ԱԱԾ-ականները Փաշինյանի հայտարարությունից 5 օր անց Գագիկ Խաչատրյանին տարան անկողնուց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

«Ո՞նց է լինում, որ Գագիկ Խաչատրյանը դատվում է, դատավորը լկտիաբար այնքան դատը հետաձգում է, որ ինքը թոշակի գնա, որ այդ ամբողջ իրավական պրոցեսը զրոյանա։ Ձրի՞… Լուրջ ե՞ք ասում»,- օգոստոսի 27-ին Factor TV-ի հարցին այսպես էր արձագանքել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործի մասին։ Հինգ օր անց՝ սեպտեմբերի 1-ին, Գագիկ Խաչատրյանը ձերբակալվեց։

Դիմակավորված ԱԱԾ-ականները նրան դատարան տարան պատգարակով։

Իրավապահները խուզարկել են ինչպես Խաչատրյանի, այնպես էլ նրա որդու բնակարանը, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներն ու մասնաճյուղերը։

Նոր քրեական վարույթում խոսքը առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, վատնման, գույքի ապօրինի օտարման և փողերի լվացման ենթադրյալ դեպքերի մասին է։

Դատախազությունից հայտնել են.

  • «Պրոգրես Արմենիա» ՍՊ և «Լոկալ Դիվելոփերզ» ՍՊ ընկերությունների տնօրեն Ս.Մ.-ից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և դրա դիմաց գույք ձեռք բերելու մասին,
  • «Դիլիջան» ուսումնական կենտրոնի շինարարական աշխատանքների շրջանակում, ի թիվս այլնի, 174 միլիոն 581 հազար դրամի վատնման մասին,
  • Բրյուսովի անվան համալսարանին պատկանող՝ 208 միլիոն 908 հազար դրամ արժեքով գույքի ապօրինի օտարման սխեմայի մասին,
  • առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման՝ 151 միլիոն 126 հազար դրամի հանցավոր ծագումը քողարկելու մասին։

Սակայն Փաշինյանի հայտարարության հասցեատերը միայն Գագիկ Խաչատրյանը չէր։

«Հիմա, եթե հրահանգի հարց է, ես դատաիրավական համակարգից ոչ թե հրահանգում, այլ պահանջում եմ, մանավանդ որ այդ դատավորն արդեն թոշակի է գնացել. գնացե՛ք, իր և իր ընտանիքի ամբողջ ունեցվածքը նայե՛ք՝ Հայաստանում, Հայաստանից դուրս»,– լրագրողների հետ զրույցում նշել էր Փաշինյանը։

Դատավորը, որի մասին խոսում էր Փաշինյանը, Արթուր Մկրտչյանն է։ Գագիկ Խաչատրյանի գործը նրա վարույթում էր 2020 թվականից։ Բարձրագույն դատական խորհուրդը Մկրտչյանի լիազորությունները դադարեցրել է 2024 թվականի հունիսի 21-ից։ Այդ ժամանակ ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Կարեն Անդրեասյանը։

Հատկանշական է, որ դրանից ընդամենը մի քանի ամիս առաջ՝ 2024 թվականի փետրվարին, Դատական դեպարտամենտը ձգձգվող քրեական գործերի մասին ֆիլմ էր հրապարակել և հենց Գագիկ Խաչատրյանի գործով Արթուր Մկրտչյանի աշխատանքը գնահատել «շատ որակյալ»։

Factor TV-ն այդ գնահատականներին անդրադարձել էր դեռ 2024 թվականին։

 

Մկրտչյանի հեռանալուց հետո գործի քննությունը շարունակեց մեկ այլ դատավոր՝ Գիվի Հովհաննիսյանը։ 2025 թվականի ապրիլի 4-ին գործը մակագրվել էր նրան։ Հենց Հովհաննիսյանն էր առաջին դատավորը, որը Գագիկ Խաչատրյանին թույլատրել էր բուժման նպատակով լքել Հայաստանը։

Սակայն Խաչատրյանն այդպես էլ չկարողացավ մեկնել։ Մեկ այլ քրեական գործով նրա նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում սկսվեց, իսկ որպես խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը։

Շուտով խնդիրներ առաջացան նաև Գիվի Հովհաննիսյանի հետ կապված։ Այս տարվա հուլիսին դադարեցվեցին նաև նրա լիազորությունները։

Խաչատրյանի վերաբերյալ որոշումից ընդամենը երեք օր անց ԱԱԾ-ն հայտնեց, որ Հովհաննիսյանը 2024 թվականին ներկայացրած՝ 2023 թվականի հայտարարագրում տվյալներ է թաքցրել։

Ըստ ԱԱԾ-ի՝ նա չի հայտնել, որ 2023 թվականին, փաստացի ամուսնական հարաբերություններ ունենալով իր օգնականի հետ, ավելի քան 183 օր համատեղ բնակվել է նրա և վերջինիս մոր հետ։ Բացի այդ, հայտարարագրում որպես փաստացի բնակության հասցե նշել է իր հաշվառման հասցեն։

Գիվի Հովհաննիսյանի վարույթում գտնվող ավելի քան 80 գործերի քննությունը պետք է սկսվի նորից։ Դրանց թվում է նաև Գագիկ Խաչատրյանի գործը։

«Բոլորի հետևից գնալու ենք, բոլորի հետևից պետք է գնանք, բոլորի հետևից՝ իրենց զոքանչների, քենիների, աներձագների, բոլորի հետևից գնալու ենք»,– օգոստոսի 27-ին ասել էր Փաշինյանը։

Փաստորեն, այդ հայտարարությունից հինգ օր անց իրավապահներն արդեն գնացին Գագիկ Խաչատրյանի հետևից։

Դատախազությունից հայտնում են նաև, որ Խաչատրյանը չունի այնպիսի առողջական խնդիրներ, որոնք կարող են խոչընդոտել քրեական վարույթի շրջանակում նրա մասնակցությանը։

«Դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունների արդյունքներով արձանագրվել է, որ Գագիկ Խաչատրյանը կարիք չի ունեցել վիրահատական միջամտության։ Դրա անհրաժեշտությունը ներկա պահին կարող է դիտարկվել Խաչատրյանի՝ ՄՌՏ հետազոտության ենթարկվելուց հետո, որից նա հրաժարվել է։ Համապատասխան ցուցման առկայության դեպքում վիրահատությունը հնարավոր է կատարել Հայաստանի բժշկական հիմնարկությունների մասնագիտացված բաժանմունքներում։ Ընդ որում, վիրահատության կատարման համար ներկայում ՀՀ-ում առկա են անհրաժեշտ գործիքակազմը, տեխնիկական միջոցները և մասնագետները, որոնք կարող են կատարել և կատարում են նման վիրահատական միջամտություններ»,– հայտնել են դատախազությունից։

Փաստաբանական խումբը պնդում է, որ 71-ամյա Գագիկ Խաչատրյանը ոչ միայն զրկված է պատշաճ բժշկական օգնություն ստանալու հիմնարար իրավունքից, այլև ենթարկվում է անմարդկային վերաբերմունքի։

«Պարո՛ն փոխգնդապետ, տեղեկացված եղե՛ք՝ ձեր գործողությունները հանդիսանում են խոշտանգում, վաղեմության ժամկետ չունեն, քրեական պատասխանատվության եք ենթարկվելու։ Ձեր դիմակը ձեզ չի՛ փրկելու»,– Խաչատրյանին տեղափոխելու ժամանակ ասել է փաստաբան Արամ Օրբելյանը։

Փաստաբանական թիմից հայտնել են, որ Գագիկ Խաչատրյանի մոտ դեռևս 2015 թվականին ախտորոշվել է ողնաշարի ստենոզ։

«Նրա պարանոցային ողնաշարում տեղադրված են հատուկ իմպլանտներ, որոնք Հայաստանի բժշկական հաստատություններում չեն կիրառվում։ Բժիշկների և դատաբժշկական փորձագետների եզրակացությունների համաձայն՝ նրան անհրաժեշտ է անհետաձգելի վիրահատական միջամտություն, որը Հայաստանում հնարավոր չէ իրականացնել համապատասխան մասնագետների, գործիքների և տեխնիկական պայմանների բացակայության պատճառով»,– հայտնել են փաստաբանական թիմից։

Փաշինյանը պահանջում է ստուգել ոչ միայն Գագիկ Խաչատրյանի, այլև տարիներ շարունակ նրա գործը քննած նախկին դատավորի և նրա ընտանիքի ունեցվածքը՝ Հայաստանում և արտերկրում։

Գագիկ Խաչատրյանն արդեն ձերբակալված է։ Իսկ նախկին դատավոր Արթուր Մկրտչյանի մասով իրավապահները առայժմ հրապարակային պատասխան չեն տվել։

Եվգենյա Համբարձումյան