2018 թ.-ի քրեական քրոնիկոնը. «Մարտի 1-ի» գործից մինչև ամենախոշոր կոռուպցիոն գործարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2024 | 14:15
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.11.2024 | 13:49
Վանաձորում ձին ընկել է դիտահորը
16.11.2024 | 13:33
Վրաստանի ԿԸՀ նախագահի վրա սև հեղուկ են լցրել․  ամփոփվել  են խորհրդարանական ընտրությունների արդյունքները
16.11.2024 | 13:22
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ
16.11.2024 | 12:58
Աղմկահարույց սկանդալ․ Կոսովոյի հավաքականը լքել է խաղադաշտը Ռումինիայի հետ խաղում
16.11.2024 | 12:34
Վահագն Խաչատուրյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է գերիներին և անհետ կորածների հարցեր
16.11.2024 | 12:12
Երևանը հեռանում է ՀԱՊԿ-ի աշխատանքային բոլոր ձևաչափերից․ ՌԴ ԱԳՆ
16.11.2024 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 16-ի դրությամբ
16.11.2024 | 11:33
Նավթի գները նվազել են
16.11.2024 | 11:07
Զիջի՛ր ճանապարհը․ րոպեն կարող է կյանք արժենալ․ ՆԳՆ իրազեկման արշավ է կազմակերպել
16.11.2024 | 10:35
Հրդեհ Ձորագյուղում
16.11.2024 | 10:18
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.11.2024 | 23:30
Թուրքիայի նախագահականը հերքում է Էրդողանի և նրա դաշնակից Բահչելիի միջև տարաձայնությունները քրդական հարցի շուրջ
15.11.2024 | 23:17
Նոյոմբերի 18-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.11.2024 | 22:57
COP-ի համար Բաքվում նավթարդյունահանման տարածքները թաքցրել են պատերի հետևում, մինչդեռ մարդիկ բնակվում են մազութով ծածկված խոնավ տներում
Բոլորը

Քրեական հետապնդումներ, կոռուպցիոն սխեմաներ, զենք զինամթերքի ապօրինի շրջանառություն, ապօրինի հարստացում, և վերջապես՝ «Մարտի 1»-ի գործ։ Հեղափոխությունից հետո հայաստանյան հասարակությունը ոչ մի օր չանցկացրեց՝ առանց աղմկահարույց բացահայտումների։ Խոշորացույցի տակ էին հայտնվում նախկին իշխանության ներկայացուցիչները, նրանց մի մասի ներգրավմամբ հարուցվել են քրեական գործեր, որոշները դեռ հետախուզվում են։

Թավշյա հեղափոխությունը շրջադարձային նշանակություն ունեցավ 10 տարի քննչական մարմինների դարակներում փոշոտվող «Մարտի 1»-ի գործի համար։

Միքայել Հարությունյան

Առաջինը սահմանադրական կարգի տապալման մեղադրանք առաջադրվեց 2008 թվականի մարտի 1-ին պաշտպանության նախարար աշխատած Միքայել Հարությունյանին։ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարեց, որ փետրվարի 23-ին արձակելով 0038 հրամանը, Միքայել Հարությունյանն այլ անձանց հետ համաձայնությամբ կատարել է սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողություններ։ Մինչ մեղադրյալի կարգավիճակ ստանալը, Միքայել Հարությունյանն արդեն հասցրել էր ապաստանել Ռուսաստանում։ Ռուս իրավապահները հայաստանցի գործընկերների դիմումներին ի պատասխան հայտնեցին, թե Միքայել Հարությունյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է։ Իսկ դա նշանակում է, որ չի կարող հանձնվել հայկական կողմին, եթե նույնիսկ մեղադրվում է քրեական հանցագործություն կատարելու մեջ։

Յուրի Խաչատուրով

Ռուսական հովանավորությունից օգտվել չհաջողվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։ Առանց նրան այդ պաշտոնից հետ կանչելու, Հայաստանի իրավապահները նրան սահմանադրական կարգի տապալման մեղադրանք առաջադրեցին։ Ի տարբերություն Միքայել Հարությունյանի, Խաչատուրովը ՌԴ քաղաքացիություն չուներ և ներկայացավ  իրավապահներին։ Ըստ ՀՔԾ-ի՝ Խաչատուրովին 0038 գաղտնի հրամանով վերապահված է եղել առանցքային դեր։ Նա կատարել է Երևանի կայազորի պետի պարտականությունները։

Հուլիսի 27-ին Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանը, քննելով Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը, 5 միլիոն դրամ գրավի դիմաց նրան ազատեց կալանքից։

Ռոբերտ Քոչարյան

Մարտի 1-ի գործով ամենաբեկումնային զարգացումը, սակայն, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն էր։ Հուլիսի 27-ին Առաջին ատյանի դատարանը գիշերային նիստում որոշեց  կալանավորել Ռոբերտ Քոչարյանին։

ԱԱԾ մեկուսարան գնալուց առաջ Քոչարյանը հասցրեց հայտարարել․ «Ամբողջությամբ շինծու, քաղաքական ենթատեքստ ունեցող և իրականության հետ որևէ առնչություն չունեցող մեղադրանքներ են։ Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, վենդետա է»։

Երկրորդ նախագահը ԱԱԾ մեկուսարանում անցկացրեց 17 օր։ Օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը կալանքից ազատեց Քոչարյանին՝ հիմնավորումով, թե նա օգտվում է Սահմանադրությամբ իրեն տրված անձեռնմխելիության իրավունքից․ «Փաստաբանների թիմը ուղղակի ջախջախել է մեղադրանքը։ Ամբողջ մեղադրանքը կառուցված է կեղծ ապացույցների հիման վրա»,- ասաց Քոչարյանը։

Գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք ներկայացրեց։ Կալանքի հարցը հետ ուղարկվեց Վերաքննիչ դատարան՝ նոր քննության։ Եվ դեկտեմբերի 7-ին՝ ԱԺ արտահերթ ընտրություններից երկու օր առաջ, Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի գլխավորությամբ որոշեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին։

Երկրորդ նախագահի աջակիցները հայտարարեցին նրա ազատության համար փողոցային պայքար սկսելու մասին։ Դեկտեմբերի 11-ին պարզվեց, որ այդ աջակիցների թիվը չի հասնում մեկ հարյուրի։

Արմեն Գևորգյան

«Մարտի 1»-ի գործը քննող ՀՔԾ-ն չմոռացավ Ռոբերտ Քոչարյանի երբեմնի դաշնակից Արմեն Գևորգյանի մասին, որին արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեղադրանք առաջադրվեց։ Ըստ ՀՔԾ-ի՝ Գևորգյանը Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ժամանակ, զբաղեցնելով Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, ճնշումներ է գործադրել Սահմանադրական դատարանի դատավորի վրա։

Այդ դատավորը Վալերի Պողոսյանն էր, որը ճնշումների ներքո չի մասնակցել Տեր-Պետրոսյանի կողմից նախագահական ընտրությունների արդյունքների վիճարկման  վերաբերյալ նիստի քվեարկությանը։

Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Սակայն շատ չանցած Արմեն Գևորգյանին առաջադրվեց 3 նոր մեղադրանք՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակել, խոշոր չափերով կաշառք ստանալ և փողերի լվացում։ Դատարան մտնելիս Գևորգյանն ասաց, թե մեղադրանքին ծանոթ է և մեղադրանքը չի ընդունում։

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2 օր տևած քննության արդյունքում չկալանավորեց Արմեն Գևորգյանին։ Վերջինս դատական ակտը համարեց արդար․ «Բայց դա չի նշանակում, որ գործն ավարտվել է, մենք շարունակելու ենք աշխատել»։

Վահագն Հարությունյան

«Մարտի 1»-ի գործով հաջորդ խոշոր մեղադրյալը տևական ժամանակ գործը քննող քննչական խումբը ղեկավարած Վահագն Հարությունյանն է։ Նրան ապացույցներ կեղծելու մեղադրանք առաջադրվեց։ Ըստ ՀՔԾ-ի՝ «Մարտի 1»-ի գործի քննության ժամանակ Հարությունյանի ցուցումով Զինված ուժերի զենքերից կրակված պարկուճները փոխարինվել են ոստիկանության սպառազինության մեջ մտնող զենքերից կրակված պարկուճներով։ Այդ կերպ փորձ է արվել քողարկել բանակի մասնակցությունը Մարտի 1-ին։

Վահագն Հարությունյանը մամուլի միջոցներով հայտարարեց՝ իր նկատմամբ առաջադրված մեղադրանքն ապօրինի է և շինծու։ Միքայել Հարությունյանի  նման՝ Մարտի 1-ի գործով այս վճռորոշ զարգացումների փուլում նա ևս հանգրվանել է  Ռուսաստանի Դաշնությունում։

Դեկտեմբերի 12-ին Վերաքննիչ քրեական դատարանը վերացրեց Հարությունյանին կալանավորելու Առաջին ատյանի դատարանի որոշումը։

Հովիկ և Հենրիկ Աբրահամյաններ

Մարտի 1-ի գործի շրջանակում Ազգային անվտանգության ծառայությունը օգոստոսի 6-ին խուզարկեց Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքը։ Ըստ ԱԱԾ-ի՝ հայտնաբերվեցին այնտեղ ապօրինաբար պահվող մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, այդ թվում` 3 հատ ձեռքի գնդացիր, 7 հատ «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ, 2 հատ «ՍՎԴ» տեսակի դիպուկահար հրացան, 3 հատ տարբեր տեսակի հրացաններ, 2 հատ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող մեծ քանակությամբ տարբեր տրամաչափի փամփուշտներ։

Ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու կասկածանքով ձերբակալվեցին Ամբիկ Գևորգյանն ու Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը: Վերջինս կալանավորվեց։ Հոկտեմբերի 13-ին, սակայն,  հայտնի է դարձավ, որ Հովիկ Աբրահամյանի պահեստներից հայտնաբերված զենքը Մարտի 1-ին չի կրակել։ Հոկտեմբերի 17-ին դատարանը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակեց Հենրիկ Աբրահամյանին։

ԱԱԾ տնօրենի, ՀՔԾ պետի և ՀՀ վարչապետի գաղտնալսման գործ

2018 թվականի մյուս նշանակալի քրեական պատմությունը կրկին պտտվում է Մարտի 1-ի գործի շուրջ։ Սեպտեմբերի 11-ին համացանցում հայտնվեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությունը։ Նրանք զրուցում էին Քոչարյանին ու Խաչատուրովին կալանքի թեմայով։ Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը խոստովանեցին՝ գաղտնալսվածներն իրենք են: «Այն պայքարը, որը մենք սկսել ենք, շարունակելու ենք և մեզ չի խանգարելու ոչ մի բան»,- հայտարարեց ԱԱԾ տնօրենը։

Հաջորդիվ ՀՔԾ պետը Մարտի 1-ի գործից մանրամասներ հայտնեց․ «Մեր վերսիան հետևյալն է, որ Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի այդ խոսքերը, թե մենք արդեն ունենք զոհեր, հիմնավորվի, դա նախաքննությամբ հիմնավորվել է»։

Գաղտնալսողներին գտնելու համար հարուցվեց քրեական գործ։ Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը ճանաչվեցին տուժողներ։ Եվս մեկ քրեական գործ հարուցվեց՝ պարզելու, արդյոք նրանք դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից։ Բայց սա դեռ վերջը չէր։ Կար նաև գաղտնալսման երկրորդ մասը, որը հրապարակվեց դեկտեմբերի 5-ին՝ խորհրդարանական ընտրություններից 4 օր առաջ։ Այստեղ արդեն հնչեց Նիկոլ Փաշինյանի ձայնը։

Վարչապետը Ֆեյսբուքի էջի ուղիղ եթերում մեկնաբանեց իրեն գաղտնալսելու փաստը․«Ինչո՞ւ է դա արվում, որովհետև կոռումպացած համակարգը տեսնում է, որ իր շուրջ օղակը սեղմվում է, որ այն, ինչ մենք խոստացել էինք, քայլ առ քայլ իրականություն է դառնալու խորհրդարանական ընտրություններից հետո, և որևէ մեկը չի պլստալու, և բոլոր կոռումպացվածներին մենք կանչելու ենք պատասխանատվության՝ ժողովրդի անունից և ժողովրդի մանդատով»։

Մանվել Գրիգորյան

«Փաշինյանի կառավարությունն սկսել է կոռուպցիոն բացահայտումներ անել, դուք որևէ մտահոգվելու պատճառ չունե՞ք»,- Սարդարապատի հաղթանակի կապակցությամբ տոնակատարության օրը լրագրողն այս հարցն ուղղեց ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանին։ Գեներալի շուրթերից հնչեց այսպիսի պատասխան․ «Աբսալյուտնի, բա եկել են, որ տենց բաներ անեն, հո չե՞ն եկել կոռուպցիա սարքեն»։

Այս խոսքերից 20 օր անց գեներալ Մանվել Գրիգորյանին առաջադրվեցին ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու մեղադրանքներ։ Հունիսի 16-ին  «Երկրապահ կամավորական միության» նախագահին Ազգային անվտանգության ծառայությունը բերման ենթարկեց ԵԿՄ Էջմիածնի տարածքային կառույցի շենքից։

Հաջակցության Մանվել Գրիգորյանի՝ կողմնակիցները ակցիաներ անցկացրին, որոնք դադարեցին Ազգային անվտանգության ծառայության մի տեսանյութից հետո։ ԱԱԾ-ն հունիսի 16-ին խուզարկեց Մանվել Գրիգորյանի՝ Արմավիրի Արշալույս գյուղի հանգստյան գոտին, ինչպես և Էջմիածին քաղաքի առանձնատունը։

Գեներալի պահեստից հայտնաբերվեց քառօրյա պատերազմի մասնակից զինվորներին ուղղված երեխաների նամակներ։ Զինվորի բաժին տուշոնկաներով գեներալը կերակրել էր արջերին։

ԱԱԾ-ն առգրավեց մեծ քանակությամբ զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր, հայտնաբերվեցին սեփականության տասնյակ վկայականներ, 3 ավտոպարկ։

Հունիսի 19-ին Մանվել Գրիգորյանը դատարանի որոշմամբ կալանավորվեց։ Մինչ բանտախուց գնալը Արցախի հերոսը դատարանից դիմեց հանրությանը․ «Էս պահին ես պատվի խնդիր ունեմ: Չգիտեմ, թե ով ինչ է ուզում ապացուցել, բայց ամենակարևորը՝ ինձ է պետք ապացուցել իմ մեղավորության մասին»։

Թերևս հանրության հիշողությունում կտպավորվի Գրիգորյանի մտերիմ ընկերոջ գեներալ Սեյրան Սարոյանի մի խոստովանություն. «Էդ էրեխեքի նամակները որ տեսա, իմ արև մեռած էի թաղած չէի։ Տեղս չեմ գտել, բժիշկները սաղ օրը մոտս են եղել, էնքան ծանր եմ տարել, որ չեք պատկերացնում, ո՞նց կարելի էր հերոսից իջնել տուշոնկա գողնալ»։

Հոկտեմբերի վերջին Մանվել Գրիգորյանը դիմեց կառավարությանը՝ ցանկանալով Ակնալիճ համայնքի՝ իրեն պատկանող շուրջ 330 հեկտար տարածքը՝ 5 միլիարդ դրամ արժեքով նվիրաբերել ՀՀ-ին։ Դետեմբերի 21-ին Մանվել Գրիգորյանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց ԱԱԾ մեկուսարանից։ Նրա ազատությունը բարձրացրեց էջմիածինցիների դժգոհությունը, որոնք սկսեցին բողոքի  գործողություններ։ Դատախազությունը հայտարարեց գեներալին մեղսագրվող արարքների ծավալը մեծացնելու հնարավորության մասին։

Արթուր Ասատրյան (Դոն Պիպո)

Հունիսի 16-ին Էջմիածին ժամանած Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն իրենց հետ ԱԱԾ մեկուսարան տեղափոխեցին «Դոն Պիպո» մականունով հայտնի Արթուր Ասատրյանին։ Նրա առաձնատնից հայտնաբերվեց ապօրինի պահվող մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք։

Քրեական հեղինակության համբավ ունեցող Արթուր Ասատրյանը դատարանի որոշմամբ կալանավորվեց։ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերել և պահելուց զատ, Ասատրյանը մեղադրվում է 3 անձի առևանգում կազմակերպելու մեջ։

Առևանգվածներից մեկի հեռախոսից ԱԱԾ-ն հայտնաբերեց տեսանյութ, որում երևում է, որ առևանգնվածներին հարցադրումներ է կատարում Արթուր Ասատրյանը։ Սեպտեմբերի 20-ին, նա, 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։

Նարեկ Սարգսյան

Իրավապահները չշրջանցեցին անգամ հեղափոխության արդյունքում պետության ղեկավարի աթոռից զրկված Սերժ Սարգսյանի մերձավոր հարազատներին։ Հունիսի 25-ին ԱԱԾ-ն Արամի փողոցից բերման ենթարկեց երկու անձի, որոնք Նարեկ Սարգսյանի խնդրանքով տեղափոխում էին թմրանյութերով ու զենքերով լի ճամպրուկներ։

Հուլիսի 4-ին Նարեկ Սարգսյանի բնակարանից հայտնաբերվեցին Մարտիրոս Սարյանի 14 գծանկարներ՝ 280 000 ԱՄՆ դոլար արժողությամբ։ Ըստ ԱԱԾ-ի, 2013 թվականին Նարեկ Սարգսյանը չարաշահել է Սարյանի ժառանգի վստահությունը՝ խոստանալով նկարների դիմաց վճարել 28 000 դոլար, մնացած գումարով համատեղ հիմնադրել խաղատուն։ Սերժ Սարգսյանի եղբորորդին խոստումը չի կատարել։ Խուզարկությամբ Նարեկ Սարգսյանի բնակարանից հայտնաբերվեցին 115 000 ԱՄՆ դոլար, 27 000 եվրո գումար, թանկարժեք ժամացույցներ, բազմաթիվ ոսկյա մետաղադրամներ և զարդեր, իսկ մոտ 90 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենան Նարեկ Սարգսյանը նվիրել էր ընկերուհուն։

Հարուցված գործի շրջանակում Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվեց հետախուզում։ 5 ամիս անց Նարեկ Սարգսյանին Ինտերպոլը հայտնաբերեց Պրահայում։ Իրավապահներին նա ներկայացրել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալես անունով։

Լևոն Սարգսյան

Իրավապահները մինչ օրս չեն գտել Սերժ Սարգսյանի հետախուզվող եղբայր՝ Լևոն Սարգսյանին։

Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունը բացահայտեց, որ Լևոն Սարգսյանին պատկանած «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ընկերությունը պետությանը չի վճարել 300 միլիոն դրամի հարկ։ Այս ընկերությունն է կառուցել Բուզանդի 3 հասցեի բազմաֆունկցիոնալ շենքը։ Հուլիսի 6-ին Հատուկ քննչական ծառայության որոշմամբ Լևոն Սարգսյանը և դուստրը՝ Անի Սարգսյանը քրեական գործում ներգրավվեցին իբրև մեղադրյալներ և հայտարարվեց հետախուզում։ Պարզվեց նաև, որ բանկերից մեկում ներդրված խոշոր չափերի ավանդի գումարը նրանք չեն հայտարարագրել։

Անի Սարգսյանը սեպտեմբերի 6-ին ներկայացավ իրավապահներին։ Իսկ ահա նրա հայր Լևոն Սարգսյանը մինչ օրս հետախուզվում է։

Հայկ Սարգսյան

Ալեքսանդր Սարգսյանի մյուս որդին՝ Հայկ Սարգսյանը, ևս մեղադրյալի աթոռին հայտնվեց․ նրան մեղսագրվող հանցագործությունը տեղի է ունեցել 11 տարի առաջ։ 2007 թվականին նա հրազենային վնասվածք է հասցրել Դավիթ Սիմոնյանին։ Գործն այն ժամանակ կարճվել էր, քանի որ ոստիկանություն ներկայացած ոմն Արթուր Ղևոնդյան հայտնել էր, թե անզգուշաբար կրակել է ընկերոջ վրա: 11 տարի անց, սակայն, Դավիթ Սիմոնյանը նոր ցուցմունքներ տվեց՝ նշելով, որ իրականում Հայկ Սարգսյանը փորձել է իրեն սպանել։

Հուլիսի 11-ին կալանավորված Հայկ Սարգսյանը սեպտեմբերի 10-ին 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատվեց կալանքից։

Ալեքսանդր Սարգսյան

Ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու կասկածանքով հունիսի 25-ին Սայաթ-Նովա փողոցից բերման ենթարկվեց Ալեքսանդր Սարգսյանը։ Նրա հետ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն բերման ենթարկվեց ևս երեք անձ։ Ոստիկանությունը 3 օր անց հայտարարեց, որ Ալեքսանդր Սարգսյանի զենքերը օրինական են։

Ի դեպ, տարբեր տարիներին աղմկահարույց պատմությունների կիզակետում հայտնված Ալեքսանդր Սարգսյանը պատրաստակամություն հայտնեց պետությանը վերադարձնել բանկերից մեկում իր հաշվին գտնվող 30 միլիոն դոլարը։

Վաչագան Ղազարյան

Սերժ Սարգսյանի մերձավորների նկատմամբ առաջադրված մեղադրանքներից ուշագրավ էր նաև նրա երկարամյա թիկնազորի պետի՝ Վաչագան Ղազարյանի  գործը։

Հունիսի 25-ին Երևանի Չարենցի փողոցում գտնվող «Յունիբանկի» մուտքի մոտ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալեցին Ղազարյանին։  ԱԱԾ կադրային ռեզերվում գտնվող Վաչագան Ղազարյանի ձեռքի պայուսակում կար 120 000 ԱՄՆ դոլար, 436 միլիոն դրամ գումար։ Նրան ուղեկցած Լեքսուս ավտոմեքենայից հայտնաբերվեց 50 000 ԱՄՆ դոլար։

Հունիսի 28-ին դատարանը 2 ամսով կալանավորեց Վաչագան Ղազարյանին։ Հուլիսի 24-ին Վերաքննիչ քրեական դատարանը փոխեց նրա նկատմամբ կիրառված կալանքի որոշումը և 1 միլիարդ դրամ կալանքի դիմաց ազատ արձակեց։ Սակայն Վաչագան Ղազարյանի՝ ազատությունը  կարճ տևեց։ Նոյեմբերի 15-ին պարզ դարձավ, որ Վճռաբեկ դատարանը, բավարարել է Դատախազության բողոքը և Վաչագան Ղազարյանը կրկին կալանավորվեց։

Արմեն Ավետիսյան

Հեղափոխությունից հետո ի հայտ եկան մի շարք կոռուպցիոն սխեմաներ, որոնք առնչվում էին անգամ տարիներ ի վեր պաշտոններին հրաժեշտ տված գործիչների։ Այսպես, Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին մեղադրանք առաջադրվեց  ապօրինի ձեռնարկատիրական գործունեության ու փողերի լվացման համար։

Ըստ ԱԱԾ-ի՝ Արմեն Ավետիսյանը տարբեր անձանց հետ ձեռնարկել և ֆինանսավորել է Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի կառուցումը։

ԱԱԾ-ի տվյալներով՝ 2010-2012 թվականներին «Ռիվերհիլ Հոլդինգս»-ը Ծաղկաձորում կառուցել է «Գոլդեն Փելես» հյուրանոցը: 2012 թվականին երկու հյուրանոցների սեփականատեր դարձել է Անգլիայի Դուգլաս քաղաքում հիմնադրված «Գոլդեն գրուպ լիմիտեդ» ՓԲԸ-ն, որի 100 տոկոս բաժնետեր է հանդիսացել Արմեն Ավետիսյանի որդին՝ Արտաշես Ավետիսյանը: 2018 թվականին Արմեն Ավետիսյանի և որդու կողմից Երևանի Հյուսիսային պողոտայում հիմնադրվել է երրորդ` «Գոլդեն փելես բուտիկ» հյուրանոցը։

Արմեն Ավետիսյանի ընտանիքն օրեր առաջ դիմել է պետական գույքի կառավարման վարչությանը և պատրաստակամություն հայտնել Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը վերադարձնել պետությանը:

Այս պատմություններով 2018 թվականի քրեական քրոնիկոնը չի ամբողջականանում։ Սրանք, թերևս, հասարակությանը ամենից հետաքրքրող դրվագներն էին։ Թավշյա հեղափոխությունից հետո կոռուպցիոն բացահայտումներով գործերը մի քանի տասնյակի են հասնում, քրեական հետապնդման ենթարկվող պաշտոնյաների անվանացանկն էլ շատ երկար է։

Մինչև մայիսի 8-ը ընկած ժամանակաշրջանի հետ համեմատ՝ քննվող քրեական գործերի ծավալն աճել է 3-ից 4 անգամ։ Հարուցված քրեական գործերով պետությանը վերականգնման ենթակա է 70 միլիարդ դրամ։ Դատելով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից, որ բոլոր հանցագործները պետք է պատժվեն, 2019 թվականին քրեական նոր պատմությունների ու բացահայտումների պակաս չի լինելու։ Ո՞վ գիտե, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից դեռ քանի՞սը կհարցաքննվեն ու ովքեր կհայտնվեն ճաղերի հետևում։

Ռոբերտ Անանյան