10 մլն եվրոյի շորթման աղմկահարույց գործի հետքերով. Վահե Պարազյանը ձայնագրություններ է հրապարակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 11:45
Ենթադրում եմ՝ բոլոր ճանապարհները չեն նորոգվել, պետք է գրել՝ քանի կիլոմետր․ Փաշինյանը՝ Խուդաթյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 11:39
Եթե Ռուբեն Վարդազարյանը հրաժարական տար, այս գործը չէր հարուցվի. պաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 11:33
Բաքուն դատապարտել է Ադրբեջանում մարդու իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը՝ այն երկրի «դատական և իրավական գործընթացին միջամտություն» որակելով
12.12.2024 | 11:25
Վերահաստատվել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի հետ համագործակցությունը, նախանշվել են ընդլայնման նոր ուղղությունները
12.12.2024 | 11:18
Անցած տարի ցեղասպանական գործողության ականատես եղանք. միջազգային հանրությունն այդ մասին խոսեց, երբ դա արդեն կայացած փաստ էր. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 11:11
Կառավարությունը դադարեցրեց Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները, կլինեն արտահերթ ընտրություններ
12.12.2024 | 11:09
Աշխարհում ցեղասպանությունների կրկնման վտանգը շարունակում է մնալ. ՀՀ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
12.12.2024 | 10:52
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 12-ի դրությամբ
12.12.2024 | 10:40
ՀԱՄԱՍ-ն առաջին անգամ հնարավոր է համարել Իսրայելի հետ գործարքի հնարավորությունը. WSJ
12.12.2024 | 10:31
Նավթի գներն աճել են
12.12.2024 | 10:18
Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
12.12.2024 | 10:16
Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական Ջեյ Օբերնոլտի հետ
12.12.2024 | 10:03
ՀՀ-ին է վերադարձվել ԱՕԿՍ-ի շենքը․ Փաշինյանը՝ #հատիկառհատիկ հեշթեգի շրջանակում
12.12.2024 | 10:01
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումը Երևանում. ՈՒՂԻՂ
Բոլորը

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ նույն ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանի և գործարար Վահե Պարազյանի միջև Երևանում տեղի ունեցած միջադեպին ուշագրավ զարգացումներ հաջորդեցին։

Հիշեցնենք, որ, ըստ գործարար Վահե Պարազյանի, Նարեկ Կարապետյանն այլ անձանց հետ Երևանում այս տարվա հուլիսի 3-ին ծեծել է իրեն, պահանջել 10 միլիոն եվրո, ինքն էլ այս մասին հայտնել է ՀՀ իրավապահներին և այժմ կա հարուցված քրեական գործ։

Ու մինչ այս գործը քննվում է ՀՀ քննչական կոմիտեում, հայտնվում է մեկ այլ գործարար՝ Շվեդիայում ապրող Նորիկ Դավթյանն ու խոստանում բացահայտումներ անել Վահե Պարազյանի և նրա ընտանիքի կատարած ապօրինությունների մասին։

Factor.am-ի խմբագրություն դիմած Վահե Պարազյանը պնդում է, որ Շվեդիայում ապրող Նորիկ Դավթյանի ասածներն իրականության հետ աղերս չունեն, և որ նրա հայտնությունը և իր հասցեին հնչեցված մեղադրանքներն ուղիղ կապ ունեն Նարեկ Կարապետյանի դեմ իր ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հետ։

Իսկ ի՞նչ է ասել Նորիկ Դավթյանը․ նա «Արմենիա» հեռուստաընկերության եթերում պատմել է, թե ինչպես է տարիներ առաջ ինքը ստիպված եղել լքել Ռուսաստանը Պարազյանների պատճառով՝ մինչ այդ նրանց կողմից ենթարկվելով դաժան ծեծի։

«Գիշերը ժամը տասին հանդիպում ենք օֆիսում․ եղել է Վահե Պարազյանը, Աշոտ Պարազյանը, իրենց վարորդը, ախրանիկները, մյուս վարորդը և Պարազյանի ընկերը։ Ես ասում եմ՝ լսի՛, դու այդ փողը կարող ես մի օրում, մի ժամում կրվել կազինոյում։ Նրանք ինձ շատ դաժան ծեծի են ենթարկում, ստիպված եմ բալկոնի թռնել, ուրիշ ելք չունեմ, 9․5 մետր էր բարձրությունը, թռնելու ժամանակ երկու ոտքերս են ջարդվում, ձեռքս է ջարդվում։ Նրանք շատ արագ հասնում են, ինձ բռնում են ու 15 րոպե հեր ու տղա իրենց ընկերոջ հետ ջարդված ոտքիս վրա թռվռում են»,-պատմել է նա։

Վահե Պարազյանը պնդում է՝ Կարապետյանների ընտանիքը գտել է Նորիկ Դավթյանին ու  ասել, որ գա իր ու Նարեկ Կարապետյանի գործով ինչ-որ բաներ ասի։

«Կարապետյան ընտանիքը գտնում է բոլոր այն մարդկանց, որոնց հետ ես երբևէ խնդիր եմ ունեցել, գումար է առաջարկում նրանց, իսկ ես որևէ մեկի բերանը փակելու ո՛չ գումար, ո՛չ էլ պատճառ չունեմ։ Կարապետյանի ընտանիքը դիմել է նրան, որ գա այս գործի վերաբերյալ ինչ-որ բան ասի կամ չասի, բայց Նորիկ Դավթյանն այս գործի հետ կապված ոչ մի առնչություն չի ունեցել»,- նշեց նա։

Ըստ Պարազյանի՝ Նորիկ Դավթյանը, որը եղել է իրենց վարորդը, ստում է․ ինքն ու իր հայրը նրան չեն ծեծել, ոտքի վրա էլ չեն թռվռացել․ «Նորիկ Դավթյանը մեզ մեղադրում է նրա համար, որ ես ու հայրս նրան ծեծի ենք ենթարկել ու նա, վախենալով մեզանից, թռել է 9․5 մետր բարձրությունից ու կոտրել ոտքը, որից հետո ես ու հայրս 15 րոպե թռվռացել ենք նրա ոտքի վրա, և ինքը դարձել է հաշմանդամ։ Ուզում եմ ասել, որ դա սուտ և ստոր զրպարտություն է իմ ու իմ ընտանիքի հանդեպ»։

Վահե Պարազյանի ներկայացմամբ՝ ինքը Նորիկ Դավթյանից  զանգեր և առաջարկներ է ստացել մեկ այլ գործով իրեն օգնելու համար։ Երբ 2 տարի առաջ ինքը Ռուսաստանի Կալուգա քաղաքում անցնում էր մեկ այլ քրեական գործով, որը, ըստ Պարազյանի, դարձյալ կապված էր «Տաշիր» գրուպի, «Գազպրոմի» հայտարարած մրցույթների և Սամվել Կարապետյանի հետ: Նորիկ Դավթյանը զանգել ու իր հարազատներին, ընկերներին հայտնել է, որ ունի փաստաթղթեր, որոնք կարող են օգնել իրեն արդարացնելու հարցում։ «Ախուվախով, իբրև, մեզանից Շվեդիա փախած Նորիկ Դավթյանը զանգահարել է իմ հարազատներին և գործընկերներին և առաջարկել իր օգնությունը։ Ասել է, որ ինքն ունի թղթեր, ձայնագրություններ, որոնք կարող են ինձ արդարացնել։ Իհարկե, նա դա անում էր ոչ ձրի, իմ հարազատներից պահանջում էր 5000 եվրո»,- պատմեց Պարազյանը։

Պարազյանը մեզ հետ զրույցում հրապարակեց իր հաշվապահի և Նորիկ Դավթյանի միջև տեղի ունեցած խոսակցության աուդիոձայնագրությունը։ Վահե Պարազյանը հրապարակեց նաև հուլիսի 19-ին իր ու Նորիկ Դավթյանի միջև տեղի ունեցած  մեկ այլ հեռախոսազրույցի ձայնագրությունը, որից օրեր անց՝ հուլիսի 22-ին, «Արմենիա» հետուստաընկերության եթերում Նորիկ Դավթյանն արդեն խոսում է Պարազյանների կողմից ծեծի ենթարկվելու մասին և բացահայտումներ խոստանում։

Ձայնագրություններից բացի, Պարազյանը Դավթյանի մասնակցությամբ հետաքրքիր տեսանյութեր է գտել համացանցում։

Տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է Նորիկ Դավթյանը, որը հայտնում էր, որ 2013 թվականից ձեռք է բերել հաշմանդամություն և ոտքն անդամահատման եզրին է, պարում է։

Նշենք, որ տեսանյութերից մեկը համացանցում՝ ուղիղ եթերով հեռարձակվել է  2018 թվականի մարտի 4-ին։

Անդրադառնալով իր ու Նարեկ Կարապետյանի միջև տեղի ունեցածի վերաբերյալ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը, որ կոմիտեում առկա է տեսանյութ Վահե Պարազյանի և գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդու միջև տեղի ունեցած միջադեպի մասին, գործարարը նշեց, որ այդ տեսանյութի մասին որևէ բան չի կարող ասել, քանի որ նախաքննական գաղտնիք է։

«Երբ համացանցում սկսեցին խոսել մեր այս վիճակի մասին, Քննչական կոմիտեն իրենց պատասխանեց։ Ես այդ տեսանյութի մասին տեղյակ եմ, բայց ելնելով քննչական գաղտնիքից, չեմ կարող ասել»,- ասաց նա ՝ հավելելով․ «Ես ուզում եմ դիմել Սամվել Կարապետյանի ընտանիքին, որ իրենք իրենց ամբիցիաները ու անպատժելիության միֆը դնեն մի կողմ։ Ուզում եմ, որ այդ մարդիկ հասկանան, որ մեծ հնարավորություններ ունեն, մեծ լծակներ ունեն, բայց պետք է ընդունեք այն հանցանքը, որն արել եք»։

Factor.am-ը Վահե Պարազյանի հրապարակած աուդիոձայնագրությունների և տեսանյութերի վերաբերյալ փորձեց մեկնաբանություն ստանալ «Տաշիր» ընկերությունների խմբից։

Ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նատալիա Սարջանյանը նշեց, որ որևէ մեկնաբանություն չեն կարող անել որևէ ձայնագրության  կամ տեսանյութի մասին, քանի դեռ դրանք չեն տեսել։

Factor. am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաև Նարեկ Կարապետյանից։ Կարապետյանի պաշտպան Արմեն Ֆեռոյանն ասաց, որ իր պաշտպանյալը զբաղվածության պատճառով չի կարող մեզ մեկնաբանություն տալ, փոխարենը նշեց. «Արդեն որերոդ դեպքն ենք լսում այդ երիտասարդի արկածներով լի անցյալից՝ հանցավոր դրսևորումներով։ Համոզված եմ, որ օբյեկտիվ քննությունը պարզություն կմտցնի այս գործի մեջ։ Լսելով Նորիկ Դավթյանի ելույթը ես այն համոզմանը չեմ, որ նա չունի հաշմանդամություն։ Ես կարծում եմ, որ Պարազյանի նշած հանգամանքները պարզապես իրականության հետ որևէ աղերս չունեն»։

Վահե Պարազյանի կողմից մեզ տրամադրված տեսանյութերի և ձայնագրությունների վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև Նորիկ Դավթյանից՝ նրա հետ կապվելով այն հեռախոսահամարով, որով, ըստ Պարազյանի, Դավթյանը զանգել է իրեն։

Այդ հեռախոսահամարը, սակայն, անընդհատ անհասանելի էր։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեից հուլիսի 16-ին հայտնել էին, որ Նարեկ Կարապետյանին՝ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի որդուն, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափի շորթում։

Նարեկ Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղավնի Սուքիասյան