Դատախազությունը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով 2 բողոք է ներկայացրել

Լուրեր

12.01.2025 | 00:54
Կիևյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
11.01.2025 | 22:52
Վարչապետը առաջնահերթ է համարում խաղաղության գործընթացը, թվայնացումը և կոռուպցիայի դեմ պայքարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.01.2025 | 20:13
Կրակը Գլենդելից հեռու է. քաղաքապետը մանրամասներ է ներկայացրել
11.01.2025 | 20:08
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
11.01.2025 | 19:09
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 1 կմ հյուսիս
11.01.2025 | 19:00
Բառի բուն իմաստով մնացել ենք դրսում`լինելով միջազգային ճանաչման երգչախումբ, անթույլատրելի է. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.01.2025 | 18:00
Հայաստանի էներգետիկ անվտանգության գլխին կախված Դամոկլյան սուրը
11.01.2025 | 17:18
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
11.01.2025 | 16:59
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
11.01.2025 | 16:27
Որոշ շրջաններում ձյուն է սպասվում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
11.01.2025 | 15:55
Նավթի գներն աճել են
11.01.2025 | 15:46
Վարչապետն այցելել է Գանձաքարի նորակառույց դպրոց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.01.2025 | 15:18
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
11.01.2025 | 15:00
ՀՖՖ-ն ՈւԵՖԱ-ի համերաշխության վճարներ է բաշխել հայկական ակումբների միջև․ հայտնի է որքան են վաստակել ակումբները
11.01.2025 | 14:41
Տրանսպորտից օգտվելու տոմսային ինչպիսի փաթեթներ են առաջարկվում․ մանրամասնում է Երևանի քաղաքապետարանը
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել ինչպես 2018թ.
մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ անջատված և
դատարան ուղարկված քրեական գործով մեղադրյալ Ռ. Քոչարյանի նկատմամբ
կալանավորում խափանման միջոցը անձնական երաշխավորությամբ փոփոխելու մասին
դատարանի կայացրած 18.05.2019թ. որոշման, այնպես էլ դատարանի կողմից նույն
քրեական գործով Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու
մասին 2019թ. մայիսի 20-ի որոշման դեմ:

«Նկատի ունենալով հանրային հետաքրքրությունը և այն հանգամանքը, որ խնդրո
առարկայի վերաբերյալ մամուլում շարունակում են տեղ գտնել տարատեսակ և որոշ
դեպքերում անհիմն, թյուրընկալումներ հարուցող մեկնաբանություններ՝ հարկ ենք
համարում տեղեկացնել հետևյալի մասին:

Վերաքննիչ բողոքները ներկայացվել են օրենսդրությամբ նախատեսված հիմքերով
և ընթացակարգերի լիարժեք պահպանմամբ: Մասնավորապես՝ ՀՀ քրեական
դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10.1-րդ կետի իմաստով ինչպես
խափանման միջոցների, այնպես էլ քրեական գործի վարույթը կասեցնելու մասին
դատարանի որոշումները հանդիսանում են գործն ըստ էության չլուծող դատական
ակտեր: Նույն օրենսգրքի 376.1 հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ առաջին
ատյանի դատարանների՝ կալանքը որպես խափանման միջոց փոփոխելու, գործով
վարույթը կասեցնելու որոշումները վերաքննության կարգով բողոքարկման ենթակա
են:

Նշված քրեական գործով վարույթը կասեցնելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը
ներկայացվել է նաև հիմնվելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ
հոդվածի 3-րդ մասի վրա, համաձայն որի դատավարության մասնակիցների
միջնորդությունները սահմանադրական դատարան դիմելու հիմքով գործի վարույթը
կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու դատարանի որոշումը
կարող է բողոքարկվել վերադաս դատարան՝ կայացման պահից տասնօրյա ժամկետում:

Բողոքում հիմնավորվել է, որ Վիճարկվող դատական ակտը կայացվել է դատարանի
կողմից ՀՀ սահմանադրական դատարան դիմելու նյութաիրավական պայմանների
բացակայությամբ և այդ կայացմամբ Դատարանը թույլ է տվել դատական սխալ՝
քրեադատավարական օրենքի էական խախտում: Մասնավորապես՝

1. Դատարանը, գրեթե ամբողջությամբ հիմնվելով պաշտպանության կողմի
ներկայացրած փաստարկների և իրավական հիմնավորումների վրա, եկել է
եզրահանգման, թե իբրև առկա է կասկած ՀՀ քրեական օրենսգրքի ներկայիս
խմբագրությամբ 300.1 հոդվածի և 2008թ. դրությամբ գործած 300-րդ հոդվածի
1-ին մասի՝ ՀՀ Սահամանադրության 72-րդ, 73-րդ և 79-րդ հոդվածներին
համապատասխանության վերաբերյալ:

Ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի՝ դատարանները
Սահմանադրական դատարան կարող են դիմել իրենց վարույթում գտնվող կոնկրետ
գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության
հարցով:

Դատարանը վիճարկվող դատական ակտից առաջ իր իսկ կայացրած՝ 2019 թվականի
մայիսի 18-ի թիվ ԵԴ/0253/01/19 որոշման պատճառաբանական մասում փաստել է, որ
առնվազն ենթադրաբար առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին
մասով վերագրված արարքում Ռ.Քոչարյանի առնչությունը հիմնավորող փաստական
տվյալներ: Փաստորեն, դատարանը իր նախորդ որոշմամբ արդեն իսկ եկել էր
եզրահանգման, որ գործով ձեռք բերված փաստական տվյալներով առկա է ՀՀ քրեական
օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարմանը
Ռ.Քոչարյանի առնչությունը:

Գործով ձեռք բերված փաստական տվյալներով ՀՀ քրեական օրենսգրքի 300.1
հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարմանը Ռ.Քոչարյանի առնչության
վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայության մասին հետևության գալով՝ դատարանն
այդ կերպ արդեն իսկ հիմնավոր կասկածի գնահատման տիրույթում կիրառել է ՀՀ
քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը: Հետևաբար անտեսելով այն հանգամանքը, որ
իր կողմից հիմնավոր կասկածի գնահատման տիրույթում արդեն իսկ 2019 թվականի
մայիսի 18-ին իր կողմից կայացված որոշմամբ կիրառվել է ՀՀ քրեական օերնսգրքի
300.1 հոդվածի առաջին մասը, դատարանը, հակասելով իրեն, վիճարկվող որոշմամբ
բարձրացրել է այդ նույն ակտի, որպես կիրառման ենթակա իրավական ակտի,
դրույթի սահմանադրականության հարցի շուրջ կասկածներ: Ավելի պարզ ասած՝ իր
իսկ կողմից կիրառված՝ անձի համար արդեն իսկ իրավական հետևանքներ առաջացրած
իրավական ակտը գնահատել է որպես «կիրառման ենթակա» և այդ հիմքով համարել
վիճարկելի: Ընդ որում, այս հարցը պաշտպանության կողմից բարձրացվել է նաև
մեղադրյալի խափանման միջոցի քննության նախորդ փուլերում և դատական երեք
ատյանների կողմից ստացել իրավական գնահատական:

2. Դատարանը Սահմանադրական դատարան է դիմել 2008թ. դրությամբ գործած ՀՀ
Սահմանադրության 56.1 և 57-րդ հոդվածների վերաբերյալ մեկնաբանություն
ստանալու համար՝ այն դեպքում երբ այդ կապակցությամբ առկա է ՀՀ վճռաբեկ
դատարանի համապատասխան մեկնաբանությունը և դրա հիման վրա կայացված
որոշումը:

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը փաստացի անտեսել է
այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին
կետի սահմանադրականության հարցի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումի
կապակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանը 2019թ. հունվարի 25-ին կայացրած
աշխատակարգային որոշմամբ մերժել է գործի քննությունը և այդ որոշմամբ
արձանագրել, որ Վճռաբեկ դատարանն ունի Սահմանադրությունը մեկնաբանելու և
կիրառելու լիազորություն: Այդ որոշմամբ հիմնավորվել է, որ
Սահմանադրությունը մեկնաբանելու և կիրառելու լիազորություն
Սահմանադրությամբ վերապահված է յուրաքանչյուր դատարանի, այդ թվում՝ Վճռաբեկ
դատարանին:

Նկատի ունենալով, որ ՀՀ նախագահի գործառութային անձեռնմխելության
ինստիտուտի մեկնաբանումն արդեն իսկ տրվել է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից
վերը վկայակոչված որոշմամբ՝ վերջինիս այդ լիազորությունն այլևս չի կարող
վիճարկվել ՀՀ սահմանադրական դատարանի՝ վերը նշված որոշմամբ արտահայտված
իրավական դիրքորոշումների լույսի ներքո:

3. Ընդհանուր իրավասության դատարանը սահմանադրական դատարանի առջև
բարձրացրել է նաև սահմանադրական նորմերի՝ 2005թ. խմբագրությամբ ՀՀ
Սահմանադրության 56.1 և 57-րդ հոդվածներով նախատեսված դրույթների
մեկնաբանության հարց, ինչի իրավունքը չուներ: ՀՀ սահմանադրական օրենքի
68-րդ հոդվածի 9-րդ մասի իրավակարգավորման իմաստով Դատարանը Սահմանադրական
դատարանից սահմանադրական նորմի մեկնաբանություն կարող է ստանալ բացառապես
այն դեպքում, երբ գտնում է, որ իր կողմից կիրառման ենթակա իրավական ակտի
որևէ նորմ հակասում է սահմանադրական տվյալ նորմին: Այնինչ նշված նորմերին
որևէ իրավական ակտի որևէ դրույթի համապատասխանության հարց դատարանը չի
բարձրացրել:

Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը
կասեցնելու մասին 2019թ. մայիսի 20-ի որոշման դեմ բողոքով ՀՀ
դատախազությունը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին խնդրել է նշված որոշումն
ամբողջությամբ բեկանել և կայացնել նոր դատական ակտ՝ հաստատելով գործի
վարույթի կասցեման՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածով
նախատեսված Սահմանադրական դատարան դիմելու հիմքի բացակայությունը:

Ընդ որում՝ հարկ է ընդգծել, որ Դատարանը չի պահպանել «Սահմանադրական
դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածով սահմանված պահանջն
առ այն, որ Սահմանադրական դատարան դիմելուց առաջ դատարանները պետք է
որոշում կայացնեն գործի վարույթը կասեցնելու մասին, որից հետո միայն,
առանձին, եռօրյա ժամկետում համապատասխան դատարանի որոշմամբ դիմում
ներկայացնեն Սահմանադրական դատարան: Թույլ տալով ընթացակարգային խախտում՝
տվյալ դեպքում Դատարանը կայացրել է մեկ միասնական որոշում:

Նշված հանգամանքների հաշվառմամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի
կողմից հիշյալ վերաքննիչ բողոքի պատճենն ուղարկվել է նաև ՀՀ սահմանադրական
դատարան՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ սահմանադրական
դատարան դիմելու և քրեական գործի վարույթը կասեցնելու մասին 2019թ. մայիսի
20-ի որոշմամբ ներկայացված դիմումի հիման վրա գործի քննությունը մերժելու
պահանջով»,-ասված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ: