ՀՀ-ն կարող է ՌԴ-ի բազայի մնալու վարձավճարը բարձրացնել, եթե գազը թանկանա․ դա մեր միակ գործիքակազմը չէ․ Վիլեն Գաբրիելյան
Քաղաքականություն
11.09.2026 | 19:15ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման հնարավորությանը, սահմանազատման գործընթացին, բանակում տիրող իրավիճակին և 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի ճակատագրին։
Այն հարցին, թե արդյոք ՔՊ իշխանությունը խնդիր չի տեսնում ռուսական ռազմաբազայի դուրսբերման մեջ և Հայաստանն անվտանգային խնդիր չունի Թուրքիայի հետ, Վիլեն Գաբրիելյանը պատասխանել է.
«Մենք դա հիմնավորում ենք նրանով, որ փաստացի այն առաքելությունը, որով որ 102-րդ ռազմաբազան տեղակայվել է Հայաստանի Հանրապետությունում, այդ առաքելության շրջանակում փաստը կայանում է նրանում, որ ռազմաբազան իր առաքելությունը չի իրագործել, մասնավորապես բազմիցս մատնանշվել են 21 և 22 թվականի դեպքերը, երբ որ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը ենթարկվել է հարձակման։ Դա է ասում պայմանագիրը։ Պարտավոր է պաշտպանել Ռուսաստանի Դաշնության շահերը և Հայաստանի Հանրապետության հետ, Հայաստանի Հանրապետության շահերը համատեղ»։
Նրա խոսքով, ռազմաբազայի դուրսբերումը բացասաբար չի ազդի Հայաստանի անվտանգության վրա, քանի որ այն չի կատարել իր պարտավորությունները։ Ի պատասխան հարցին, թե չի բացառվում, որ Հայաստանը Ռուսաստանին դիմի բազան հանելու պահանջով, Գաբրիելյանը նշել է.
«Կարծում եմ, որևիցե բան բացառված չի այդ ապագայում։ Դա երկու պետությունների փոխհարաբերությունների շրջանակում դա ևս մեր իրավունքի մեջ է մտնում, որովհետև ըստ պայմանագրի՝ ռազմաբազան կարող է Հայաստանի Հանրապետությունից դուրս բերվի կողմերից մեկի պահանջով»։
Անդրադառնալով վարչապետի այն ակնարկին, որ գազի թանկացման դեպքում Հայաստանը ևս կարող է «թանկացնել» որոշ բաներ, Գաբրիելյանը հաստատել է, որ դա կարող է վերաբերել նաև ռազմաբազայի վարձավճարի բարձրացմանը. «Ինչու՞ ոչ։ Այո՛։ Իմ անձնական տեսակետը նաև դա է»։
Խոսելով Տիգրանաշենի (Քյարքիի) շուրջ ընդդիմության ահազանգերի մասին՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը զուգահեռներ է անցկացրել Տավուշի սահմանազատման հետ.
«Այն, ինչ որ ընդդիմադիր գործընկերները անում են ներկայումս Տիգրանաշենի կարգախոսի շրջանակում, այդ նույն բանը անում էին Կիրանցի ժամանակ։ Ի՞նչ ունենք արդյունքում. ունենք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատված սահմանի հատված, որտեղ որ մարդիկ ապրում են խաղաղ, և Հայաստանի Հանրապետության այնտեղ բնակվող քաղաքացիներն իրենց զգում են անվտանգ։ Իշխանությունը պետք է այդ ռիսկերի, խնդիրները լուծի, որպեսզի մարդիկ կարողանան այդ արոտավայրերից օգտվել։ Ինչ վերաբերվում է Հայաստանի Հանրապետության այն տարածքներին, որտեղ որ ներկայումս ներխուժված են, համապատասխան սահմանազատման հանձնաժողովներն ունեն կանոնակարգ, կա վայր, որից որ պետք է սկսվի գործընթացը՝ հյուսիսից։ Այնտեղից սկսած պետք է գանք հասնենք այն վայրերին, որտեղ որ Ադրբեջանի զինված ուժերը ներկայումս ներխուժած են»։
Վիլեն Գաբրիելյանը կարծիք է հայտնել, որ սահմանապահ զորքերը պետք է լինեն Զինված ուժերի կազմում. «Ես կարծում եմ, որ սահմանապահ զորքերը ավելի շատ պետք է լինեն Զինված ուժերի համակարգի շրջանակում, և կարծում եմ՝ ապագայում, իմ կարծիքով, գալու ենք, հասնենք դրան, որովհետև փաստը կայանում է նրանում, որ մեր մոտ, ոնց որ հայտնի դեպքերից հետո, սահմանապահ զորքերի վերակազմավորման, կազմավորման ռեստարտ ենք արել»։
Անդրադառնալով բանակում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերին՝ նա նշել է, որ խնդիրը համակարգային է և բազմաշերտ.
«Ես ձեզ հետ համաձայն եմ, չեմ կարծում բացառապես հոգեբանական խնդիր է, այդ թվում նաև ֆիզիկական խնդիր է, ֆիզիոլոգիական խնդիր է, այդ թվում նաև տեխնիկական խնդիր է, և այո, պիտի նստենք դրա շուրջ վերլուծություն անենք և հասկանանք՝ ինչպես ենք եղած խնդիրները հաղթահարում։ Այստեղ պրոբլեմ կա էլի, չպիտի դա պրոյեկտենք ամբողջ Պաշտպանության նախարարության և ամբողջ դեպքերի վրա։ Այդտեղ տարբեր դեպքեր են, անհատական դեպքեր են»։
Խոսելով 44-օրյա պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակման հարցի մասին՝ Վիլեն Գաբրիելյանը նշել է. «Կառավարող ուժը, եթե ցանկանար զեկույցը չհրապարակեր, ապա ի սկզբանե հանրային պահանջը՝ քննիչ հանձնաժողով ձևավորելու, չէր կատարի։ Երկրորդը՝ տվյալ հանձնաժողովի նիստերի որոշակի և կարևորագույն մասը բաց, լայվ ձևաչափով չէր անի։ Ես արտահայտվել եմ հրապարակային, որ չկա տենց մի խնդիր, որը որ փաստացի պետք է դիտարկվի այնպես, որ մեր հանրության իրազեկ լինելու իրավունքը խաթարվի։ Ես կարծում եմ՝ այդ խնդրի առջև մենք կանգնել ենք օրենքի սխալ մեկնաբանման պատճառով»։
Նա հավելել է, որ ներկայումս աշխատանքներ են տարվում՝ փոխելու համապատասխան օրենսդրությունը՝ ապագայում նման խնդիրներից խուսափելու համար, սակայն նշել է, որ փոփոխությունը հետադարձ ուժ չի ունենա 44-օրյա պատերազմի զեկույցի վրա. «Խոսքը հենց այս զեկույցի մասին չի, խոսքը բուն քննիչ հանձնաժողովների ձևավորման, աշխատանքի մասին է»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան

