Նարեկ Կարապետյանը շարունակում է լինել պատգամավորի թեկնածու. ԿԸՀ
Քաղաքականություն
20.05.2026 | 11:55
Նարեկ Կարապետյանը շարունակում է համարվել ԱԺ ընտրություններում պատգամավորի թեկնածու։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանը։
Նա մանրամասնեց, որ ԿԸՀ-ն չունի ստուգելու գործառույթ և առաջնորդվում է Նարեկ Կարապետյանի` ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից ստացած և ԿԸՀ-ին փոխանցած տեղեկանքով, որի համաձայն համարվում է միայն ՀՀ քաղաքացի։
Հիշեցնենք` առավոտյան Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, ըստ որի, ԱԺ պատգամավորի թեկնածու, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը թաքցրել է օտար պետության քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը, ինչի հիմքով ՀՀ ՆԳՆ-ն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՔԿ։
«Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ 2026 թվականի հունիսի 7-ին ՀՀ ԱԺ հերթական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարով առաջադրված պատգամավորի թեկնածու Ն.Կ.-ն, նախազգուշացված լինելով կեղծ տեղեկություններ հայտնելու դեպքում օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության մասին, դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը, այն է՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն է ներկայացրել այլ պետության քաղաքացի չլինելու մասին բովանդակությամբ կեղծ դիմում՝ այդ կերպ թաքցնելով պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը»,- հայտել է ՔԿ։
Ըստ նախաքննական մարմնի` հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 449-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող տեղեկությունները թաքցնելը):
Հիշեցնենք` Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացի լինելու մասին տեղեկություններ շրջանառեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա մի սքրինշոթ էր հրապարակել և գրել․ «Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի՞ է»:
Գրառմանը կից փաստաթղթում իրավաբանական անձի տվյալներ են, դրանում Նարեկ Կարապետյան անվան դիմաց գրված է՝ ՌԴ քաղաքացի: Նարեկ Կարապետյանը գրառումից կարճ ժամանակ անց արձագանքեց․ «Ալեն Ռոբերտովիչ, այդպիսի բաներ մի՛ արեք։ Ես Ռուսաստանի քաղաքացի չեմ, բացի ՀՀ քաղաքացիությունից ուրիշ քաղաքացիություն չեմ ունեցել, կյանքում Ռուսաստանում ավելի քիչ եմ ապրել, քան Անգլիայում կամ Շվեյցարիայում»։
Նարեկ Կարապետյանն այսօր առավոտյան կրկին պնդել է, որ միայն ՀՀ քաղաքացի է, իսկ իր քաղաքացիության շուրջ աղմուկը մեկնաբանել է որպես «իշխանության կողմից ընտրողների ուշադրությունը շեղելու փորձեր»։
Factor.am-ը նաև երեկ էր դիմել ԿԸՀ, որտեղից Նարեկ Կարապետյանի՝ այլ պետության քաղաքացիություն ունենալու վերաբերյալ հայտնել էին. «ԿԸՀ կայքում հասանելի է ընտրություններին մասնակից բոլոր ուժերի ընտրական ցուցակների մասին տեղեկատվությունը։ Բոլոր այն թեկնածուները, որոնք գրանցված են ԿԸՀ կողմից, նշանակում է, որ ԿԸՀ-ն նախապես ստուգել է տվյալ անձանց վերաբերելի փաստաթղթերը՝ այդ թվում վերջին չորս տարում ՀՀ -ում մշտական բնակության և ՀՀ քաղաքացի լինելը փաստող փաստաթղթերը։ Այդ փաստաթղթերը թեկնածուներին տրամադրվում են ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից և փոխանցվել են ԿԸՀ»,- նշել էր խոսնակը։
Նարեկ Կիրակոսյան