Թուրքիայում հեղաշրջման ու Էրդողանին տապալելու փորձից 10 տարի անց․ գիշեր, որը փոխեց Թուրքիան․ DW-ի անդրադարձը
Քաղաքականություն
15.07.2026 | 23:12
2016 թվականի հուլիսի 15-ի ամառային տաք օրը մոտենում էր ավարտին։ Թուրքիայի շատ բնակիչներ պատրաստվում էին այդ ուրբաթ երեկոն անցկացնել ընկերների կամ ընտանիքի հետ՝ առաջիկա հանգստյան օրերին ընդառաջ։ Ոչ ոք չէր կասկածում, որ ընդամենը մի քանի ժամվա ընթացքում երկիրն արմատապես կփոխվի։ Հանկարծ խոշոր քաղաքների փողոցներով սկսում են տանկեր շարժվել։ Կործանիչներ են թռչում Անկարայի և Ստամբուլի վրայով։ Զինվորականները փակում են Բոսֆորի կամուրջը՝ Եվրոպան և Ասիան կապող տրանսպորտային զարկերակը։ Անկարայի խորհրդարանի շենքը ռմբակոծվում է։ Ժամեր տևած լռությունից հետո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դուրս է գալիս և ուղիղ եթերով կոչ է անում քաղաքացիներին դուրս գալ փողոց և կանխել հեղաշրջումը։ Հեղաշրջման փորձը ձախողվում է, սակայն դրա քաղաքական հետևանքները շարունակում են ձևավորել երկիրը մինչ օրս։ Այս մասին ասվում է DW-ի անդրադարձում։
Թուրքական իշխանությունները հեղաշրջման փորձի համար մեղադրեցին Գյուլենին
Թուրքական իշխանությունները հեղաշրջման փորձի համար պատասխանատու համարեցին գյուլենական շարժմանը։ Դրա հիմնադիրը՝ իսլամական կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, երկար տարիներ ապրում էր Միացյալ Նահանգներում՝ աքսորում, որտեղ էլ մահացավ 2024 թվականին։ Ժամանակին համարվում էր Էրդողանի ամենամտերիմ դաշնակիցներից մեկը։ Միասին նրանք կարևոր դեր են խաղացել թուրքական զինված ուժերի քաղաքական ազդեցության թուլացման և Էրդողանի իշխանության ամրապնդման գործում։ Նրանց դաշինքը հետագայում փլուզվեց։
Իշխանությունները Գյուլենին մեղադրում էին տասնամյակներ շարունակ դատական, ոստիկանական, բանակային և այլ պետական հաստատություններում իր կողմնակիցներին ներդնելու մեջ՝ իշխանությունը ներսից փլուզելու նպատակով: Գյուլենն ու նրա կողմնակիցները հերքել են հեղաշրջման փորձին իրենց որևէ մասնակցություն։ Այնուամենայնիվ, ձախողված հեղաշրջումից հետո Թուրքիայում ձերբակալվել են շարժման հետ կապված բազմաթիվ բարձրաստիճան զինվորականներ:
Հուլիսի 15-ը Թուրքիայում Ազգային հիշատակի օր է
Հուլիսի 15-ը Թուրքիայում ազգային տոն է։ Նախկին Բոսֆորի կամուրջն այժմ կոչվում է «Հուլիսի 15-ի նահատակների կամուրջ»։ Պաշտոնական տվյալներով՝ այդ իրադարձությունների ընթացքում զոհվել է 253 մարդ, որոնց մեծ մասը՝ քաղաքացիական անձինք։ Թուրքիայում շատ փողոցներ, հրապարակներ և դպրոցներ նույնպես անվանակոչվել են «Հուլիսի 15»։ Սակայն տարելիցը խորհրդանշում է ոչ միայն զոհերի հիշատակը։ Այն նաև նշանավորում է խորը քաղաքական շրջադարձը։ Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի կառավարությունն ավելի է ամրապնդել դիրքերը։ Գյուլենի շարժումը որակվել է ահաբեկչական կազմակերպություն, իսկ նրա ենթադրյալ կողմնակիցները հեռացվել են պետական ապարատից ամբողջ երկրում։
Հեղաշրջման փորձից վեց օր անց Թուրքիայի խորհրդարանն արտակարգ դրություն էր հայտարարել։ Սկզբում այն նախատեսված էր երեք ամսով, սակայն հետագայում երկարաձգվեց յոթ անգամ՝ ավարտվելով միայն 2018 թվականի հուլիսի 19-ին։ Այս երկու տարիների ընթացքում նախագահ Էրդողանը երկիրը կառավարել է հիմնականում արտակարգ հրամանագրերի միջոցով՝ ընդհանուր առմամբ հրապարակելով 32 նման հրամանագիր։ Պետական ապարատում լայնածավալ զտումներ են իրականացվել։ Պետական հաստատությունների և զինված ուժերի ավելի քան 125,000 աշխատակիցներ ազատվել են աշխատանքից։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2016-2025 թվականներին Գյուլենի շարժման հետ կապերի կասկածանքով ձերբակալվել է շուրջ 390,000 մարդ։ Ավելին, փակվել է 2,761 հաստատություն, այդ թվում՝ դպրոցներ, հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ և լրատվամիջոցներ։ 4,130 մարդ դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ հեղաշրջման փորձին ենթադրյալ մասնակցության համար։
Հեղաշրջումից հետո առաջացավ խիստ կենտրոնացված կառուցվածք
Քաղաքագետ Էրսին Քալայջըօղլուն կարծում է, որ արտակարգ դրության հետևանքները երկրում դեռևս զգացվում են։ Չնայած այն պաշտոնապես վերացվել է 2018 թվականին, այդ ժամանակների գործելակերպը «որոշակիորեն ինստիտուցիոնալացվել է»։ Պետությունը փոխվել է։ Մասնավորապես, նախագահական հրամանագրերի լայն տարածումը հանգեցրել է «ծայրահեղ կենտրոնացված կառուցվածքի» ձևավորմանը։
Քալայջըօղլուի խոսքով՝ Թուրքիայի պետական կառավարման համակարգը նույնպես արմատապես փոխվել է։ Նախկինում սեփական մասնագիտական չափանիշների և փորձագիտական գնահատականների վրա հիմնված՝ այժմ այն վերածվել է վարչական ապարատի, որի հիմնական խնդիրը դարձել է քաղաքական հրահանգների կատարումը։
Ընդդիմադիր կուսակցությունները, իրենց հերթին, մեղադրում են կառավարությանն այնպիսի զտումներ իրականացնելու մեջ, որոնք գերազանցել են Գյուլենի շարժման դեմ պայքարը։ Նրանք պնդում են, որ Գյուլենի ենթադրյալ կողմնակիցներից բացի՝ ներկայիս կառավարության քննադատները նույնպես ենթարկվել են քրեական հետապնդումների։
Թուրքիան՝ «մեկ մարդու ռեժիմում»
Քաղաքական առումով հեղաշրջման փորձը նաև արագացրել է Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) և նրա դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) միջև մերձեցումը: MHP-ի աջակցությամբ կառավարությունը կարողացել է 2017 թվականին սահմանադրական հանրաքվե անցկացնել: Դրա արդյունքը հանգեցրեց Թուրքիայի անցմանը խորհրդարանական կառավարման համակարգից նախագահականի: Վարչապետի պաշտոնը վերացվեց, իսկ նախագահի գործադիր լիազորությունները զգալիորեն ընդլայնվեցին։ Քննադատները նոր համակարգն անվանում են «մեկ մարդու ռեժիմ»:
Քալայջըօղլուն սահմանադրական բարեփոխումը բնութագրում է որպես քաղաքական ռեժիմի հիմնարար փոփոխություն: Նրա գնահատմամբ՝ երկրի քաղաքական համակարգը վերածվել է «նեոպատրիմոնալ սուլթանիզմի»՝ կառավարման մի ձևի, որտեղ քաղաքական իշխանությունը մեծապես կենտրոնացած է մեկ անհատի ձեռքում, որտեղ հիմնական որոշումները գրեթե ամբողջությամբ կախված են նախագահից։
Նախագահական համակարգի անցումը փոխել է նաև ընդդիմության ռազմավարությունը։ Քանի որ նախագահ ընտրելու համար անհրաժեշտ է ձայների բացարձակ մեծամասնությունը, ընդդիմադիր կուսակցությունները սկսեցին ձևավորել ընտրական դաշինքներ և առաջադրել համատեղ թեկնածուներ։ Այս մարտավարությունն արդյունքներ է տվել․ 2019 թվականի և կրկին 2024 թվականի քաղաքային ընտրություններում ընդդիմությունը հաղթել է երկրի երկու խոշորագույն քաղաքների՝ Անկարայի և Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում։
Սակայն այս ընդդիմադիր քաղաքական գործիչներից շատերը հետագայում բախվեցին քրեական հետապնդման կամ ահաբեկչության մեղադրանքների: Ամենահայտնի օրինակներից մեկը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն է, որը համարվում է Էրդողանի հիմնական քաղաքական մրցակիցը: Վերջին ընտրություններում հերթական հաղթանակից հետո նա ևս դարձել է քրեական հետապնդման օբյեկտ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

