Ավինյանի և քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձերը կբարձրանան
Հասարակություն
13.10.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների աշխատակազմերում աշխատավարձերի հաշվարկման նոր համակարգ է նախատեսվում ներդնել։ Factor.am-ը տեղեկանում է, որ որոշման նախագիծն ընդգրկված է հոկտեմբերի 13-ի նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի փաթեթով։ Ըստ այդ նախագծի՝ 2027 թվականի հունվարի 1-ից աշխատավարձերը կհաշվարկվեն նոր գործակիցներով, իսկ դրանց չափը կախված կլինի նաև բազային աշխատավարձից, որը սահմանելու է Երևանի ավագանին։
Նախագծի համաձայն՝ պաշտոնային ամսական դրույքաչափը հաշվարկվելու է բազային աշխատավարձի և տվյալ պաշտոնի համար սահմանված գործակցի արտադրյալով։ Բազային աշխատավարձի չափը սահմանվելու է յուրաքանչյուր տարվա Երևանի բյուջեի մասին ավագանու որոշմամբ։ Հետևաբար, պաշտոնների գործակիցները սահմանելուց հետո էլ աշխատակիցների կոնկրետ աշխատավարձերը կախված են լինելու տվյալ տարվա բազային աշխատավարձի չափից։
Նախագծով ամենաբարձր՝ 25 գործակիցը սահմանվում է Երևանի քաղաքապետի պաշտոնի համար։ Քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնային ամսական դրույքաչափի գործակիցը 23 է, տեղակալներինը՝ 22։ Վարչական շրջանների ղեկավարների համար առաջարկվում է 15, իսկ նրանց տեղակալների համար՝ 12.5 գործակից։
Քաղաքապետի խորհրդականի պաշտոնային ամսական դրույքաչափի գործակիցը նախատեսվում է սահմանել 11, մամուլի քարտուղարինը՝ 10, օգնականինը՝ 8։ Քաղաքապետի առաջին տեղակալի օգնականի համար առաջարկվում է 7, իսկ տեղակալի օգնականի համար՝ 6.8 գործակից։ Ավագանու խմբակցության փորձագետի գործակիցը նախատեսվում է սահմանել 6։
Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնային ամսական դրույքաչափի գործակիցը նախատեսվում է սահմանել 19։ Աշխատակազմի ղեկավարի տեղակալի և վարչության կամ դեպարտամենտի պետի գործակիցը կլինի 12, վարչության պետի տեղակալի և բաժնի պետինը՝ 8։ Գլխավոր մասնագետների համար սահմանված գործակիցները տատանվում են 4.2-ից 4.7-ի, առաջատար մասնագետներինը՝ 4-ից 4.2-ի, իսկ առաջին կարգի մասնագետներինը՝ 3.9-ից 4-ի սահմաններում։
Պայմանագրային հիմունքներով քաղաքացիական աշխատանք կատարողների շարքում ծրագրի կամ խմբի ղեկավարի գործակիցը նախատեսվում է սահմանել 6.5, աշխատակազմի ղեկավարի օգնականինը՝ 6.8։ Լրագրողի, սոցիալական մեդիայի համակարգողի և ավագ լուսանկարչի համար առաջարկվում է 4.7, իսկ մոնտաժողի, օպերատորի և լուսանկարչի համար՝ 4 գործակից։
Գործակիցների տարբերություն կա նաև տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակիցների և ղեկավար կազմի միջև։ Քաղաքապետի գործավարի և վարորդի գործակիցը նախատեսվում է սահմանել 6, քաղաքապետի տեղակալների և աշխատակազմի ղեկավարի վարորդներինը՝ 5.7։Վարչական շրջանի ղեկավարի վարորդի և գործավարի համար առաջարկվում է 5 գործակից։
Միաժամանակ, վարչական շրջաններում հավաքարարների, պահակների և բանվորների ամսական դրույքաչափի գործակիցը նախատեսվում է սահմանել 2.7, իսկ տեխնիկական աշխատողներինը՝ 2.5։
Այսպիսով, նախագծով քաղաքապետի պաշտոնի համար սահմանվող գործակիցը 10 անգամ բարձր է տեխնիկական աշխատողի գործակցից և շուրջ 9.3 անգամ՝ հավաքարարի, պահակի կամ բանվորի գործակցից։
Նախագծով սահմանվող գործակիցները, սակայն, չեն արտահայտում աշխատակիցների վերջնական աշխատավարձերի չափերը։ Դրանք հաշվարկվելու են բազային աշխատավարձի հիման վրա, որի չափը յուրաքանչյուր տարվա համար սահմանելու է Երևանի ավագանին։
Ավագանու այսօրվա նիստում հարցը չի քննարկվի․ այն միանգամից կդրվի քվերակության, իսկ հավանության արժանանալու դեպքում՝ 2027 թվականի հունվարի 1-ից աշխատավարձերը կհաշվարկվեն արդեն նոր գործակիցներով։
Արփի Հակոբյան

