Տիկին Հակոբյանը ծանր է տանում դատական հայցի ներկայացումն իր դեմ. հետ չենք վերցնելու. Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
27.04.2026 | 18:48«Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը Factor TV-ի հետ զրույցում արձագանքեց Աննա Հակոբյանի հայտարարություններին՝ պնդելով, որ «Իմ քայլը» հիմնադրամն ու ՔՊ-ն ասոցացվում են։
«Ես լսել եմ Աննա Հակոբյանի հայտարարությունները և պիտի ասեմ, որ ամբողջությամբ նորմալ եմ վերաբերվում նրան, որ տիկին Հակոբյանը ծանր է տանում մեր կողմից դատական հայցի ներկայացումն իր դեմ։ Ամբողջությամբ նորմալ եմ վերաբերվում նրան, որ դրան ի պատասխան ուզում է իրավական գործընթացներ սկսել։ Դա իր սահմանադրական իրավունքն է, և ինքը ազատ է հանցագործության մասին հաղորդումներ կամ հայցադիմումներ ներկայացնի իմ կամ «Անկախ դիտորդ» դաշինքի դեմ։ Այդուհանդերձ, միանշանակորեն պնդում եմ, որ մեր հայցադիմումը հիմնավոր է, որ հայցադիմումում վկայակոչված փաստերը հիմնավոր են, շարունակում եմ պնդել, որ «Իմ քայլը» հիմնադրամը ասոցացվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ և հետևապես համարում եմ, որ ընտրական օրենսգրքի համապատասխան կարգավորումները տարածվում են «Իմ քայլը» հիմնադրամի վրա»,- ասաց «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։
Հիշեցնենք, որ դաշինքը դիմել է Վարչական դատարան և պահանջում է 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Աննա Հակոբյանին։ Խախտման համար նախատեսված տուգանքը կազմում է նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկ։ «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանն այսօր հրավիրված ասուլիսում ասաց, որ դիմել է իր փաստաբանական թիմին՝ ուսումնասիրելու Դանիել Իոաննիսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու նպատակով հաղորդում ներկայացնելու հնարավորությունը, ինչպես նաև «Անկախ դիտորդ» դաշինքի դեմ հայց ներկայացնելու հնարավորությունը՝ «Իմ քայլը» հիմնադրամի գործարար համբավին և հեղինակությանը հասցված վնասները հատուցելու պահանջով։
Անդրադառնալով Հակոբյանի կողմից հնչեցված այն գնահատականներին, թե իր նկատմամբ խտրական վերաբերմունք կամ ճնշում կա, Իոաննիսյանը դրանք անլուրջ որակեց։
«Ճիշտն ասած, տիկին Հակոբյանի ասածից կարող է տպավորություն ստեղծվել, որ «Անկախ դիտորդ» դաշինքը տիկին Հակոբյանին սեռով պայմանավորված խտրականության է ենթարկել կամ խոշտանգել նույնիսկ։ Ես չեմ կարծում, որ այդ հայտարարությունները լուրջ են, որովհետև խոշտանգումը դա լուրջ հանցագործություն է, և որևիցե կերպ, որևիցե պարագայում, նույնիսկ եթե շատ ուզեինք, մենք չէինք կարող տիկին Հակոբյանին խոշտանգել»,- ասաց Իոաննիսյանը։
Աննա Հակոբյանը հորդորել էր Իոաննիսյանից հարցնել՝ «2022 թվականին «Իմ քայլը» հիմնադրամի անվանումը որևէ կապ ունե՞ր «Իմ քայլը» համանուն դաշինքի հետ, մո՞տ էր, թե՞ այն ժամանակ տարբեր անուններ էին հնչում»։
«Մասնավորապես, 2022 թվականի սեպտեմբերին Շիրակում անցկացվող ՏԻՄ ընտրությունների ժամանակահատվածում «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցրել է այն ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ հանդիսացող Մխիթար Հայրապետյանը: Այդ ամբողջ ընթացքում «Իմ քայլը» հիմնադրամը Շիրակում անցկացրել է «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագիրը: Եվ ընդհանրապես Մխիթար Հայրապետյանի «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն լինելու ընթացքում տարբեր ՏԻՄ ընտրություններ են տեղի ունեցել տարբեր համայնքներում, որտեղ «Իմ քայլը» հիմնադրամը զուգահեռաբար իրականացրել է բարեգործական ծրագրեր: Որևէ ուսումնասիրություն հիմնադրամի կամ նրա պաշտոնատար անձի նկատմամբ քրեական կամ վարչական պատասխանատվություն կիրառելու մասով այդ փուլում չի կատարվել: Ես այս փաստը ևս դիտարկում եմ որպես օրենսդրությամբ սահմանված կանանց նկատմամբ խտրականության արգելքի խախտում»,- ասաց Հակոբյանը։
Դանիել Իոաննիսյանը, արձագանքելով Աննա Հակոբյանի այս հայտարարությանը, նշեց, որ ասոցացումը եղել է նաև այդ ժամանակ, սակայն «Անկախ դիտորդը» դա չի արձանագրել։
«Բնականաբար «Իմ քայլը» հիմնադրամը կապ ուներ, ասոցացվում էր նաև այն ժամանակ։ Այն ժամանակ մենք չենք նկատել, միգուցե մեր բացթողումն է, որ չենք նկատել։ Եթե նման բան կա, ես կհորդորեմ, որ տիկին Հակոբյանը հանցագործության մասին հաղորդում տա, որովհետև Մխիթար Հայրապետյանը նաև կուսակցության անդամ է, հետևապես, իր կողմից նման բաներ անելը ենթադրյալ հանցագործություն է և ոչ թե վարչական իրավախախտում»,- նկատեց Իոաննիսյանը։
Մեր հարցին՝ հնարավո՞ր է արդյոք «Անկախ դիտորդը» հետ վերցնի ներկայացված հայցադիմումը, Իոաննիսյանը կարճ պատասխանեց՝ «բացառված է»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան