ՔՊ-ին հաղթած Սուրեն Թումանյանն այժմ ՔՊ-ի ցուցակում․ Թումանյանում այս կիրակի ավագանի կընտրեն

Լուրեր

23.09.2026 | 16:40
Թուրքիան և ԱՄՆ-ն համաձայնագիր են ստորագրել նոր սերնդի միջուկային ռեակտորների վերաբերյալ
23.09.2026 | 16:29
«Հայաստանում չի կարող լինել երկու խորհրդարան»․ ՔՊ-ն հեռացավ քննարկումից
23.09.2026 | 16:18
Ջասթին Գեյջիի մենեջերը խոսել է Արման Ծառուկյանի հետ հնարավոր մենամարտի մասին
23.09.2026 | 16:09
Արցախի ժողովուրդ էթնիկ զտման զոհ է դարձել, նմանատիպ կարգավիճակ պետք է լինի․ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.09.2026 | 16:00
ՔՊ-ին հաղթած Սուրեն Թումանյանն այժմ ՔՊ-ի ցուցակում․ Թումանյանում այս կիրակի ավագանի կընտրեն
23.09.2026 | 15:51
Ռուբինյանը հանդիպել է ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին
23.09.2026 | 15:39
Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր
23.09.2026 | 15:31
Ուժի մեջ են մտնում Իրանի ավիացիան կաթվածահար անող ԱՄՆ պատժամիջոցները․ չվերթները չեղարկվում են
23.09.2026 | 15:30
Հայկական բուսական մթերքի ու ձկնամթերքի՝ ԵՄ շուկա արտահանման պահանջներն են քննարկում Երևանում
23.09.2026 | 15:22
Ռուբինյանը հանդիպել է Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին
23.09.2026 | 15:10
Ում հետ է բանակցում ՀՀ-ն ատոմակայանի հարցով // Փաստաբանը՝ բիզնեսներին Քոչարյանի առնչության մասին․ ԼՈՒՐԵՐ
23.09.2026 | 15:01
Թրամփի և Մերձավոր Արևելքի առաջնորդների հանդիպումն ավարտվել է առանց էական հայտարարության․ MEE
23.09.2026 | 14:52
Բաքուն «Աղվանական ժառանգությունն Արևմտյան Ադրբեջանում» խորագրով սեմինար է կազմակերպել
23.09.2026 | 14:43
Հայաստանի հավաքականը ևս մեկ կորուստ ունի
23.09.2026 | 14:38
Նոր Հաճընին կվերադարձվի 21.12 հա հողատարածք՝ 341.7 մլն դրամ շուկայական արժեքով
Բոլորը

ՔՊ-ին հաղթած Սուրեն Թումանյանն այս անգամ հենց ՔՊ-ի ցուցակով է փորձում շարունակել պաշտոնավարումը Լոռու մարզի Թումանյան համայնքում։ Գործող համայնքապետը 2021-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցում էր «Հանրապետություն» կուսակցության ցուցակով, իսկ այժմ «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակի առաջին համարն է։ Թումանյանում ՔՊ-ն մրցակից չունի․ այն առաջադրված միակ քաղաքական ուժն է։

Սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ են լինելու մի շարք համայնքներում, որոնցից ամենամեծը Թումանյանն է։ Դրա կազմում ընդգրկված են քաղաք Թումանյանը և Աթան, Ահնիձոր, Դսեղ, Լորուտ, Մարց, Շամուտ, Չկալով, Քարինջ և Քոբայր գյուղերը: Ըստ ԿԸՀ-ի սեպտեմբերի 19-ին հրապարակած տվյալների՝ 4198 ընտրող ունեցող Թումանյան համայնքում կգործի 9 ընտրատեղամաս։

Գործող համայնքապետ Սուրեն Թումանյանը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց, որ դուրս է եկել «Հանրապետություն» կուսակցությունից և այժմ ՔՊ անդամ է։ Հարցին՝ ինչպե՞ս է նման որոշում կայացրել, համայնքապետն ուղիղ պատասխան չտվեց, ապա նշեց՝ «բոլորը տեղյակ են՝ ինչ է տեղի ունեցել»։

«Էնպիսի հարց չի եղել, խնդիր չի եղել, բոլորն էլ տեղյակ են։ Ցուցակից դուրս գալու հարց չի եղել, բոլորը տեղյակ են, ինչ է տեղի ունեցել նախկինում»,- ասաց Թումանյանը։

Մեր ճշտող հարցին, թե ինչ հանգամանքով էր պայմանավորված կուսակցական պատկանելիությունը փոխելը, Թումանյանը կրկին կոնկրետ պատասխան չտվեց։

«Պատճառ էլ չկա իրականում, բոլորը քաջատեղյակ են, խնդրահարույց հարց չի եղել»,- ասաց նա։

Թումանյանի գնահատմամբ՝ ճիշտ կառավարման արդյունքում են իրենք միակ առաջադրված ուժը Թումանյանում։

«Լավ ու հետևողական ենք աշխատել։ Բնականաբար, էնպես չի, որ 100 տոկոսանոց ամեն ինչը կատարում ենք։ Ժողովրդի կողմից մեծամասամբ դժգոհություն չի եղել, դրա համար այլ ուժեր հավակնություններ չեն ունեցել, պատճառներից մեկը դա է եղել»,- ասաց Սուրեն Թումանյանը։

 

Ինչու ընդդիմությունը Թումանյանում թեկնածու չի առաջադրել

ԱԺ ամենամեծ ընդդիմադիր ուժը՝ «Ուժեղ Հայաստանը», հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում Թումանյան համայնքում ստացել էր ձայների 26 տոկոսը։ Սա հաշվի առնելով՝ ինչո՞ւ  կուսակցությունը թեկնածու չի առաջադրել համայնքի ավագանու ընտրություններում, հարցրինք ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանին։

«Լինելու են տեղեր որտեղ մասնակցելու ենք ՏԻՄ ընտրություններին, լինելու են տեղեր, որտեղ չենք մասնակցելու։ Կենտրոնանալու ենք այն համայնքներում, որտեղ որ ունենալու ենք հստակ համոզմունք, որ հաղթելու մեծ հավանականություն կա»,- ասաց Աբրահամյանը։

Ըստ նրա՝ այն համայնքներում, որտեղ թեկնածու չեն ունենա, պարզաբանում կներկայացնեն, սակայն մինչ այս կուսակցությունը ոչ մի պարզաբանում չի ներկայացրել։  Հայտնի է, որ Սամվել Կարապետյանի գլխավորած կուսակցությունը սեպտեմբերին և հոկտեմբերին սպասվող 19 համայնքների ՏԻՄ ընտրություններից մասնակցում է միայն մեկին՝ Ստեփանավանի ընտրություններին։

Տիգրան Աբրահամյանը նաև ասաց, որ կլինեն դեպքեր, երբ չմասնակցելու դեպքում կաջակցեն համապատասխան ընդդիմադիր թեկնածուին։

ՏԻՄ օրենքն ու Թումանյանի ընտրությունները

ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի սեպտեմբերի 24-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի համաձայն՝ Թումանյան, Դսեղ և Չկալով համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է Թումանյան համայնքը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2025 թվականի հոկտեմբերի 27-ին սահմանել է 2026 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրերը՝ սեպտեմբերի 27, հոկտեմբերի 25, նոյեմբերի 29-ը։ Ընտրական օրենսգրքի 120-րդ հոդվածը սահմանվում է համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ նշանակելու և անցկացնելու ժամկետներն ու կարգը:

120-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ ավագանու անդամների ընտրությունների դեպքում քվեարկության օրը պետք է լինի մինչև լիազորությունների ժամկետի լրանալը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված օրերից լիազորությունների ժամկետի լրանալու օրվան առավել մոտ օրը:

Թումանյան խոշորացված համայնքի ավագանին իր աշխատանքը սկսել է 2021 թվականի դեկտեմբերի 23-ին, մինչդեռ ընտրությունները նշանակվել են դրանից երեք ամիս շուտ՝ սեպտեմբերի 27-ին։ Եթե լիազորությունների ավարտը դեկտեմբերի 23-ն է, ապա ԿԸՀ-ի սահմանած 3 օրերից (սեպտեմբերի 27, հոկտեմբերի 25, նոյեմբերի 29) դեկտեմբերի 23-ին ամենամոտ օրը նոյեմբերի 29-ն է։ Ուստի՝ օրենքի այս պահանջով լիազորությունների դե յուրե ավարտի պարագայում սեպտեմբերի 27-ի ընտրությունը չի համապատասխանում «առավել մոտ օր» օրենսդրական պահանջին։

Նույն կետում, սակայն, շարադրված է, որ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի հերթական ընտրությունները նշանակում է մարզպետը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ: Թումանյան համայնքի ավագանին ընտրվել է 2021 թվականի դեկտեմբերի 5-ին, չնայած աշխատանքը սկսել է դեկտեմբերի 23-ից։ Այսինքն 70-օրյա ժամկետը լրանում է հենց սեպտեմբերի 26-ին։

Ընտրական իրավունքի փորձագետ Վարդինե Գրիգորյանի դիտարկմամբ՝ մարզպետը պետք է ընտրությունների համար ավելի ուշ օր նշանակեր՝ հաշվի առնելով նախորդ ավագանու լիազորությունների ավարտը։

«Սեպտեմբերի 27-ի հետ հարաբերությամբ ճիշտ է նշված ժամկետը, բայց նաև պետք է հաշվի առնել, որ ԿԸՀ-ի կողմից նշանակած օրերում ժամկետին մոտիկ օր նշանակվի։ Այսինքն, ինչ-որ առումով այս դեպքում խախտում կա, որովհետև ավելի մոտիկ օրեր կային»,- ասում է Գրիգորյանը։

Ըստ ՏԻՄ օրենքի՝ համայնքի ավագանին իր լիազորություններն ստանձնում է ոչ շուտ, քան նախորդ ավագանու լիազորությունների ժամկետի ավարտման հաջորդ օրը: Ստացվում է՝ համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ չեն դադարեցվում, ավագանին ընտրություններից հետո փաստացի շարունակելու է մինչև ժամկետի ավարտը աշխատել, եթե ինքնուրույն չհրաժարվի կամ մանդատները վայր չդնի։

