3 մլն դոլարանոց ժամացույց, 1992 թ․ արտադրության Volvo, 16 անշարժ գույք, մեծ մասը՝ ՌԴ-ում․ ինչ է հայտարարագրել Սամվել Կարապետյանը
Քաղաքականություն
19.08.2026 | 19:13
«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը գույքի և եկամուտների հայտարարագիր է ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Factor.am-ը վերլուծել է պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա՝ փետրվարի 11-ի դրությամբ Կարապետյանի ներկայացրած հայտարարագիրը և ներկայացնում է, թե ինչ կարողություն է հայտարարագրել Forbes պարբերականի 2026 թվականի տվյալներով 4.1 մլրդ ԱՄՆ դոլար կարողություն ունեցող գործարարը։
2025-ին նրա ունեցվածքը գնահատվում էր մոտ 3.2 միլիարդ դոլար, այսինքն՝ մեկ տարում գնահատականն աճել է մոտ 900 միլիոն դոլարով։ Forbes Russia-ի 2026 վարկանիշում նա 44-րդն է Ռուսաստանի միլիարդատերների շարքում։
Կարապետյանը հայտնել է, որ բնակվում է կնոջ՝ Էթերի Կարապետյանի հետ, ներկայացրել է նաև իր հետ կապված մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված համատեղ չբնակվող 11 անձանց մասին տվյալները։
Կուսակցության նախագահը 16 անշարժ գույք է հայտարարագրել․ մեկը Հայաստանում, մեկը՝ ԱՄԷ-ում, մնացածը՝ Ռուսաստանում։
- Հասարակական նշանակության շինություն ՌԴ-ում, գնվել է 2012-ի հուլիսի 23-ին (համատեղ սեփականություն),
- Ավտոկայանատեղի ՌԴ-ում, գնվել է 2024-ի փետրվարի 9-ին (համատեղ սեփականություն),
- Բնակարան ՌԴ-ում, գնվել է 2025-ի ապրիլի 6-ին (համատեղ սեփականություն),
- Անհատական բնակելի տուն Տաշիրում, գնվել է 1989-ի հոկտեմբերի 20-ին (միանձնյա սեփականություն),
- Անհատական բնակելի տուն ՌԴ-ում, գնվել է 2005-ի սեպտեմբերի 22-ին (համատեղ սեփականություն),
- Անհատական բնակելի տուն ՌԴ-ում, գնվել է 2005-ի սեպտեմբերի 22-ին (համատեղ սեփականություն),
- Անհատական բնակելի տուն ՌԴ-ում, գնվել է 2005-ի սեպտեմբերի 22-ին (համատեղ սեփականություն),
- Անհատական բնակելի տուն ՌԴ-ում, գնվել է 2005-ի սեպտեմբերի 22-ին (համատեղ սեփականություն),
- Հողամաս ՌԴ-ում, գնվել է 2005-ի սեպտեմբերի 22-ին (համատեղ սեփականություն),
- Հողամաս ՌԴ-ում, գնվել է 2011-ի հոկտեմբերի 25-ին (համատեղ սեփականություն),
- Նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված այն շինություն ԱՄԷ-ում, գնվել է 2025-ի մարտի 3-ին (համատեղ սեփականություն),
- Բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք ՌԴ-ում, գնվել է 2017-ի փետրվարի 8-ին (համատեղ սեփականություն),
- Հասարակական նշանակության շինություն ՌԴ-ում, գնվել է 2020-ի մայիսի 29-ին (համատեղ սեփականություն),
- Բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք ՌԴ-ում, գնվել է 2017-ի փետրվարի 8-ին (համատեղ սեփականություն),
- Բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք ՌԴ-ում, գնվել է 2017-ի փետրվարի 8-ին (համատեղ սեփականություն),
- Հողամաս ՌԴ-ում, գնվել է 2012-ի հուլիսի 23-ին (բաժնային սեփականություն)։
