«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
Քաղաքականություն
29.09.2026 | 09:33Մեկնարկել է «Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն» վերտառությամբ քննարկումը՝ նվիրված Հայաստանում գենդերային առանձնահատկություններին արձագանքող կենսաբազմազանության կառավարման առաջխաղացմանը։
Երկխոսությանը մասնակցում են Շրջակա միջավայրի նախարարության, Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության, Աշխատանքի և բարեկեցության նախարարության ներկայացուցիչներ։ Մասնակիցների թվում են նաև կանանց կողմից ղեկավարվող և համայնքներում գործող կազմակերպությունների, գյուղական և կենսաբազմազանությունից կախված համայնքների, ակադեմիական և հետազոտական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների և զարգացման գործընկերների ներկայացուցիչներ։
Կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և շրջակա միջավայրի դեգրադացման փոխկապակցված ճնշումները գենդերային առումով չեզոք չեն։ Կանայք և տղամարդիկ հաճախ տարբեր դերեր ունեն բնական ռեսուրսների օգտագործման եւ կառավարման հարցում, ինչպես նաև անհավասար հասանելիություն՝ հողի, եկամտի, տեղեկատվության, ֆինանսների եւ որոշումների կայացման հարցերում։Հետևաբար, շրջակա միջավայրի դեգրադացումը և կլիմային առնչվող ճնշումները կարող են տարբեր կերպ ազդել իրավունքների, կենսապահովման միջոցների, առողջության, պարենային անվտանգության, չվարձատրվող խնամքի աշխատանքի և տնտեսական հնարավորությունների վրա։
Կանայք, հատկապես գյուղական և կենսաբազմազանությունից կախված համայնքներում, կարևոր դերակատարներ են գյուղատնտեսության, անասնապահության, սննդամթերքի արտադրության, սերմերի պահպանության, ինչպես նաև բուժիչ բույսերի և անտառային արտադրանքի հավաքման ու օգտագործման ոլորտներում։
Տեղական էկոհամակարգերի և բնական ռեսուրսների վերաբերյալ նրանց գիտելիքները կարող են էական ներդրում ունենալ կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման գործում։ Միևնույն ժամանակ, կանայք բախվում են հողի սեփականության, ֆինանսների, տեղեկատվության, տեխնոլոգիաների և պաշտոնական որոշումների կայացման գործընթացներին մասնակցության կառուցվածքային խոչընդոտների։
Այս իրողությունների ճանաչումը կարևոր է՝ կենսաբազմազանությանն ուղղված քաղաքականություններն ու գործողությունները ինչպես արդյունավետ, այնպես էլ ներառական կերպով կատարելու համար, ինչպես նաև, որ կանայք ճանաչվեն ոչ միայն որպես շրջակա միջավայրի փոփոխությունից ազդեցություն կրող անձինք, այլև որպես իրավունք, գիտելիք կրողներ, ռեսուրսների կառավարողներ, որոշում կայացնողներ եւ փոփոխություններ բերող կողմեր։

