ՀՀ իրավապահ մարմինների գործունեությունը բնորոշող համաթվերը՝2015-2017 թթ.-ին. ՀՔԱՎ
Հասարակություն
13.06.2019 | 20:22Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է ՀՀ իրավապահ մարմինների գործունեությունը բնորոշող համաթվերի 2015-2017թթ․ համեմատական պատկերը։
Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հետազոտությունն իրականացվում է 2015թ․-ից, մինչ այդ՝ 2013-ին, պիլոտային հետազոտություն է իրականացվել ՀՀ հյուսիսային մարզերում։
2017թ.-ին իրականացված ուսումնասիրությունը և դրա արդյունքների համեմատությունը 2015 և 2016թթ.-ին իրականացված նույնատիպ ուսումնասիրությունների արդյունքների հետ բացահայտեցին մի շարք օրինաչափություններ և միտումներ իրավապահ մարմինների գործունեության հասարարակական ընկալումներում:
- «Իրավապահ մարմինների կամայականության համաթվի» և «Ոստիկանության վստահության համաթվի» արժեքներն ունեն ուղղակի կապ երկրում տեղի ունեցող հասարակական և քաղաքական իրադարձությունների, և դրանցում իրավապահ մարմինների ներգրավման աստիճանի հետ: Դա ակնհայտ է 2015-2017թթ.-ի ընթացքում այդ երկու համաթվերի ցուցիչների տատանումներից: Այդ համաթվերի արժեքները նվազել էին 2016թ.-ին, քանի որ տեղի էր ունեցել ՊՊԾ գնդի գրավումը, ինչին հաջորդած միջադեպերի ընթացքում իրավապահ մարմինների կողմից դրսևորված գործելաոճը կրել էր փոփոխություն: Այդ ընթացքում իրավապահ մարմինների գործունեությունը հասարակության կողմից բնորոշվել էր որպես իշխանություն ունեցող քաղաքական ուժի կողմից ընդդիմադիր քաղաքական ուժի ճնշման միջոց: Ավելին՝ 2016թ.-ին «Իրավապահ մարմինների կամայականության համաթիվը» գտնվել է բացասական տիրույթում՝ 0-ից ցածր էր: 2017թ.-ին այս համաթիվն աճել է, գտնվելով դրական տիրույթում, այն, այնուամենայնիվ մոտիկ էր 0-ին: Սա նշանակում է, որ իրավապահ մարմիններում դեռևս առկա են խնդիրներ, որոնք անհանգստացնում են հասարակությանը:
- Այս համաթվի բաղկացուցիչ համաթվերից «Քաղաքացիների մտահոգվածության համաթվի» ցուցիչները միշտ գտնվել են բացասական տիրույթում (2015-2017թթ.), ինչը հստակ արձանագրում է այն, որ հասարակության համար իրավապահ մարմինների կողմից դրսևորվող կամայականությունը և անօրինականությունը շարունակաբար մնում է լուրջ խնդիր: Հասարակությանն անհանգստացնող և իրավապահ մարմինների գործունեության գնահատման վրա բացասական ազդեցություն թողնող հանգամանք է իշխանությունների կողմից իրավապահ մարմիններին որպես ընդդիմության նկատմամբ ճնշման միջոց օգտագործելը: Ապացույցերից մեկն էլ այն է, որ 2015-2017թթ.-ի ընթացքում իրականացված բոլոր հետազոտությունների տվյալներով հասարակության համար ամենացածր աստիճանի ապահով/անվտանգ վայր է հանդիսանում հասարակական և/կամ քաղաքական զանգվածային միջոցառումների ժամանակ-մարդաշատ վայրերը:
- «Իրավապահ մարմինների կամայականության համաթվի» արժեքները միշտ (2015- 2017թթ.) ամենացածրն են եղել Երևան քաղաքում: Տվյալ համաթվի արժեքները ցածր են եղել քաղաքային բնակաչության (գյուղական համայնքների բնակչության համեմատ) և արական սեռի ներկայացուցիչների շրջանում (իգական սեռի ներկայացուցիչների համեմատ): Երկու դեպքերում էլ ցածր գնահատականների հավանական պատճառներից կարող է լինել այն, որ նշյալ խմբերի ներկայացուցիչներն ավելի ակտիվ են սոցիալ-տնտեսական և քաղաքացիական գործընթացներում, ուստի՝ նրանց պատասխանները և դատողություններն ավելի շուտ հիմնված են սեփական փորձի կամ դիտարկումների վրա: Գրեթե բոլոր համաթվերը բարձր են «26-35 տարեկան» խմբի ներկայացուցիչների մոտ, այսինքն՝ ավելի երիտասարդ սերնդի ներկայացուցիչների մոտ, իսկ ցածր են՝ «36 և ավելին» տարիքային խմբերի՝ այսինքն միջին և ավելի բարձր տարիքայինների մոտ: 2015-2017թթ. հետազոտությունները վեր են հանել նաև այն միտումը, որ իրավապահ մարմինների գործունեությունը գնահատող համաթվերի վրա մեծ ազդեցություն ունի նաև հարցվողի կրթության մակարդակը: Որքանով աճում է կրթությունը, այնքանով նվազում է «Իրավապահ մարմինների կամայականության համաթիվը» և իր բաղկացուցիչ համաթվերը, և հակառակը՝ որքանով կրթության մակարդակը նվազում է, այնքանով աճում են այս համաթվի դրական արժեքները: 2015-2017թթ. իրականացված հետազոտությունների տվյալներով առկա է նաև կապը իրավապահ մարմինների կամայականության համաթվի (ինչպես նաև դրա բոլոր բաղկացուցիչ հանդիսացող համաթվերի) և հարցվողների ընտանիքների ամսական եկամտի չափի միջև: Գրեթե բոլոր դեպքերում ցածր գնահատականները գերակշռում են «350001 դրամ և ավելին» պատասխանը նշողների մոտ:
- «Իրավապահ մարմինների կամայականության համաթվի», ինչպես նաև նրա գրեթե բոլոր բաղկացուցիչ հանդիսացող համաթվերի արժեքները բացասական կամ առավել ցածր դրական են գնահատում «գումարը չի բավարարում սնունդ գնելու համար» հարցվածները, այսինքն՝ իրենց սոցիալապես անապահով համարողները: Բացառություն են միայն 2017թ. հետազոտության արդյունքները. «Իրավական կամայականության համաթվի» և դրա բաղկացուցիչ՝ «անհատական մտահոգվածության համաթվի» արժեքներն առավել ցածր են «գումարը բավարարում է միայն սնունդ գնելու համար» տարբերակները նշողների մոտ: Այս ամենը հիմք է տալիս փաստելու, որ «Իրավապահ մարմինների կամայականության համաթվի», ինչպես նաև նրա գրեթե բոլոր բաղկացուցիչ համաթվերի արժեքների և հարցվողների տնտեսական դրության միջև առկա է տրամաբանական կապ:
- 2016-2017թթ. իրականացված հետազոտությունների տվյալներով իրավապահ մարմինների աշխատանքի գնահատականները դիտարկվել են ըստ այն հանգամանքի, թե որոնք են հարցվողների հիմնական տեղեկատվական աղբյուրները: Այսպես՝ այն հարցվողները, որոնք հիմնականում տեղեկատվություն ստանում են հեռուստատեսության միջոցով, մեծամասամբ հակված են տալ դրական գնահատականներ, իսկ սոցիալական կայքերից և առցանց մամուլից օգտվողները՝ ավելի շատ բացասական: Այս կտրուկ տարբերությունների պատճառներից կարող է լինել այն, որ հեռուստատեսությունները մեծամասամբ համարվում են վերահսկելի իշխանությունների կողմից, ուստի և՝ ներկայացնում են այն տեղեկատվությունը, որը շահավետ է տվյալ պահին իշխանությանը: Սա խոսում է հեռուստատեսությունների ոչ օբյեկտիվության մասին: Ի տարբերություն հեռուստատեսությանը՝ առցանց մամուլը մասամբ, իսկ սոցիալական կայքերը՝ առհասարակ անվերահսկելի են իշխանությունների կողմից, այդպիսով՝ առավել ազատ են մեծամասամբ ներկայացնելու օբյեկտիվ իրականությունը:
- 2015-2017թթ.-ին իրականացված հետազոտության արդյունքները դիտարկվել են նաև՝ ըստ հարցվածների ընտանիքների ամսական եկամտի չափի: «Իրավապահ մարմինների կամայականության համաթվերի», ինչպես նաև դրա բոլոր բաղկացուցիչ հանդիսացող համաթվերի արժեքները գրեթե բոլոր դեպքերում բացասական կամ ամենացածր դրական գնահատում են մեծամասամբ այն հարցվողները, ում ընտանիքների ամսական եկամուտը կազմել է «350001 դրամ և ավել»:
- Թեև համաթվերը տարբեր տարիների հետազոտությունների արդյունքներով տատանվել են, այնուամենայնիվ, «Ոստիկանության վստահության համաթվի» ցուցիչները միշտ գտնվել են դրական տիրույթում (30-ից բարձր): Դա խոսում է այն մասին, որ թեև մարդիկ ոստիկանությանը վերագրում են այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են կամայականությունը, անօրինականությունը և իշխանություններին քաղաքական ծառություններ մատուցելու գործելաոճը, սակայն հասարակական գիտակցության մեջ, այնուամենայնիվ, առկա է ակնկալիքներ ոստիկանությունից՝ որպես իրավապ մարմնի:
- «Ոստիկանության հանդեպ վստահության համաթիվը» ամենացածրն է եղել Երևանում, քաղաքային բնակչության շրջանում (ի տարբերություն գյուղական համայնքների բնակչության), արական սեռի ներկայացուցիչների (ի տարբերություն իգական սեռի ներկայացուցիչների) շրջանում:
- «Ոստիկանության վստահության համաթիվը» ավելի բարձր է այն հարցվողների շրջանում, որոնք հիմնականում տեղեկատվություն ստանում են հեռուստատեսությունից՝ ի տարբերություն էլեկտրոնային տեղեկատվական աղբյուրներին նախապատվություն տվողների:
Այսպիսով՝ անհրաժեշտ է ձեռնարկել քայլեր Ոստիկանության հանդեպ հասարակության վստահությունը բարձրացնելու համար, ինչի համար հիմք պետք է ծառայի ոստիկանության գործելաոճի և առաքելության արմատական փոփոխությունը: Պետք է հասարակական գիտակցության մեջ արմատավորվի այն դրույթը, որ ոստիկանությունն իրականացնում է օրենքով սահմանված իր պարտականությունները: Երբ ոստիկանությունն սկսի անվերապահորեն ապահովել մարդկանց անվտանգությունը, կանխի կամ խափանի հանցագործությունները և վարչական իրավախախտումները, բացահայտի հանցագործությունները՝ անկախ նրանից, թե որ օղակում են դրանք կատարվում/վել, անաչառորեն ապահովի հասարակական կարգի պահպանությունն ու հասարակական անվտանգությունը և այլն, հասարակությունում կձևավորվի վստահություն առ ոստիկանություն: Այս ամենում ահռելի դերակատարություն ունեն ԶԼՄ-ները, որոնք լուսաբանելով նրանց գործունեությունը, կարող են էապես փոփոխել հասարակական կարծիքը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրավապահ մարմինների գնահատականները տարբերվում են մարզից մարզ, ուստի՝ անհարաժեշտ է, որ իրավապահ մարմիններն իրենց գործունեության գնահատումները և կառավարումն իրականացնեն տարբերակված՝ ըստ մարզերի՝ հաշվի առնելով յուրաքանչյուր մարզի բնակչության կարծիքը:
Թե ինչ մեթոդաբանությամբ է իրականացվել հետազոտությունը, ովքեր են եղել հարցվողները և ինչ արդյունքներ են գրանցվել, ավելի մանրամասն ներկայացված է ԶԵԿՈՒՅՑՈՒՄ։