ԲՀԿ-ն՝ «քողարկված դաշի՞նք»․ ինչպես է 3 ուժ ընտրության գնացել մեկ կուսակցության ցուցակով

Լուրեր

30.06.2026 | 21:50
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը սահմանափակելու՝ Թրամփի առաջարկը
30.06.2026 | 21:37
Ինչու Ալեն Սիմոնյանը չէր մասնակցում ՔՊ վարչության նիստին
30.06.2026 | 21:28
Հրդեհ Արմավիրի ավտոտնակներից մեկում. այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա
30.06.2026 | 21:15
Գիտակցության և հիշողության խանգարումներ․ ինչու է կալանավորը 50 օր հացադուլի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 21:08
Բաքվի դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում. փաստաբանները խնդրել են արդարացնել
30.06.2026 | 21:00
Ուրսուլա Ֆոն դեր Լայենի այցի ժամանակ կարևոր հարցեր կքննարկվեն․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 20:44
Խաղաղաշինության հանձնաժողովը կարևոր կամուրջ է. Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ նստաշրջանին
30.06.2026 | 20:30
Հայերեն խոսող բրազիլուհին. հարսնացուն Ռիոյից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 20:15
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
30.06.2026 | 20:00
Սամվել Կարապետյանը Փաշինյանի պրոյեկտն է, եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ և ինքը մանդատները վերցնի․ Հովիկ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 19:43
Ադրբեջանում 16-ից փոքր տարիքի օգտատերերին կարգելվի գրանցվել սոցիալական ցանցերում
30.06.2026 | 19:30
ԲՀԿ-ն՝ «քողարկված դաշի՞նք»․ ինչպես է 3 ուժ ընտրության գնացել մեկ կուսակցության ցուցակով
30.06.2026 | 19:14
36 ժամ ջուր չի լինի Երևանի մի շարք հասցեներում
30.06.2026 | 19:00
Չի բացառվում Սամվել Կարապետյանի հետ գործակցությունը․ նրա ուժի մեջ տեսնում ենք թուրքական էքսպանսիան զսպելու առաքելություն․ Ժիրայր Սեֆիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 18:44
Թուրքիան գնահատում է SAMP-T և Patriot համակարգերի ձեռքբերման հնարավորությունը՝ իր հակաօդային պաշտպանությունն ամրապնդելու համար
Բոլորը

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից առաջ «Բարգավաճ Հայաստանը», «Մայր Հայաստանը» և «Դեմոկրատական այլընտրանք»-ը հայտարարեցին, որ ընտրություններին մասնակցելու են մեկ ցուցակով։ Սակայն նրանք ընտրություններին ներկայացան ոչ թե դաշինքի ձևաչափով, ինչպես, օրինակ, «Ուժեղ Հայաստան»-ը կամ «Հայաստան»-ը, այլ ԲՀԿ-ի կուսակցական ցուցակով։

ԿԸՀ-ի կողմից ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո պարզ դարձավ՝ ԲՀԿ-ին ընդամենը 0,004 տոկոս չի բավականացնում կուսակցությունների համար անցողիկ համարվող 4 տոկոսի շեմը հաղթահարելու համար։ Հիմա, երբ ընտրությունների արդյունքները վիճարկվում են Սահմանադրական դատարանում, ԲՀԿ-ն իրականում կուսակցություն է, թե դաշինք հարցը դարձել է իրավական և քաղաքական բանավեճի գլխավոր թեմաներից մեկը։ Խնդիրը Սահմանադրական դատարանում այս օրերին քննարկման առարկա են դարձրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները։

Factor.am-ը փորձել է հասկանալ՝ այս հարցում ինչ սահմանափակումներ ունի ՀՀ օրենսդրությունը, արդյո՞ք խախտվել են քաղաքական ուժերի հավասար մրցակցային պայմաններն ու ի՞նչ է ասում միջազգային փորձը։

«Քողարկված դաշինքներն» արգելվա՞ծ են

Հայաստանում կուսակցությունների և դաշինքների համար խորհրդարան անցնելու տարբեր շեմեր են սահմանված։ 2021 թվականի ընտրություններից հետո «Ընտրական օրենսգրքում» կատարված փոփոխություններով կուսակցության համար անցողիկ շեմը 5 տոկոսից նվազեցվեց մինչև 4 տոկոս, իսկ դաշինքների համար 7 տոկոսից դարձավ 8 տոկոս։ Եթե դաշինքը կազմված է 4 և ավելի կուսակցություններից՝ շեմը բարձրանում է մինչև 10 տոկոս։

Սահմանադրական դատարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը պնդեց, որ ԲՀԿ ցուցակում այլ կուսակցությունների ներկայացուցիչների ընդգրկումը կարող է դիտարկվել որպես «քողարկված դաշինք»։ Նրա խոսքով՝ օրենսգրքի այն կարգավորումը, որը թույլ է տալիս կուսակցության ցուցակում ներառել կուսակցության անդամ չհանդիսացող անձանց, ըստ էության, վերաբերում է անկուսակցականներին, ոչ թե՝ այլ կուսակցությունների անդամներին։

«Եթե մենք նայում ենք օրենսդրության զարգացման պատմությունը, ապա տեսնում ենք, որ նախկինում օրենսդիրը գործածել է «անկուսակցական» տերմինը։ Եվ ես նաև մեջբերեցի Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումն այս հարցի մասով և միջազգային չափանիշները, որոնք խոսում են այն մասին, որ անձանց, որոնք չունեն որևէ կուսակցական պատկանելիություն, հնարավորություն տալու մասին է, անկախներին հնարավորություն տալու մասին է՝ մասնակցելու քաղաքական գործընթացներին։ Այսինքն՝ ըստ միջազգային չափանիշների, որոնցից բխեցնելով կարող ենք մենք մեկնաբանել այսօր մեր օրենսդրությունը, խոսքը ոչ թե այլ կուսակցության անդամ հանդիսացող անձանց մասին է, այլ անկուսակցականների մասին»,- եզրափակեց Գալյանը։

Արդարադատության նախարարի պնդմամբ՝ ԲՀԿ ցուցակում եղել է այլ կուսակցությունների 11 ներկայացուցիչ, և դա, ըստ ՔՊ-ի, ստեղծել է անհավասար մրցակցային պայմաններ։ Եթե այդ միավորումը դիտարկվեր որպես դաշինք, ապա ԲՀԿ-ն պետք է հաղթահարեր ոչ թե 4, այլ առնվազն 8 տոկոսի շեմը խորհրդարանում ներկայացվածություն ունենալու համար։

ՔՊ-ի մյուս ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանն ավելի հեռուն գնաց՝ նշելով, որ բովանդակային առումով խոսքը կարող է վերաբերել ոչ թե երեք, այլ անգամ չորս քաղաքական միավորի։ Նրա դիտարկմամբ՝ ցուցակում ընդգրկված էր նաև Մարտուն Գրիգորյանը, որը թեև անկուսակցական է, բայց Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչն է։ Այդ դեպքում, ըստ Գրիգորյանի, կարող էր քննարկվել նաև 10 տոկոսի շեմի հարցը։

ԲՀԿ-ի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը հակադարձեց ՔՊ-ականներին։ Նրա խոսքով՝ գործող օրենսդրությամբ խախտում չի եղել։ Օրբելյանը շեշտեց, որ նախկինում օրենքում օգտագործվում էր «անկուսակցական» ձևակերպումը, իսկ այժմ նման պահանջ ուղղակիորեն սահմանված չէ։ Ըստ նրա՝ գործող կարգավորումը թույլ է տալիս, որ փոքր կուսակցությունների անդամները մասնակցեն մեկ այլ կուսակցության ցուցակով՝ առանց իրենց կուսակցությունն առանձին առաջ տանելու։

Ընտրական օրենսգրքի 83-րդ հոդվածը սահմանում է, որ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) համապետական ընտրական ցուցակի առաջին մասում կարող են ընդգրկվել նաև այդ կուսակցության (դաշինքի անդամ կուսակցություններից որևէ մեկի) անդամ չհանդիսացող անձինք, որոնց թիվը չի կարող գերազանցել համապետական ընտրական ցուցակի առաջին մասում ընդգրկված թեկնածուների ընդհանուր թվի 30 տոկոսը:

Նախկինում, մինչև ԸՕ-ում տեղի ունեցած փոփոխությունները, 100-րդ հոդվածը սահմանում էր, որ համամասնական ընտրակարգով կուսակցության ներկայացրած ընտրական ցուցակում կարող են ընդգրկվել նաև անկուսակցականներ:

Այս դրույթից բխում է, որ գործող օրենսդրությամբ ուղղակի արգելք չկա, ըստ որի՝ ԲՀԿ-ի ցուցակում ընդգրկվող անձը չի կարող լինել այլ կուսակցության անդամ։ ԲՀԿ-ն Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել 104 հոգանոց ցուցակ։ Այդ ցուցակում ԲՀԿ անդամ չհանդիսացողները 30-ն են՝ 19 անկուսակցական, 9-ը՝ «Մայր Հայաստանի», 2-ը՝ «Դեմոկրատական այլընտրանքի» ներկայացուցիչներ։

Այսինքն՝ ԲՀԿ անդամ չհանդիսացողները կազմում են ցուցակի 28.85 տոկոսը։ Սա ցածր է օրենքով սահմանված 30 տոկոսի շեմից։ Այս տեսանկյունից՝ ընտրական օրենսգրքի թվային պահանջը չի խախտվել։

Անհավասար մրցակցային պայմանների մասին պնդումները, «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» դաշինքները

ՔՊ-ի մյուս պնդումը ընտրական հավասարության մասին է։ Եթե մի քանի քաղաքական ուժեր կարող են մեկ կուսակցության ցուցակով մասնակցել ընտրություններին, և նրանց համար խորհրդարան անցնելու անցողիկ շեմը լինի 4 տոկոսը, ինչո՞ւ նույն հնարավորությունը չունեն կամ չեն օգտագործել այն դաշինքները, որոնք մրցել են 8 տոկոսի շեմը հատելու համար։

Factor.am-ը հաշվարկել է՝ արդյոք նույն մեխանիզմը կարող էին կիրառել «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» դաշինքները։
Եթե Հայ Յեղափոխական Դաշնակցությունն ընտրություններին մասնակցեր ոչ թե դաշինքով, այլ որպես առանձին կուսակցություն և իր 213 հոգանոց ցուցակի առաջին մասում ներառեր՝

-ՀՅԴ անդամների,
-«Առաջ» կուսակցության անդամների,
-անկուսակցականների,

ապա ԸՕ 83-րդ հոդվածի պահանջի տեսանկյունից դա խախտում չէր լինի միայն այն դեպքում, եթե «Առաջ»-ի անդամները և անկուսակցականները միասին չգերազանցեին ցուցակի 30%-ը։ Եթե մասնակցող սուբյեկտը մեկ կուսակցություն է, ապա «այդ կուսակցության անդամ չհանդիսացող անձինք» են համարվում թե՛ այլ կուսակցության անդամները, թե՛ անկուսակցականները։ Այսինքն՝ ՀՅԴ-ի առանձին ցուցակում «Առաջ»-ի անդամները ՀՅԴ անդամ չեն, հետևաբար՝ նրանց պետք է հաշվել նույն 30%-ի մեջ՝ անկուսակցականների հետ միասին։ Այսինքն՝ 213 հոգանոց ցուցակում առավելագույնը կարող է լինել 63 ոչ կուսակցական կամ տվյալ կուսակցության անդամ չհանդիսացող անձ։

«Հայաստան» դաշինքն այս ցուցակով որպես կուսակցություն ընտրություններին չէր կարող մասնակցել, քանի որ ՀՅԴ անդամ չհանդիսացողների թիվը 77 է։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակում «Միավորված հայեր» կուսակցության անդամ է 27 անձ, «Նոր դարաշրջան»-ի անդամ է 20 անձ, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ է 2 անձ, անկուսակցական է 17 անձ։ Ընդհանուր ցուցակը 197 թեկնածուից է բաղկացած։ Այս դեպքում ցուցակում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ չեն 66 անձինք։

Ստացվում է՝ նույն այս ցուցակով «Ուժեղ Հայաստան»-ը որպես առանձին կուսակցություն չէր կարող մասնակցել ընտրություններին՝ առանց 30%-ի պահանջը խախտելու։ Կուսակցության անդամ չհանդիսացողների թիվը թույլատրելի առավելագույնից 7-ով ավելի է, 66՝ 59-ի փոխարեն։

Սակայն այն դեպքում, եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այս ցուցակով հավաքեր, օրինակ, 5 տոկոս ձայն, իսկ «Հայաստան» դաշինքը 7 տոկոս, խորհրդարան կանցներ ոչ թե «Հայաստան»-ը, այլ ԲՀԿ-ն, քանի որ դաշինքի համար սահմանված անցողիկ շեմն ավելի բարձր է՝ առնվազն 8 տոկոս։

Ստացվում է՝ ԲՀԿ-ի դեպքում օրենքի թվային պահանջը պահպանվել է, սակայն քաղաքական բանավեճը վերաբերում է ավելի ընդգրկուն հարցի․ արդյոք նման ձևաչափը շրջանցում է դաշինքների համար սահմանված բարձր շեմի տրամաբանությունը։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ծրագրերի ղեկավար Վարդինե Գրիգորյանի խոսքով՝ «քողարկված դաշինքների» հարցը պարբերաբար բարձրաձայնվել է, և առաջարկ է եղել հստակ տոկոսային սահմանափակում մտցնել կուսկացության ընտրական ցուցակում այլ կուսակցություններից անձանց ներգրավելու վերաբերյալ․ «Այո՛, դաշինքների շեմը բարձր է, ու իրենք շրջանցելու միջոց են օգտագործում՝ ներկայանալով որպես մեկ կուսակցություն»։

Փորձագետը նշում է՝ դեռ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծի քննարկման ընթացքում առաջարկվել էր 10 տոկոսանոց շեմ սահմանել, որից ավելի ցուցակում այլ կուսակցությունից ներգրավվածություն չէր կարող լինել։

«Այնպես չէ, որ լավ կարգավորված է մեզ մոտ, թե ով է կուսակցական, ով՝ անկուսակցական: Կուսակցությունը, երբ ներկայացնում է իր ցուցակը ու նշում է ինչ-որ մարդկանց կուսակցական, այդ նույն մարդկանց հետ մենք, երբ հարցազրույցներ ենք անում երկարաժամկետ դիտարկման ընթացքում, շատերը ասում են, որ իրենք անկուսակցական են: Այսինքն՝ երբ իրենք ներկայանում են, ընտրական ցուցակը ներկայացնում են, այդտեղ որ նշում է «կուսակցական», միշտ չէ, որ դա իրոք համապատասխանում է իրականությանը»,-նշեց Վարդինե Գրիգորյանը։

Ինչպես են խնդրի լուծել այլ երկրներում

Միջազգային փորձն այս հարցում միանշանակ չէ։ Որոշ երկրներում օրենսդրությունը թույլ է տալիս, որ մեկ կուսակցության անդամը մասնակցի ընտրություններին մեկ այլ կուսակցության ցուցակով։ Սակայն կան երկրներ, որտեղ նման մեխանիզմն արգելված է։

Օրինակ՝ Գերմանիայում անձը կարող է կուսակցության թեկնածու լինել միայն այն դեպքում, եթե այլ կուսակցության անդամ չէ։ Ռուսաստանում ևս Պետդումայի ընտրությունների մասին օրենքը հստակ արգելում է մեկ կուսակցության ցուցակում այլ կուսակցության անդամների ընդգրկումը։ Նման սահմանափակում կա նաև Վրաստանում․ կուսակցական ցուցակը կամ թեկնածուն չի գրանցվում, եթե ցուցակում ընդգրկված թեկնածուն այլ կուսակցության անդամ է։

Վենետիկի հանձնաժողովն իր հերթին Հայաստանի ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծային փուլում ուշադրություն էր հրավիրել անցողիկ շեմերի խնդրին։ Հանձնաժողովը նույնիսկ առաջարկել էր կուսակցությունների համար 4 տոկոսի շեմը նվազեցնել մինչև 2 տոկոս՝ խորհրդարանում ավելի լայն քաղաքական ներկայացվածություն ապահովելու համար։ Նշենք՝ Վենետիկի հանձնաժողովը Եվրոպայի խորհրդի անկախ խորհրդատվական մարմին է, որը մասնագիտական եզրակացություններ և առաջարկություններ է ներկայացնում սահմանադրական, ընտրական և ժողովրդավարական ինստիտուտներին վերաբերող հարցերով։ Հանձնաժողովի կարծիքները և առաջարկությունները պարտադիր իրավական ուժ չունեն։

Միևնույն ժամանակ, Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը խորհուրդ էին տվել վերանայել անցողիկ շեմերին վերաբերող դրույթները՝ քաղաքական բազմակարծության և կայուն խորհրդարանական մեծամասնության միջև հավասարակշռությունը պահպանելու համար։

ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանի խոսքով՝ եթե անգամ ՍԴ-ն կուսակցության ընտրական ցուցակում մեկ այլ կուսակցության անդամի ընդգրկումը հակասահմանադրական ճանաչի, այն հետադարձ ուժ ունենալ չի կարող։

«ԲՀԿ-ն այդ դեպքում չի զրկվի մանդատներից։ Առհասարակ, տրամաբանական է, որ անցումային շեմը փոքր լինի, որպեսզի պառլամենտում ապահովվի բազմաձայնություն»,- հունիսի 29-ին լրագրողների հետ զրույցում նշել էր Օրբելյանը։

Ամփոփելով՝ արձանագրենք․ գործող օրենքի տառացի մեկնաբանությամբ ԲՀԿ-ի կազմած ցուցակը համապատասխանում է օրենսդրության պահանջներին․ ԲՀԿ անդամ չհանդիսացող թեկնածուները չեն գերազանցել օրենքով սահմանված 30 տոկոսի շեմը։ Սակայն քաղաքական և իրավական վեճը բաց է մնում․ արդյոք այս ձևաչափը անհավասար պայմաններ չի ստեղծել այն ուժերի համար, որոնք ընտրություններին մասնակցել են դաշինքով և պետք է հաղթահարեին անցողիկ ավելի բարձր շեմ։

 

Եվգենյա Համբարձումյան