Ռուսական զորքերի կողմից օկուպացված Օլեշկիում սկսվել է ԱՄՆ-ի միջնորդությամբ համաձայնեցված հրադադարը
Քաղաքականություն
27.10.2026 | 10:19
Ուկրաինայի Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքի համար համաձայնեցված հրադադարի ռեժիմը երեքշաբթի տեղական ժամանակով 03:00-ին ուժի մեջ է մտել։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն ու Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։ Տեղեկությունը հաստատել են նաև մարդու իրավունքների պաշտպաններ Յանա Լանտրատովան և Դմիտրի Լուբինեցը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ռուս և ուկրաինացի զինվորականները պայմանավորվել են դադարեցնել կրակը, որպեսզի ռազմաճակատի գծին փաստացի մոտ գտնվող քաղաք հասնեն մարդասիրական օգնություն տեղափոխող շարասյուները, իսկ հեռանալ ցանկացող բնակիչները կարողանան անվտանգ տարհանվել։
Լռության ռեժիմի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել անցած շաբաթ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կնոջ՝ Մելանյա Թրամփի և Հռոմի պապ Լևոն XIV-ի միջնորդությամբ, որն այդ մասին խնդրել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ անձնական հեռախոսազրույցների ժամանակ։
Ռուսական զորքերի կողմից օկուպացված Օլեշկին գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող Խերսոն քաղաքի մոտ։ Կիևն ու Մոսկվան միմյանց մեղադրում են քաղաքին հարվածների համար և հայտարարում, որ այնտեղ հումանիտար աղետ է, բնակիչներին սննդամթերք հասցնելը չափազանց դժվար է։
Կամավորների տվյալներով՝ 2026 թվականի աշնանն Օլեշկիում մնացել է շուրջ 1,500 մարդ, այդ թվում՝ մոտ 40 երեխա։ Հարևան գյուղերի բնակիչները ներառյալ՝ այդ թիվը հասնում է շուրջ 6,000-ի, որոնցից մոտ 200-ը երեխաներ են։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

