ԵԽԽՎ-ն Ադրբեջանում քննադատական ձայները լռեցնելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Քաղաքականություն
25.06.2026 | 14:17
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հունիսի 24-ին ընդունել է «Ադրբեջանում քննադատական ձայների լռեցումը» վերնագրով բանաձևը։ Փաստաթղթում կոչ է արվում ազատ արձակել քաղբանտարկյալ համարվողներին, դադարեցնել լրագրողների և ակտիվիստների հետապնդումներն ու կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում լրագրողների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, մարդու իրավունքների պաշտպանների և քաղաքական ակտիվիստների գործունեության հետ կապված իրավիճակը մտահոգություն է առաջացնում Եվրոպայի խորհրդի պարտավորությունների համատեքստում։ ԵԽԽՎ-ն հիշեցնում է, որ չնայած 2024 թվականին իր մանդատը չհաստատելուց հետո ադրբեջանական պատվիրակությունը չի մասնակցում Վեհաժողովի աշխատանքներին, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և այլ միջազգային փաստաթղթերով երկրի պարտավորությունները մնում են ուժի մեջ։
Բանաձևին կողմ է քվեարկել է 68 պատգամավոր, դեմ՝ 8-ը, 6-ը ձեռնպահ է մնացել։
Ի՞նչ է պահանջում ԵԽԽՎ-ն Ադրբեջանից – Բանաձևը մի շարք կոչեր է պարունակում՝ ուղղված Ադրբեջանի իշխանություններին։ Վեհաժողովը կոչ է անում ազատ արձակել քաղբանտարկյալներին, դադարեցնել լրագրողների, մարդու իրավունքների պաշտպանների, քաղհասարակության ակտիվիստների և քաղաքական հակառակորդների հետապնդումները։ Փաստաթուղթը նաև կոչ է անում կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, վերանայել լրատվամիջոցների, ոչ կառավարական կազմակերպությունների և քաղաքական կուսակցությունների վերաբերյալ օրենսդրությունը, հետաքննել խոշտանգումների և վատ վերաբերմունքի մեղադրանքները, ինչպես նաև շարունակել համագործակցությունը Եվրոպայի խորհրդի մեխանիզմների հետ։
Բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում ընդդիմության ներկայացուցիչների, լրագրողների և քաղաքացիական հասարակության ակտիվիստների հնարավորությունները սահմանափակ են։ Վեհաժողովը սա կապում է լրատվամիջոցների, քաղաքական կուսակցությունների և ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենսդրության փոփոխությունների հետ:
Բանաձևը զգալի տեղ է հատկացնում Ադրբեջանում լրատվամիջոցների ազատության և լրագրողների իրավիճակին – Վեհաժողովը նշում է, որ անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ քրեական հետապնդումները շարունակվում են, մի շարք լրագրողներ գտնվում են բանտում: Փաստաթղթում անդրադարձ կա Meydan TV-ի, AbzasMedia-ի, Toplum TV-ի, Radio Azadlig-ի, Kanal 11-ի և Kanal 13-ի հետ կապված լրագրողների ու այլ աշխատակիցների գործերին: ԵԽԽՎ-ն գնահատում է այս գործերը լրատվամիջոցների ազատության և լրագրողների մասնագիտական գործունեության իրականացման վերաբերյալ քննարկումների համատեքստում:
«Ադրբեջանի լրատվական դաշտն ամբողջությամբ պետության վերահսկողության տակ է։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տվյալներով՝ երկրում չեն գործում անկախ հեռուստատեսային կամ ռադիոկայաններ, բոլոր քննադատական տպագիր թերթերը փակվել են։ Անկախ լրատվական կայքերի մեծ մասը գործում է արտասահմանում և պետական գրաքննության թիրախ է»,- ասվում է փաստաթղթում։
Նշվում է նաև, որ 36 անկախ լրագրողներ բանտում են՝ հղում անելով Եվրոպայի խորհրդի կողմից ստեղծված «Լրագրողների անվտանգության հարթակին»։
Փաստաթուղթը պարունակում է առանձին բաժին քաղբանտարկյալների վիճակի մասին: Վեհաժողովը, հղում անելով 2020 թվականին քաղբանտարկյալների վերաբերյալ ընդունված բանաձևին, նշում է, որ հաջորդող ժամանակահատվածում տեղի են ունեցել նոր ձերբակալություններ: ԵԽԽՎ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին վերանայել քաղբանտարկյալ համարվող անձանց գործերը։ Փաստաթղթում ընդգծվում է, որ 2026 թվականի մայիսի դրությամբ՝ քաղբանտարկյալների թիվը կտրուկ աճել է՝ հասնելով 328 մարդու։
Վեհաժողովը նաև անդրադառնում է կալանքի տակ գտնվող անձանց նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ տեղեկատվությանը։ Փաստաթղթում կոչ է արվում հետաքննել կալանքի պայմանները և կին լրագրողների նկատմամբ վերաբերմունքը: Բանաձևը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին հետաքննել խոշտանգումների և վատ վերաբերմունքի մասին բոլոր մեղադրանքները, համապատասխանեցնել կալանքի պայմանները միջազգային չափանիշներին և ապահովել, որ կալանավորվածները հասանելիություն ունենան բժշկական օգնությանը:
Բանաձևը նաև արտացոլում է Բաքվից եվրոպացի խորհրդարանականների սպասելիքները. պետք է դադարեցվի ճնշումը նրանց նկատմամբ, ովքեր հետապնդվում են իրենց լրագրողական գործունեության, կոռուպցիոն հետաքննությունների, ժողովրդավարական դիրքորոշման կամ մարդու իրավունքների պաշտպանության գործունեության համար, և կալանավորվածները պետք է անհապաղ ազատ արձակվեն: Միաժամանակ, կոչ է արվում ազատ արձակել ԵԽԽՎ 1900 բանաձևի չափանիշներով քաղբանտարկյալ համարվողներին:
Կոչ Եվրոպայի խորհրդի և Եվրամիության անդամ պետություններին – Վեհաժողովը խորհուրդ է տալիս քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը պահել միջազգային օրակարգում, միջոցներ ձեռնարկել քաղաքական հետապնդումների վտանգի տակ գտնվող Ադրբեջանի քաղաքացիներին պաշտպանելու համար և այս գործոնները հաշվի առնել արտահանձնման հարցումները քննարկելիս։ Փաստաթղթում նաև նշվում է Ադրբեջանի իշխանությունների հետ երկխոսության շարունակման կարևորությունը։ Վեհաժողովը նշում է, որ Եվրոպայի խորհրդի ինստիտուտների հետ համագործակցության վերսկսումը կարող է հնարավորություն ընձեռել քննարկելու մարդու իրավունքներին, լրատվամիջոցների ազատությանը և օրենքի գերակայությանը վերաբերող հարցեր։
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ն 2024 թվականի հունվարին չի հաստատել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները՝ վկայակոչելով Ադրբեջանում քաղբանտարկյալների և մարդու իրավունքների վերաբերյալ մտահոգությունները։ Այդ ժամանակից ի վեր ադրբեջանական պատվիրակությունը կասեցրել է մասնակցությունը Վեհաժողովի գործունեությանը։ Այնուամենայնիվ, Ադրբեջանը մնում է Եվրոպայի խորհրդի անդամ, և կազմակերպության նկատմամբ նրա պարտավորությունները մնում են ուժի մեջ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի