Գիտակցության և հիշողության խանգարումներ․ ինչու է կալանավորը 50 օր հացադուլի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
30.06.2026 | 21:15Կալանավոր Հայկ Ստեփանյանն արդեն 50 օր է՝ սնունդ չի ընդունում․ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մայիսի 11-ին հացադուլ հայտարարած 50-ամյա տղամարդու առողջական վիճակը, ըստ դիտորդների, շատ ծանր է։
«Քաշի զգալի կորուստ կա, գիտակցության ժամանակավոր կորուստներ կան, որովհետև երբ խոսում ես, դրվագային է ավելի միտքը, հիշողության խանգարումներ կան, մեկ օր առաջ, իր ասելով նաև, ուշագնացության վիճակում է եղել, ընկել է, հիմա չգիտեմ՝ ահազանգե՞լ նաև դրա վերաբերյալ, հետո են եկել զննության, հնարավոր են նաև որոշակի խնդիրներ՝ կապված այդ ընկնելու և հարվածի հետ, որը մինչև վերջ, կարծես թե, հետազոտված չէր»,- նշում է խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանը։
Դիտորդական խումբը կալանավորին տեսակցել է հացադուլի 45-րդ օրը, իսկ երեկ առողջական ծանր վիճակում գտնվող Ստեփանյանը ներկա է եղել իր գործով դատական նիստին՝ հույս ունենալով, որ կփոխվի խափանման միջոց կալանքը։
«Տեսքից էլ հասկացվում է, որ վիճակը ծանր է, լավ վիճակում չէ։ Առաջնային հիմքն առողջական վիճակն է, որովհետև այս առողջական վիճակն իրականում մտահոգիչ է։ Բազմիցս ինքս էլ փորձել եմ Հայկ Ստեփանյանին հետ պահել այդ ծայրահեղ քայլից, բայց վերջինն իր քայլերում անդրդվելի է ու շարունակում է հացադուլն իրականացնել։ Քննարկվում է Հայկ Ստեփանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոփոխելու հարցը։ Երեկ առողջական վիճակի վերաբերյալ հարցում է իրականացվել, որպեսզի ստանանք համապատասխան փաստաթղթեր, և դրանց հիման վրա արդեն որոշումը կայացվի»,- Factor TV-ի հետ զրուցում ասաց Հայկ Ստեփանյանի պաշտպան, փաստաբան Դավիթ Թովմասյանը։
Ստեփանյանն ամբաստանյալի աթոռին է հայտնվել տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ ֆիզիկական ներգործության և խուլիգանության հոդվածների հատկանիշներով։ Չի ընդունում առաջադրված մեղադրանքը, բայց հացադուլի դիմել է ոչ միայն դրա, այլ անչափահաս երեխաներին տեսնելու հնարավորությունից զրկված լինելու պատճառով․ ավելի քան կես տարի է՝ նրանք խնամքի կենտրոնում են։
«Երեխաներն արդեն քանի ամիս՝ նախորդ տարվա դեկտեմբերից, իրենից անջատ են պահվում, ամիսներ շարունակ երեխաներին չի կարողացել տեսակցել։ Վերջերս է նոր միայն այդպիսի հնարավորություն ստացել։ Մյուս կողմից էլ՝ մի որոշակի շրջանում անգամ այդ շփումն արգելված է եղել դատարանի որոշմամբ։ Այս պահին այդպիսի արգելք չկա, բայց, այնուամենայնիվ, երեխաների հետ շփման արգելքն ու հնարավորության բացակայությունը, բնականաբար, իր ազդեցությունն ունեցել է Հայկ Ստեփանյանի՝ այդ ծայրահեղ քայլին դիմելու որոշման վրա»,- նշում է փաստաբանը։
Ստեփանյանը եղել է այն նույն խցում, որտեղ պահվել էր արցախցի հանրային գործիչ Արթուր Օսիպյանը։ Ազատ արձակվելուց հետո Օսիպյանն այնտեղի պայմաններն «անմարդկային էր» որակել։
«Մի այլ տիպի խոնավություն ու սառնամանիք, այս եղանակին ուրեմն այդ տաքացուցիչը մինչև վերջ միացրած, որ կարողանանք երկարաթև այսպես նորմալ էլի շորերով նստել։ Նկուղային հարկ է, ընդհանրապես արև չենք տեսնում, բացի այդ՝ կոյուղու հոտը։ Ուրեմն դուռն են բացում՝ կոյուղու հոտն է գալիս, պատուհանն են բացում՝ աղբանոցի հոտն է գալիս։ Միակ տարբերակն այն էր, որ այնքան սիգարետ ծխենք, որ այդ հոտը խլացնենք, ոնց որ մոխրամանում նստած լինենք»,- հացադուլավորների համար նախատեսված խուցն այսպես էր նկարագրել Օսիպյանը։
Հացադուլի միջոցով խնդրի մասին ահազանգելն անազատության մեջ գտնվող անձանց համար ամենից հաճախ կիրառվող միջոցն է շարունակում մնալ։ Դեպքերից մի քանիսը ողբերգական ավարտ են ունեցել․ 2017 թվականի մարտի 16-ին՝ 25-օրյա հացադուլից 10 օր անց, մահացավ «Հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանը։ 2019 թվականին 44-օրյա հացադուլը դադարեցնելուց 10 օր անց սրտամկանի ինֆարկտից մահացավ «Հայոց Արծիվներ» կուսակցության փոխնախագահ Մհեր Եղիազարյանը։
Որքանով են այսօ՞ր հացադուլի մեջ գտնվողները պատշաճ ուշադրության արժանանում։
«Թե՛ բժիշկները, թե՛ քրեակատարողական հիմնարկի սոցիալական ծառայությունները, որպեսզի անձն օր առաջ դադարեցնի հացադուլը․․․ Ես երաշխավորում եմ, որ անձի համար ցուցված բժշկական ծառայությունները միանշանակ տրամադրվում են, և բոլորը հավասարապես օգտվում են իրենց իրավունքներից թե՛ դեղորայքային ապահովման, թե՛ հետազոտություններ անցնելու, թե՛ նաև բժշկական ծառայություններ ստանալու»,- այսօր կայացած ասուլիսի ժամանակ Factor TV-ի հարցին ի պատասխան՝ ասաց առողջապահության նախարար Անահտ Ավանեսյանը:
Չնայած նախարարի վստահեցմանը՝ իրավապաշտպանները և դիտորդական խումբը շարունակում են բարձրաձայնել, որ կալանավորները և դատապարտյալներն առաջինը բողոքում են բանտերում բժշկական ծառայության որակից, ոչ պատշաճ, երբեմն ուշացած բուժօգնությունից, ինչպես նաև դեղորայքային բուժման և շարունակական բժշկական հսկողության բացակայության կամ ոչ բավարար ապահովման մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոզա Վարդանյան

