ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
Հասարակություն
01.11.2026 | 12:35
Նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները։ Քննարկումներին ներկա կլինի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության ներկայացրած նախագծով՝ 2027 թվականի պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 603.8 միլիարդ դրամ, ծախսերը՝ 4 տրիլիոն 72 միլիարդ դրամ։
Բյուջեի պակասուրդը կկազմի 468.2 միլիարդ դրամ։
Պետական բյուջեի եկամուտների հիմնական մասը՝ 3 տրիլիոն 462.7 միլիարդ դրամը, նախատեսվում է ապահովել հարկային եկամուտների և պետական տուրքերի հաշվին։ Պաշտոնական դրամաշնորհները կկազմեն 14.2 միլիարդ դրամ, այլ եկամուտները՝ 126.9 միլիարդ դրամ։
Բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար նախատեսվում է ներգրավել շուրջ 187.5 միլիարդ դրամ ներքին և 280.7 միլիարդ դրամ արտաքին աղբյուրներից։
Կառավարության կանխատեսմամբ՝ 2027 թվականին տնտեսական աճը կկազմի 5.8 տոկոս։ Բյուջեի նախագծի քննարկումները ԱԺ մշտական հանձնաժողովներում կշարունակվեն մինչև նոյեմբերի 11-ը, իսկ խորհրդարանի լիագումար նիստում նախագիծը կքննարկվի նոյեմբերի 17-ից մեկնարկող նիստերի ընթացքում։
Նարեկ Կիրակոսյան

