Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
04.11.2026 | 11:53Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում իրավապահները խուզարկություններ են իրականացնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Գասպարյանը։
Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, թե խուզարկություններ են ընթանում շուրջ 65 հասցեներում՝ նա նշեց, որ այդ մասով հստակ տեղեկություն չունի, սակայն հաստատեց Կարապետյանների բնակարաններում կատարվող քննչական գործողությունները։
Խոսելով քրեական վարույթի բնույթի մասին՝ Գասպարյանը նշեց, որ իրեն դեռ հայտնի չէ՝ գործողությունները նո՞ր, թե՞ հին քրեական վարույթի շրջանակում են տեղի ունենում, բայց կատարվողը որակեց որպես «իշխանությունների կողմից իրականացվող քաղաքական հետապնդում»․
«Վստահաբար կարող եմ ասել՝ սա հերթական քաղաքական հետապնդումների գիծն է, որը շարունակվում է։ Սա Նիկոլ Փաշինյանի հերթական պատվերն է, քանի որ վերջինս տեսնում է, որ «Ուժեղ Հայաստան»-ի շնորհիվ արձանագրվում են իշխանությունների արտաքին քաղաքականության ձախողումները»,- հայտարարեց նա։
Լրագրողի այն դիտարկմանը, թե արդյոք կատարվողը կապ ունի Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների հետ, որոնցով նա զգուշացրել էր բռնաճնշումների մասին, եթե փորձ արվի Սահմանադրություն փոխել ոչ սահմանադրական ճանապարհով՝ Գասպարյանը պատասխանեց․ «Իմ խորին համոզմամբ՝ փորձում են վերսկսել բռնաճնշումները, որոնք դեռևս չէին էլ ավարտվել։ Սա դրանց շարունակությունն է, այդ թվում՝ Սահմանադրության փոփոխության հետ կապված։ Բայց կարող եմ միանշանակ նշել՝ չի հաջողվելու բռնաճնշումների միջոցով որևէ արդյունքի հասնել ո՛չ «Ուժեղ Հայաստան»-ի, ո՛չ էլ մեր առաջնորդի պարագայում»։
Հարցին, թե արդյոք գործը վերաբերում է տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության վարչության վարույթում գտնվող գործերին, նա արձագանքեց, որ տվյալ պահին այդ տեղեկատվությանը չի տիրապետում, իսկ մանրամասներ պարզելուն պես լրացուցիչ կտեղեկացնի։
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան կուսակցության խոսնակ Աղավնի Սուքիասյանը գրել էր, որ վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։
«Խուզարկություններ են տեղի ունենում նաև Կարապետյան ընտանիքի հետ կապվող այլ հասցեներում»,- գրել էր Սուքիասյանը։
Ավելի ուշ ՔԿ-ն հաղորդագրություն տարածեց, ըստ որի ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում այս պահին 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ։
Մանրամասները՝ տեսանյութում։

