Nvidia-ի ղեկավարի սիրավեպը՝ լրտեսական սկանդալի կենտրոնում․ ընկերությունը հետաքննություն է սկսել Չինաստանի հետ հնարավոր կապերի պատճառով
Հաղորդաշարեր
09.11.2026 | 17:52
Չիպեր արտադրող ամերիկյան խոշորագույն Nvidia ընկերությունը կիրակի՝ նոյեմբերի 8-ին, հայտարարել է անկախ հետաքննություն սկսելու մասին՝ այն տեղեկությունների ֆոնին, որ ընկերության ղեկավար Ջենսեն Հուանգը ռոմանտիկ կապ է ունեցել մի կնոջ հետ, որը, ենթադրաբար, աշխատում է Չինաստանի հատուկ ծառայությունների համար, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
Nvidia-ից հայտնել են, որ ներկայում ընկերության տնօրենների խորհուրդը բավարար հիմքեր չունի կասկածելու գաղտնի տեղեկությունների արտահոսքի առկայությանը կամ խոսելու ԱՄՆ ազգային անվտանգության համար սպառնալիքի մասին։ Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Հուանգը մտադիր է շարունակել ղեկավարել ընկերությունը։ Այնուամենայնիվ, տնօրենների խորհուրդը հանձնարարել է իրականացնել բոլոր հասանելի տեղեկությունների անկախ ստուգում։
Nvidia-ի աշխատակիցներին ուղղված ծառայողական գրության մեջ Ջենսեն Հուանգը խոստովանել է սիրային կապի մասին և հայտարարել, որ «խորապես զղջում է» կնոջը դավաճանելու համար։
«Իմ գործողությունները ցավ են պատճառել նրան և մեր երեխաներին։ Իմ արածի համար արդարացում չկա։ Հույս ունեմ, որ մեր ընտանիքը կհաղթահարի տեղի ունեցածը, և ժամանակի ընթացքում կկարողանամ վերականգնել վստահությունը»,- գրել է նա։ Հուանգը նաև հավելել է, որ «մտադիր է պաշտպանել Nvidia-ն և աջակցել ԱՄՆ ազգային անվտանգությանը»։
Ավելի վաղ Ջենսեն Հուանգի՝ մի կնոջ հետ սիրավեպի մասին, որին ամերիկյան հատուկ ծառայությունները համարում են Չինաստանի հատուկ ծառայությունների հնարավոր տեղեկատու, հայտնել էր The New York Times-ը։ Լրագրողների տվյալներով՝ Nvidia-ի ղեկավարը ռոմանտիկ հարաբերություններ է սկսել իր ազգանունը կրող Էլիս Հուանգի հետ։ Վերջինս ղեկավարում է Սինգապուրում տեղակայված Megaspeed ընկերությունը, որը կառավարում է տվյալների կենտրոններ և Nvidia-ից չիպեր է գնում։
Ինչպես հայտնել են The New York Times-ի աղբյուրները, ամերիկյան հատուկ ծառայությունները հետևել են Էլիս Հուանգին, քանի որ կարծում են, որ նա հավաքագրվել է Չինաստանի պետական անվտանգության նախարարության կողմից։ Մոտ մեկ տարի առաջ նրա նկատմամբ իրականացվող հետախուզական գործողությունների մասին տեղեկացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այնուամենայնիվ, լրագրողներին չի հաջողվել պարզել, թե կոնկրետ ինչ տեղեկություններ կարող էր Էլիս Հուանգը փոխանցել Պեկինին և որքան արժեքավոր կարող էին լինել այդ տվյալները։
Ավելի վաղ Չինաստանը հերքել էր Nvidia-ի ղեկավարի դեմ լրտեսության վերաբերյալ մեղադրանքները՝ դրանք անվանելով «անհիմն սպեկուլյացիաներ»։
Nvidia-ն ռազմավարական նշանակություն ունի ԱՄՆ-ի համար, քանի որ համարվում է արհեստական բանականության ոլորտի համաշխարհային առաջատար տեխնոլոգիական ընկերություններից մեկը։ Ընկերության արտադրած չիպերն օգտագործվում են ժամանակակից արհեստական բանականության մոդելների ուսուցման և աշխատանքի, գերհամակարգիչների ստեղծման, ամպային տեխնոլոգիաների զարգացման և տվյալների մեծ ծավալների մշակման համար։
Nvidia-ն առանցքային դեր է խաղում արհեստական բանականության ոլորտում առաջատար դիրք զբաղեցնելու համար Վաշինգտոնի և Պեկինի միջև ընթացող մրցակցության մեջ։ Մասնավորապես, Սպիտակ տունը Չինաստանի հասանելիությունը ԱՄՆ-ում արտադրված չիպերին համարում է ազգային անվտանգության հարց և դրա նկատմամբ սահմանել է արտահանման սահմանափակումներ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

