3,5 անգամ աճ՝ անվավեր քվեաթերթիկների թվում․ ինչն է բերել նման կտրուկ փոփոխության

Լուրեր

23.06.2026 | 00:27
Ամենամեծ էկրանով ստադիոնը, չսպասված երկրպագուներ. ԱԱ-2026-ի Բելգիա-Իրան խաղը` Factor TV-ի աչքերով
22.06.2026 | 23:26
Մեսին հաղթանակ պարգևեց Արգենտինային ու դարձավ աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 22:57
Հրդեհ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ այրվել է ննջասենյակը՝ գույքով
22.06.2026 | 22:34
ԱՄՆ-ը 60-օրյա լիցենզիա է տրամադրել իրանական նավթի առևտրի համար
22.06.2026 | 22:17
Ով չի մասնակցի ընտրությունների ճակատագիրը որոշելուն․ նոր միջնորդություններ են սպասվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 22:08
Դպրոցները փակվել են, Ֆրանսիայի կեսից ավելին ռեկորդային շոգի պատճառով կարմիր գոտում է
22.06.2026 | 21:54
Զախարովան հայտարարել է, թե Երևանը, իբր, «ճնշում է ՌԴ-ի հետ համագործակցությանը կողմնակից գործիչներին»
22.06.2026 | 21:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.06.2026 | 21:14
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են ազատ տնտեսական գոտիների գործունեության արդյունքները
22.06.2026 | 21:00
Ստվերվել են ընտրությունների արդյունքները, այդ թվում՝ 3 ընտրատեղամասում վերաքվեարկություն չնշանակելու պատճառով․ Վարդինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 20:54
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու. Մարթա Կոս
22.06.2026 | 20:43
Բաքուն ԱԳՆ է կանչել ԵԽ գրասենյակի ղեկավարին ու բողոք հայտնել ՄԻԵԴ-ի՝ Ապրիլյան քառօրյայի մասնակից հայ մայորի խոշտանգման վճռի կապակցությամբ
22.06.2026 | 20:30
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 25-29-ը՝ Երևանում և Գյումրիում
22.06.2026 | 20:16
Հունիսի 23-ի գիշերը Քանաքեռ-Զեյթունում ծառերի սրսկման աշխատանքներ կիրականացվեն. պատուհանները փակ պահել
22.06.2026 | 20:00
ՍԴ-ում ընտրակեղծիքների ողջ ծավալը կներկայացնենք․ հույսներս չենք կորցրել, որ ՍԴ-ն կգտնվի իր բարձրության վրա․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ խորհրդարանական ընտրություններից հետո համացանցում ակտիվ քննարկվում է անվավեր ճանաչված քվեաթերթիկների մեծ թիվը, ըստ նախնական արդյունքների այդ թիվը կազմում էր 17097, վերահաշվարկից հետո այն դարձավ 16210 անվավեր քվեաթերթիկ։

Հիմնական խնդիրը նախորդ տարիների համեմատ քվեաթերթիկների թվի կտրուկ աճն է, որը առաջացրել է հարցեր։

Հունիսի 9-ին «Հայաքվե»  նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը 5-րդ ալիքի եթերում ևս անդրադարձել է,որ անհասկանալի է անվավեր քվեաթերթիկների թվի կտուկ աճը և ընգծել որ դրա պատճառը պարզ կլինի վերահաշվարկից հետո։

FactorTV-ին ուսումնասիրել է, թե ինչն է այս ընտրություններում բերել անվավեր քվեաթերթիկների թվի կտրուկ աճին՝ հաշվի առնելով 2026թ․ ապրիլի 7-ին և մինչ այդ տեղի ունեցած ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որոնք առնչվում են անվավեր քվեաթերթիկների հետ։

Ամեն 90 քվեաթերթիկից մեկն անվավեր է ճանաչվել հունիսի 7-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության արդյունքներով։ Ընդհանուր անվավեր է ճանաչվել 16 հազար 210 քվեաթերթիկ կամ քվեարկության մասնակիցների մոտ 1,1 տոկոսի քվեն։

Համեմատության համար՝ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել էր 4593 հատ, 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում՝ 4706 հատ, իսկ 2017 թվականի հերթական խորհրդարանական ընտրություններում՝ 6675 հատ։

Այսինքն՝ 2026 թվականին անվավեր ճանաչված քվեաթերթիկների թիվը 2021 թվականի համեմատ աճել է շուրջ 3.5 անգամ, 2018 թվականի համեմատ՝ շուրջ 3.4 անգամ, իսկ 2017 թվականի համեմատ՝ շուրջ 2.4 անգամ։

 

Մասնակցության ցուցանիշի համեմատությամբ ևս տարբերությունն ակնհայտ է։ 2026 թվականի ընտրությունների արդյունքով՝ ընտրությանը մասնակցած յուրաքանչյուր 1000 քաղաքացուց մոտ 11-ի քվեաթերթիկը ճանաչվել է անվավեր։ Նախորդ՝ 2017, 2018 և 2021 թվականների ընտրություններում անվավեր քվեաթերթիկների բաժինը չէր գերազանցել 1 տոկոսը։

Այստեղ, սակայն, կարևոր է հաշվի առնել նաև ընտրակարգերի տարբերությունը։ 2017 և 2018 թվականների Ազգային ժողովի ընտրություններն անցկացվել են ռեյտինգային՝ տարածքային ընտրական ցուցակների համակարգով։ Այդ ժամանակ ընտրողը քվեարկում էր ոչ միայն կուսակցության կամ դաշինքի, այլև տարածքային ցուցակում ընդգրկված թեկնածուի օգտին։

2021 թվականի ընտրություններից առաջ ռեյտինգային ընտրակարգը վերացվեց, և ընտրություններն անցկացվեցին միայն համամասնական ընտրական ցուցակներով։

«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը Factor TV-ի հետ զրույցում ընդգծում է, որ այս տարվա բարձր ցուցանիշը, մեծապես, կապված է ապրիլի 7-ին ուժի մեջ մտած Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հետ։

«Հիմնականում խնդիրն այն է, որ քվեարկության ծրարի մեջ, բացի սահմանված նմուշի քվեաթերթիկից, այլ իրի առկայություն է եղել, որն էլ անվավերության հիմք է դարձել»,- նշում է Իոաննիսյանը։

Ի՞նչ է փոխվել 2026-ի ընտրություններից առաջ

Ընտրական օրենսգրքի՝ այս տարվա ապրիլի 7-ին ուժի մեջ մտած փոփոխությունները փոխել են այն դեպքերի իրավական գնահատականը, երբ քվեարկության ծրարում, սահմանված նմուշի քվեաթերթիկից բացի, առկա է այլ իր կամ չսահմանված նմուշի քվեաթերթիկ։

Մասնավորապես, Ընտրական օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանվում է․

«Ավելորդ գրառում կամ նշում կամ սահմանված նմուշի քվեաթերթիկից բացի այլ իր (այդ թվում՝ չսահմանված նմուշի քվեաթերթիկ) պարունակող քվեարկության ծրարի դեպքում քվեարկության ծրարը դրանում գտնվող քվեաթերթիկի հետ անհապաղ մարվում է այնպես, որ վերահաշվարկի ժամանակ հնարավոր լինի հաստատել մարման հիմքի առկայությունը»։

Նույն հոդվածի հաջորդ՝ 7-րդ մասով էլ ամրագրվել է․ «Արդյունքներն ամփոփելիս սահմանված նմուշի մարված քվեաթերթիկները հաշվարկվում են որպես անվավեր»։

Այս ձևակերպումը կարևոր է, քանի որ մինչև այս փոփոխության ուժի մեջ մտնելը չսահմանված նմուշի քվեաթերթիկները պարզապես դուրս էին մնում արդյունքների հաշվարկից․ դրանք չէին ավելացվում ո՛չ վավեր, ո՛չ անվավեր քվեաթերթիկների թվին։

Այլ կերպ ասած՝ 2026 թվականի ընտրություններին անվավեր քվեաթերթիկների բարձր ցուցանիշը պետք է դիտարկել ոչ միայն ընտրողների հնարավոր սխալների, այլև փոփոխված իրավական կարգավորման համատեքստում։ Օրենքի նոր խմբագրությամբ ընդլայնվել և հստակեցվել են այն դեպքերը, որոնք կարող են հանգեցնել քվեաթերթիկի անվավեր ճանաչման։

Ի՞նչ էր փոխվել 2021-ի ընտրություններին ընդառաջ

2021 թվականին ԱԺ ընտրություններից առաջ նույնպես կատարվել էին ընտրական համակարգի առանցքային փոփոխություններ։ Վերացվել էր ռեյտինգային՝ տարածքային ընտրական ցուցակների համակարգը։

2021 թվականի ապրիլի 1-ին ընդունված փոփոխություններով՝ Ընտրական օրենսգրքից հանվեցին «համապետական և տարածքային ընտրական ցուցակներ» ձևակերպումները և փոխարինվեցին մեկ միասնական «ընտրական ցուցակով»։ Նույն փոփոխությունների արդյունքում ուժը կորցրած ճանաչվեց նաև տարածքային ընտրական ցուցակներին վերաբերող կարգավորումը։ Այսինքն՝ 2021 թվականի ընտրություններն այլևս չանցկացվեցին 2017 և 2018 թվականների ռեյտինգային համակարգով։

Փոփոխություն եղավ նաև անվավեր քվեաթերթիկների կարգավորման մասով։ 2021 թվականի ապրիլի 1-ի փոփոխությամբ՝ քվեաթերթիկը կարող էր անվավեր ճանաչվել, եթե այն ներառում էր որևէ գրառում կամ նշում։

Բացի այդ, 2021 թվականի մայիսի 7-ի ավելի ծավալուն փոփոխություններով սահմանվեց, որ ԱԺ և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունների դեպքում սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր է, եթե ներառում է որևէ գրառում կամ նշում, կամ եթե ծրարում, քվեաթերթիկից բացի, առկա է այլ իր։ Նույն փոփոխությամբ որոշվեց, որ եթե ծրարում քվեաթերթիկից բացի այլ իր կա, քվեաթերթիկը մարվում է ծրարի և այդ իրի հետ, և դրա մասին գրառում է կատարվում գրանցամատյանում (բայց այն անվավեր չէր ճանաչվում)։

Այլ կերպ ասած՝ 2021-ին արդեն կար «ծրարում քվեաթերթիկից բացի այլ իրի» վերաբերյալ կարգավորում, սակայն 2026-ի ապրիլի 7-ի փոփոխությունն այն ավելի կոնկրետացրեց՝ հատուկ նշելով «սահմանված նմուշի քվեաթերթիկից բացի այլ իր», այդ թվում՝ «չսահմանված նմուշի քվեաթերթիկ», և հստակ ամրագրելով, որ սահմանված նմուշի մարված քվեաթերթիկները արդյունքներն ամփոփելիս հաշվարկվում են որպես անվավեր։

 

Մարիա Խաչատրյան