ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 

Լուրեր

09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
Բոլորը

Լոռիի 5 համայնքներում այս տարի ընտրություններ պետք է տեղի ունենան,  համայնքներից ևս երկուսում դրանք արդեն տեղի են ունեցել։ Սեպտեմբերի 27-ին ընտրություններ անցկացվեցին Թումանյան և Լերմոնտովո համայնքներում, հոկտեմբերի 25-ին քվեարկություն է նախատեսված Ստեփանավանում ու Ֆիոլետովոյում, իսկ նոյեմբերի 29-ին՝ Սպիտակում։

Լոռու մարզի գործող համայնքապետերից մի քանիսի պաշտոնավարման ընթացքում արձանագրվել են շահերի բախման, համայնքային գնումների, գույքային գործարքների, ինչպես նաև քրեական ու դատական գործընթացների հետ կապված պատմություններ։

Factor TV-ն ուսումնասիրել է մարզի համայնքների ղեկավարների քաղաքական ուղին, նրանց և ընտանիքների բիզնես կապերը, համայնքային գնումներն ու պաշտոնավարման ընթացքում ծավալված իրավական գործընթացները։

Ստեփանավան

Ստեփանավանն այս ընտրություններին մոտենում է որպես վերախոշորացված համայնք, որին միացվել են նախկինում խոշորացված Գյուլագարակ և Լոռի Բերդ համայնքները։

Ստեփանավան համայնքի գործող ղեկավար Արմեն Գրիգորյանը ՔՊ անդամ է, բայց ՏԻՄ առաջիկա ընտրություններին մասնակցելու է «Գործարար» կուսակցության ցուցակով։ Կուսակցության գործադիր մարմնի ղեկավարը Գեղամ Բաղդասարյանն է Շիրակի մարզից։

Սա նույն կուսակցությունն է, որը, Գորիսում ՔՊ-ի հետ դաշինք կազմելով, Առուշ Առուշանյանին առաջադրել է համայնքապետի պաշտոնում։

Համայնքում ընտրություններին մասնակցում են նաև «Քաղաքացիական պայմանագիր», «Հայրենիք», «Հանրապետություն» և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունները։

Այս տարի նախատեսված ՏԻՄ ընտրություններից սա միակն է, որտեղ «Ուժեղ Հայաստան»-ն այս պահի դրությամբ թեկնածու է առաջադրել։ (Համայնքների մի մասի ընտրություններում առաջադրումները դեռ սկսված չեն)։

Հիշեցնենք՝ 2026-ի խորհրդարանական ընտրություններում Սամվել Կարապետյանի առաջնորդած դաշինքը 2026 թվականի հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրություններում համայնքի մի շարք տեղամասերում առաջ է անցել իշխող կուսակցությունից։

ՔՊ-ի թեկնածուն Ստեփանավանում Արայիկ Ներսիսյանն է։ Նա Լոռի Բերդ խոշորացված համայնքի առաջին և միակ ղեկավարն է։

Արսեն Գևորգյանը գլխավորում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը Ստեփանավան համայնքում։

«Հանրապետություն» կուսակցության թեկնածուն Արտակ Ալեքսանյանն է, «Հայրենիք»-ինը՝ Աշոտ Հայրապետյանը։

Infocom-ը պարզել է, որ 2022-2023 թվականների համայնքային գնումների շուրջ 70%-ը կատարվել է առանց մրցույթի՝ մեկ անձից գնման եղանակով, և պայմանագրեր են կնքվել համայնքային պաշտոնյաների կամ նրանց ընտանիքի անդամների հետ կապված ընկերությունների հետ։ Օրինակ՝ շուրջ 50 մլն դրամի պայմանագիր է կնքվել համայնքապետի օգնական Լևոն Քալանթարյանի եղբոր ընկերության հետ, իսկ նույն աշխատանքների տեխնիկական հսկողությունը պատվիրակվել է Քալանթարյանի որդու ընկերությանը։

Այս ուսումնասիրությունից հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2025-ին Արմեն Գրիգորյանին տուգանել է 300 հազար դրամով՝ շահերի հնարավոր բախման մասին գրավոր հայտարարություն չներկայացնելու համար։

«Հետք»-ի 2025 թվականի ուսումնասիրության համաձայն՝ Արմեն Գրիգորյանի հիմնադրած «Սոճենի» ՍՊԸ-ն պետական և համայնքային գնումներով կնքել է ընդհանուր 468 մլն դրամի պայմանագրեր։

«Սոճենի» ՍՊԸ-ն պատկանում է Գրիգորյանի կնոջը՝ Գայանե Ավետիսյանին։

Նշենք, որ հունիսի 17-ին ԱԺ-ն նախագիծ է ընդունել, որով Լոռու մարզի Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի Բերդ բնակավայրերը միավորվել են՝ կազմելով միասնական խոշորացված Ստեփանավան համայնք։

Լոռի Բերդի գործող համայնքապետը՝ Արայիկ Ներսիսյանը, որ այս անգամ Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակի առաջատարն է, առաջին անգամ Լոռի Բերդի ղեկավար է ընտրվել 2017 թվականին՝ համայնքի ձևավորումից հետո։ Մինչ այդ նա ավելի քան 20 տարի ղեկավարել է Կողես համայնքը։ 2017-ի ընտրություններին Ներսիսյանն առաջադրվել և ընտրվել է որպես ՀՀԿ ներկայացուցիչ։

Հետագայում նրա քաղաքական պատկանելությունը փոխվել է։ 2022 թվականի սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին Ներսիսյանն արդեն գլխավորել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը։

«Հետքը» 2023-ին գրել էր, որ 2022 թվականի հայտարարագրով Ներսիսյանն ունեցել է 51 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց։ Անշարժ գույքի թվում նշված էին 39 հողամաս, 5 բնակարան, 2 բնակելի տուն, 2 ավտոտնակ, 2 հասարակական և 1 արտադրական շինություն։ 51 գույքից 45-ը նրա միանձնյա սեփականությունն էր։

Միաժամանակ, 2021-ի տարեվերջին նա հայտարարագրել էր 44 անշարժ գույք, իսկ հաջորդ հայտարարագրում ավելացել էր ևս 7-ը։ Ներսիսյանը «Հետք»-ին բացատրել էր, որ դրանք տարիներ առաջ ձեռք բերված վարձակալական հողեր էին, որոնք նախորդ հայտարարագրերում չեն ներառվել՝ հայտարարագրման պահանջը սխալ հասկանալու պատճառով։

Կա նաև Կողեսի համայնքային հողի պատմությունը։ 2025-ին «Ազատությունը» գրել է, որ դեռ Կողեսի գյուղապետ եղած ժամանակ՝ 2005-2006 թվականներին, Ներսիսյանը համայնքային մոտ 2 հա հող է դրել աճուրդի և ինքն էլ գնել այն կադաստրային արժեքից ցածր գնով։ Ներսիսյանը հաստատել է, որ ինքն է հողը գնել, բայց ասել է, որ այդ ժամանակ հողի նկատմամբ պահանջարկ չի եղել և, իր գնահատմամբ, գործարքով համայնքին օգուտ է տվել։ 2025-ին այդ 2 հա հողը վերադարձվել է համայնքին։

Մեկ այլ պատմություն վերաբերում է համայնքային գնումներին։ 2023-ին Լոռի Բերդի համայնքապետարանը 21.304 մլն դրամի պայմանագիր էր կնքել «Լոռշին» ՍՊԸ-ի հետ։ Ընկերության միակ սեփականատերը համայնքապետի առաջին տեղակալ Վահրամ Պապիկյանի եղբայր Վահագն Պապիկյանն էր։

Գյուլագարակի բնակչությունը նույնպես այս անգամ ընտրություններին մասնակցելու է Ստեփանավան խոշորացված համայնքի կազմում։

Մինչ այդ համայնքը 2022-ից ղեկավարում է Խաչիկ Վարդանյանը։ 2017-ին, համայնքի խոշորացման ժամանակ, նա ներկայացվում էր որպես ՀՀԿ անդամ և մրցում էր Կուրթանի երկարամյա համայնքապետ Մհեր Գևորգյանի հետ։ Այդ ընտրություններում Վարդանյանը պարտվեցէ: 2021-ին, Մհեր Գևորգյանի հրաժարականից հետո, Վարդանյանը նշանակվեց Գյուլագարակ խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ 2022-ի սեպտեմբերի 25-ի ընտրություններին նա արդեն գլխավորեց «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը՝ ընտրվելով համայնքի ղեկավար։

Նրա քաղաքական կենսագրության մեջ տարբեր տարիներին հիշատակվում են «Հայկական վերածնունդը»/ՕԵԿ-ը, ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՔՊ-ն։

Վարդանյանի պաշտոնավարման ընթացքում «Հետքը» հրապարակումներ է արել համայնքային հողերի՝ մերձավորներին օտարման վերաբերյալ։ 2024-ին իրավապահներին փոխանցվել են նյութեր՝ Վարդանյանի կազմակերպած աճուրդների հնարավոր ձևական բնույթի վերաբերյալ, որոնք ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե։ Վարդանյանը հերքել է անօրինական գործողությունների մասին պնդումները։

Սպիտակ համայնք

Սպիտակում ընտրություններ են նշանակվել նոյեմբերի 29-ին, առաջադրումներ դեռևս չկան։ ՆԳՆ նախնական տվյալներով՝ համայնքն ունի 30,662 ընտրող։

Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ Նա սկսել է պաշտոնավարել 2021-ից։ Նիկողոսյանը նաև ՔՊ-ի Սպիտակի տարածքային խորհրդի նախագահն է։

Նիկողոսյանի վերաբերյալ ամենաշատ քննարկված պատմություններից մեկը 2025-ի նարդու առաջնությունն է։ Համայնքապետարանը կազմակերպել էր «Սպիտակ համայնքի ղեկավարի գավաթ» նարդու մրցաշարը, որին Նիկողոսյանն ինքն էլ մասնակցել էր, գրավել երրորդ տեղը և համայնքային բյուջեից ստացել 90 հազար դրամ մրցանակ։ Հետագայում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրավիճակը գնահատեց որպես շահերի բախում, և Նիկողոսյանը գումարը վերադարձրեց համայնքի բյուջե։

Դրանից առաջ՝ 2024-ին, «Ազատությունը» գրել էր, որ Նիկողոսյանը Սպիտակի օրվա առթիվ իրեն և համայնքապետարանի ևս 9 աշխատակցի պարգևատրել է ամսական աշխատավարձի 100 տոկոսի չափով։

Նրա ընտանիքի հետ կապված ևս մեկ լայնորեն լուսաբանված պատմություն վերաբերում է որդուն՝ Գոռ Նիկողոսյանին։ Վերջինս 2024 թվականին դատապարտվել է մեկ տարվա պայմանական ազատազրկման՝ Սարամեջի վարչական ղեկավարի ամուսնուն ծեծելու և թեթև մարմնական վնաս պատճառելու համար։ Դեպքից հետո Գոռ Նիկողոսյանը նշանակվել էր «Հայփոստ»-ի Սպիտակի բաժանմունքի տնօրեն։

Թումանյան համայնք

Սեպտեմբերի 27-ին Թումանյանում տեղի ունեցած ընտրություններին առաջադրվել էր միայն մեկ քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։  Միակուսակցական ավագանու ձևավորումը կարող էր տեղի չունենալ միայն այն դեպքում, եթե քվեարկողների մեծ մասը դեմ քվեարկեր։

Այս ընտրությունների արդյունքում ՔՊ-ն ստացել է ձայների 95.1%-ը, և ցուցակի առաջին համար Սուրեն Թումանյանը վերընտրվել է համայնքի ղեկավարի պաշտոնում:

Ուշագրավ է այն, որ Սուրեն Թումանյանը 2021-ի ընտրություններին մասնակցել է «Հանրապետություն» կուսակցության ցուցակով, և այդ կուսակցության անդամ է։

4953 ընտրողից 2390-ը կողմ է քվեարկել Թումանյանի թեկնածությանը, դեմ՝ 123-ը։

Լերմոնտովո համայնք

Այս համայնքում նույնպես սեպտեմբերի 27-ին են ընտրություններ անցկացվել։ Մեծամասնական ընտրակարգով ընտրություններում հաղթել է գործող համայնքապետ և համայնքապետի միակ թեկնածու Էդիկ Չախալյանը։

Մասնակցությունը ցածր էր՝ ընդամենը 35 տոկոս: Նրան դեմ է քվեարկել ընդամենը 7 մարդ։

Չախալյանը համայնքը ղեկավարում է 1997-ից։ 2012 թվականին նա ներկայացել է որպես ՀՀԿ անդամ, սակայն 2021-ի համայնքապետի ընտրություններին արդեն առաջադրվել է որպես անկուսակցական։

2021 թվականի նոյեմբերի 14-ի ընտրություններին Չախալյանը ստացել է 167 ձայն, իսկ մյուս թեկնածու Ռաֆիկ Խառատյանը՝ 17։

Լերմոնտովոն՝ որպես ազգային փոքրամասնություններով՝ ռուսներով բնակեցված համայնք, չի միավորվել այլ համայնքների հետ։ Նույնպիսի կարգավիճակ ունի նաև Ֆիոլետովո համայնքը։

Ֆիոլետովո համայնք

Ֆիոլետովո համայնքի գործող ղեկավարը Ալեքսեյ Չիչյովն է, որը նույնպես անկուսակցական է։

2021 թվականի հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններում Չիչյովը համայնքի ղեկավար է ընտրվել մեծամասնական ընտրակարգով։ Նա ստացել է 103 ձայն, մյուս թեկնածուներից Պավել Զադորկինը՝ 79, Վալերի Նազարովը՝ 6 ձայն։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների մոտ 28%-ը։ Երեք թեկնածուներն էլ ներկայացվել են որպես անկուսակցական։

Չիչյովն առաջադրվել է նաև այս՝ հոկտեմբերի 25-ին կայանալիք ընտրություններում, նրա միակ մրցակիցը Ալեքսեյ Նովիկովն է։ Ըստ ՆԳՆ նախնական տեղեկությունների՝ համայնքը 833 ընտրող ունի։

Լոռու մարզի մյուս համայնքներում ընտրական այս շրջափուլում ՏԻՄ ընտրություններ նախատեսված չեն։  Մարզի ամենախոշոր համայնքը Վանաձորն է։ Արկադի Փելեշյանը 2022-ի մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ 2021 թ. դեկտեմբերի 5-ի Վանաձորի ՏԻՄ ընտրություններում ամենաշատ մանդատները՝ 15, ստացել էր «Մամիկոն Ասլանյան» դաշինքը։ Փելեշյանի գլխավորած Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը ստացել էր 5 մանդատ։ Ընտրություններից հետո Մամիկոն Ասլանյանը կալանավորվեց, իսկ դեկտեմբերի 24-ին նախատեսված նորընտիր ավագանու առաջին նիստը, որտեղ պետք է համայնքապետ ընտրվեր, չկայացավ․ դատարանը «Լուսավոր Հայաստան»-ի հայցի շրջանակում արգելել էր համայնքի ղեկավար ընտրելու նպատակով նիստ անցկացնել։

Դրանից հետո Վանաձորը ամիսներ շարունակ մնաց առանց ընտրված համայնքապետի։ 2022 թ. ապրիլի 1-ին օրենքում նոր կարգ սահմանվեց, ըստ որի՝ եթե միավորված համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը սահմանված ժամկետում չի գումարվում, վարչապետը կարող է նշանակել համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև նորընտիր ղեկավարի լիազորությունների ստանձնումը։

Այդ իրավական մեխանիզմի հիման վրա էլ Արկադի Փելեշյանին նշանակվեց Վանաձորի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։

Հաջորդ ընտրությունների ժամանակ Վանաձորի կազմում կլինի նաև Փամբակ համայնքը․ միավորման մասին օրենքն ընդունվել է այս տարվա սեպտեմբերին։

Դավիթ Ղումաշյանը նույնպես Ալավերդու համայնքապետ դարձավ ոչ թե հերթական ՏԻՄ ընտրություններով, այլ գործող համայնքապետ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթացի արդյունքում։

2022 թ. սեպտեմբերի 25-ի ընտրություններից հետո Ալավերդու 27-հոգանոց ավագանիում ՔՊ-ն և «Ապրելու երկիրը» ստացել էին հավասար՝ 13-ական մանդատ, իսկ ՀԱԿ-ը՝ 1 մանդատ։ «Ապրելու երկիրը» ՀԱԿ-ի հետ կոալիցիա կազմեց, և համայնքապետ ընտրվեց Արկադի Թամազյանը։

2023-ի ընթացքում իրավիճակը փոխվեց։ «Ապրելու երկիր» խմբակցությունից Սիմոն Զախարովը դուրս եկավ և դարձավ անկախ։ Դեկտեմբերի 5-ին ՔՊ-ի 13 անդամներն ու Զախարովը՝ ընդհանուր 14 հոգի, մասնակցեցին արտահերթ նիստին և միաձայն անվստահություն հայտնեցին Թամազյանին։ Նույն նիստում փակ գաղտնի քվեարկությամբ համայնքի ղեկավար ընտրվեց ՔՊ խմբակցության ղեկավար, Շնողի նախկին համայնքապետ Դավիթ Ղումաշյանը։

Էդգար Արշակյանը Տաշիր համայնքը ղեկավարում է 2012-ից, անկուսակցական է։ 2022 թվականի սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին Արշակյանը գլխավորել է «Միասնական համայնք» դաշինքի ցուցակը և հաղթել ՔՊ-ի թեկնածու Արման Վարդանյանին։ «Միասնական համայնքը» ստացել է 5,904 ձայն, ՔՊ-ն՝ 2,376։ 2022 թվականի սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին Արշակյանը գլխավորել է «Միասնական համայնք» դաշինքի ցուցակը և հաղթել ՔՊ-ի թեկնածու Արման Վարդանյանին։ «Միասնական համայնքը» ստացել է 5,904 ձայն, ՔՊ-ն՝ 2,376։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Factor TV-ն նման ուսումնասիրություն էր հրապարակել Սյունիքի համայնքների ղեկավարների վերաբերյալ։ Իսկ առաջիկայում հրապարակելու ենք նաև մյուս մարզերի մասին ուսումնասիրությունները։

 

Եվգենյա Համբարձումյան