Արմավիրի մարզը՝ ընտրություններից առաջ․ ովքեր են ՔՊ-ի թեկնածուները և ովքեր են ղեկավարում մյուս համայնքները

Լուրեր

23.10.2026 | 15:01
Կյանքից հեռացել է ճապոնացի գրող Ռյու Մուրակամին
23.10.2026 | 14:52
Պետական մարմինները կարող են արհամարհել լրագրողի հարցումը, անհիմն մերժել, կամ ձևական պատասխաններ տալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 14:44
Թուրքիայում ածխի հանքում պաթյունի հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 5-ը՝ վիրավորվել
23.10.2026 | 14:35
Ալիևն ընդունել է Հնդկաստանի ԱԳ նախարարին․ ինչ հարցեր են քննարկվել
23.10.2026 | 14:34
Անցած եռամսյակի ընթացքում լրագրողների նկատմամբ բռնության դեպք չի արձանագրվել․ Աշոտ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 14:27
«Ուրարտուի» հայտարարությունը ՀՖՖ գործադիր կոմիտեի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ
23.10.2026 | 14:20
Արմավիրի մարզը՝ ընտրություններից առաջ․ ովքեր են ՔՊ-ի թեկնածուները և ովքեր են ղեկավարում մյուս համայնքները
23.10.2026 | 14:10
Ավստրիան լրտեսության կասկածանքով երկրից արտաքսում է չորս ռուս դիվանագետի
23.10.2026 | 14:01
Սերբիայում ընտրությունների նախաշեմին ընդդիմադիր ուսանողական շարժման շուրջ 150 հազար աջակիցներ հանրահավաք են անցկացրել Բելգրադում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 13:53
Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
23.10.2026 | 13:45
«Անկախ դիտորդը» պահանջում է մանրամասն քննել Factor TV-ի՝ Սպիտակի թիվ 2 մանկապարտեզի տնօրենի մրցույթի վերաբերյալ հրապարակումը
23.10.2026 | 13:39
ԱՄՆ-ի խաղաղության ծրագիրը նախատեսում է Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելու դիմաց․ The Economist
23.10.2026 | 13:31
Երևանում հայտնաբերվել է սպանության փորձի և խուլիգանության համար հետախուզվող երկու երիտասարդ
23.10.2026 | 13:22
Կարեն Խաչանովը՝ 5 մատչբոլ հաղթահարելու մասին. «Պարզապես խոսքեր չունեմ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 13:10
Թրամփի փեսային Ադրբեջանի բանկից 750 մլն դոլար է փոխանցվել․ Vanity Fair-ի հրապարակումը Քուշների ֆինանսական գործարքների մասին
Բոլորը

Արմավիրի մարզի 4 համայնքում 2026 թվականին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նախատեսված։ Հոկտեմբերի 25-ին ընտրություններ կանցկացվեն Արմավիրում և Արաքսում, իսկ նոյեմբերի 29-ին՝ Մեծամորում և Բաղրամյանում։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջին երկու համայնքներում առաջադրել է գործող համայնքապետերին։ Արմավիրում ՔՊ-ն միակ մասնակիցն է, իսկ Արաքսում մրցակցելու է «Արդարություն» դաշինքի հետ։

Արմավիրի մարզի համայնքների մեծ մասը ղեկավարում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները, որոնցից ոմանք նախկինում անդամակցել են քաղաքական այլ ուժերի։

Գործող համայնքապետերից մեկի նախընտրական քարոզչության վերաբերյալ արդեն լրագրողական ուսումնասիրություն է հրապարակվել, իսկ մարզի մյուս համայնքների ղեկավարների պաշտոնավարման ընթացքում նախաձեռնվել են քրեական վարույթներ։

Առաջիկա ընտրություններից առաջ Factor TV-ն ուսումնասիրել է Արմավիրի մարզի համայնքապետերի քաղաքական անցյալը, նրանց պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած ուշագրավ իրադարձությունները, ինչպես նաև ընտրություններին մասնակցող ուժերի քաղաքական կապերն ու մարզում ձևավորված իշխանական պատկերը։

Արմավիր համայնք

Արմավիր համայնքում հոկտեմբերի 25-ի ընտրություններին կմասնակցի միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն Վարշամ Սարգսյանն է՝ Արմավիրի գործող ղեկավարը։ Նա այդ պաշտոնում է ընտրվել 2024 թվականի հունվարին։ Նախկինում, երբ համայնքի ղեկավարը գործող ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն էր, Սարգսյանը նրա տեղակալն էր։ Երկուսն էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ են։

Նշենք, որ ավելի վաղ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանն ահազանգել էր, որ իր ստացած ահազանգի համաձայն` «Արմավիրի մարզպետը դաշնակցական Ռազմիկ Այվազյանին Արմավիրի քաղաքապետ չառաջադրվելու համար հորդորել էր մտածել նոր զորակոչված որդու մասին»։

Վահրամ Խաչատրյանը հերքել է հրապարակված տեղեկությունը և նշել, որ դատական հայց է ներկայացնելու ընդդեմ Իոաննիսյանի։

Համայնքը 44,358 ընտրող ունի։

Արաքս համայնք

Հոկտեմբերի 25-ին ընտրություններ տեղի կունենան նաև մարզի Արաքս համայնքում։ Այստեղ 2 ուժ է առաջադրվել՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Արդարություն» դաշինքը։

ՔՊ-ի թեկնածուն Արաքս համայնքի գործող ղեկավար Ղազար Ղազարյանն է։ 2026 թվականի հոկտեմբերի 7-ին «Հետք»-ը հրապարակել է ուսումնասիրություն, ըստ որի՝ Արաքս համայնքի բնակավայրերի ֆեյսբուքյան էջերն օգտագործվել են Ղազար Ղազարյանի նախընտրական քարոզչական նյութերը տարածելու համար։

Համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Վարսենիկ Վարդանյանը լրատվամիջոցին ասել է, որ տեղյակ չի եղել հրապարակումներից և խոստացել է զբաղվել հարցով։ Նրա խոսքով՝ վարչական ղեկավարները գուցե չեն նկատել, որ նյութերը տարածում են բնակավայրերի էջերից։

Ղազար Ղազարյանը նախկինում անդամակցել է Հայաստանի հանրապետական կուսակցությանը։ 2021 թվականի դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին նա արդեն գլխավորել է «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը և ընտրվել Արաքս խոշորացված համայնքի ղեկավար։

«Արդարություն» դաշինքը կազմված է «Համերաշխություն» և «Առաջ» աջակենտրոն կուսակցություններից, ընտրական ցուցակի առաջին համարը Հակոբ Մելքոնյանն է։

«Առաջ»-ն այժմ ներկայացված է խորհրդարանում՝ «Հայաստան» խմբակցության կազմում, դրա ղեկավարը՝ Սևակ Խաչատրյանը, ԱԺ պատգամավոր է։ Խաչատրյանը նաև մասնակցել է Վաղարշապատի ընտրություններին, սակայն պարտվել է ՔՊ-ին։

«Համերաշխություն» կուսակցությունը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ հայտարարել էր, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը պետք է մի կողմ դնի և ընդունի քաղաքական պարտությունը, ինչպես նաև հայտարարել էր, որ իրենք չեն աշխատելու «Ելք» դաշինքի հետ։ Կուսակցության ղեկավար Սարգիս Ավետիսյանը 2017-ին մասնակցել է ընտրություններին «Ծառուկյան դաշինքի» կազմում, սակայն ԱԺ մանդատ չի ստացել։ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում աջակցել է «Հայաստան» դաշինքին։

Համայնքը 20,068 ընտրող ունի։

Նոյեմբերի 29-ին ընտրություններ են տեղի ունենալու Մեծամոր և Բաղրամյան համայնքներում, սակայն թեկնածուների վերաբերյալ ԿԸՀ տվյալներ դեռ չեն ներկայացվել։

Մեծամոր համայնքը ղեկավարում է Էդգար Հովհաննիսյանը։ Նա նույնպես ՔՊ անդամ է։ Համայնքը նախկինում ղեկավարում էր Վահրամ Խաչատրյանը, որն այժմ Արմավիրի մարզպետն է, նա նույնպես իշխող կուսակցության անդամ է։ Նախկին իշխանությունների օրոք Խաչատրյանը «Հանրապետական» կուսակցության անդամ էր և 2016 թ. ընտրվել էր Արմավիրի մարզի Նորապատ համայնքի ղեկավար:

Բաղրամյան համայնքի ղեկավարն էլ 2021 թվականից Շանթ Առաքելյանն է, նա նույնպես իշխող կուսակցության անդամ է։

Արմավիրի մարզի մյուս համայնքներում իրավիճակը տարբեր է։

Վաղարշապատի համայնքապետը 2025-ի հուլիսից Արգիշտի Մեխակյանն է, որը նույնպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

Համայնքը նախկինում ղեկավարում էր ՔՊ անդամ Դիանա Գասպարյանը։ Համայնքի ղեկավարի պաշտոնից հրաժարական ներկայացնելուց շուրջ 2 ամիս հետո նրան մեղադրանք առաջադրվեց՝ ի վնաս պետական, համայնքային և ծառայողական շահերի իր իշխանական և ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելու համար։

Փարաքար համայնքը ղեկավարում է «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Օնիկ Ախվերդյանը՝ 2025-ի հոկտեմբերից։ Համայնքում նախորդ ընտրությունների արդյունքներով ձևավորված ավագանին համայնքապետ էր ընտրել Վալոդյա Գրիգորյանին, որը սպանության զոհ դարձավ 2025 թվականի սեպտեմբերի 23-ին։

Հանցագործությունը կատարելու կասկածանքով սեպտեմբերի 26-ին ձերբակալվեց Նարեկ Օհանյանը, որը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է և այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը: Սեպտեմբերի 28-ին ձերբակալվեց Գևորգ Հարությունյանը, որը խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը։

Արմավիրի միակ համայնքը, որ բնակեցված է ազգային փոքրամասնության ներկայացուցիչներով, Ֆերիկն է։ Այստեղ մեծամասնական ընտրակարգով ընտրություններ են տեղի ունեցել սեպտեմբերի 27-ին։ 163 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 93-ը։ Միակ թեկնածուն Ռուստամ Հասանյանն էր, որն ընտրվեց և այժմ ղեկավարում է համայնքը։

Եվգենյա Համբարձումյան