Զենքի մատակարարումը ՌԴ-ից Հայաստան որևիցե պահի չի դադարեցվել. ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան

Լուրեր

02.09.2026 | 16:00
Ընկերությունը ապօրինի արդյունահանել է ավելի քան 7853 խմ լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6.6 մլն դրամի վնասը վերականգնվել է
02.09.2026 | 15:45
Կիևում ռուս ընդդիմադիրի դեմ մահափորձ է կանխվել․ Ուկրաինայի ԱԾ-ն մեղադրում է Ռուսաստանի ԱԴԾ-ին
02.09.2026 | 15:30
Զուգահեռներ՝ Գագիկ Խաչատրյանի և Վարդան Ջհանգիրյանի գործերում․ ՄԻԵԴ-ն արձանագրել էր, որ խախտվել է Ջհանգիրյանի՝ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը
02.09.2026 | 15:23
ԵՄ-ն ազատականացնում է ՀՀ-ից արտահանման 80%-ը // ՄԻՊ-ը այցելել է Գագիկ Խաչատրյանին. ԼՈՒՐԵՐ
02.09.2026 | 15:20
ԱՄՆ-ից՝ դեղեր, Իրանից՝ վառելիք. ինչու է մեծանում Հայաստանի առևտրային դեֆիցիտը
02.09.2026 | 15:17
«Ռեալի» ֆուտբոլիստը զրկվել է վարորդական իրավունքից
02.09.2026 | 15:05
Զելենսկու՝ ՌԴ օդային տարածքի վտանգավորության մասին զգուշացումից հետո Մոսկվայից մի շարք չվերթներ են չեղարկվել, այդ թվում դեպի Երևան
02.09.2026 | 14:50
Գերմանիայում էլեկտրակայանի կարճ միացումը դիտարկվում է որպես կանխամտածված հարձակում
02.09.2026 | 14:39
Դժվարանում եմ ասել` ինչու այստեղ չէ. Բալայանը` Սամվել Շահրամանյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 14:28
ԵՄ-ն ազատականացնում է Հայաստանից արտահանման շուրջ 80%-ը
02.09.2026 | 14:15
Ստամբուլի մոտ երկու նավ է բախվել․ անձնակազմի 10 անդամ անհետ կորած է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 14:10
Transfermarkt. Ամռան ամենաթանկ տրանսֆերների տասնյակը
02.09.2026 | 13:55
Պուտինը մեկնաբանել է Ռուսաստանում նոր զորահավաքի ալիքի մասին լուրերը
02.09.2026 | 13:46
Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ը վարույթ է սկսել
02.09.2026 | 13:35
US Open. 40-ամյա Գաել Մոնֆիսն ուշագրավ ցուցանիշ է գրանցել իր ծննդյան տարեդարձի օրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ

– Պարո՛ն Գրիգորյան, նախ՝ անդրադառնանք Ձեր գրասենյակի գործունեությանը: Գիտեմ, որ նոր ռազմավարություն եք մշակում, որը 2007 թվականից չի փոփոխվել: Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում՝ հաշվի առնելով հեղափոխությունից հետո ստեղծված նոր իրավիճակը:

– Սկսենք Անվտանգության խորհրդից: Նոր Սահմանադրությամբ՝ Անվտանգության խորհուրդը դարձել է սահմանադրական մարմին և մեծ լիազորություններ ունի, պաշտպանական քաղաքականության հիմնական ուղղություններն է որոշում, և շատ կարևոր է, որ ժողովրդավարության այն սկզբունքները, որ մենք հայտարարել ենք, դրանց շրջանակում կարողանանք այս ինստիտուտը կայացնել և կոլեգիալ որոշումներ կայացնել:

Ընդհանրապես, մարդկության փորձը ցույց է տալիս, որ կոլեգիալ որոշումներն ավելի արդյունավետ են: Իհարկե՝ կա պատասխանատու, վարչապետն է Անվտանգության խորհրդի նախագահը, որոշումներն ամբողջությամբ կայացվում են իր կողմից: Բայց որոշումների կայացման մեխանիզմն է շատ կարևոր, և այստեղ կոլեգիալ քննարկումները և հարցին բազմակողմանի նայելն օգնում է, որպեսզի անվտանգության հետ կապված որոշումներն ավելի արդյունավետ կայացվեն: Նաև Անվտանգության խորհրդի նիստերը սկսել են ավելի բարձր մակարդակով անցկացվել, նույնիսկ ընդհանուր համաձայնություն կա, որ Անվտանգության խորհրդի նիստերը մի ամբողջ օր են տևելու: Այստեղից էլ գալիս է գրասենյակի աշխատանքը, քանի որ սահմանադրական մարմին է, և գրասենյակը սպասարկում է Անվտանգության խորհրդի գործունեությունը: Այդ առումով գրասենյակը ևս սկսել է առավել ակտիվ աշխատել: Այս պահին կարևոր գործերից մեկը Հայաստանի Հանրապետության անվտանգության սպառնալիքների գնահատումն է: Այս աշխատանքը կատարում ենք բոլոր գերատեսչությունների հետ համատեղ:

Գալով Ազգային անվտանգության ռազմավարությանը՝ ասեմ, որ այն համապարփակ փաստաթուղթ է լինելու, և պետք է դրա ձևավորմանը մասնակցեն և՛ գործադիր, և՛ օրենսդիր իշխանությունը, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունն ու փորձագիտական հանրությունը: Շատ կարևոր է, որ փաստաթղթի ձևավորման գործընթացում բոլորն իրենց ներդրումն ունենան: Ես համոզված եմ, որ շատ հաջողված ու համապարփակ փաստաթուղթ ենք ունենալու:

-Պարոն Գրիգորյան, հեղափոխությունից հետո Հայաստանի անվտանգության համար   ի՞նչ նոր մարտահրավերներ են առաջ եկել: Որպես Անվտանգության խորհրդի քարտուղար՝ ո՞րը կամ որո՞նք եք համարում  ամենամեծ մարտահրավերը՝ Ղարաբաղի հիմնախնդրից զատ, և արդյո՞ք նոր ռազմավարությունը տալու է նոր մարտահրավերներին դիմագրավելու լուծումներ:

– Մարտահրավերների առումով գլոբալ շատ բաներ չեն փոխվել։ Ադրբեջանից եկող վտանգը, սպառնալիքը շարունակում է մնալ։ Տարածաշրջանում ընդհանուր իրավիճակը մեր անվտանգության վրա էլ է ազդում: Գալով ներքին տենդենցներին, օրինակ՝ ժողովրդագրական խնդիրը ևս մեծ սպառնալիք է մեզ համար՝ չնայած հեղափոխությունից հետո մենք որոշակի դրական միտումներ, փոփոխություններ ենք տեսնում: Իհարկե՝ դա ներգաղթ դժվար է անվանել, բայց 2018 թվականին ավելի շատ մարդ է եկել Հայաստան, քան լքել: Կա նաև սեռով պայմանավորված հղիության ընդհատումների խնդիրը, որը ևս ժողովրդագրական խնդիր, սպառնալիք է ՀՀ-ի համար, և այս ուղղությամբ մենք աշխատում ենք:

Այս ամենի գլխավոր լուծումը Կառավարության ծրագրում հայտարարված տնտեսական հեղափոխությունն է: Մենք համոզված ենք, որ տնտեսական հեղափոխությունը դրական կարող է ազդել աղքատության, ժողովրդագրական խնդիրները լուծելու համար: Տնտեսական հեղափոխությունը հնարավորություն է ստեղծելու, որպեսզի արտագաղթած մարդիկ հետ գան, և մենք փոփոխություններ կատարենք։

– Պարո՛ն Գրիգորյան, կարող եք, խնդրեմ, թվարկել, թե հեղափոխական իշխանությունն ի՞նչ ձեռքբերումներ է արձանագրել երկրի արտաքին քաղաքական դաշտում:

– Մենք հայտարարել ենք, որ արտաքին քաղաքական ուղղություններով փոփոխություններ չենք ունենալու: Այսինքն՝ արտաքին քաղաքականությունը մնալու է նույնը: Ավելին՝ մենք նշել ենք, որ այդ ուղղություններում կա մեծ պոտենցիալ, որի օգտագործումը նաև հնարավորություն է ստեղծելու մեզ համար, որպեսզի աշխատանքներ տանենք՝ Հայաստանի Հանրապետության վարկն ու հեղինակությունը բարձրացնելու, ինչպես նաև դրական արդյունքներ ունենալու համար: Արդյունքներ գրանցելու տեսանկյունից դա շարունակական գործընթաց է, օրինակ՝ վարչապետի այցն Իրան արդյունքներ է գրանցել, որոնք մենք շուտով կտեսնենք, Բրյուսել երկրորդ այցն է, բայց արդեն երկրորդ այցի ընթացքում ավելի հստակ պայմանավորվածություններ կան, և ես համոզված եմ՝ արդյունքները մենք կտեսնենք: Ռուսաստանի ուղղությամբ մենք շարունակում ենք մեր հարաբերությունները և, որպես մեր ռազմավարական դաշնակից, այստեղ մենք ահագին պոտենցիալ ենք տեսնում: Ռազմական և անվտանգության առումով կարող եմ նշել, որ մեզ համար՝ որպես հաջողություն, նոր ՍՈՒ-երի ձեռքբերումն է, որը մեր անվտանգության մակարդակը կբարձրացնի, և սա նաև խոսում է հարաբերությունների նոր մակարդակի մասին:

– Անդրադառնանք նաև բացասական զարգացումներին. Հայաստանը զրկվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից՝ անկախ այն բանից, թե դրա պատճառները որքանով էին օբյեկտիվ կամ սուբյեկտիվ։ Եվ հիմա ավելի շատ խոսվում է երկու հնարավոր տարբերակի մասին՝ կա՛մ առանց պաշտոնական Երևանի նոր քարտուղարի ընտրության, կա՛մ մինչև 2020 թվականը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար չունենալու: Ո՞ր տարբերակը կարող է Հայաստանի համար ավելի ընդունելի լինել, թե՞ դեռ կա երրորդ տարբերակը՝ Հայաստանի թեկնածությունն ամեն դեպքում առաջ տանելը:

– Ես կողմ չեմ պնդմանը, թե Հայաստանը կորցրել է այդ պաշտոնը: Ես ուզում եմ մի բան ֆիքսել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանի պաշտոնը չէ: Հայաստանը ներկայացրել է իր թեկնածուին, որը դարձել է ՀԱՊԿ քարտուղար, և նա ներկայացնում է ոչ միայն Հայաստանի, այլ ՀԱՊԿ անդամ 6 երկրների շահերը:

Ինչ վերաբերում է պաշտոնի հետ կապված վերջնական որոշմանը, ապա սրանք արդեն բարձր մակարդակի քննարկումներ են, և երկրի առաջնորդներն են բանակցություններ վարում: Վերջնական արդյունքի մասին մենք կտեղեկանանք: Այս պահին այն, ինչ տեղեկացվել է հանրությանը, դրանից ավելի բան չկա:

– Հայաստանի պաշտպանության նախարարը վերջերս տված հարցազրույցում ասաց, որ ՀՀ զինված ուժերը փոխում են մոտեցումը՝ պաշտպանականից հարձակողականի անցնելով: Ինչո՞վ է պայմանավորված պաշտպանականից հարձակողական ստրատեգիայի անցումը, արդյո՞ք պատերազմի   վտանգը մեծացել է:

– Ընդհանուր հեղափոխությունը նաև մտածողության փոփոխություն է բերել, և կարևոր մոտեցումներից մեկը մեզ մոտ այն է, որ մենք երբեք զենքի սպառնալիքի տակ որևիցե բանակցություն չենք վարելու։ Մենք դա բազմիցս հայտարարել ենք։ Նախկինում դա տեսել ենք, որովհետև Ադրբեջանը պարբերաբար հայտարարել է մինչև Երևան հասնելու մտադրության մասին, և նախկին մոտեցումն ավելի պաշտպանողական էր։ Մենք հայտարարում ենք, որ այլևս չենք բանակցելու զենքի սպառնալիքի տակ, և որևիցե երկիր չպետք է Հայաստանի հետ խոսի զենքի սպառնալիքով: Մենք բանակցելու ենք, մենք ուզում ենք խաղաղություն, բայց դա չի կարող լինել զենքի սպառնալիքի տակ:

– Արցախի Ձեր գործընկերը՝ Վիտալի Բալասանյանը, հայտարարել էր, որ Արցախի և Հայաստանի միջև ռազմաքաղաքական դաշինքի մասին պայմանագրի կնքումը խիստ հրատապ է։ Նման պահանջ էր առաջադրել նաև ՀՅԴ-ն: Այսօր նման դաշինքի կարիք կա՞:

– Բնականաբար՝ այդ դաշինքն իրավական հարթության մեջ է և իրավական հարցեր պետք է լուծի: Դրա հետ կապված քաղաքական որոշում պիտի կայացվի, մենք հիմա քննարկումներ ենք անցկացնում՝ հասկանալու համար այդ որոշման արդյունավետությունը: Մենք պիտի հասկանանք, եթե այդ որոշումը կայացնենք, դա մեզ ավելի շատ օգնելո՞ւ է, թե՞ ոչ: Եթե քննարկումների արդյունքում գանք եզրահանգման, որ օգնելու է, բնականաբար, այդ որոշումը կկայացնենք։ Բայց այս հարցով մենք քննարկումների փուլում ենք:

– Ռուսաստանի հետ 100 մլն դոլարի վարկային պայմանագրից խոսենք, որի շրջանակում  Հայաստանը ձեռք է բերելու նոր սպառազինություն: Ի՞նչ զինատեսակների մասին է խոսքը, դրանց որ հատվածը երբ է ստացվելու:

– Ռուսաստանից զենքի ձեռքբերումը շարունակական գործընթաց է, չկա մի պահ, որ ասենք՝ այս պահից ավարտվել է ընդհանուր զենք ձեռք բերելու գործընթացը։ Մենք պարբերաբար թարմացնում ենք այդ գործընթացը և նոր կոմպոնենտներ ենք մտցնում, օրինակ՝ «ՍՈւ»-երի ձեռքբերում նախկինում չի եղել:

Նախկինում հայտարարություն է եղել, որ Հայաստան զենքի մատակարումը դադարեցվել է, բայց դա սուտ ինֆորմացիա էր։ Ես հորդորում եմ, որ նման հայտարարություններից զերծ մնան, որևիցե պահի մատակարարումները չեն դադարեցվել, դրանք շարունակվում են:

– Ձեր նշանակումից ի վեր պարբերաբար մամուլում լուրեր են շրջանառվում, որ Ձեզ շուտով պաշտոնանկ են անելու, որ այս կամ այն գերտերությունը՝ մե՛կ Ռուսաստանը, մե՛կ ԱՄՆ-ն, դժգոհ են Ձեր դիրքորոշումներից: Ձեր կարծիքով՝ ինչո՞վ են պայմանավորված նման հրապարակումները, և ինչ եք կարծում՝ կհասցնե՞ք կյանքի կոչել նոր ռազմավարությունը։

– Բնականաբար՝ այդպիսի բան չկա։ Հայաստանում բոլոր պաշտոնների որոշումը կայացնում է Հայաստանը՝ ելնելով երկրի շահերից: Մենք չենք կարող ելնել այն բանից, որ որևիցե այլ երկրում ինչ-որ բան են մտածում, և մեր երկրում որևիցե պաշտոնյայի չպետք է նշանակել: Նման բան չի կարող լինել: Ես իմ հարաբերություններն ակտիվ զարգացնում եմ Ռուսաստանի հետ, իմ գործընկերոջ հետ արդեն երեք հանդիպում եմ ունեցել, որը շարունակական կլինի: Ռազմավարությունը վերջնական տեսքի բերելուն ակտիվ մասնակցություն եմ ունենալու, և ես այս պաշտոնում շարունակելու եմ մնալ ու կատարել այդ աշխատանքը:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան