Իրանը պատերազմի ավարտի վերաբերյալ Կատարի վերջին առաջարկները համարում է անընդունելի գաղափարներ
Քաղաքականություն
29.10.2026 | 16:44
Կատարի միջնորդները Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմը դադարեցնելու նոր համաձայնագրի նախագիծ։ Այս մասին Reuters-ին հայտնել է բանակցություններին ծանոթ պաշտոնյան։ Սակայն իրանցի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ Դոհան ընդամենը ներկայացրել է անընդունելի գաղափարներ, որոնք նույնիսկ առաջարկի մակարդակի չեն հասնում։
Բանակցություններին ծանոթ, բայց Իրանը չներկայացնող պաշտոնյայի խոսքով՝ ութ ամիս շարունակվող հակամարտության կարգավորման նոր առաջարկը ներկայացվել է կիրակի օրը։ Թեհրանն այժմ ուսումնասիրում է այն, պատասխանը սպասվում է մինչև շաբաթվա վերջ։
Բանակցություններին ծանոթ պաշտոնյայի խոսքով՝ Կատարի ներկայացրած առաջարկը նախատեսում է յոթօրյա ժամանակացույց՝ ուղղված Թեհրանի և Վաշինգտոնի մտահոգությունների կարգավորմանը։ Այն ներառում է վստահության ամրապնդման ամենօրյա քայլեր, որոնք պետք է իրականացնեն երկու կողմերը։ Պաշտոնյան հավելել է, որ գործընթացը կարող է մեկնարկել հաջորդ շաբաթվա սկզբին, իսկ համաձայնագրի երաշխավորի դերում հանդես կգան մի քանի երկրներ։
Դրանից կարճ ժամանակ անց բանակցություններին մասնակցող իրանցի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ Կատարը ներկայացրել է միայն «անընդունելի գաղափարներ, այլ ոչ թե առաջարկ»։ Նրա խոսքով՝ միջուկային հարցում զիջումների չգնալու Թեհրանի քաղաքականությունը մնում է անփոփոխ։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին չորեքշաբթի հայտարարել է, որ Թեհրանը շարունակում է սերտ կապ պահպանել միջնորդների հետ՝ քննարկելու այն գաղափարները, որոնք կարող են ապահովել Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու՝ Իրանի ներկայացրած յոթօրյա առաջարկի իրականացումը։ Նրա խոսքով՝ Իրանը շարունակում է դիվանագիտությանը հաջողության հասնելու հնարավորություն տալ՝ հավելելով, որ Թեհրանի յոթօրյա ծրագիրը հնարավոր է իրականացնել մեկ շաբաթից էլ կարճ ժամկետում։
Վաշինգտոնը ցանկանում է, որ Իրանի՝ տասնամյակներ շարունակվող միջուկային ծրագիրը հենց սկզբից ներառվի պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցություններում։ Մինչդեռ Իրանը պնդում է, որ նախ պետք է կատարվեն իր պայմանները, այդ թվում՝ վերացվի իրանական նավահանգիստների նկատմամբ ԱՄՆ-ի շրջափակումը և հանվեն իրանական նավթի արտահանման սահմանափակումները։ Իրանը մերժում է միջուկային ծրագրի ռազմական բնույթի վերաբերյալ Արևմուտքի մտահոգությունները։
Սեպտեմբերի վերջին Իրանը ներկայացրել էր իր յոթօրյա առաջարկը։ Արաղչիի խոսքով՝ դրա շրջանակում Հորմուզի նեղուցը կարող էր վերաբացվել՝ որոշակի պայմանների կատարման դեպքում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել էր առաջարկը, ինչից հետո Կատարն ակտիվացրել էր միջնորդական ջանքերը։
Բանակցություններին ծանոթ պաշտոնյայի խոսքով՝ կիրակի Թեհրանում քննարկված նախագիծը տարբերվում էր ավելի վաղ ներկայացված առաջարկից, թեև նոր ծրագրի մանրամասներն անմիջապես հայտնի չէին։ Ավելի վաղ այդ պաշտոնյան Reuters-ին հայտնել էր, որ Կատարի միջնորդները Թեհրան մեկնելուց առաջ իրենց առաջարկը համաձայնեցրել էին Վաշինգտոնի հետ։ Վերջին շաբաթներին էլ Իրանի հետ դաշնակցող Եմենի հութիները բազմիցս հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիային՝ ԱՄՆ-ի կարևոր դաշնակցին և աշխարհում հում նավթի խոշորագույն արտահանողին։ Այսպիսով՝ նոր ճակատ է բացվել արդեն ութ ամիս շարունակվող պատերազմում։
Բանակցություններին ծանոթ պաշտոնյայի խոսքով՝ Թեհրանում կիրակի կայացած հանդիպումից առաջ մտավախություններ կային, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, որը պայքարում է համընդհանուր ընտրություններում վերընտրվելու համար, կարող է այս շաբաթ վերսկսել հարձակումներն Իրանի դեմ։ Ուրբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին սպառնացել էր հարվածներ հասցնել Իրանին։
Երկուշաբթի Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաները Թեհրանում հանդիպել էին իրանցի պաշտոնյաների հետ՝ լարվածության նվազեցմանն ուղղված ջանքերի շրջանակում։ Երեքշաբթի Կատարը հայտարարել էր, որ միջնորդական ջանքերի հաջողության համար Իրանը պետք է դադարեցնի Պարսից ծոցի արաբական պետություններին ուղղված սպառնալիքները և բացի Հորմուզի նեղուցը՝ դրանով ցույց տալով իր բարի մտադրությունները։ Պատերազմի սկզբնական փուլում Պարսից ծոցի պետությունները ենթարկվում էին շարունակական ռմբակոծությունների։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

