ԿԸՀ-ն օրենքը կիրառել է «մեր ձևով»․ ով պետք է Նարեկ Կարապետյանին զրկեր անձեռնմխելիությունից
Հասարակություն
06.08.2026 | 19:30
Որ պահից է «Ուժեղ Հայաստան»-ից ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը համարվել պատգամավոր և մինչև որ պահն է եղել պատգամավորի թեկնածու, Ազգային ժողո՞վը, թե՞ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է քններ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցն այն դեպքում, երբ նա ընտրվել էր պատգամավոր, բայց դեռևս Ազգային ժողովի նստաշրջանը չէր մեկնարկել։ Արդյոք Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավունք ուներ վերադարձնել նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցով Դատախազության դիմումն ու երկրորդ անգամ կրկին ընդունել այն քննության։ Այս տարվա խորհրդարանական ընտրություններն ուղեկցվեցին պատգամավորի անձեռնմխելիության ինստիտուտի մասին այս հարցադրումներով։ Factor․am-ն ուսումնասիրել է պատգամավորի և պատգամավորի թեկնածուի անձեռնմխելիության ինստիտուտի վերաբերյալ սահմանադրական և օրենսդրական կարգավորումները, Սահմանադրական դատարանի որոշումներն ու դրանց արդյունքում ձևավորված իրավակիրառ պրակտիկան։
Պատգամավորի թեկնածուի անձեռնմխելիության ինստիտուտի նպատակը նրա անկախությունն ապահովելն է նախընտրական շրջանում և մինչև պատգամավոր դառնալը, որպեսզի նա զերծ մնա հնարավոր ճնշումներից և քաղաքական հետապնդումներից, հնարավորություն ունենա անխոչընդոտ իրացնելու իր ընտրվելու իրավունքը։ Այս ինստիտուտին այնպիսի էական նշանակություն է տրված, որ եթե իրավասու մարմինը պատշաճ ընթացակարգով անձին չզրկի անձեռնմխելիությունից, դա ինքնին քրեական հետապնդումը բացառող հանգամանք է։ Այսինքն՝ եթե անգամ հավաքվել են բավարար ապացույցներ, որոնցով առերույթ հաստատվում է անձի առնչությունը իրեն վերագրվող հանցանքին, նրա նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի, եթե պարզվի, որ մինչև նրան մեղադրյալ ներգրավելը նա պատշաճ կարգով չի զրկվել անձեռնմխելիությունից։ Այդուհանդերձ, օրենսդրական կարգավորումները խճճված են և տարընթերցումների տեղիք տվող, ինչն էլ պատճառ է դարձել, որ դրանք մեկնաբանվեն ըստ նպատակահարմարության։
Ինչու ծագեց իրավական վեճը
Հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների վերջնական արդյունքներով ԿԸՀ-ն հայտարարեց, որ երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը և «Հայաստան» կուսակցությունների դաշինքը հաղթահարել է անցողիկ շեմը։ Ընտրություններին մասնակցած ուժերից մի քանիսը, այդ թվում՝ ԱԺ անցած ընդդիմադիրները, ընտրությունների արդյունքները վիճարկեցին Սահմանադրական դատարանում։ Երբ վեճը դեռևս գտնում էր քննության փուլում, Դատախազությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց դիմում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը գլխավորող Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ևս ներգրավված էր Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ գործի քննությանը, ուստի՝ այդ օրերին նիստ չնշանակեց։
Հուլիսի 4-ին Սահմանադրական դատարանը հրապարակեց որոշում, որով անփոփոխ մնացին ԱԺ ընտրությունների արդյունքները։ Դրանից հետո՝ հուլիսի 8-ին նշանակված նիստում ԿԸՀ-ն անդրադարձավ Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու Դատախազության դիմումին և որոշեց վերադարձնել այն՝ պատճառաբանելով, որ այս փուլում Նարեկ Կարապետյանն այլևս պատգամավորի թեկնածու չէ, ուստի՝ ԿԸՀ-ն չի կարող քննել դիմումը։
Այսինքն՝ ԿԸՀ-ի տվյալ պահի մեկնաբանության համաձայն՝ ՍԴ որոշումից հետո ԿԸՀ-ն չի կարող քննել պատգամավորի թեկնածուների անձեռնմխելիության հարցով որևէ դիմում․ նրանք այլևս թեկնածու չեն համարվում։
Ստացվում է՝ այն ժամանակ, երբ ԿԸՀ-ն պարտավոր էր քննել Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու դիմումը՝ երաշխավորելով նրա անկախությունը և համոզվելով, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական ենթատեքստ չունի, չի քննել, իսկ հետո արձանագրել է, որ այլևս իրավասու չէ քննել։