Ըստ ՏԻՄ օրենքի՝ համայնքի ավագանու լիազորությունները դադարեցնելու իրավասությունն ունի ՀՀ կառավարությունը՝ օրենքով սահմանված հստակ հիմքերի առկայության դեպքում։ 23-րդ հոդվածը սահմանում է, թե որ դեպքերում է հնարավոր համայնքի ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը։ 

  1. Եթե համայնքի ավագանու անդամի լիազորությունների դադարեցման (դադարման) հետևանքով անհնարին է դառնում համայնքի ավագանու հետագա նիստերի անցկացումը, ապա ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են ավագանու մնացած անդամները կամ համայնքի ղեկավարը:
  2. Համայնքի ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին արձանագրությունը համապատասխան մարզպետի միջոցով համայնքի ղեկավարն ուղարկում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին:
  3. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրությունն ստանալուց հետո՝ 20-օրյա ժամկետում, սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում տվյալ համայնքում համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
  4. Հայաստանի Հանրապետության կառավարությունը, օրենքով սահմանված կարգով, պետական լիազորված մարմնի ներկայացմամբ, նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ:
  5. Ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են նաև, եթե`

1) ավագանու անդամների կողմից ավագանու նիստի իրավազորությունը չապահովվելու պատճառով վեց ամիս անընդմեջ ավագանու նիստ չի կայանում.

2) օրենքով սահմանված կարգով համայնքը վերակազմակերպվում է որպես այլ վարչատարածքային միավոր։

 

Ինչպես է անցկացվում ընտրությունը մեկ կուսակցության մասնակցության դեպքում

Ըստ Ընտրական օրենսգրքի՝ եթե համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրություններին մասնակցում է միայն մեկ կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք, քվեարկությունն անցկացվում է «կողմ» և «դեմ» քվեաթերթիկներով։

Քաղաքական ուժը պետք է 50 տոկոսից ավելի կողմ ձայն հավաքի, որպեսզի ավագանի ընտրվի։ Համայնքի ղեկավար և ցուցակի առաջատար Սուրեն Թումանյանը վստահ է, որ համայնքում ընտրելու իրավունք ունեցողների մեծամասնությունը մասնակցելու է ընտրությանն ու կողմ է քվեարկելու իր թեկնածությանը։ Հարցին, թե ինչ հանգամանքից ելնելով է նման եզրահանգման եկել, նշեց՝ «բնակիչների հետ շփումներում»։

Թումանյան համայնքում ավագանու անդամների թիվը օրենքով սահմանված է 15, «Քաղաքացիական պայմանագիր»-ի ընտրական ցուցակը բաղկացած է 41 թեկնածուից։ Ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Սուրեն Թումանյանը։

ԿԸՀ ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրի համաձայն՝ Սուրեն Թումանյանը համատեղ սեփականությամբ բնակարան ունի Վանաձորում, մեկ բնակելի տուն և մեկ խոտհարք՝ Դսեղում, ինչպես նաև երեք վարելահող կրկին Դսեղում։ Թումանյանի տարեկան եկամուտը կազմել է 4 մլն 131 հազար դրամ աշխատավարձ Թումանյանի համայնքապետարանից։ Իսկ հայտարարագիր ներկայացնելու օրը պաշտոնյան ունեցել է 2 մլն 700 հազար դրամ խնայողություն։

Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել նաև նախընտրական ծրագիրն ու կուսակցության գույքի և եկամուտների մասին հայտարարագիր։

Ըստ նախընտրական ծրագրի՝ Թումանյան համայնքում ՔՊ-ն նախատեսում է ասֆալտապատել ու սալարկել ավելի քան 25 կմ ճանապարհ, արդիականացնել ջրամատակարարումն ու վերանորոգել 12 բազմաբնակարան շենքի տանիք, մշակվող հողատարածքները հասցնել 250 հեկտարի, ինչպես նաև ավարտին հասցնել կամ հիմնանորոգել Լորուտի, Թումանյանի և Դսեղի կրթահամալիրներն ու դպրոցները։

Սուրեն Թումանյանի խոսքով՝ այս օրերին քարոզարշավ են իրականացրել և այցելել համայնքի տարբեր բնակավայրեր։ Ասում է՝ բնակչության խնդիրների մեծամասնությանը ծանոթ են և գնալու են դրանք լուծելու ճանապարհով։

Համաձայն «ՀՀ ընտրական օրենսգրքում» հուլիսի 3-ին կատարված փոփոխությունների և լրացումների՝ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն քվեարկության օրը 18 տարին լրացած՝ ընտրությունն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրն առնվազն վեց ամսվա հաշվառում ունեցող, քվեարկության օրվան նախորդող 48-րդ օրվա դրությամբ համապատասխանաբար դրան նախորդող 730 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում փաստացի 366 և ավելի օր գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։

 

Անի Թամրազյան