Ներգաղթողին՝ դրամաշնորհ, նորածին երեխային՝ կես միլիոն, ընտանիքին՝ հիփոթեքի մայր գումարի մարում. ինչպես 2050-ին բնակչության թիվը հասցնել 5 միլիոնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
Բոլորը

«Մինչև 2050 թվականը պետք է լուծենք հետևյալ խնդիրը՝ Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու»,- Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը դարձավ լայն բանավեճերի ու քննարկումների առարկա։ Թերահավատ քննադատները թվեր են վկայակոչում՝ ինչպե՞ս կարող ենք 30 տարում բնակչության թիվն ավելացնել 2 միլիոնով, եթե վերջին 5-6 տարում նվազում են ծնունդները, անշեղորեն բարձրանում է երեխա ունենալու միջին տարիքը։ 2019 թվականի առաջին կիսամյակում մշտական բնակչության թիվը նվազել է 8.200-ով, գործազրկության մակարդակը 21%-ից բարձրացել է 22%-ի։

Մինչև հեղափոխությունը սոցապնախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը չի տեսնում, թե Կառավարությունն ինչ ծրագրերով է բնակչության թիվը հասցնելու 5 միլիոնի. «Եթե բնակչության թվաքանակը չի ավելանում, ծնունդները նվազում են, գործազուրկների թիվն ավելանում է, մշտական բնակչության թիվը կրճատվում է, միգրացիայի բացասական հաշվեմնացորդը կայուն մնում է, հասարակության ծերացման ցուցանիշը գնալով վատանում է, այս պարագայում ինչպե՞ս կարելի է խոսել, որ մենք կունենանք թռիչքային, առաջանցիկ աճ և 30 տարի անց մեր բնակչության թիվը կավելանա 2 միլիոնով»:

Ըստ պարոն Թադևոսյանի՝ Կառավարությունը պետք է կոնկրետ, տեսանելի ծրագրեր առաջարկի, հատկապես՝ սոցիալապես խոցելի, բազմազավակ խավերին. «4 և ավելի երեխա ունեցող բազմազավակ ընտանիքների 50%-ն աղքատ է, և այստեղ լուրջ սոցիալական խնդիր կա։ Էապես կրճատվել է բազմազավակ ընտանիքների թիվը նախորդ 15 տարիների ընթացքում։ Այստեղ չունենք աջակցություն: Կան մարդիկ, որոնք սոցիալական բնակարանի կարիք ունեն, ասենք՝ մանկատան շրջանավարտներ, աղքատ ընտանիքներ տարբեր բնակավայրերում, և այստեղ համակարգված նպատակային պետական ծրագիր է պետք։ Բազմազավակ ընտանիքների համար նախ և առաջ զբաղվածության ծրագրեր լինեն՝ այդ ընտանիքի երեխաների համար արտոնյալ կրթական ծրագրեր, կոմունալ վճարների մասով արտոնությունների տրամադրում, առողջապահական փաթեթներ։ Ո՞ւր է այդ ծրագիրը, որովհետև մենք չենք կարող ոչինչ չանելով՝ սպասել, որ 2050-ին հեքիաթը կունենա դրական ավարտ, և մենք կունենանք 5 միլիոն բնակչություն»։

Վերջին 27 տարում Հայաստանից հեռացել է 1 միլիոն 100 հազար մարդ, բնական աճը որոշակի մեղմել է այս ցուցանիշը՝ 450.000-ի չափով։ Վերջին 8 տարում ամուսնությունները նվազել են մոտ 18%-ով, ինչը բերել է ծնելիության մակարդակի անկման։ Այսպես, եթե 2010 թվականին Հայաստանում ծնվել է 44.800 երեխա, 2018 թվականին այդ թիվը նվազել է՝ հասնելով 36.500-ի։ Այս տարի 2010 թվականից հետո առաջին անգամ գրանցվել է ամուսնությունների թվի աճ՝ առաջին 6 ամիսների կտրվածքով այդ թիվը 604 է։

Արդեն 4 ամիս փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգմամբ գործում է Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդ։ Թեև Կառավարությունը դեռ չի շտապում գաղտնազերծել, այդուհանդերձ, Factor.am-ին հայտնի է դարձել, թե  ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրային ինչ առաջարկներ են մշակվում։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ բնակարան ձեռք բերելիս երիտասարդ ընտանիքները կանխավճարի խնդիր են ունենում, որը հասնում է մինչև 30%-ի։ Կախված երեխաների թվից՝ պետությունը մտածում է հիփոթեքով բնակարան ձեռք բերած ընտանիքներին տրամադրել անվերադարձ միանվագ ֆինանսական աջակցություն՝ կանխավճարի հարցը լուծելու նպատակով։ Երկրորդ ծրագրով պետությունը կվճարի կանխավճարի պակասող մասի ապահովագրավճարը։

Երրորդ ծրագիրն ընտանիքներին կշահագրգռի ավելի շատ երեխաներ ունենալ. ամեն երեխայի ծնվելուն պես պետությունը որոշակի տոկոսով կվճարի բնակարանի հիփոթեքային վարկի մայր գումարից։ Զգալիորեն կփոփոխվեն նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերը։ Այսօր առաջին երեխայի համար ընտանիքին տրվում է 50.000 դրամ, երկրորդ երեխայի համար՝ 150.000 դրամ, 3-րդ և 4-րդ երեխայի համար՝ 1.000.000 դրամ, 5 և ավելի՝ 1.500.000 միլիոն դրամ։

Ըստ Factor.am-ի տեղեկությունների՝ նախատեսվում է, որ անկախ նրանից՝ կծնվի առաջին, թե 3-րդ երեխան, ամեն ծնունդի համար ընտանիքը կստանա առնվազն կես միլիոն դրամ։ Կա առաջարկ՝ երեխայի խնամքի նպաստ տալ նաև չաշխատող մայրերին, իսկ երեխայի խնամքի ժամկետ սահմանել մինչև 3 տարեկանը։ Եթե Կառավարությունն ընդունի գերատեսչություններում մշակվող այս առաջարկները, ծրագրերն ուժի մեջ կմտնեն 2021 թվականից։

«Մենք մոտենում ենք ամենադժվար ժամանակահատվածին, երբ ամուսնական տարիք է մուտք գործում 1990-2000-ականներին ծնված սերունդը, որոնց թիվը 40%-ով նվազ է, քան 1980-ականների ծնվածներինը։ Սպասվում է ամուսնությունների թվաքանակի նվազում։ 20-30 տարի կուտակված խնդիրը միանգամից ի հայտ է գալիս, և այսօր խնդիր է դրված՝ պահպանել մակարդակը և ապահովել աճ: Շատ չէ, բայց մակարդակից մի քիչ ավելի, որ դեպոպուլյացիա չլինի»,- ասում է Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետի պաշտոնակատար Արտակ Մարկոսյան։

Կա նաև ներգաղթը խրախուսող երկու ծրագիր, որոնք առաջիկայում կներկայացվեն Կառավարություն։ Առաջինի բյուջեն 3.5 միլիոն եվրո է, գումարը տրամադրելու է ԵՄ-ն։ Հայաստան վերադարձող ընտանիքներին ու անհատներին ՓՄՁ ԶԱԿ-ի խողովակով կտրամադրվի դրամաշնորհ՝ անվերադարձ գումար՝ տնտեսական գործունեություն ծավալելու համար, պայմանով, որ նույն չափի ներդրում կատարի ներգաղթյալը։ ԵՄ-ի հաստատումից հետո 2020 թվականից ծրագիրը կմտնի ուժի մեջ՝ 2-ից 3 տարի ժամկետով։ Հաջող կատարման դեպքում պետությունը կընդլայնի ծրագիրը և ներգաղթյալներին դրամաշնորհ կտրվի պետբյուջեից։ Միգրացիոն ծառայության ղեկավարը ծրագրերից այլ մանրամասներ չհայտնեց՝ պատճառաբանելով, որ աշխատանքային փաստաթուղթը դեռ Կառավարությունը չի հաստատել. «Ինչ-որ Դուք ասում եք, մենք շատ հույս ունենք, որ այդ ծրագիրը արդյունավետ կգործի, դրա արդյունքները լավը կլինեն։ Սա առաջին փորձն է, թող ծրագիրը մեկ անգամ իրականացվի, ես վստահ եմ՝ պետությունը, հետագայում տեսնելով ծրագրերի արդյունքները, պետական մասնակցություն ևս կլինի ապագայում»։

Ներգաղթը խթանող այսպիսի ծրագիր արդեն Մոլդովան է իրականացրել։ Բայց, ի տարբերություն այդ երկրի, Հայաստանը դրամաշնորհ կտա ոչ միայն աշխատանքային միգրանտներին, այլև մշտապես վերադարձողներին։ Ներգաղթի խրախուսման երկրորդ ծրագիրն օժանդակություն է հարկադիր կերպով հայրենիք վերադարձողներին: Ինչ չափով և ինչ տեսքով՝ Արմեն Ղազարյանը չի շտապում մանրամասնել. կրկին կսպասի Կառավարության հաստատմանը։ Բայց խոստացավ՝ անձին մի հիմնարկից մյուսը չեն ուղարկելու, որ վերջում հիասթափված՝ հույսը կտրի պետությունից։ Նրա ձեռքի տակ վերջին 5 տարում Հայաստանի սահմանահատումների տվյալներն են։ 2019 թվականի 1-ին կիսամյակում, Միգրացիոն ծառայության տվյալներով, բացասական դինամիկան մեղմվել է։

Այսպես, եթե 2015 թվականի առաջին 6 ամիսներին, 75.000-ը սահմանը հատել է անվերադարձ, այս տարվա առաջին կիսամյակում հայրենիք չի վերադարձել 2.334 հոգի։ Այս ցուցանիշում դրական դեր են ունեցել օտարերկյա անձնագիր ունեցողները։

«Եթե 2050-ին բնակչության թիվը լինի ոչ թե 5 միլիոն, այլ 4.7 միլիոն, դրանից ոչ մի ողբերգություն չի լինի, ընդհակառակը՝ դա շատ լավ միտում կլինի։ Այսինքն՝ վարչապետը դրել է թիրախ, ծրագրերը պետք է ուղղված լինեն թիրախին հասնելուն: Որքանով կհասնենք, դա արդեն կախված է համակարգային ռեֆորմների իրականացման թափից, ընթացքից և որակից»,- նշում է Արմեն Ղազարյանը։

Ի վերջո՝ իրատեսակա՞ն է, արդյոք, 2050 թվականին Հայաստանի բնակչության թիվը հասցնել 5 միլիոնի։ Գլխավոր հարցին Արտակ Մարկոսյանը դրական է պատասխանում՝ հիշելով հայ ժողովրդի նախորդ հաջող 2 նախադեպերը։ 1828 թվականին, երբ Արևելյան Հայաստանն անցավ ցարական Ռուսաստանին, գրեթե հայ չէր մնացել, բայց հետո 7-ապատկվեց հայերի թիվը։ 1921- 1989 թվականներին Խորհրդային Հայաստանի բնակչության թիվը աճեց 4.7 անգամ։

«Այո՛, և բոլոր այն բարեփոխումները, որոնք նախատեսվում են Հայաստանում, տնտեսական արագ աճը, որը կնպաստի ներգաղթին, ծնելիության աճի վրա իր ներգործությունը կունենա, և այսօր բոլոր այն ծրագրերը, որ կիրականացվեն, ընդունվելու դեպքում կմտնեն գործողության մեջ, բնականաբար, իրենց նպաստն են բերելու բնական աճի, թվաքանակի աճի համար»,- մեկնաբանեց պարոն Մարկոսյանը։

Ըստ մասնագետների՝ Հայաստանի անվտանգության հրամայականն է պարտադրում մեծացնել բնակչության թիվը։ ՄԱԿ-ի կանխատեսումներով՝ 2050 թվականին Թուրքիան կունենա 98 միլիոն բնակչություն, Ադրբեջանը՝ 11 միլիոն։ Եթե բեկումնային և թռիչք ապահովող ծրագրեր չիրականացվեն, 30 տարի անց, ըստ ՄԱԿ-ի կանխատեսման, Հայաստանում ապրողների թիվը կդառնա 2 միլիոն 816 հազար մարդ։

Ռոբերտ Անանյան