90 և ավելի օր փաստացի տիրապետել է 3 անշարժ գույքի, որոնցից 2-ը գտնվում են Կիպրոսում։ Բնակարան և ավտոկայանատեղի Կիպրոսում, ինչպես նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող հայտնի առանձնատունը, որտեղ այժմ տնային կալանքի պայմաններում բնակվում է Սամվել Կարապետյանը։
Կարապետյանը հայտարարագրել է նաև 1992 թվականին թողարկված Volvo մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 1993-ի ապրիլի 16-ին։ Այլ տրանսպորտային միջոցներ նա չի հայտարարագրել։
Կուսակցության նախագահը նաև 18 ընկերություններում բաժնային արժեթղթերի և այլ ներդրումների մասին է հայտնել։
- 1,500,000 ռուբլի արժողությամբ բաժնեմաս, որը գնվել է 2006-ի հոկտեմբերի 19-ին,
- 207,200,000 դրամ արժողությամբ բաժնեմաս, որը գնվել է 2016-ի դեկտեմբերի 22-ին,
- 10,000 եվրո արժողությամբ բաժնեմաս, որը գնվել է 2015-ի մայիսի 15-ին,
- 50,000 դոլար արժողությամբ բաժնեմաս, որը գնվել է 2012-ի հոկտեմբերի 19-ին,
- 2,000 եվրո արժողությամբ բաժնեմաս, որը գնվել է «ԼԷ Գոնքս»-ում՝ 2016-ի նոյեմբերի 10-ին,
- 3,000 եվրո արժողությամբ բաժնեմաս, որը գնվել է 2012-ի դեկտեմբերի 13-ին,
- 2,500 եվրո արժողությամբ բաժնեմաս, որը գնվել է «Գլոբալ Կոնֆորմիթի ԱԳ»-ում՝ 2009-ի հունիսի 29-ին,
- 71,914,500 ռուբլի արժողությամբ բաժնեմաս, որը գնվել է «Տաշիր Կապիտալ Լիմիթեդ»-ում՝ 2024-ի մայիսի 13-ին,
- 12,015,930 ռուբլի արժողությամբ բաժնեմաս, որը գնվել է 2006-ի օգոստոսի 30-ին,
- 7,500.13 ռուբլի արժողությամբ բաժնեմաս, որը գնվել է «Կալուգայի քիմիական և դեղագործական գործարան» ԲԲԸ-ում՝ 2014-ի ապրիլի 4-ին,
- 5,000 ռուբլի արժողությամբ բաժնեմաս, որը գնվել է «Տաշիր Կապիտալ Լիմիթեդ»-ում՝ 2024-ի դեկտեմբերի 7-ին,
- 189,943,400.33 ռուբլի արժողությամբ բաժնեմաս, որը գնվել է 2010-ի նոյեմբերի 29-ին,
- 450,000 ռուբլի արժողությամբ բաժնեմաս, որը գնվել է 2011-ի դեկտեմբերի 19-ին,
- 1,350 ռուբլի արժողությամբ բաժնեմաս, որը գնվել է 2012-ի օգոստոսի 29-ին,
- 67,000 ռուբլի արժողությամբ բաժնեմաս, որը գնվել է 2012-ի դեկտեմբերի 21-ին,
- 840,000.6 ռուբլի արժողությամբ բաժնեմաս, որը գնվել է 2013-ի մայիսի 31-ին,
- 73,185.9 ռուբլի արժողությամբ բաժնեմաս, որը գնվել է 2012-ի հուլիսի 10-ին,
- 332,873,599.36 ռուբլի արժողությամբ բաժնեմաս, որը գնվել է 2010-ի դեկտեմբերի 10-ին։
Սամվել Կարապետյանը 1 միլիարդ 606 միլիոն 940 հազար 300 ռուբլու չափով փոխառություններ է հանձնել «Տաշիր Ֆոնդ» ՍՊԸ-ին՝ 18% տոկոսադրույքով։ 65 միլիոն 170 հազար 491 եվրո փոխառություն է հանձնել «Լեյսոն Հոլդինգս Լիմիթեդ»-ին՝ 2% տոկոսադրույքով։
Կարապետյանը նաև թանկարժեք ժամացույցներ է հայտարարագրել․
- Kerbedanz (2021)՝ 200 հազար դոլար (գնում),
- Kerbedanz (2021)՝ 200 հազար դոլար (գնում),
- Greubel Forsey (2022)՝ 450 հազար եվրո (գնում),
- Vacheron Constantin (2015)՝ 3 միլիոն դոլար (նվիրատվություն)։
Կարապետյանը նաև 3 բանկային հաշվեհամարում առկա դրամական միջոցներ է հայտարարագրել․
- 37,000,666 դրամ,
- 441,051 ռուբլի,
- 1,989,308 ռուբլի։
Նա նաև կանխիկ դրամ է հայտարարագրել․
- 20,000,000 եվրո,
- 26,540,000 դոլար,
- 1,872,000,000 ռուբլի։
Ըստ Farbes-ի՝ Կարապետյանի հարստության հիմնական աղբյուրը «Տաշիր» ընկերությունների խումբն է։ Forbes Russia-ն նրա կապիտալը ներկայացնում է որպես «Տաշիր» խմբի 100% սեփականություն։ Խումբը միայն անշարժ գույքով չի զբաղվում․ գործունեության հիմնական ուղղություններից են անշարժ գույքը, շինարարությունը, էներգետիկան, ֆինանսները, շինանյութերի արտադրությունը և ռեստորանային բիզնեսը։ Forbes-ի տվյալներով՝ «Տաշիրի» 2025 թվականի համախառն հասույթը եղել է մոտ 278 միլիարդ ռուբլի, իսկ խմբի ձեռնարկություններում աշխատել է մոտ 45,000 մարդ։ Խմբի կազմում է նաև «Ֆորա-բանկը»։
Ամերիկյան Forbes-ը նրա հարստության աղբյուրը բնութագրում է հիմնականում որպես real estate և նշում է, որ «Տաշիրի» տարեկան վաճառքը մոտ 2.8 միլիարդ դոլար է։ Խումբը մեծ կոմերցիոն անշարժ գույքի պորտֆել ունի, այդ թվում՝ РИО առևտրաժամանցային կենտրոնների ցանցը, և երկար տարիներ խոշոր շինարարական ու ենթակապալառուական աշխատանքներ է կատարել Ռուսաստանում։
Հիշեցնենք՝ կուսակցության նախագահի պարտականությունները ստանձնելուց հետո Սամվել Կարապետյանը գույքի և եկամուտների հայտարարագիրը սահմանված ժամկետում չէր ներկայացրել։ Հուլիսին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նրան տուգանել էր 200 հազար դրամով։
ԿԿՀ-ն հաստատել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին ներկայացնել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը, սակայն չի ներկայացրել ո՛չ օրենքով սահմանված ժամկետում, ո՛չ էլ հանձնաժողովի լրացուցիչ գրավոր ծանուցումից հետո։
Կարապետյանի ներկայացուցիչները պատճառաբանել են, որ տնային կալանքի և հաղորդակցության սահմանափակումների պատճառով հնարավոր չի եղել հավաքել բանկային տվյալները։ Հանձնաժողովը, սակայն, գտել է, որ հայտարարագիրը հնարավոր էր ներկայացնել լիազորված անձի, էլեկտրոնային համակարգի կամ թղթային եղանակի միջոցով, իսկ տնային կալանքն ինքնին չէր վերացնում այդ պարտականությունը։ Խափանման միջոցը չի փոխվել, սակայն դա, փաստորեն, չի խանգարել Կարապետյանին ներկայացնել հայտարարագիրը։
Արդյունքում հանձնաժողովը Սամվել Կարապետյանի նկատմամբ նշանակել էր 200 հազար դրամ վարչական տուգանք։ Տուգանվելուց հետո Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան ընդդեմ ԿԿՀ-ի։
Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանի շուրջ իրավական գործընթացները սկսվեցին նախորդ տարվա հունիսին՝ նրա այն հայտարարությունից հետո, թե պատրաստ է Հայ Առաքելական եկեղեցին պաշտպանել «մեր ձևով»։ Դրանից հետո գործարարը մեղադրյալ դարձավ։ Նա շուրջ 7 ամիս պահվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, իսկ այժմ տնային կալանքի տակ է։
Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ոչ միայն իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի, այլև փողերի լվացման հոդվածով։
Եվգենյա Համբարձումյան

