ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ ո՛չ ՀՀ-ին, ո՛չ Բելառուսին, կընտրվի 3-րդ տարբերակ․ հայ և ռուսասատանցի քաղաքագետները թերահավատ են, որ կշարունակենք պաշտոնավարել
Քաղաքականություն
07.11.2018 | 20:44Վաղը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կանցկացվի ՀԱՊԿ խորհրդի նստաշրջանը՝ գագաթնաժողովը, որին Հայաստանից կմասնակցի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նույն օրը կկայանան նաև ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների, Պաշտպանության նախարարների խորհուրդների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստերը: Եվ այսօր՝ նոյեմբերի 7-ին, թիվ 1 հարցը և ինտրիգն այն է, թե Հայաստանը կկարողանա՞ պահպանել այբբենական և ռոտացիոն կարգով իր նախագահությունը, այսինքն՝ Գլխավոր քարտուղարի պաշտոնն այս կազմակերպությունում, նախկին Գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետկանչից հետո։
Ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը խիստ կասկածում է։
«Շատ մեծ կասկածներ ունեմ, որ այն խառնաշփոթից հետո, որ սարքեց հայկական կողմը, կկարողանաք պահպանել ձեր նախագահությունը ՀԱՊԿ-ում։ Եթե միայն ՀԱՊԿ-ի վարչարարական ընթացակարգերը պահպանեիք, այն է՝ Գլխավոր քարտուղարի պաշտոնում Խաչատուրովի նկատմամբ հետապնդում չսկսեիք, եթե պետք էր՝ կանչեիք հարցաքննության, ապա այս ինտրիգը չէր լինի։ Թե չէ հեղափոխության շնչով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար հետ կանչել, հետո նրան փոխարինել հայկական մի ինչ-որ այլ ազգանունով զինվորականով ․․․ եթե ինչ-որ մի «բազառում» դա հնարավոր է, ապա միայն ոչ՝ ՀԱՊԿ-ում »,-ասում է Ստանիսլավ Տարասովը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին Յուրի Խաչատուրովը կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ՝ ազատվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, երբ ավարտին հասցվեց, ինչպես ձևակերպված է ՀԱՊԿ կայքում, հայկական կողմի նախաձեռնությամբ հետկանչի ընթացակարգը։ Հիշեցնենք նաև, որ ռուսական կողմը խիստ ծանր տարավ Հայաստանում՝ «Մարտի 1»-ի գործով որպես ամբաստանյալ, սակայն այն ժամանակ՝ դեռ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը, այն դիտարկելով որպես Հայաստանի կողմից կազմակերպության միջազգային վարկին հասցված ծանր հարված։
Նախքան ՀԱՊԿ նոր ԳՔ –ի նշանակման հարցի ժամկետների մոտենալը ևս ռուսաստանյան բազմաթիվ քաղաքագետներ, նաև՝ Factor.am -ի հետ զրույցներում, մշտապես ասել են, որ «մոռանալ, անցնել առաջ չի ստացվի», հետևաբար, խորհուրդ են տվել շատ մեծ հույսեր չկապել ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցչի հետագա պաշտոնավարման հետ։
Այսօր էլ հարցին, թե ամեն դեպքում, Ռուսաստանը կաջակցի՞ Հայաստանին ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնում մնալ մինչև 2020-ը՝ մինչև մեր ռոտացիայի ժամկետի ավարտը, ռուսաստանցի քաղաքագետը նկատեց․ «ՌԴ –ն նախկինում առաջ չի տարել Հայաստանին այս հարցում,այլ պարզապես օգնել է, երբ կտրուկ դեմ էին Ղազախստանը, Բելառուսը։ Ու սա Պուտինի ձեռք բերած համաձայնության արդյունքում էր, հիմա, երբ իրեն ասում են՝ ասո՞ւմ էինք չէ, Պուտինը, ըստ իս, էլ նման բան չի անի։ Նա, առավել հավանական է, որ կլռի ու կլսի արտահայտած տեսակետները։ Ու այստեղ շատ կարևոր է լինելու Բելառուսի ու Ղազախստանի դիրքորոշումը․ինչ դիրքորոշում ունենան նրանք,այնպես էլ հարցը կլուծվի»։
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը ևս թերահավատ է Հայաստանի՝ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնավարման շարունակության հարցում․ չի բացառում ո՛չ Բելառուսին փոխանցվելը, ո՛չ Հայաստանի այս պոստում մնալը, սակայն առավել հակված է երրորդ տարբերակին, որ Խաչատուրովի փոխարեն մինչև հայաստանյան նախագահության ավարտը շարունակի պաշտոնավարել ՀԱՊԿ ԳՔ նախկին տեղակալ, պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը։
«Հավանական չեմ համարում, որ մենք կկարողանանք անցկացնել մեր երկրորդ թեկնածուին։ Նորից եմ ասում՝ ցանկացա՛ծ որոշում կարող է լինել, բայց ուզում եմ հիշեցնել, որ Խաչատուրովի հարցում իրենք, ի վերջո, հարգեցին մեր դիրքրորոշումը, իսկ ևս մեկ անգամ էլ այս հարցում շարժվել Հայաստանի թելադրանքո՞վ, չեմ կարծում։ Իմ կարծիքով՝ կոմպրոմիսային որոշում կընդունվի․ ո՛չ Հայաստանին, ո՛չ Բելառուսին։ Նաև, որովհետև Հայաստանը կարող է վետո դնել, նման որոշումներն ընդունվում են կոնսենսուսով»,-կարծում է Ստեփան Գրիգորյանը։
Չնայած նրան, որ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը պնդում է, որ մինչև 2020-ը ՀՀ-ն պետք է պաշտոնավարի, Աստանայում կայանալիք գագաթնաժողովի վերաբերյալ ո՛չ ռուսական, ո՛չ հայկական կողմերի պաշտոնական հաղորդագրություններում Գլխավոր քարտուղարի նշանակման հարցի մասին որևէ հիշատակում չկա ։Եվ միայն ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զեյնեթդինովը Factor. am –ի հետ զրույցում, հարցին, թե լինելու՞է արդյոք կազմակերպության Գլխավոր քարտուղարի նշանակման օրակարգ, ասաց․« Հարցը, հնարավոր է՝ քննարկվի»։
Վարչապետի պաշտոնական կայքում տեղադրված Աստանայի գագաթնաժողովի մասին հաղորդագրությունում ևս Գլխավոր քարտուղարի հարցի քննարկման մասին ոչինչ ասված չէ, բացի հետևյալից․ «Մի շարք հարցեր պետությունների ղեկավարները կքննարկեն նեղ կազմով»։
Այլ հարցերի, մասնավորապես, իրենց համար ընդունե՞լի է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը, նաև, թե այլ՝ երկրորդ թեկնածու Հայաստանը կամ Բելառուսն ունեն, պարոն Զեյնեթդինովը չպատասխանեց՝ առաջարկելով զանգահարել բելառուսական ԱԳՆ։ Բելառուսի ԱԳՆ խոսնակ Անատոլի Գլազի հետ կապվել, սակայն, չհաջողվեց։
Հայաստանի՝ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածուն՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, իր ավանդական՝ «չեմ մեկնաբանում» պատասխանը տվեց իր թեկածության մասին հարցին։
Նշենք, որ նրա թեկնածության վերաբերյալ տեղեկություններ կան, որ Հարությունյանի անձը ՀԱՊԿ անդամ երկրների համար ընդունելի չէ, քանի որ ժամանակին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով աստիճանազրկվել է, և այս պարագայում, ենթադրելի է, որ Երևանը պետք է ունենար երկրորդ թեկնածու՝ որպես պլան «բ»։ Սակայն ինչպես պնդեց այս կազմակերպության ընթացակարգերին քաջածանոթ աղբյուրը, իրականում նման պնդումները մանկամտություն են։
«Այն պարզ պատճառով, որ հիմա թեկնածուի հարց չի քննարկվելու, հիմա նախ պետք է որոշվի՝ Հայաստանը մնու՞մ է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնում, թե ոչ։ Ու չնայած այդ հարցը բանակցվում է ՀԱՊԿ-ում մշտական ներկայացուցիչների, նախագահների ու այլ մակարդակներով, որոշումը կայացվելու է առաջին դեմքերի մակարդակով։ Նախ, պետք է անցնենք այդ փուլը՝ որոշեն՝ Հայաստանը մնո՞ւմ է, հետո նոր, թե ո՞վ է լինելու»,-ասաց նա։
Հհիշեցմանն ի պատասխան, թե այնուամենայնիվ, հարցն օրակարգում չէ, արձանագրվեց, որ կան տարբեր միջոցներ․ հարցը կարող է քննարկվել պետությունների ղեկավարների նեղ շրջանակում և ապա ներկայացվել, կարող է նաեւ քննարկվել տեղում, երբ, օրինակ, ընդայնված նիստի ժամանակ, որևէ ներկայացուցիչ առաջարկի այն մտցնել օրակարգ։
Անի Սահակյան