Ինչպես ԿԸՀ-ն փոխեց դիրքորոշումը
Ըստ Նարեկ Կարապետյանի պաշտպանական թիմի՝ այս որոշումը հավասար է Դատախազության դիմումը մերժելուն։ Նման մեկնաբանության դեպքում երկրորդ անգամ ԿԸՀ նույն դիմումը ներկայացվել չէր կարող։ Նախկին պրակտիկայում պատգամավորի թեկնածուների հետ կապված նման իրավիճակ չի ստեղծվել, սակայն եղել է իրավիճակ, երբ դատավորների անկախության երաշխավոր ԲԴԽ-ն է համարել, որ դատավորին անձեռնմխելիությունից զրկելու դիմումը քննելն իր տիրույթում չէ։ Դատախազությունն այս դեպքում պարզապես առանց դատավորի անձեռնմխելիությունը հաղթահարելու նրան մեղադրանք է ներկայացրել։ Այս դեպքում, սակայն, Դատախազությունն իրավացիորեն այս ճանապարհով չի գնացել, քանի որ ակնհայտ էր, որ Կարապետյանը չէր կարող չունենալ անձեռնմխելիություն։
Այն, որ Նարեկ Կարապետյանը հայտնվելու էր խորհրդարանում, պարզ էր բոլորի, այդ թվում՝ իրավապահների համար։ Նարեկ Կարապետյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի առաջին համարն էր, ինքնաբացարկ չէր հայտնել, հայտարարել էր, որ վերցնելու է մանդատը։ Այսինքն՝ եթե անգամ դիտարկենք, որ նա ՍԴ որոշումից հետո դադարել էր լինել պատգամավորի թեկնածու, ապա պարզ էր, որ ընտրվել է պատգամավոր։ Թե՛ թեկնածուի, թե պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվել չի կարող առանց ԿԸՀ-ի կամ ԱԺ-ի համաձայնության։ Դատախազությունը նման պայմաններում երկրորդ անգամ ԿԸՀ ներկայացրեց նույնաբովանդակ դիմում՝ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու թույլտվություն ստանալու համար։ Միայն թե այս անգամ դիմումին կցվեց նաև Սահմանադրական դատարանի որոշումը ԱԺ ընտրությունների արդյունքներն անփոփոխ թողնելու վերաբերյալ։
Քրեական հետապնդում հարուցելիս՝ պատգամավորի թեկնածու, ազատությունից զրկելու հարցը քննարկելիս՝ պատգամավոր
Դատախազության դիմումը ԿԸՀ ներկայացվեց հուլիսի 13-ին, որից մեկ շաբաթ անց Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրված պատգամավորներին հանձնեց պատգամավորի վկայականները։ Նարեկ Կարապետյանը ևս ստացավ վկայական՝ այդպիսով, ըստ էության, ձեռք բերելով պատգամավոր լինելը հավաստող փաստաթուղթ։
Այս անգամ ԿԸՀ-ն քննեց Դատախազության միջնորդությունը և Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն տվեց։
Դիտարկենք, որ ԿԸՀ-ն միայն պատգամավորի թեկնածուի անձեռնմխելիության հարցով դիմումները կարող է քննել։ Բայց, փաստացի, ստացվեց այնպես, որ պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանի վերաբերյալ դիմումը ԿԸՀ-ն չքննեց, իսկ Նարեկ Կարապետյանին պատգամավորի վկայականը հանձնելուց հետո որոշեց քննել նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցը։ Ինչ վերաբերում է Նարեկ Կարապետյանին ազատությունից զրելու միջնորդությանը, ապա ԿԸՀ-ն այս դիմումը վերադարձրեց՝ պատճառաբանությամբ, որ պատգամավորին ազատությունից զրկելու հարցին համաձայնություն տալ կարող է միայն Ազգային ժողովը։
Այսինքն՝ ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը քննելիս նրան դիտարկեց որպես պատգամավորի թեկնածու, իսկ նրան ազատությունից զրկելու միջնորդության դեպքում՝ որպես պատգամավոր։
Ինչ են սահմանում Սահմանադրությունն ու օրենքները
Ինչպես պարզվում է՝ այս խառնաշփոթի պատճառն օրենքներն են, որոնք միմյանցից անջատ են գրվել և մեկնաբանվում։
Այսպես՝
ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝
- Պատգամավորն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամավորական գործունեության շրջանակներում հայտնած կարծիքի կամ քվեարկության համար:
- Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել յոթանասուներկու ժամից ավելի: Պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը:
Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 108-րդ հոդվածի համաձայն՝
1.Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը գլխավոր դատախազը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին: Ազգային ժողովի նախագահն այդ մասին անմիջապես տեղեկացնում է միջնորդագրում նշված պատգամավորին, իսկ դրա անհնարինության դեպքում հանդես է գալիս հայտարարությամբ: Միջնորդագրին կցվում է պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:
- Միջնորդագիրը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում։
Այսինքն՝ Սահմանադրությամբ ամրագրված է, որ պատգամավորի անձեռնմխելիության երաշխավորն Ազգային ժողովն է, ուստի բոլոր այն դեպքերում, երբ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու հարց է առաջանում, նախապես պետք է ստանալ Ազգային ժողովի համաձայնությունը։
Պատգամավորի թեկնածուից պատգամավոր դառնալու սահմանը
Իսկ ո՞րն է պատգամավորի թեկնածուից պատգամավոր դառնալու սահմանը։ Ընտրական օրենսգրքով և ԱԺ կանոնակարգ օրենքով հստակ չէ՝ երբ է պատգամավորի թեկնածուն կորցնում պատգամավորի թեկնածուի կարգավիճակից բխող երաշխիքները և ձեռք բերում պատգամավորի համար սահմանված գործունեության երաշխիքներ։
Պատգամավորի անձեռնմխելիության երաշխիքներն, ինչպես արդեն նշեցինք, ամրագրված է Սահմանադրությամբ, և միանշանակ է, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվում է միայն Ազգային ժողովի համաձայնությամբ։ Իսկ թեկնածուի կարգավիճակն ու գործունեության երաշխիքները սահմանվում են «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով։
Մասնավորապես՝
Ընտրական օրենսգրքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝
- Պատգամավորի թեկնածուի՝ մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության՝ նա չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված հարցի վերաբերյալ որոշում ընդունում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով: Սույն մասով սահմանված դրույթը չի տարածվում մինչև թեկնածու գրանցվելը ձերբակալված կամ կալանավորված քաղաքացիների, ինչպես նաև ձերբակալված անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և նշված անձանց կալանքի ժամկետը երկարաձգելու դեպքերի վրա։
Այսինքն՝ այս հոդվածի համաձայն՝ պատգամավորի թեկնածուի գրանցման պահից մինչև լիազորությունները ստանձնելու պահը նրա անկախության երաշխավորը Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է․ եթե նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու, նրան ազատությունից զրկելու հարց առաջանա, այս հարցով դատախազը պետք է դիմի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։
Այս կարգավորման նպատակը պատգամավորի թեկնածուի գրանցման պահից մինչև պատգամավոր դառնալը անձի անկախ գործունեությունը երաշխավորելն է, որի մասին վկայում է նաև հոդվածի վերնագիրը՝ «Պատգամավորի իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները»։ Ընդ որում՝ հարկ է նկատել, որ օրենքը որևէ տարանջատում չի դնում պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու միջնորդությունների միջև՝ երկուսի քննությունն էլ վերապահելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։
Այս տրամաբանությամբ հուլիսի 8-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է քններ Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու, ինչպես նաև նրան ազատությունից զրկելու միջնորդությունները, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովն, ինչպես արդեն նշեցինք, հետ է վերադարձրել Դատախազության դիմումը՝ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու վերաբերյալ՝ պատճառաբանելով, թե Նարեկ Կարապետյանն այլևս պատգամավորի թեկնածու չէր, և ԿԸՀ-ն իրավասու չէր քննել նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցը։
Իսկ ինչո՞ւ է ԿԸՀ-ն նման որոշում կայացրել
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչու է առաջին անգամ վերադարձրել, իսկ երկրորդ անգամ՝ քննել դիմումը։ Նա հղում է կատարել ընտրական օրենսգրքի 91-րդ հոդվածին, որով սահմանվում է պատգամավորի թեկնածուի կարգավիճակը։
Ըստ այդ հոդվածի՝
- Պատգամավորի թեկնածուն իր կարգավիճակը ձեռք է բերում ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցման պահից:
Սույն օրենսգրքով սահմանված իրավունքները և պարտականությունները պատգամավորի թեկնածուի վրա տարածվում են մինչև Ազգային ժողով ընտրվելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում` մինչև սահմանադրական դատարանի որոշում ընդունելը:
Սահմանադրական դատարանը որոշումը կայացրել է հուլիսի 4-ին, այսինքն՝ ըստ Վահագն Հովակիմյանի մեկնաբանության՝ հուլիսի 4-ից հետո Նարեկ Կարապետյանը դադարել է լինել պատգամավորի թեկնածու։ Հուլիսի 20-ին ԿԸՀ-ն ընտրված պատգամավորներին հանձնել է վկայականները, ուստի, ըստ Վահագն Հովակիմյանի մեկնաբանության, ԿԸՀ-ն կրկին իրավասություն է ստացել քննելու նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցը։
Այսինքն՝ ստացվում է, որ, ըստ Վահագն Հովակիմյանի մեկնաբանության, պատգամավորի թեկնածուները մինչև ընտրությունների արդյունքների հարցով վերջնական որոշման կայացումը թեկնածու են, ապա դադարում են թեկնածու լինել, իսկ վկայական ստանալուց հետո նորից դառնում են պատգամավորի թեկնածու, ինչը դուրս է իրավական տրամաբանությունից։
Իսկ իրականում ի՞նչ է սահմանվում Ընտրական օրենսգրքի 91-րդ հոդվածով
Վերադարձնելով Դատախազության դիմումը՝ ԿԸՀ-ն հղում է կատարել Ընտրական օրենսգրքի 91-րդ հոդվածին։ Ըստ ԿԸՀ-ի հուլիսի 8-ի դրությամբ՝ Նարեկ Կարապետյանն այլևս պատգամավորի թեկնածու չէր և նրա նկատմամբ չէին տարածվում պատգամավորի թեկնածուի կարգավիճակի հետ կապված իրավունքներն ու պարտականությունները։
Իսկ թեկնածուի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են 90-րդ հոդվածով, որը, ինչպես արդեն նշեցինք, վերնագրված է «Պատգամավորի թեկնածուի իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները»։
Հոդվածի 5-րդ և 2-րդ մասով, ըստ էության, սահմանվում են գործունեության երաշխիքները։
2-րդ մասի համաձայն՝
- Պատգամավորի թեկնածու գրանցված անձը պատգամավորի թեկնածուի կարգավիճակ ունենալու ժամանակահատվածում, ինչպես նաև մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորը ենթակա չէ կանչվելու վարժական հավաքի կամ զինվորական վարժանքի կամ զորակոչվելու պարտադիր զինվորական ծառայության:
Իսկ 5-րդ մասով սահմանվում է անձեռնմխելության երաշխիքները։
Այսինքն՝ օրենսդիրը տարանջատել է պատգամավորի թեկնածուի իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները՝ սահմանելով, որ պատգամավորի թեկնածուի իրավունքներն ու պարտականությունները նրանց նկատմամբ տարածվում են մինչև ԱԺ ընտրությունների արդյունքներն ամփոփելու ԿԸՀ որոշման վիճարկման ժամկետի ավարտը, իսկ այս որոշման վիճարկման դեպքում՝ մինչև ՍԴ որոշման հրապարակումը, իսկ գործունեության երաշխիքները պահպանվում են մինչև լիազորությունները ստանձնելու պահը։ Սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատգամավորի թեկնածուի իրավունքները, պարտականություններն ու գործունեության երաշխիքները նույնացրել է և որոշել, որ դրանք, այդ թվում՝ երաշխիքները դադարում են գոյություն ունենալ ՍԴ որոշումից հետո։
Իսկ ե՞րբ է պատգամավորը ստանձնում լիազորությունները
Պարզվում է՝ «Ազգային ժողովի» կանոնակարգ օրենքով պատգամավորի լիազորությունների ստանձելու պահ ամրագրված չէ։ Սովորույթի ուժով մեկնաբանվել է, որ դա պատգամավորի երդման պահն է, սակայն օրենքով նման կարգավորում, ինչպես պարզվում է առկա չէ։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում Նարեկ Կարապետյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը պնդում էր․ պատգամավորը կարգավիճակը ձեռք է բերում ընտրված լինելու փաստն արձանագրվելու պահից, հետևաբար՝ ԿԸՀ-ն չի կարող քննել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու միջնորդությունները և դրանք ԱԺ-ի տիրույթում են։
«Ազգային ժողովի» կանոնակարգ օրենքի համակարգային ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս օրենքով առկա են ուղիղ կարգավորումներ այն մասին, որ ԱԺ-ի կողմից ընտրված անձինք լիազորությունները ստանձնում են երդմամբ՝ ԱԺ հատուկ նիստում։ Օրինակ՝ նման ուղիղ կարգավորումներ առկա են Հանրապետության նախագահի, ԲԴԽ անդամների, Դատախազի ՄԻՊ-ի և այլ պաշտոնատար անձանց դեպքում։
ԱԺ պատգամավորները ևս ԱԺ առաջին նիստի օրը երդվում են, բայց որպես այդպիսին օրենքում ֆիքսված չէ, որ նրանք երդմամբ են ստանձնում պարտավորությունները, ինչն էլ տարընթերցումների տեղիք է տալիս։
ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ ԱԺ առաջին նիստին
- Ողջույնի ելույթներից հետո պատգամավորները երդվում են՝ «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար:»:
- Նիստից բացակայող կամ Ազգային ժողովի կազմը հետագայում համալրած պատգամավորը երդվում է Ազգային ժողովի՝ իր մասնակցությամբ առաջին նիստում:
- Պատգամավորների երդումից հետո նիստը նախագահողն Ազգային ժողով ընտրվելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրության հիման վրա պաշտոնապես հայտարարում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թիվը, քաղաքական կոալիցիա կազմած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) անվանումները և ներկայացնում պատգամավորներին` կարդալով յուրաքանչյուրի անունը, ազգանունը, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անվանումը, որից հետո պատգամավորները գրանցվում են:
Սրանից հետո միայն հայտարարվում է առաջին նստաշրջանի օրակարգը։
Թեև օրենքում ուղիղ գրված չէ, սակայն անալոգիա կիրառելով Դատախազի, ՄԻՊ-ի և ԱԺ-ի կողմից ընտրված այլ պաշտոնատար անձանց վերաբերյալ կարգավորումների հետ, կարելի էր եզրահանգել, որ պատգամավորի լիազորությունների ստանձնման պահը հենց առաջին նիստում երդմամբ է արձանագրվում։
Այս դեպքում կստացվեր, որ պատգամավորի թեկնածուն գրանցման պահից մինչև երդմամբ լիազորությունները ստանձնելու պահը թեկնածու է և նրա նկատմամբ թե՛ հետապնդում հարուցելիս, թե՛ նրան ազատությունից զրկելիս պետք է ԿԸՀ-ն համաձայնություն տա, ուստի՝ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու հարցերը ԿԸՀ-ի տիրույթում են։ Սակայն գործում է մեկ այլ օրենք, որի ուսումնասիրությամբ պարզ է դառնում, որ պատգամավորի կարգավիճակն ավելի վաղ է ծագում։
«Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի համաձայն՝ պատգամավորի մանդատի հետ այլ գործունեությունն անհամատեղելի է։
Այս օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝

Պատգամավորական մանդատն ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, պատգամավորը պարտավոր է`
1) դուրս գալ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից,
2) ազատվել առևտրային կազմակերպություններում զբաղեցրած պաշտոնից,
3) դուրս գալ առևտրային կազմակերպություններից կամ դրանց կանոնադրական կապիտալում իր բաժնեմասն ամբողջությամբ հանձնել հավատարմագրային կառավարման,
4) հրաժարվել առևտրային կազմակերպությունում ուրիշի գույքի հավատարմագրային կառավարումից,
5) ազատվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում զբաղեցրած պաշտոններից, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասում նշված պաշտոնների,
6) ազատվել վճարովի հիմունքներով աշխատանքից, բացառությամբ գիտական, կրթական կամ ստեղծագործական աշխատանքի:
Նույն հոդվածի 4-րդ մասով էլ սահմանվում է, որ մեկամսյա ժամկետի ընթացքը կասեցվում է Սահմանադրական դատարանում Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների վիճարկման մասին գործի քննության ընդունման օրվանից մինչև այդ գործով Սահմանադրական դատարանի վերջնական որոշման ընդունման օրը:
Այսինքն՝ այս օրենքի տեսանկյունից անձն ավելի վաղ է ձեռք բերում պատգամավորի կարգավիճակ։
Տվյալ դեպքում ԿԸՀ-ն մանդատները բաշխել է հունիսի 14-ին, հետևաբար՝ մանդատ ստացած անձինք այդ պահից օրենքի տեսանկյունից դիտարկվել են որպես պատգամավոր, և պատգամավորի մանդատի անհամատեղելիության կանոնները այդ պահից գործել են մանդատ ստացած պատգամավորների նկատմամբ․ նրանց վրա դրվել է պատավորություն մեկամսյա ժամկետում դադարեցնել իրենց այլ գործունեությունը։
Այսպիսով՝ վերլուծելով վերը նշված սահմանադրական ու օրենսդրական կարգավորումները՝ կարող ենք հանգել հետևության, որ․
1․ ԿԸՀ-ն իրավասու է քննել պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու հարցերը պատգամավորի թեկնածու գրանցվելու պահից մինչև լիազորությունները ստանձնելու պահը։
Օրենքում, սակայն, հստակ չէ, թե պատգամավորը երբ է ստանձնում լիազորությունը։
2․Պատգամավորի թեկնածուի իրավունքներն ու պարտականությունները դադարում են ԱԺ ընտրվելու մասին ԿԸՀ որոշման վիճարկման ժամկետի ավարտի, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում՝ մինչև ՍԴ որոշման կայացման պահից, սակայն թեկնածուի գործունեության երաշխիքները շարունակում են պահպանվել մինչև պատգամավորի լիազորությունները ստանձնելու պահը, որը, սակայն, օրենքով ֆիքսված չէ։
3․Եթե համարենք, որ պատգամավորը լիազորությունները ստանձնում է ԱԺ առաջին նիստին՝ երդմամբ, ապա թե՛ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, թե՛ նրան ազատությունից զրկելու հարցը ԿԸՀ-ի տիրույթում է, ինչից հետևում է, որ
1․ ԿԸՀ-ն պետք է քններ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու հարցերը։ Ուստի, մեր դիտարկմամբ, առաջին անգամ խախտել է օրենքը՝ դիմումը ետ վերադարձնելով, իսկ երկորրդ անգամ՝ նրան ազատությունից զրկելու հարցը չքննելով։ Միաժամանակ, «Պատգամավորի գործունեության երաշխիքների» մասին օրենքով պատգամավորը կարգավիճակը ձեռք է բերում մանդատ ստանալու պահից, այսինքն՝ ավելի վաղ, քան ԱԺ առաջին նստաշրջանի մեկնարկը։
Վերը նշված օրենսդրական կարգավորումներից պարզ չի դառնում՝ անձը մինչև որ պահն է պատգամավորի թեկնածու և որ պահից՝ պատգամավոր, ինչն առանցքային նշանակություն ունի՝ որոշելու համար, թե որ մարմինը՝ ԿԸՀ-ն, թե ԱԺ-ն պետք է անձին զրկի անձեռնմխելիությունից։
Ինչ դիրքորոշում է հայտնել Սահմանադրական դատարանը
Սահմանադրական դատարանը պատգամավորի թեկնածուի անձեռնմխելիության ինստիտուտի վերաբերյալ 2022-ին կայացրած որոշում ունի։
Պատգամավորի նկատմամբ ԿԸՀ-ի համաձայնությամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու հարցը կարգավորող Ընտրական օրենսգրքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի սահմանադրականության հարցը ՍԴ-ի առաջ բարձրացրել էր Մարդու իրավունքների պաշտպանը։
Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի՝ 90-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված չեն մարդու նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությունը ստանալու պատշաճ կառուցակարգեր և ընթացակարգային նորմեր, ինչը հանգեցնում է մարդու սահմանադրական իրավունքների խախտման։
ՄԻՊ-ը, մասնավորապես, նշել է, որ Սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի վիճարկվող 5-րդ մասը կիրառվում է խիստ ձևական մոտեցումներով, որից օգտվում է քրեական հետապնդման մարմինը և կատարում է քաղաքացու սահմանադրական իրավունքները խախտող գործողություններ։ Վերոգրյալի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությունը ստանալու համար, միևնույնն է, չկա որևէ ընթացակարգ, անձի համար սահմանված չեն համապատասխան իրավունքներ ու այդ իրավունքներն ապահովելու անհրաժեշտ մեխանիզմներ: Դիմողի եզրահանգմամբ՝ գործող կառուցակարգերի պարագայում օրենքով նախատեսված երաշխիքը կրում է ձևական բնույթ, իսկ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համաձայնության հարցի քննարկման գործընթացը քրեական հետապնդման մարմնի օգտին նախապես կանխորոշված ելքով մեխանիկական աշխատանք է՝ առանց որևէ բովանդակային քննարկման:
Ըստ ՄԻՊ-ի՝ քրեական հետապնդում հարուցելու կամ անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությունը ստանալու կառուցակարգերի բացակայության պայմաններում անձը որևէ հնարավորություն չունի կողմնորոշվելու, թե իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցվելու դեպքում իրավական ինչ նորմեր են կիրառվելու, ինչ ընթացակարգով, ինչ երաշխիքների գործադրմամբ: Այս համատեքստում դիմողը նաև նշել է, որ գոյություն չունի որևէ ատյան, որտեղ անձը կարող է ներկայացնել իր իրավունքների խախտումների մասին պնդումները, հասնել դրանց արդյունավետ քննարկման ու այդ կերպ պաշտպանվել քրեական հետապնդման մարմինների՝ իր իրավունքներին միջամտող արարքներից:
Ըստ ՄԻՊ-ի` արդար դատաքննության իրավունքը պետք է կիրառելի լինի ԿԸՀ-ի՝ պատգամավորի թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու ընթացակարգի նկատմամբ, քանի որ քրեական հետապնդում հարուցելու կամ ազատությունից զրկելու համաձայնություններով քրեական դատավարություն իրականացնող մարմինների համար բացվում է անձի իրավունքների և շահերի նկատմամբ քրեաիրավական միջամտությունների ճանապարհ և անձը պետք է մեղադրանքից պաշտպանվելու հնարավորություն ունենա այդ գործի շրջանակներում։
Սահմանադրական դատարանը, սակայն, գտել է, որ օրենսդրի կողմից պատգամավորի թեկնածուի կարգավիճակ ունեցող անձանց նման անձեռնմխելիությամբ օժտելը նախևառաջ նպատակ ունի այդ անձանց բնականոն և արդյունավետ գործունեությունը երաշխավորելու, ինչպես նաև այդ անձանց պաշտպանելու նրանց իրավունքներին ու պարտականություններին ոչ իրավաչափ միջամտություններից և անհիմն հետապնդումներից:
ՍԴ-ն արձանագրել է, որ
ա) անձեռնմխելիությունը ինչպես Ազգային ժողովի պատգամավորի գրանցված թեկնածուի, այնպես էլ մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի համար միասնական է,
բ) այդ անձանց համար անձեռնմխելիությունն ունի հաղթահարման միասնական ընթացակարգ, այն է՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության առկայությամբ կարող է հարուցվել քրեական հետապնդում:
Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ պատգամավորի թեկնածուի անձեռնմխելիությունը հանդիսանում է Սահմանադրության 48-րդ հոդվածով երաշխավորված անձի ընտրվելու (պասիվ ընտրական իրավունքի) իրավունքի արդյունավետ իրացման երաշխիք՝ ապահովելով պատգամավորի թեկնածուի գործունեության կապակցությամբ քաղաքականապես մոտիվացված քրեական հետապնդման հարուցումից, ինչպես նաև ազատությունից զրկվելու հնարավորության բացառումը՝ անձեռնմխելիությամբ տրվող պաշտպանությունը հաղթահարելու (դրանից զրկելու) հնարավորություն վերապահելով քաղաքական իշխանությունից և քրեական հետապնդման մարմիններից անկախ մարմնին՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ պատգամավորի թեկնածուին անձեռնմխելիությունից զրկելու ընթացակարգի շրջանակներում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից լուծվող հարցերի բնույթից էլ ինքնին բխում է, որ պատգամավորի թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու ընթացակարգի շրջանակներում տեղ չեն գտնում և չեն կարող տեղ գտնել քրեական մեղադրանքի, (հետևաբար նաև) պաշտպանության գործառույթները:
Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուի՝ մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում համաձայնություն տալու հարցի քննության և լուծման գործընթացում այդ անձանց ընտրվելու իրավունքի արդյունավետ պաշտպանության ապահովման առումով անհրաժեշտ է, որ՝
ա) երաշխավորվի տվյալ գործընթացին անձի մասնակցությունը,
բ) ապահովվի անձի լսված լինելու իրավունքը,
գ) անձին ընձեռվի ընտրվելու իր իրավունքի սահմանափակումը հիմնավորող փաստաթղթերին և նյութերին ծանոթանալու, հարցեր տալու, առարկություններ ներկայացնելու, բացատրություններ տալու և միջնորդություններ ներկայացնելու հնարավորություն:
Սահմանադրական դատարանի որոշումից, ըստ էության, պարզ է դառնում, որ առկա չէ որևէ սահմանափակում առ այն, որ ԿԸՀ-ն պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցը կարող է քննել, իսկ նրան ազատությունից զրկելու հարցը՝ ոչ։ Ավելին, անձեռնմխելիությունը ինչպես Ազգային ժողովի պատգամավորի գրանցված թեկնածուի, այնպես էլ մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի համար միասնական է, ինչը ենթադրում է, որ թե՛ նրան մեղադրանք ներկայացնելու, թե՛ ազատությունից զրկելու համար անհրաժեշտ է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը։
Միայն թե կրկին պարզ չէ և Սահմանադրական դատարանի որոշումից պարզ չի դառնում, թե որն է պատգամավորի լիազորություններ ստանձնելու պահը։
Սահմանադրական դատարանը մեկ այլ՝ 2021-ի որոշում ունի՝ պատգամավորի անձեռնմխելիոթյան վերաբերյալ, որի հիմքով ԱԺ 9-րդ գումարման պատգամավոր ընտրված անձինք մինչև ԱԺ նստաշրջանի մեկնարկն ազատ են արձակավել։
ՍԴՈ 1619 որոշմամբ Սահմանադրական դատարանի առջև բարձրացված իրավական հարցերից մեկը հետևյալն է եղել․
Արդյոք անձի, մինչ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելը, ազատությունից զրկված լինելու պարագայում, պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելուց հետո ազատությունից զրկված վիճակում մնալը (ազատությունից զրկման շարունակումը, պահպանումը)` առանց Ազգային ժողովի համաձայնության, հակասում է Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասին (2. Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել յոթանասուներկու ժամից ավելի: Պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը)։
ՍԴ-ն դիրքորոշում է հայտնել, որ պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո նրան ազատությունից զրկելու պարագայում. տվյալ դեպքում Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված բացառիկ դեպքերից բացի, մնացած բոլոր դեպքերում անձի` պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելն անհրաժեշտաբար պայմանավորում է, որ վերջինիս ազատությունից զրկելու (իսկ մինչ այդ կարգավիճակի ձեռք բերելը ազատությունից զրկված լինելու դեպքում՝ ազատությունից զրկելը շարունակելու, այն պահպանելու) համար անվերապահորեն պետք է Ազգային ժողովի համաձայնությունը, որի բացակայությունը բացառում է պատգամավորի կարգավիճակ ունեցող անձին ազատությունից զրկելու հնարավորությունը:
«Ներկայացվածի հակառակ մոտեցման պարագայում կարող է վտանգվել Ազգային ժողովի բնականոն գործունեությունը և Ազգային ժողովի անկախությունը, ինչն ուղղակիորեն կհակասի Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով պատգամավորին տրված պաշտպանությանը՝ պատգամավորի կարգավիճակում գտնվող անձին ազատությունից զրկելը դարձնելով ոչ իրավաչափ»,- նշել է Սահմանադրական դատարանը։
Դիտարկենք, որ այս դեպքում ՍԴ-ն օգտագործում է «պատգամավորի կարգավիճակ» եզրույթը, սակայն կրկին չի բացահայտում, թե որ պահից է անձը ստանում այդ կարգավիճակը։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչև ԱԺ-ի նստաշրջանի մեկնարկը պատգամավոր ընտրված անձինք ազատվել են կալանքից, իսկ Նարեկ Կարապետյանի կալանքի հարցը ԿԸՀ-ն չի քննել՝ կարող ենք արձանագրել, որ իրավակիրառ պրակտիկայում դատարանները պատգամավորի կարգավիճակը չեն կապում երդմամբ լիազորությունները ստանձնելու հետ, այլ համարվում է, որ նրանք ավելի վաղ են ստանում պատգամավորի կարգավիճակ։
Արդյոք գլխավոր դատախազն այժմ կարող է ԱԺ-ում բարձրացնել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու հարցը
Ազգային ժողովի մեկնարկին լրագրողները հարց ուղղեցին Նարեկ Կարապետյանին, թե արդյոք չունի՞ մտավախություն, որ Գլխավոր դատախազը կգնա ԱԺ՝ իր հետևից։ Լրագրողները նկատի ունեին՝ արդոք Աննա Վարդապետյանը Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու հարցով կգնա ԱԺ։ Ուստի անհրաժեշտություն է առաջանում քննարկման առարկա դարձնել այն հարցը, թե արդոք դատախազը իրավական հնարավորություն ունի՝ այս փուլում այդպիսի միջնորդությամբ դիմելու ԱԺ-ին։

Աննա Վարդապետյանը՝ ԱԺ-ում պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիության զրկելու միջնորդություն ներկայացնելիս
08․07․2025
Նշենք, որից հետո, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին, դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել նրա նկատմամբ, նրան մեղադրանք է ներկայացվել հավաքներին մասնակցելուն նյութապես շահագրգռելու հոդվածով և խափանման միջոց է ընտրվել գրավը։ Այսինքն՝ Կարապետյանի նկատմամբ արդեն իսկ ընտրվել է ազատազրկման հետ չկապված խափանման միջոց, որն, ըստ Դատախազության, կարող է ապահովել Նարեկ Կարապետյանի պատշաճ վարքագիծն ազատության մեջ։ Ուստի՝ դատախազը տվյալ փուլում նույն հիմքով չի կարող դիմել ԱԺ-ին Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու հարցով։ Դիտարկենք նաև, որ, փաստացի, իրավապահները համարում են, որ գրավն ի զորու է զսպելու Նարեկ Կարապետյանի ոչ իրավաչափ վարքագիծն ազատության մեջ։ Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչու էին դիմել ԿԸՀ-ին՝ նրան ազատությունից զրկելու թույլտվություն ստանալու հարցով։
Արաքս Մամուլյան

