«Գնում ես՝ չուկ-չակ-չարակ-չակ, մեկ էլ պրծնում ա ճանապարհը»․ Փաշինյանը հեգնեց երկաթուղու մասին հարցադրումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
28.10.2026 | 18:00Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցադրումներին՝ կապված TRIPP ծրագրի իրականացման գոտիների, կոնցեսիոն իրավունքի և երկաթուղային ցանցի հետ։
Խաչատրյանն անդրադարձավ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի կոնցեսիոն պայմանագրին և հետաքրքրվեց Հայաստանի ինքնիշխանության ու իրավազորության վերաբերյալ դրույթներով։ Նա նաև հիշեցրեց 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացած ստորագրման արարողության ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգտագործած special transit area՝ «հատուկ տարանցման գոտի» ձևակերպումը։
Պատասխանելով՝ Փաշինյանն ընդգծեց, որ բանավոր հայտարարություններից ավելի կարևոր են պաշտոնապես համաձայնեցված և ստորագրված փաստաթղթերը։
«Բանավոր խոսքը՝ բանավոր խոսք, բայց, ասենք, ես որ Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, բոլոր ոլորտների բոլոր նրբություններին, բոլոր առանձնահատկություններին փորձագիտական մակարդակով տիրապետո՞ւմ եմ։ Տեքստեր կան ստորագրված։ Հիմա որևէ հարցի պատասխան պետք է գտնել տեքստի մեջ։ Տեքստից դուրս ուրիշ տեղ հարցի պատասխան գտնելու փորձի կարիք և անհրաժեշտություն չկա»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետն անդրադարձավ նաև Հայաստանի գործող երկաթուղային ցանցի վիճակին՝ նշելով, որ այն ներկայումս մի շարք ուղղություններով ընդհատվում է։
««Հարավկովկասյան երկաթուղին» աշխատում է հետևյալ կերպ․ գնում ես, գնում ես, գնում ես, գնում ես, գնում ես, մեկ էլ ճանապարհը պրծնում է, մի հատ ուրիշ ուղղությամբ ես գնում, գնում, գնում, գնում, գնում, մի հատ էլի ճանապարհը պրծնում է, մի հատ էլ երրորդ ուղղությամբ գնում ես, գնում ես, գնում ես, չուկ-չակ, չարակ-չակ, ու պրծնում է ճանապարհը»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ Կառավարության նպատակը երկաթուղային ցանցի շարունակականությունն ապահովելն է, որպեսզի այն չավարտվի Երասխի կամ Ախուրիկի հատվածներում։
«Մեր խնդիրն այն չէ, որ հիմա գնա, գնա, գնա, գնա ու ասեմ՝ վսյո, այստեղ պրծավ Երասխի մոտերը կամ Ախուրիկի մոտերը։ Այս ճանապարհը պետք է շարունակվի․ սա է տարբերությունը, եթե դուք մինչև հիմա չեք նկատել»,- հայտարարեց վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան

