Քոչարյանի պաշտպանին «ջուրն արդեն խեղդում է», մյուսներին երեք ամիս է հարկավոր 76 հատորանոց գործին ծանոթանալու համար

Լուրեր

20.12.2025 | 20:00
100,000 ռուբլի՝ ՀՀ-ում լրտեսության համար․ ՌԴ քաղաքացիները Հայաստանում տվյալներ են հավաքել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 19:36
Ուկրաինան և Պորտուգալիան պայմանավորվել են ծովային դրոնների արտադրության շուրջ
20.12.2025 | 19:15
Յուրա Մովսիսյան․ Սպերցյանը Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստն է
20.12.2025 | 19:00
Օվերտոնի պատուհանի կիրառմամբ պայքար է. ասվում է այն, ինչ թույլատրելի չէր. Գևորգ Տեր-Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 18:45
ՀՀ-ն ՍԾՏՀ նիստում ընդգծել է տարածաշրջանային համագործակցության և հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությունը
20.12.2025 | 18:06
Ֆուտզալի միջազգային ընկերական մրցաշարի մասնակիցներից մեկը չի ժամանել Երևան
20.12.2025 | 17:32
Եղեգնաձորի տներից մեկում և ավտոտնակում հրդեհ է բռնկվել
20.12.2025 | 17:10
Էդուարդ Սպերցյանը հանդիպել է Զլատան Իբրահիմովիչի հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
20.12.2025 | 16:56
Մենք չենք համաձայնի, որ մեզ ինչ-որ մեկը վերահսկի. Զելենսկին՝ Պուտինին
20.12.2025 | 16:37
Վահան Բիչախչյանը նոր մարզիչ կունենա «Լեգիայում»
20.12.2025 | 16:21
Վարչապետը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտների ներկայացուցիչների հետ
20.12.2025 | 16:04
Հենրիխ Մխիթարյան. Ցավալի պարտություն էր, հիասթափությունը մեծ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 15:51
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
20.12.2025 | 15:32
Աբովյանում 4 մեքենա է բախվել. կան տուժածներ
20.12.2025 | 15:19
Լիոնի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի շենքում «Սյունիքի այգի» է անվանակոչվել ձմեռային այգին
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է․ այս մասին օրերս հայտարարություն տարածեց Հատուկ քննչական ծառայությունը

Ըստ ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության՝ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։

Քոչարյանին առաջադրված մեղադրանքի գործի նյութերն արդեն ստացել և ուսումնասիրում է նրա պաշտպանակ թիմը։

Factor.am-ի հետ զրույցում 2-րդ նախագահի պաշտպան Ռուբեն Սահակյանը նշեց․ «Այս փուլում ծանոթանում ենք գործի նյութերին, քննարկում հնարավոր միջնորդություններ ներկայացնելու և հնարավոր դատական նիստին պատրաստվելու հարցը։ Ասում եմ հնարավոր, որովհետև հնարավոր է մինչ այդ իրենք էլ խելքի գան և դադարեցնեն քրեական հետապնդումը։ Ես լավատես եմ»։

Ըստ Ռուբեն Սահակյանի՝ հավանաբար երեք ամիս կպահանջվի 76 հատորանոց գործին ամբողջությամբ ծանոթանալու համար։

«Բարդ գործ է․ բարդ այն իմաստով, որ ինչքան ասես ջուր կա, էդ ջուրը հարկավոր է հերքել, իսկ դա անելու համար դուրսգրումներ է պետք է անել, ինչը ժամանակատար է։ Անձամբ ես նոր եմ սկսել գործին ծանոթանալ, բայց ջուրն արդեն խեղդում է, այնքան շատ է»,-ներկայացրեց Սահակյանը։

Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը ևս ստացել է գործի նյութերն ու զբաղված է դրանք ուսումնասիրելով։

«Դեռ նյութերին ծանոթանանք, որից հետո նոր կասենք՝ պաշտպանական կողմը միջնորդություն կներկայացնի դատարան, թե ոչ։ Իմ կարծիքով՝ մեկ ամսից ավել ժամանակ կպահանջվի գործին ամբողջությամբ ծանոթանալու համար, որից հետո նոր այս գործը կմակագրվի դատարանին»,-ասաց պաշտպան Ալեքսանյանը:

Նշենք, որ ըստ ՀՔԾ-ի՝ Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:

Յուրի Խաչատուրովի պաշպան Միհրան Պողոսյանն էլ վստահեցնում է՝ գործի փաստական տվյալներին ծանոթանալուց հետո կներկայացնեն իրենց միջնորդությունները, սակայն իրենց համար ինչպես նախկինում, այնպես էլ այժմ հստակ է մեկ բան:

«Ամեն դեպքում այս գործի մասով տպավորությունն այնպիսին է, որ ցանկանում էին՝ Յուրի Խաչատուրվը հետ կանչվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Նա 2018 թվականի հուլիսի 26-ից Հայաստանում է և մինչև 2019 թվականի փետրվարի 13-ը նրա նկատմամբ որևէ քննչական գործողություն չի իրականացվել»,-ասաց պաշտպանը՝ շեշտելով, որ այս գործով դատական նիստերը պարտավոր են անցկացնել դռնբաց, որպեսզի հասարակությունը տեսնի, թե ՀՔԾ-ն ինչ գործ է կատարել, ինչպես է աշխատել։

Ըստ պաշտպանի՝ 76 հատոր կազմող գործին մանրամասն ծանոթանալու համար իրենց առնվազն երեք ամիս ժամանակ է հարկավոր:

Նշենք, որ Յուրի Խաչատուրովը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Սեյրան Օհանյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանին ևս գործին ծանոթանալու համար երեք ամիս է հարկավոր:

«Սեյրան Օհանյանի մասով գործի նյութերին ծանոթանալու համար երեք ամիս ժամանակ եմ խնդրել: Կարծում եմ գործին հանգամանալից ծանոթանալուց հետո միջնորդություններ կներկայացնենք, քանի որ շարունակում եմ պնդել, որ գործ ունենք ապօրինի մեղադրանքի հետ»,-ասաց Պետրոսյանը՝ շեշտելով, որ «Մարտի 1-ի» գործով սպասվող դատական նիստերը պետք է լինեն բաց, որ հասարակությունն էլ տեսնի իրական պատկերը:

«Գուցե անհրաժեշտություն լինի մեկ կամ մի քանի նիստ անցկացնել դռնփակ, բայց, ընդհանուր առմամբ, այդ գործը պետք է քննվի դռնբաց ռեժիմում»,-եզրափակեց պաշտպանը:

Նշենք, որ, ըստ ՀՔԾ-ի, Սեյրան Օհանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Աղավնի Սուքիասյան