Քալիֆորնիայի նահանգապետը հայց է ներկայացրել ազգությամբ թուրք պաշտոնյայի դեմ՝ ամերիկահայերի նկատմամբ խտրականության համար
Քաղաքականություն
30.01.2026 | 22:10
ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը քաղաքացիական իրավունքների խախտման հիմքով հայց է ներկայացրել Medicare և Medicaid ծառայությունների կենտրոնների ղեկավար, բժիշկ Մեհմեթ Օզի դեմ՝ մեղադրելով նրան ամերիկահայերի նկատմամբ խտրականության մեջ, գրում է CBC News-ը։
Հայցը ներկայացվել է այն բանից հետո, երբ բժիշկ Օզը սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութում «ռուսական հայկական մաֆիային» մեղադրել էր Լոս Անջելեսում 3,5 միլիարդ դոլարի հոսպիսային խնամքի խարդախության սխեմա իրականացնելու մեջ։ Լոս Անջելեսի Վան Նայս թաղամասում մեքենայով շրջելուց հետո նա կանգ է առել մի շարք բիզնեսների մոտ՝ պնդելով, որ դրանցից մեկը 16 միլիոն դոլարի սխեմայի մաս է կազմել։
Պնդումները ներկայացնելիս բժիշկ Օզը կենտրոնանում է մոտակա հացաբուլկեղենի խանութի ցուցանակի վրա՝ ասելով, որ այն գրված է նույն «բարբառով», որն օգտագործում է ռուս-հայկական մաֆիան։
«Լոս Անջելեսում հոսպիսի և տնային խնամքի ոլորտում տեղի է ունենում մոտ 3,5 միլիարդ դոլարի խարդախություն: Դա մեծ մասամբ ղեկավարվում է ռուս-հայկական մաֆիայի կողմից: Դուք նկատում եք, որ իմ հետևում գրված տառերն ու լեզուն այդ բարբառով են: Եվ դա նաև ընդգծում է այն փաստը, որ սա կազմակերպված հանցագործության և մաֆիայի գործարք է»,- նշել է նա:
Քաղաքացիական իրավունքների վերաբերյալ բողոքում Նյուսոմի գրասենյակն այս մեկնաբանությունները «անհիմն և ռասիստական մեղադրանքներ» է որակել՝ հավելելով, որ դրանք «արտացոլում են խտրական թշնամանք և բացահայտում են խտրական դրդապատճառը, որը կարող է ազդել ենթադրյալ խարդախության հետաքննությունների անցկացման վրա»։
«Բացի այդ, դոկտոր Օզի մեկնաբանություններն արդեն իսկ վնաս են պատճառել իրական աշխարհին, քանի որ նրա մեկնաբանությունների թիրախում հայտնված հացաբուլկեղենի խանութը հայտնել է վաճառքի 30% անկման մասին այս տեսանյութի հրապարակումից հետո»,- ասվում է բողոքում։
Տեսանյութը հրապարակելուց հետո դոկտոր Օզը սուր քննադատության է արժանացել Ամերիկայի Հայ դատի գրասենյակի (ANCA) կողմից։
«Պետական պաշտոնյաները հատուկ պատասխանատվություն են կրում՝ պահպանելու Սահմանադրության տառը և ոգին։ Երբ հարկադիր կիրառման հռետորաբանությունը շեղվում է դեպի էթնիկ ընդհանրացումներ, դա թուլացնում է քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը և վտանգի ենթարկում ամբողջ համայնքները: Ամերիկահայերը, ինչպես բոլոր ամերիկացիները, արժանի են օրենքի առջև հավասար արդարադատության, ո՛չ պակաս»,- ասել է ANCA-ի Արևմտյան շրջանի նախագահ Օշին Հարութունյանը։
Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Ադրին Նազարյանն ասել է, որ Օզը «իսկական մտահոգություն չունի խարդախության վերաբերյալ», և նրա մեկնաբանություններն անվանել «բացահայտ ռասիզմ»:
«Բժշկական խարդախությունը լուրջ է։ Ոչ ոք դա չի ժխտում։ Ինչո՞ւ կենտրոնանալ հայկական բիզնեսների վրա։ Մի՞թե հնարավոր չէր մեկ խարդախության դեպքի մասին խոսել՝ առանց ամբողջ համայնքին դրա մեջ ներքաշելու»,- նշել է նա։
CBS LA-ը կապ է հաստատել Medicare և Medicaid ծառայությունների կենտրոնների հետ, սակայն պատասխան չի ստացել։
Քաղաքացիական իրավունքների վերաբերյալ հայց ներկայացնելուց մեկ օր առաջ Նյուսոմի մամուլի գրասենյակը հայտարարել էր, որ նահանգը կվերանայի այն հաղորդագրությունները, որոնց համաձայն՝ բժիշկ Օզը «թիրախավորել է Հարավային Քալիֆորնիայի ամերիկահայ համայնքին»։
Ժամեր անց դոկտոր Օզը գրել է, որ իր գրասենյակը կշարունակի Քալիֆորնիայում առողջապահական խարդախության վերաբերյալ հետաքննությունը։
«Եթե Քալիֆորնիայի խարդախության ճգնաժամի համար իրական պաշտպանություն լիներ, մենք կլսեինք դա։ CMS-ը և իրավապահ մարմինները կշարունակեն իրական աշխատանքը՝ հետապնդելով խարդախներին»,- գրել է Օզը X-ում։
Նյուսոմի գրասենյակի տվյալներով՝ 2021 թվականին պաշտոնը ստանձնելուց ի վեր նահանգի գլխավոր դատախազ Ռոբ Բոնտան մեղադրանք է առաջադրել 109 անձի՝ հոսպիսի հետ կապված հանցագործությունների համար։
Նույն թվականին Նյուսոմն օրենք է ստորագրել, որն արգելում է հոսպիսի նոր լիցենզիաների տրամադրումը՝ խարդախության և չարաշահումների վերաբերյալ մտահոգությունների պատճառով։ Նրա գրասենյակը հայտարարել է, որ արգելքը երկարաձգել է մինչև 2027 թվականը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի