Սիրիայի քրդերն ընդունել են հրադադարի բարելավված համաձայնագիրը
Քաղաքականություն
21.01.2026 | 16:42
Սիրիայի ժամանակավոր իշխանությունը հայտարարել է, որ քրդերի գլխավորած «Սիրիական դեմոկրատական ուժեր» (SDF) կազմակերպության հետ նոր հրադադարի համաձայնագիր է հաստատվել, որի համաձայն՝ սիրիական կառավարական ուժերը չեն մտնի Հասակեի և Ղամիշլիի քաղաքային կենտրոններ։ Ղամիշլին քրդերի կողմից վերահսկվող կարևոր քաղաք է Թուրքիայի սահմանին։ Համաձայնագրում նշվում է, որ սիրիական ռազմական ուժերը չեն մտնի քրդական գյուղեր, և որ «այդ գյուղերում ոչ մի զինված ուժ չի լինի՝ բացառությամբ տարածաշրջանի բնակիչներից կազմված տեղական անվտանգության ուժերի»։
Դամասկոսը հայտարարել է, որ SDF-ին չորս օր է տալիս՝ համաձայնագրի պայմանները կատարելու համար, գրում է Al Monitor-ը։
Հայտարարությունը, կարծես, կողմերի միջև կիրակի ստորագրված 14 կետանոց հրադադարի համաձայնագրի փոփոխված տարբերակն է, որը հետագայում մերժվել էր SDF-ի կողմից՝ մի քանի ճակատային գծերում սիրիական կառավարական ուժերի հետ շարունակվող բախումների ֆոնին։ SDF-ը հայտարարել է, որ ընդունել է հրադադարը։
Խաղադրույքները հատկապես բարձր են, քանի որ մարտերի մի մասը տեղի է ունեցել մի քանի հաստատությունների շուրջ, որտեղ պահվում են ԻԼԻՊ-ի բանտարկյալները: Սիրիայի Ներքին գործերի նախարարությունը երեքշաբթի հայտարարել է, որ ԻԼԻՊ-ի շուրջ 120 բանտարկյալներ փախել են Շադադի բանտից, որը նախկինում գտնվում էր SDF-ի վերահսկողության տակ: Յուրաքանչյուր կողմ մեղադրել է մյուսին բանտարկյալների փախուստը կազմակերպելու մեջ, քանի որ բանտի հարակից տարածքում բախումներ են սկսվել: Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ 81-ին հաջողվել է բռնել:
Միևնույն ժամանակ, քրդերի գլխավորած ուժերը հայտարարել են հայտնի ալ-Հոլ ճամբարից դուրս գալու մասին, որտեղ բնակվում են ԻԼԻՊ-ի հետ կապված տասնյակ հազարավոր ընտանիքներ, այդ թվում՝ ամենաարմատական ջիհադիստ կանանցից մի քանիսը: SDF-ը հայտարարել է, որ «ստիպված է դուրս գալ» «ԻԼԻՊ-ի հարցի նկատմամբ միջազգային անտարբերության» արդյունքում:
Առանձին հայտարարության մեջ SDF-ի հրամանատար Մազլում Քոբանին ասել է. «Մենք նահանջել ենք հիմնականում քրդական տարածքներ, և դրանց պաշտպանությունը կարմիր գիծ է»:
Լիարժեք հակամարտությունը սկսվել է այն բանից հետո, երբ Քոբանին երկուշաբթի դուրս է եկել Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ հանդիպումից՝ համաձայնագրի պայմանների շուրջ տարաձայնությունների պատճառով։
Հունվարի 18-ի փաստաթուղթը կոչ է անում SDF-ին ինտեգրվել սիրիական բանակին որպես անհատներ։ Համաձայնագիրն ավելի շատ SDF-ի կողմից Շարայի բոլոր պայմաններին հանձնվել էր, և խիստ քննադատության է ենթարկվել Քոբանիի սիրիացի քուրդ դաշնակիցների կողմից։ Անհասկանալի է, թե ինչու է Քոբանին ստորագրել փաստաթուղթը, թեև էլեկտրոնային եղանակով։
Նոր տեքստը, կարծես, դուռը բաց է թողնում որոշ կետերի վերաբերյալ։ Այն պնդում է, որ «երկու կողմերն էլ համաձայնել են ինտեգրել SDF-ի բոլոր ռազմական և անվտանգության ուժերը պաշտպանության և ներքին գործերի նախարարություններին՝ շարունակելով քննարկումները ինտեգրման մանրամասն մեխանիզմների վերաբերյալ, և որ քաղաքացիական ինստիտուտները կինտեգրվեն սիրիական կառավարության կառուցվածքին»։
Սակայն Բարաքը դա բացահայտորեն հստակեցրել է X-ում արված գրառման մեջ, որում նա նկարագրել է «հիմնովին փոխված իրավիճակ»։ Բարաքն ասել է, որ SDF-ը սպառել է իր օգտակարությունը Միացյալ Նահանգների համար, և Սիրիայի կենտրոնական կառավարությունը դարձել է ԻԼԻՊ-ի դեմ կոալիցիայի 90-րդ անդամը։
«ԱՄՆ-ը որևէ հետաքրքրություն չունի երկարատև ռազմական ներկայության նկատմամբ. այն առաջնահերթություն է տալիս ԻԼԻՊ-ի մնացորդներին հաղթելուն, հաշտեցմանն աջակցելուն և ազգային միասնության առաջխաղացմանը՝ առանց անջատողականության կամ ֆեդերալիզմի հավանության»,- նշել է Բարաքը:
Այնուամենայնիվ, ամերիկացի դիվանագետը նշել է, որ SDF-ի մարտիկներին ազգային բանակում ինտեգրելը «մնում է ամենավիճելի հարցերից մեկը»: Բարաքը եզրակացնում է, որ համաձայնագիրը «քրդերի համար ներկայացնում է մինչ օրս ամենամեծ հնարավորությունը՝ ճանաչված սիրիական ազգային պետության շրջանակում երկարատև իրավունքներ և անվտանգություն ապահովելու համար»:
Նրա տեսակետները սերտորեն համընկնում են Թուրքիայի տեսակետների հետ, որտեղ Բարաքը ԱՄՆ դեսպանն է՝ Սիրիայի դեսպանի իր դերի հետ մեկտեղ:
Քոբանին նաև խնդրել է Շարաային հինգ օր ժամանակ տալ՝ համաձայնագիրը սեփական ժողովրդին բացատրելու և դրա իրականացման ծրագիր մշակելու համար:
Չնայած հրադադարի վերսկսմանը՝ մտահոգությունները շարունակվում են, որ մարտերը կարող են տարածվել մեծամասամբ քրդաբնակ տարածքներում՝ SDF-ի կողմից դիմադրելու խոստումների ֆոնին: Սիրիայի քուրդ բարձրաստիճան առաջնորդները վերցրել են Կալաշնիկովներ և լուսանկարվել քաղաքացիների հետ փողոցներում, մինչ հազարավոր ցուցարարներ վանկարկել են Քոբանիի և SDF-ի աջակցությունը Քամիշլիում: Շարաայի դեմ բողոքի ցույցերը տարածվել են նաև հարևան Թուրքիայում և Իրաքում, որտեղ քաղաքացիները երկուշաբթի ուշ երեկոյան հավաքվել են Էրբիլում ԱՄՆ հյուպատոսության դիմաց՝ պատերին ներկով «Ռոժավա» գրելով: Ռոժավան քրդերեն բառ է, որը նշանակում է «արևմտյան» կամ «սիրիական Քուրդիստան»:
Թուրքիայի սահմանային Նուսայբին քաղաքում, որը հարակից է Քամիշլիին, հարյուրավոր երիտասարդներ անցել են ոստիկանական պատնեշների միջով և ճեղքել մետաղալարե ցանկապատը:
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի