«Ո՞վ է նստելու ձվերի վրա»․ կոկորդիլոսաբուծարանի ու «Սկայ Գյումրիի» չստացված պատմությունը
2018-2019 թվականներին խոսվում էր Արարատի մարզում Հայաստանի համար արտասովոր ու հավակնոտ ներդրումային ծրագրի մասին․ Դաշտավանում պետք է հիմնվեր տարածաշրջանում առաջին կոկորդիլոսաբուծարանը, իսկ ավելի ուշ գաղափարը վերածվել էր 30 հեկտար տարածք զբաղեցնող էկո-այգու նախագծի։ Խոստացվում էին միլիոնավոր դոլարների ներդրումներ, հարյուրավոր աշխատատեղեր, կոկորդիլոսի մսի ու կաշվի արտահանում Եվրոպա և Ասիա։
Տարիներ անց տարածքում ո՛չ կոկորդիլոսներ կան, ո՛չ էկո-այգի, իսկ ծրագրի շուրջ նախկինում հնչած լավատեսական հայտարարություններին փոխարինել են փոխադարձ մեղադրանքները։
Վեդիի նախկին համայնքապետ, Արարատի նախկին մարզպետ, այժմ Ազգային ժողովի պատգամավոր Գարիկ Սարգսյանը տարիների հեռավորությունից ծրագիրը բնութագրում է որպես «փուչ» և դրա հեղինակի մասին խոսում որպես իրական ֆինանսական միջոցներ չունեցող ներդրողի։ Իսկ ծրագրի հեղինակ Խաչատուր Սարգսյանը պնդում է, որ նախագիծը իրական էր և կանգ է առել տնտեսական պատճառներով։
Factor.am-ը փորձել է պարզել՝ ինչ էր իրականում նախատեսվում կառուցել Դաշտավանում, ծրագրի իրականացման համար ինչ քայլեր էին կատարվել, ինչ գրագրություն է եղել պետական մարմինների և ծրագրի հեղինակների միջև և որքանով են այսօր հնչող բացատրությունները համընկնում ժամանակագրության ու փաստաթղթերի հետ։
«Թյուրիմացություն էր»
«Թյուրիմացություն էր․ այդ ծրագիրը կարելի է այսպես ձևակերպել»,- 2026-ի օգոստոսի 5-ին նման կերպ է արձագանքել Վեդիի նախկին համայնքապետ, այժմ Ազգային ժողովի պատգամավոր Գարիկ Սարգսյանը կոկորդիլոսաբուծարան հիմնելու ծրագրի մասին NEWS.am-ի հարցերին։
«Պարզվեց, որ շարքային ինչ-որ փուչ ծրագիր է, որը ուզում են ներկայացնել, հետո ինվեստորներ ներգրավել։ Այսինքն՝ չունենալով ոչ մի դրամական միջոցներ, իրենք եկել էին և մեր մարզում ուզում էին այդ գործունեությունը ծավալել։ Իսկ ես՝ որպես մարզպետ, հեղափոխությունից հետո մենք որևէ ներդրողի իրավունք չունեինք իր առաջարկը չլսել, իր ներդրումային ծրագիրը չքննարկել ու հետամուտ չլինել, որպեսզի մեր մասով որևէ խոչընդոտ չառաջանա»,- պատմել է Սարգսյանը։
Նրա խոսքով՝ բոլոր փուլերով անցել են, ամեն ինչ պատրաստ է եղել ծրագրի իրագործման համար, սակայն, երբ ծրագիրը պետք է գործնական փուլ մտներ, պարզվել է, որ «ներդրողն» իրականում դրամական միջոցներ չունի և ընդամենը ցանկանում էր աղմուկ բարձրացնել՝ հետագայում այլ ներդրողներ ներգրավելու համար։
Կոկորդիլոսաբուծարանից՝ 30 հեկտարանոց էկո-այգի
Ներդրողը, որի մասին խոսում է Սարգսյանը, «Արմոն» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Խաչատուր Սարգսյանն է։

Կոկորդիլոսաբուծարանի ծրագրի ուղղությամբ աշխատանքները մեկնարկել էին դեռ 2017 թվականի վերջին։ Սկզբնական գաղափարը տարածաշրջանում առաջին կոկորդիլոսաբուծարան հիմնելն էր, սակայն հետագայում նախագիծն ընդլայնվել էր․ նախատեսվում էր ստեղծել «Ապշանք» էկո-այգին, որը պետք է զբաղեցներ շուրջ 30 հեկտար տարածք, իսկ կոկորդիլոսները պետք է պահվեին հենց համալիրի ներսում։
Այն ներկայացվում էր որպես 10 միլիոն դոլար արժողությամբ 5-ամյա ծրագիր, որն իրականացվելու էր տանզանիական ընկերության հետ համագործակցությամբ։ Նախատեսվում էր ներկրել նեղոսյան կոկորդիլոսի ձվեր՝ յուրաքանչյուրը 400 դոլար արժողությամբ, ապա բուծել մինչև 1000 կոկորդիլոս։ Միսն ու կաշին նախատեսվում էր ամբողջությամբ արտահանել Ասիա և Եվրոպա։
Ծրագրի ամբողջական գործարկման դեպքում նախնական հայտարարություններով պետք է ստեղծվեր 300-500 նոր աշխատատեղ։ Հետագայում մարզպետարան ներկայացված բիզնես պլանում աշխատատեղերի թիվը հասնում էր արդեն 634-ի։
Բայց այդ ծրագրի իրականացման որևէ գործնական քայլ այդպես էլ չի արվել։
Factor.am-ի հետ զրույցում Խաչատուր Սարգսյանը ծրագրի ձախողումը բացառապես կապում է COVID-19-ի հետ։
-Պարոն Սարգսյան, մի քանի օր առաջ Ազգային ժողովում Գարիկ Սարգսյանը հայտարարեց, որ կոկորդիլոսների բուծարանի հետ կապված ծրագրում «ֆեյք» ներդրող է ներկայացված եղել, և այդ ամբողջ պատմությունը կարծես «ֆեյք» է եղել։ Կարո՞ղ եք ասել՝ իսկապես այդ ծրագիրը ֆե՞յք է եղել, թե ոչ, ինչո՞ւ ծրագիրը չի իրականացել։
-Ծրագիրը չիրականացավ, որովհետև COVID-19-ը սկսվեց, և տուրիզմը կանգնեց։ Եթե դու մի բան ես կառուցում, միլիոններ ես դնում տուրիզմի համար, նշանակում է՝ եթե տուրիստ չկա ու չէր սպասվում, թե երբ կլինի, դրա համար այդ ծրագիրը կասեցվել է։ Մենք պաշտոնապես գրել ենք իրենց, որ կասեցնում ենք այսինչ պատճառով։
-Բավականին խոշոր գումարներ էիք նախատեսում ներդնել։
-Մեծ գումարներ ասելը հարաբերական է։ Մեկ միլիոնն էլ է մեծ գումար։ Խոսքը գումարների մասին չի, խոսքը ինվեստորի մասին չի, խոսքն այն է, որ նույնիսկ հողհատկացում չի եղել։ Այսինքն՝ ծրագիրը կեսից… հազար հատ ծրագիր կարող ես սկսել, բայց կեսից փոշմանել՝ տեսնելով, որ դա շահութաբեր չի։ Իսկ Գարիկ Սարգսյանն ինչ ասել է՝ դա իր գործն է։ Եթե դուք ուզում եք իմանալ պատճառը՝ պատճառը դա է։

-Իսկ հողհատկացում չկա՞ր. կարծեմ Դաշտավանում 15 հեկտար կար, վարձակալված էր արդեն։
-Ես ձեզ բացատրեցի՝ հող կար, որոշում կար, բայց տուրիստ չկար։ Ում համար էիք սարքելու, եթե չէր աշխատելու։ Բիզնեսը մի քիչ ուրիշ կտրվածք ունի։ 2019 թվականին շատ հարմար էր, շատ պերսպեկտիվներ կային, 2020 թվականին՝ հարմար չէր։
-Պարոն Սարգսյան, 2018 թվականն էր, երբ այդ մասին խոսվում էր. ասվում էր, որ այդ ժամանակ պետք է արդեն գործընթացները սկսվեին ու չձգվեին մինչև 2020 թվական։
-Դուք ո՞նց եք պատկերացնում՝ ոչ մի կառույց չկա ու ձվերը բերելու ենք. ո՞վ է նստելու այդ ձվերի վրա։ Շենքեր, կառույցներ պիտի սարքվեն, որ նոր ձվերը բերվեն։ Կներեք, որ այդպես եմ արտահայտվում, բայց դուք էլ լրագրող եք՝ պիտի նայեք, որ ենթակառուցվածքները սարքվեն, որ նոր ծրագիրը իրականանա։ Ձվերը բերես՝ որտե՞ղ դնես։ Ձվերը եթե ձեզ հետաքրքրում են՝ ասեք, ուղարկեմ՝ քանի ձև կոկորդիլոսի ձու ուզում եք։
-Պարոն Սարգսյանի խոսքերից հասկացվում էր, թե ինքը խաբվել է ներդրողի կողմից։
-Հիմա, եթե ինքն իր մեջ համարում է, որ խաբվել է՝ դա իր որոշումն է։ Ես ի՞նչ անեմ՝ ապացուցեմ, որ ինքը չի՞ խաբվել։ Ի՞նչ իմաստ ունի այս թեման անընդհատ շոշափել։ Թեմաներ կան, որ պիտի փակեք. բիզնեսը չի ստացվել՝ վերջ։ Ծրագիր եմ մտածել, չի ստացվել։ 50 տարի է՝ Սովետական միությունից Կոնդն են սարքում… չի կարելի ընկնել մարդկանց հետևից։ Գարիկ Սարգսյանն իր կարծիքն ունի, իր պաշտոնն ունի, իր միջամտությունն է. ի՞նչ կապ ունի դա իմ հետ։
Ինչ ընկերություն էր կանգնած ծրագրի հետևում
«Արմոն» ՍՊԸ-ն գրանցվել է 2017 թվականի սեպտեմբերի 28-ին և մոտ մեկ տարի անց ներկայացրել բազմամիլիոնանոց ներդրումային նախագիծը։
Պետական եկամուտների կոմիտեի տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչի համաձայն՝ ընկերությունը զբաղվում է ոչ մասնագիտացված խանութներում մանրածախ առևտրով և ավելացված արժեքի հարկ վճարող է։ «Արմոն»-ի 75 տոկոսի բաժնետերը Խաչատուր Սարգսյանն է, 25 տոկոսինը՝ Արթուր Պետրոսյանը։
Ընկերությունն ունի նաև armmek.com կայքը։ Այնտեղ ներկայացված է նախագիծ, որը նկարագրությամբ համապատասխանում է Դաշտավանում նախատեսված համալիրին, սակայն «Ապշանք» անվանումը և կոկորդիլոսները չեն հիշատակվում։
«Նախագծի իրականացման համար ընտրվել է Երևանից 14 կմ հեռավորության վրա՝ Արարատի մարզի Դաշտավան գյուղի հարակից տարածքում գտնվող հողատարածքը։ Այն պետք է զբաղեցներ շուրջ 30 հեկտար տարածք։
Հողակտորը մի կողմից սահմանակից է Հրազդան գետին, իսկ մյուս կողմից՝ Դաշտավան գյուղի ոռոգման ջրանցքին։ Այն յուրատեսակ կղզի է՝ ամբողջությամբ շրջապատված ջրային ավազաններով»,-նշվում է կայքում։
Դաշտավանում հիշում են ծրագիրը, բայց ոչ շինարարությունը
Դաշտավանում ծրագրի մասին տարիներ անց էլ հիշում են։ Վարչական ղեկավար Սանասար Խաչատրյանը Factor.am-ի հետ զրույցում պատմեց, որ նախագիծը քննարկվել է, սակայն իր տեղեկություններով՝ որոշակի հանգամանքների պատճառով չի կայացել։
«Այդ ծրագիրն են քննարկել ու չգիտեմ՝ ինչ խոչընդոտների են հանդիպել, այդպես չի իրականացվել»,- ասաց նա՝ հավելելով, որ տվյալ ժամանակահատվածում ինքը չի եղել գործող գյուղապետը և մանրամասներին չի տիրապետում։
Խաչատրյանի խոսքով՝ ծրագիրը նախատեսված էր իրականացնել բնակելի գոտուց հեռու՝ դաշտային հատվածում․ «Ինքը փողոցների մոտ չէր լինելու, դաշտերի հատվածում պետք է կառուցվեր ու Հրազդան գետի մյուս կողմում»։

Նա հաստատել է, որ չնայած քննարկումներին, հողի վրա որևէ աշխատանք չի կատարվել։ Բնակիչները ծրագրի նկատմամբ դրական էին տրամադրված․ «Շատերն էլ ոգևորված էին, որ այդպիսի գործողություն կանեն այստեղ, համ բնակիչների համար լավ կլինի, ինչ-որ տուրիստական ծրագրեր կլինեն»։
Անդրադառնալով Ազգային ժողովում Գարիկ Սարգսյանի այն հայտարարությանը, թե ներդրողը «կեղծ» է եղել՝ համայնքապետը նշեց է, որ չի կարող որևէ բան հավելել, քանի որ տեղեկություն չունի։
«Մի՛ քանդեք այդ կծիկը»
Factor.am-ի հետ զրույցի ընթացքում Խաչատուր Սարգսյանն նախ ինքն առաջարկեց տրամադրել նախագիծը․ «․․․ եթե ձեզ շատ է հետաքրքրում, կարող եմ բոլոր, նույնիսկ ներդրողի ուղարկած նամակները ձեզ տալ ստորագրած, որ այդքան գումարը պատրաստ է դնելու համար»։ Երբ մենք դրական պատասխանեցինք՝ նա մտափոխվեց․ «Չէ՛, չէ՛, մի՛ քանդեք այդ կծիկը»։
Այդուհանդերձ, Factor.am-ը դիմեց Արարատի մարզպետարան և ստացավ ծրագրին վերաբերող փաստաթղթերը՝ բիզնես պլանը, արևային ջերմոցների գործնական առաջարկը, ինչպես նաև բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին և Գարիկ Սարգսյանին ընկերությունից հասցեագրված նամակները։
Եվ հենց այս փաստաթղթերում ծրագրի պատմությունը սկսում է տարբերվել այսօր ներկայացվող որոշ բացատրություններից։
Նախարարին ուղղված նամակում Խաչատուր Սարգսյանը նշել էր, որ ծրագրի հեղինակը, կազմակերպիչը և իրականացնողը «Արմոն» ՍՊ ընկերությունն է։ Փաստաթղթերից երևում է նաև, որ ծրագրի հեղինակն ակնկալել է պետության ֆինանսական մասնակցությունը՝ պետական-մասնավոր համագործակցության՝ PPP մոդելի կիրառմամբ։
Բիզնես պլանում որպես հնարավոր գնորդներ թիրախավորվել են համաշխարհային հայտնի բրենդներ՝ Louis Vuitton, Gucci, Prada, Armani և այլն։ Սակայն փաստաթղթերում այս ընկերությունների հետ արդեն կնքված պայմանագրեր չկան․ փոխարենը նախատեսվում էր հետագայում մասնակցել միջազգային սեմինարների և այդ ճանապարհով գնորդներ գտնել։

Ծրագրով նախատեսված էր ստեղծել 634 աշխատատեղ։ Միաժամանակ չի նշվել, որ Հայաստանում կոկորդիլոսային տնտեսությունում աշխատանքային փորձ ունեցող աշխատուժ չկա։ «Արմոն»-ը նախատեսում էր խնդիրը լուծել Հարավաֆրիկյան Հանրապետությունից փորձագետի մեկամսյա այցելության և աշխատակիցների ուսուցման միջոցով։
2019-ին ընկերությունը գրել էր՝ գումարները պատրաստ են
Փաստաթղթերում կա ևս մեկ կարևոր դրվագ։ 2019 թվականի օգոստոսի 19-ին Խաչատուր Սարգսյանը նամակ է գրել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին և հայտնել, որ «Արմոն»-ը ներդրողների հետ ավարտել է ներդրումային պայմանագրի պայմանների համաձայնեցումը, իսկ գումարները պատրաստ են ծրագիրը սկսելու համար։
«Մոտակա շաբաթների ընթացքում մենք պատրաստ կլինենք ծրագրի շինարարական աշխատանքների նախապատրաստմանը և կատարմանը։ Դուք տեղյակ եք, որ ծրագիրը
ներկայացվել նաև 2019 մայիսի 5-ին, մարզպետարանի կողմից կազմակերպված «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային համաժողովում, որին ներկա են եղել մեծ թվով հյուրեր, ներդրողներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետը և ՀՀ կառավարության անդամներ, ՀՀ պատգամավորներ։
Դաշտավան համաքի և նրա ղեկավարության հետ ծրագրին տրամադրվող տարածքների հարցը ամբողջությամբ համաձայնեցված է։ Մենք նաև անչափ շնորհակալ ենք համայնքից մեզ ցուցադրած աջակցության համար»,- գրել էր Խաչատուր Սարգսյանն իր նամակում։
Այսպիսով՝ 2019 թվականի օգոստոսին ընկերությունը պետական մարմնին ոչ թե տեղեկացնում էր ծրագրի դադարեցման կամ ֆինանսական խնդիրների մասին, այլ հայտարարում էր, որ ներդրողների հետ պայմանները համաձայնեցված են, գումարները պատրաստ են, և շինարարական աշխատանքների նախապատրաստումը կարող է սկսվել առաջիկա շաբաթներին։ Սակայն Դաշտավանում որևէ շինարարական աշխատանք այդպես էլ չի սկսվել։

Այս ժամանակագրությունը կարևոր է նաև Խաչատուր Սարգսյանի՝ այժմ տված բացատրությունը գնահատելու համար։ Նա Factor.am-ի հետ զրույցում ծրագրի չիրականացման հիմնական պատճառը կապել էր COVID-19-ի և դրա հետևանքով զբոսաշրջության ծավալների անկման հետ։
Մինչդեռ 2019 թվականի օգոստոսի նամակից մինչև համավարակի սկիզբը մի քանի ամիս կար։ Չինաստանը Ուհանում անհայտ ծագման թոքաբորբի դեպքերի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրել է միայն 2019 թվականի դեկտեմբերի 31-ին, իսկ COVID-19-ը համավարակ է հայտարարվել 2020 թվականի մարտի 11-ին։
Հետևաբար՝ միայն COVID-19-ի հանգամանքով հնարավոր չէ բացատրել, թե ինչու ընկերության՝ 2019 թվականի օգոստոսին «մոտակա շաբաթների ընթացքում» նախատեսած շինարարական աշխատանքները մինչ համավարակը չեն սկսվել։ Բայց սա «Արմոն» ՍՊԸ-ի միակ խոշոր ներդրումային գաղափարը չէր, որը ստացավ տեղական իշխանությունների նախնական աջակցությունը և այդպես էլ չիրականացավ։
Կոկորդիլոսներից հետո՝ 600 միլիոն դոլարի «Սկայ Գյումրի»
Գարիկ Սարգսյանը այս տարվա օգոստոսի հարցազրույցում պատմել է նաև, որ Արարատում ձախողված ծրագրից հետո նույն անձը հայտնվել է Գյումրիում։ Այս անգամ խոսքը շատ ավելի մեծ նախագծի մասին էր։
Խաչատուր Սարգսյանն առաջարկել էր Գյումրիում ստեղծել օդային ճոպանուղու ցանց՝ շուրջ 600 միլիոն դոլար հայտարարված ներդրմամբ։ Գարիկ Սարգսյանի խոսքով՝ երբ Գյումրիի ավագանին արդեն հավանություն էր տվել նախագծին, ինքը մամուլից տեղեկացել է դրա մասին և զանգահարել Շիրակի այն ժամանակվա մարզպետ Տիգրան Պետրոսյանին։
«Ասացի՝ պարո՛ն մարզպետ, այս մարդը մեզ մոտ այդ ծրագիրն էր ուզում իրականացնել, ինքը նույն մարդն է, իրեն լուրջ չընդունեք և այդ ծրագրին հավանություն չտաք. ինքը որևէ միջոցների չի տիրապետում և չի անելու այդ ծրագիրը։ Եթե ինքը, իր ասելով, 12 միլիոն դոլարանոց ծրագիրը չարեց, 600 միլիոն դոլարանոց ծրագիրը ո՞նց է անելու։ Սա է եղել ամբողջ պատմությունը»,- News.am-ին պատմել է պատգամավորը։
Factor.am-ը Գյումրիի համայնքապետարանից ստացել է նաև «Սկայ Գյումրի» ծրագրին վերաբերող տեղեկությունները։
Նախագծով նախատեսված օդային երթուղու երկարությունը պետք է կազմեր 25 կիլոմետր։ Յուրաքանչյուր կայարանում պետք է լինեին հանգստի և առևտրային գոտիներ, բացի այդ՝ նախատեսվում էր կառուցել նոր բնակելի էկոթաղամաս և սպորտային համալիր։
Այս ծրագիրը Գյումրիի համայնքապետարանին ներկայացվել է արդեն COVID-19-ի ակտիվ փուլում՝ 2020 թվականի գարնան վերջին կամ ամռան սկզբին։

Հանրային քննարկումը հրավիրվել է հուլիսի 2-ին։ Դրան մասնակցել են նաև Ազգային ժողովի այդ ժամանակվա պատգամավորներ Կարեն Սարուխանյանը և Նազելի Բաղդասարյանը։
Սարուխանյանը Խաչատուր Սարգսյանից հետաքրքրվել է՝ վերջինս նման այլ ծրագրեր իրականացրել է, թե ոչ և Արարատի մարզում կոկորդիլոսաբուծարանը ո՞ր փուլում է: Սարգսյանը վստահեցրել է, որ կոկորդիլոսաբուծարանի ծրագիրը սառեցված է, շարունակվելու է, այն կասեցված չէ։ Բաղդասարյանն էլ ծրագրի իրատեսական լինելու հետ կապված է խնդիրներ տեսել։
Ի պատասխան Խաչատուր Սարգսյանը նշել է, որ ծրագիրը ռեալ է, սակայն ռիսկային, կառավարությունն էլ պետք է խոչընդոտներ չստեղծի իրենց համար․ «Մեզ պետք չի կառավարությունը օգնի մեզ, մենք կառավարությունից փող չեն ուզում, ասում ենք՝ գործիքը տվեք, աշխատենք»։
Բաղդասարյանը խնդրել է ռիսկերի վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնել, Սարգսյանը համաձայնել է։ Ըստ հանրային քննարկման արձանագրությունների՝ Գյումրիի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանն էլ պատրաստակամություն է հայտնել աջակցել ծրագրին, օգնել ինչով կարող են․ «Իմ կարծիքով՝ հեքիաթ է սա, եթե լինի»։
Կարեն Սարուխանյանը շարունակել է համեմատականներ տանել այս և Արարատի մարզում նախատեսվող ծրագրերի միջև․ «Տեսեք կոկորդիլոսաբուծարանը խնդիր եղավ մաքսայինի հետ ձվի հետ կապված։ Կարո՞ղ է՝ հիմա էլ նման խնդիր լինի»։
Խաչատուր Սուքիասյանն էլ ասել է, որ կոկորդիլոսաբուծարանի խնդիրը, իրականում, «Վեոլիա ջուր» ընկերության հետ է կապված եղել․ «Մենք հաշվեցինք, որ մոտ 20-25 մլն դոլար կպահանջվի, որ թույլ տա վերականգնի «Վեոլիա ջրի» այդ աղբը, դա էլ թանկացնում է ծրագիրը»։
Այսպիսով՝ կոկորդիլոսաբուծարանի չիրականացման պատճառների վերաբերյալ տարբեր փուլերում շրջանառվել են առնվազն մի քանի տարբեր բացատրություններ՝ COVID-19 և զբոսաշրջության անկում, մաքսային խնդիրներ կոկորդիլոսի ձվերի հետ, ինչպես նաև «Վեոլիա ջուր»-ի հետ կապված ենթակառուցվածքային խնդիր և 20-25 միլիոն դոլարի լրացուցիչ ծախսի անհրաժեշտություն։
Գյումրիում, սակայն, ծրագրի վերաբերյալ բացասական կարծիք արտահայտողներ չեն եղել հանրային քննարկման ժամանակ։
2020 թվականի հուլիսի 17-ին «Արմոն»-ի ներկայացրած «Սկայ Գյումրի» ծրագրին տրվել է նախնական համաձայնություն։ Նույն տարվա սեպտեմբերի 8-ին ավագանին ընկերությանը կառուցապատման իրավունքով օգտագործման համար տրամադրել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասեր։
Մեկ տարի անց՝ 2021 թվականի սեպտեմբերի 14-ին, ավագանին այդ որոշումն ուժը կորցրած է ճանաչել։

«Վերը նշված փաստաթղթերից բացի Գյումրու համայնքապետարանում այլ փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն առկա չէ (կամ չի պահպանվել): Հավելենք նաև, որ ծրագրի մասով Գյումրու համայնքապետարանը որևէ ծախս իր վրա չի վերցրել և հետևաբար չի կատարել»,-հայտնել են համայնքապետարանից:
«Գյումրիի պատմությունը այլ պատմություն է»
«Սկայ Գյումրի» ծրագրի վերաբերյալ ևս Factor.am-ը հարցեր ուղղեց Խաչատուր Սարգսյանին։
-Պարոն Սարգսյան, ասվում էր նաև, որ Գյումրիում էլ էիք ուզում ծրագիր իրականացնել, բայց դա էլ չի ստացվել. Գարիկ Սարգսյանն է միջամտել։
-Եթե ինքը նման կարծիք ունի, դա իր անձնական կարծիքն է, բայց Գյումրիի պատմությունն այլ պատմություն է։ Այնտեղ հողի բացակայության խնդիր էր. 11 տեղամասից մեզ երեք կտոր հող էին տվել, ու գները թանկացել էին։ Որպեսզի դուք ճիշտ պատկերացնեք՝ ամեն ծրագիր չի, որ կարող է իրականանալ. եթե դու հաշվում ես մի գումար, բայց արդյունքում ստացվում է ուրիշ գումար և տեսնում ես, որ այդ գումարը չի կարելի հետ բերել, ներդրողը կամ ծրագրի հեղինակը կասեցնում է այդ ծրագիրը։ Հիմա Գարիկ Սարգսյանն ի՞նչ է արել՝ ես տեղյակ չեմ. զանգել է՝ դա իր գործն է, ասել է՝ դա իր գործն է։ Ինձ թվում է՝ այս պատմությունը առհասարակ իմաստ չունի՝ ինչ-որ բացահայտումներ, ինչ-որ բացատրություններ։ Հա, շատ ծրագրեր կան, որ մարդիկ գծում են, հետո չի ստացվում։ Գաղափարը մինչև ծրագիր դառնալը ահագին բան է պահանջում։
Եթե ես կառավարությանը դիմած լինեի, որ ինձ փող տվեք՝ կարելի էր նման բան ասել։ Իսկ եթե ես ոչ մեկից փող չեմ ուզել, իմ գրպանից եմ ծախսում՝ «ստախոս» ասելը ո՞րն է։
-Ձեր ընկերությունը շարունակո՞ւմ է գործել։
-Մեր ընկերությունը գրանցված է, բայց ոչ մի գործ չենք անում։ Ծրագրեր ենք մշակում, ուրիշ երկրների հետ ենք աշխատում։ Ո՞ր երկրների՝ թույլ տվեք չբացահայտել։ Ծրագիր էր՝ իրենց դուրը եկել էր, ուզեցել ենք անել, չի ստացվել։ Վերջ, թեման փակված է։
Ինչ է ցույց տալիս փաստերի համադրումը
Factor.am-ի ուսումնասիրած նյութերը թույլ չեն տալիս հաստատել Գարիկ Սարգսյանի այն պնդումը, թե «Արմոն» ՍՊԸ-ն ի սկզբանե ընդհանրապես ֆինանսական միջոցներ չի ունեցել կամ ծրագիրն ամբողջությամբ «ֆեյք» է եղել։ Մեր տրամադրության տակ եղած փաստաթղթերում ներդրողների բացակայության մասին նման արձանագրում չկա, իսկ 2019 թվականի օգոստոսին ընկերությունն ինքը մարզպետին հավաստիացրել է, որ ներդրողների հետ պայմանները համաձայնեցված են և գումարները պատրաստ են։
Միաժամանակ փաստաթղթերը չեն ապացուցում նաև, որ հայտարարված ներդրումային ամբողջ ծավալը փաստացի ապահովված էր։ Բիզնես պլանում բացակայում էր ամբողջ համալիրի ընդհանուր նախահաշիվը, որպես հնարավոր գնորդներ ներկայացված համաշխարհային բրենդների հետ կնքված պայմանագրեր չկային, իսկ ծրագիրը նաև նախատեսում էր պետական-մասնավոր համագործակցության գործիքների կիրառում։
Փաստերն ավելի հստակ են մեկ այլ հարցում․ երկու խոշոր ծրագրերն էլ անցել են պետական և համայնքային քննարկումների փուլերով, ստացել տարբեր մակարդակի աջակցություն կամ նախնական համաձայնություն, բայց դրանցից ոչ մեկը գործնական շինարարության փուլ չի հասել։
Կոկորդիլոսաբուծարանի դեպքում նաև այսօր ներկայացվող՝ COVID-19-ով պայմանավորված բացատրությունը ամբողջությամբ չի պատասխանում հարցին, թե ինչու 2019 թվականի օգոստոսին «մոտակա շաբաթների ընթացքում» խոստացված աշխատանքները չեն սկսվել մինչև համավարակը։
Իսկ ծրագրի չիրականացման պատճառների վերաբերյալ տարբեր տարիներին հնչել են մի քանի տարբեր վարկածներ։
Այսպիսով՝ փաստերը բավարար չեն ծրագրի հեղինակին անվերապահորեն «ֆեյք ներդրող» որակելու համար, բայց դրանք նաև ցույց չեն տալիս, որ հայտարարված բազմամիլիոնանոց ծրագրերի համար անհրաժեշտ ֆինանսավորումն ամբողջությամբ ապահովված էր։ Փոխարենը փաստաթղթավորված է, որ «Արմոն»-ը երկու անգամ ներկայացրել է մեծածավալ ներդրումային ծրագրեր, ստացել իշխանությունների ուշադրությունն ու որոշ դեպքերում նաև որոշումներ իր օգտին, սակայն երկու նախագծերն էլ մնացել են թղթի վրա։
Եվգենյա Համբարձումյան

