Այս որակի փաստաթղթերն անվճար տրամադրվել չեն կարող․ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
28.10.2026 | 18:25Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրեց նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ներդրման մանրամասները, դրանց արժեքն ու սոցիալական խմբերի համար նախատեսվող աջակցության հնարավոր մեխանիզմները։
Պատգամավոր Զարուհի Բաթոյանը նշեց, որ անձը հաստատող փաստաթղթերի համակարգի արդիականացումը կարևոր է նաև վիզաների ազատականացման գործընթացի համատեքստում, սակայն քաղաքացիների շրջանում հարցեր են առաջացել նոր փաստաթղթերի գների և վավերականության ժամկետների վերաբերյալ։
Արփինե Սարգսյանը հայտնեց, որ բիոմետրիկ համակարգի գործարկումը կմեկնարկի նոյեմբերի 1-ից։ Նրա խոսքով՝ փաստաթղթերի արժեքը ձևավորվել է մասնավոր գործընկերոջ՝ բաց մրցույթով առաջարկած գնի հիման վրա, և պետությունն այդ գործընթացից շահույթ չի ստանալու։
«IN GROUP ընկերության հետ երբ որ կնքել ենք համաձայնագիրը, 28,650 դրամ նախատեսել ենք անձնագրի համար և 5,950 դրամ նախատեսել ենք ID քարտի համար»,- ասաց նախարարը։
Սարգսյանն անդրադարձավ նաև փաստաթղթերի վավերականության ժամկետներին։ Նրա խոսքով՝ կենսաչափական անձնագիրը նախատեսված է 10, իսկ ID քարտը՝ 5 տարվա համար, քանի որ կենսաչափական տվյալները պարբերաբար պետք է թարմացվեն։
«Ինչո՞ւ 5 տարի և 10 տարի․ որովհետև միջազգայնորեն ընդունված ստանդարտով մեր կենսաչափական տվյալները պիտի թարմացվեն, և 10 տարին չէ այն ստանդարտ ժամկետը, երբ որ մենք պիտի լուսանկարահանվենք, մատնահետք հանձնենք»,- նշեց նա։
Զարուհի Բաթոյանի դիտարկմանը, թե սոցիալական որոշ խմբերի համար ծախսերը կարող է հոգալ պետությունը, Արփինե Սարգսյանը պատասխանեց, որ Կառավարությունում այդ հարցով քննարկումներ են ընթանում։
Նա ընդգծեց, որ նոր նույնականացման քարտերն ու կենսաչափական անձնագրերը անվճար լինել չեն կարող, իսկ արտոնյալ խմբերի դեպքում դրանց արժեքը պետք է վճարի պետությունը։
«Եթե նույնիսկ այն սոցիալական փաթեթները, որոնք կտա պետությունը տարբեր խմբերի, գինը վճարելու է պետությունը, որովհետև անվճար, նորից եմ ուզում շեշտել, այս որակի փաստաթղթեր տրամադրվել չեն կարող»,- ասաց նախարարը։
Արփինե Սարգսյանի խոսքով՝ սոցիալական աջակցության վերջնական փաթեթները նախատեսվում է հանրայնացնել հունվար-փետրվար ամիսներին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան

