Ով է իրականացրել փոսային նորոգումը․ քրգործի ու 2 մլն 836 հազար դոլարի հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.06.2026 | 14:40
Մարգարիա Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
24.06.2026 | 14:31
Ֆրանսիայի Սենատում քննարկվել են ՀՀ-ում ԱԺ ընտրությունները, հետընտրական զարգացումներն ու միջազգային դիտորդների եզրակացությունները
24.06.2026 | 14:18
Մոսկվան հուսով է՝ ՀՀ-ն կընտրի ԵՏՄ-ն․ Պեսկով
24.06.2026 | 14:05
Բաքվից հայտարարում են, թե «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը պետք է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացի քննարկումների մաս լինի»
24.06.2026 | 13:57
Ըստ ՔԿ-ի՝ հաստատվել է․ ձայնագրության մեջ այլ պետության պաշտոնյաների հետ խոսող անձը Չալաբյանն է․ մանրամասներ քրեական գործից
24.06.2026 | 13:53
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
24.06.2026 | 13:44
Հայաստանը ՕՊԵԿ հիմնադրամի հետ 80 մլն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել
24.06.2026 | 13:33
Հայ-ֆրանսիական արշավախումբը սկսել է Պեմզաշենի վաղմիջնադարյան համալիրի պեղումները
24.06.2026 | 13:26
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
24.06.2026 | 13:18
Իլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ․ SpaceX-ի բաժնետոմսերն էժանացել են
24.06.2026 | 13:10
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
24.06.2026 | 13:01
Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի շրջաններին․ զոհ կա
24.06.2026 | 12:54
Խալաֆյանների դաժան սպանությունից հետո վերադարձել են ու հարձակվել բեռնատարի վրա. Արա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 12:46
ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները կայցելեն Իրանի միջուկային օբյեկտներ․ Գրոսսի
24.06.2026 | 12:38
Ավագանու նիստում ծեծկռտուքի հետևանքով վնասվածքներ ստացած Սարգիս Տեր-Եսայանը բուժզննում է անցել և հաղորդում ներկայացրել
Բոլորը

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում փոսալցման աշխատանքներ են․ տեսանյութը վարչական շրջանի ղեկավարն ուղարկեց, երբ նրանից հետաքրքրվեցինք, թե քաղաքապետ Տիգրան Ավինյանի դիտողությունից հետո ի՞նչ փուլում են աշխատանքները։

«Հենց հիմա տեղային լուծումներ են տրվում, որպեսզի ձեր մեքենան, իմ մեքենան չփչանա, մինչև կապիտալ վերանորոգում անենք»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց վարչական շրջանի ղեկավար Տիգրան Գաբրիելյանը։

Ավինյանը գործակարգավարական խորհրդակցությանն ընդգծեց, որ վտանգավոր փոսեր կան՝ հետաքրքրվելով Շիրակի փողոցում իրականացված փոսալցման աշխատանքներից։ Պարզվեց՝ որևէ աշխատանք դեռ չէր իրականացվել։

«Շիրակի փողոցում մեծ փոսերի հետ կապված աշխատանք այս պահին չի կատարվել։ Բայց, եթե թույլ տաք, պարոն քաղաքապետ, այսօրվանից մեր կողմից աշխատանքներ են տարվելու այդ մեծ փոսերը լցնելու»,- ասաց թաղապետը։

Ի պատասխան՝ Ավինյանը դժգոհեց, որ այդ մասին հանձնարարել էր դեռ օրեր առաջ։ Քաղաքապետի որոշմամբ շուրջ 4 ամիս առաջ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար նշանակված Տիգրան Գաբրիելյանը փորձեց պարզաբանել։

«Անկեղծ ասած՝ մենք փորձել ենք փոսալցման աշխատանքներ անել, բայց քանի որ հետո անձրև է եկել, լվացել, մեքենաների հետ տարել է»,- ընդգծեց Գաբրիելյանը։

Թաղապետի խոսքով՝ Շիրակի, Նժդեհի, Բագրատունյաց, այսինքն՝ գլխավոր փողոցների սպասարկումն ու փոսալցման աշխատանքներն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչությունը, և պայմանավորվել էին, որ դրանք հենց այսօր պիտի սկսեն, իսկ թաղապետարանը զբաղվում է երկրորդային փողոցների փոսալցմամբ։ Թաղապետը նաև ասաց, որ իր մեքենան ևս փոսերի հետևանքով վնասվել է, բայց փոխհատուցման մասին հարցերը հորդորեց իրեն չուղղել։ 

Ո՞ր ընկերություններն են իրականացնում գլխավոր փողոցների փոսալցումը․ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանի մատնանշած 5 ընկերությունների ցանկում չկա այն ընկերության անունը, որն անցյալ տարի փոսային նորոգման աշխատանքներն իրականացրել է 2 մլն 836 հազար  դոլարով։ Ըստ քաղաքապետի մամուլի քարտուղարի՝ «ԱԱԲ պրոեկտ» ընկերության պայմանագրի ժամկետը լրացել է, սակայն երաշխիքային պարտավորությունները դեռ պահպանվում են։ Հարցին՝ երբ է լրացել ժամկետը, խոսնակը պատասխանեց՝ տեղեկություն չունի։ 

Այսպես,  Factor TV-ն պարզել է, որ 2025 թվականին Երևանի փողոցների փոսային նորոգման աշխատանքներն իրականացրել է «ԱԱԲ պրոեկտ» ընկերությունը․ 297 միլիոն դրամ՝  Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների, 271 մլն 800 հազար դրամ՝ Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների, 191 մլն դրամ՝ Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների, 324  մլն 600 հազար դրամ՝ Արաբկիր, Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների փոսային նորոգման աշխատանքների համար։

Factor TV-ն պարզել է, որ քաղաքապետարանն այս աշխատանքները վստահել է մի ընկերության, որի թույլ տված խախտումների համար նախկինում արդեն քրեական գործ է հարուցվել, ավելին՝ «Կոմպաս» ՀԿ-ն դեռ 2019-ին այդ ընկերության շինաշխատանքներում արձանագրել էր լուրջ անվտանգային խնդիրներ։ Սա, սակայն, չի խանգարել քաղաքապետարանին 1 միլիարդ 84 միլիոն դրամի պայմանագիր կնքել։

Ուշագրավ է, որ այժմ այդ ընկերության նկատմամբ սահմանափակում է կիրառված։ ՀՀ պետական ռեգիստրի տվյալներով՝ ընկերության հիմնադիրն ու սեփականատերը Արմեն Բադալյանն է։ Նա Ռոբերտ Քոչարյանի խնամի Վոլոդյա Բադալյանի եղբորորդին է, ՀՀԿ նախկին պատգամավոր։ 

2025-ի հունիսին, այսինքն՝ քաղաքապետարանի հետ պայմանագիր կնքելուց ամիսներ առաջ, Արմեն Բադալյանից պետբյուջեի օգտին բռնագանձվել է 300,000 դրամ։ Մյուս արգելանքով Բադայանը պարտավորվում է 600 հազար դրամ վճարել պետբյուջե։ Այս պահի դրությամբ՝ արգելանք է դրված նաև ընկերության գույքի վրա՝ 884 միլիոն դրամի չափով։

Քաղաքապետարանի և ընկերության միջև կնքված պայմանագրի համաձայն՝ եթե «ԱԱԲ պրոեկտ»-ը չկատարի պայմանագրով ստանձնած աշխատանքները կամ այլ խախտում կատարվի, քաղաքապետարանը կարող է պահանջել 287,330,400 ՀՀ դրամ՝ անմիջապես բանկից՝ առանց դատական գործընթացի: Բայց ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանում չգիտեն, թե ինչպես պետք է պարզեն՝ արդյո՞ք մայրաքաղաքի փոսերը նաև այս ընկերության աշխատանքի որակի հետ են կապված։ Ընկերությունից էլ մեր զանգերն անպատասխան թողեցին։

Ի դեպ, երաշխիքի որակավորման ապահովումն ուժի մեջ է մինչև 2026-ի մայիսի 14-ը։ Պայմանագրի ապահովման երաշխիքով էլ՝ եթե ընկերությունը չկատարի ստանձնած պարտավորությունները, քաղաքապետարանը հենց բանկից կարող է պահանջել 95,776,800 ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցում։ Ինչպե՞ս կվարվի քաղաքապետարանը, հայտնի չէ․ Տիգրան Ավինյանն այսօր այլ դժգոհությունների ու հրահանգների շարքում այս մասին  ոչ մի խոսք չասաց։

Երևանի քաղաքապետն ավելի վաղ աղով էր պայմանավորել փոսերի առաջացումը։ Ի դեպ, այդպիսի հայտարարություն Ավինյանն արել էր նաև նախորդ տարի։ Քաղաքապետն այսօր հանձնարարեց շաբաթվա ընթացքում ներկայացնել կատարված աշխատանքների լուսանկարներն ու տեսանյութերը, ինչպես նաև օրական հաշվետվություն՝ ծավալների և տոկոսային ցուցանիշների վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան