ս են նայում 3 սպանություններին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները և ինչպես է, որ այս ուժերի կենտրոնացումը եղել է Լեո և Պարոնյան փողոցներում: Տպավորություն է, որ պատերազմի դաշտ գնալիս են եղել և ինչքան հնարավոր է՝ շատ զինված: Ինչո՞ւ են հանրության համար ստեղծել վտանգավոր իրավիճակ և փորձում են պաշտպանության տակ առնել ողջ համակարգը՝ բացառելով ՀՀ առաջին դեմքի գործառութային դերը և Սահմանադրությամբ սահմանված այն հստակ պահանջը, թե ինչ իրավիճակում կարող էին այս ուժերն օգտագործվել և որտեղ»։

Մինչդեռ Հովհաննես Խուդոյանը նշում է՝ չի կարելի ասել, թե 3 անձ սպանվել է «Չերյոմուխա»-ի կիրառումից։ Դեռ պետք է ապացուցել, որ ոստիկանը հստակ նպատակ է ունեցել անձին զրկել կյանքից։

Փաստաբանի պնդմամբ՝ Քոչարյանի մեղադրանքում սպանության մասին խոսք չկա և Քոչարյանի հետ դրանք որևէ կերպ կապված չեն. «Քրեական դատավարությունը չի իրականացվում պետական համակարգի նկատմամբ, քրեական դատավարությունն իրականացվում է կոնկրետ անձանց նկատմամբ և կոնկրետ անձանց մեղադրականում պետք է շարադրված լինեն իրենց մեղավորությունը վկայող հանգամանքներ։ Հիմա եթե այս մեղադրական եզրակացության մեջ նման բան չկա, մնացած հարցերն անիմաստ է քննարկել»։

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը, հիշեցնենք, հոկտեմբերի 7-ին է։ Սպասվում է, որ Քոչարյանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեն դատավոր Աննա Դանիբեկյանին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան