2018 թվականից հետո կալանքի կիրառումը Հայաստանում կրկնապատկվել է

Լուրեր

30.12.2025 | 20:00
2025 թվականի 20 կարևոր իրադարձություններն աշխարհում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.12.2025 | 19:44
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
30.12.2025 | 19:30
ՀՀ իշխանությունը թուրք-ադրբեջանական տանդեմի ճնշման ներքո է, մեր շահից չեն բխում նախաստորագրված փաստաթղթերը․ Սեյրան Օհանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.12.2025 | 19:13
Չեռնոգորիան վերացրել է վիզայի պահանջները Թուրքիայի համար, իսկ Ադրբեջանի համար վիզային ռեժիմ սահմանել
30.12.2025 | 19:00
Քաղաքացին ահազանգում է․ Yandex Eats-ից պատվերը չի հասել, բայց գումարը գանձվել է
30.12.2025 | 18:44
26-ամյա Լիլիթ Երմալովյանը որոնվում է որպես անհետ կորած
30.12.2025 | 18:30
Փաշինյանը հաստատել է առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների ժամանակավոր խորհրդի կազմը
30.12.2025 | 18:23
Բլինչիկը, տոլման լրիվ փչացել է. հոսանքի անջատումը էրեբունցիների վրա թանկ է նստել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.12.2025 | 18:18
2025 թ․ աշխատանքային վերջին քննարկումը նախարար Միրզոյանի մոտ․ ԱԳՆ-ն ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ է հրապարակել
30.12.2025 | 18:09
Վարքականոններ՝ վարորդների համար․ ինչպես վարել մեքենան ձյան և մերկասառույցի պայմաններում․ ՆԳՆ
30.12.2025 | 18:00
ԱԳ փոխնախարարը՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան այցի մասին // Զելենսկին Դոնբասի հարցում փոխզիջում է առաջարկել․ ԼՈՒՐԵՐ
30.12.2025 | 17:54
Մահացել է վաստակաշատ մարզիչ Վիկտոր Աղաջանյան-Նովենցը
30.12.2025 | 17:48
Բացահայտվել է Ղրիմում Պուտինի նոր պալատը
30.12.2025 | 17:39
Transfermarkt․ Աշխարհի ամենաթանկ դարպասապահների թոփ-10-ը
30.12.2025 | 17:30
Փոխնախարարն ընդունել է ՀՀ-ում Կատարի առաջին ռեզիդենտ դեսպանին
Բոլորը

Ազատությունից զրկումը քրեական արդարադատության ամենախիստ և ամենազգայուն միջամտություններից մեկն է, որը իրավական պետությունում կարող է արդարացվել միայն որպես բացառիկ միջոց՝ հստակ սահմանված նպատակներով և խիստ հիմնավորված անհրաժեշտությամբ։ ՀՀ քրեական դատավարության համակարգում կալանքը կոչված է ապահովել մեղադրյալի ներկայությունը դատական գործընթացում, կանխել ազդեցությունը վկաների վրա, և պաշտպանել հասարակության անվտանգությունը, սակայն գործնականում այն վաղուց դուրս է եկել այս տրամաբանությունից։ Արդյունքում, ՀՀ քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ գտնվող կալանավորված անձանց թիվը տարեցտարի ավելանում է, և եթե 2024թ․ առաջին 10 ամսվա տվյալներով ՔԿՀ-ներում անազատության մեջ գտնվող անձանց ընդհանուր թիվը 2590 էր, որոնցից կալանավորված անձ՝ 1252, դատապարտյալ՝ 1285, ապա 2025թ․ առաջին 10 ամսվա տվյալներով ՔԿՀ-ներում անազատության մեջ գտնվող անձանց ընդհանուր թիվը կազմել է 2836, որոնցից կալանավորված անձ՝ 1441, իսկ դատապարտյալ՝ 1395։

Այսպիսով, համադրելով ՔԿՀ-ներում անազատության մեջ գտնվող անձանց 2019-2025 թվականների հունվարի 1-ի դրությամբ առկա տվյալները, հնարավոր է դիտարկել կալանավորված անձանց թվի շեշտակի աճը՝ տարեցտարի, և եթե 2019թ․ հունվարի 1-ի դրությամբ ՔԿՀ-ներում անազատության մեջ գտնվող անձանց ընդհանուր թիվը 2266 էր, որոնցից կալանավորված անձ՝ 929, դատապարտյալ՝ 1337, ապա 2025թ․ հունվարի 1-ին ընդհանուր թիվը կազմել է 2686, կալանավորված անձ՝ 1401, իսկ դատապարտյալ՝ 1395։

Դատական պրակտիկայի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ չնայած խափանման միջոցների լայն շրջանակի առկայությանը՝ տնային կալանք, վարչական հսկողություն, գրավ, բացակայելու արգելք, երաշխավորություն և այլն, կալանքը շարունակում է կիրառվել որպես «նախընտրելի» միջոց՝ հաճախ առանց իրական այլընտրանքների քննարկման։ Հատկապես հանրային հնչեղություն ունեցող գործերով այն փաստացի վերածվում է պատժիչ միջոցի, ինչն առաջացնում է դատական, իրավական և հասարակական խնդիրներ։

Ինչպես նշում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչ, իրավաբան Հասմիկ Հարությունյանը․ «Կալանքի կիրառման առումով իրավիճակը մնում է մտահոգիչ, անհիմն կալանքների թիվն ավելանում է, առանձին գործերով, որոնք մենք դիտարկում էինք, դատարանը չի կարողանում հիմնավորել, թե ինչու անձը պետք է մնա քրեակատարողական հիմնարկում, առանձին դեպքերում սա պատժիչ միջոց է։ Երբեմն կալանքը կիրառվում է շատ տգեղ ձևով, ուղղակի փողոցից բռնելով և տանելով, ինչն ուղիղ ուղերձ է հանրությանը, որ կարելի է նույնիսկ առանց բավարար հիմնավորման կալանք կիրառել»։

Առավել մտահոգիչ է կալանքի շարունակական երկարաձգման դատական պրակտիկան, երբ դատարանները հաճախ կրկնում են նույն ընդհանրական և ձևական հիմնավորումները՝ վկաների չհարցաքննված լինելու կամ ենթադրյալ ազդեցության հնարավորության մասին, առանց այդ ռիսկերի իրական, անհատականացված գնահատման։

Հանրային հնչեղություն ստացած ամենացայտուն օրինակներից մեկը «Սրբազան պայքար» շարժման գործով մեղադրյալ, 2 ամսով կալանավորված և արտաքին աշխարհից բացարձակ մեկուսացման պայմաններում պահված Լիդիա Մանթաշյանի կալանքի ևս 3 ամսով երկարացումն էր, որի պարագայում դատարանի կողմից չեն հնչել հստակ հիմնավորումներ։ Ընդամենը մեկ շաբաթ անց եռամսյա կալանքը փոխվեց վարչական հսկողությամբ և 2,5 միլիոն դրամ գրավով, հավանաբար, հանրային բողոքի մեծ ալիքի ազդեցությամբ։

Մեկ այլ հնչեղ գործով՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խափանման միջոց կալանքը փոփոխելու կամ վերացնելու միջնորդությունը դատարանը մերժել էր՝ հիմնավորելով,  թե նախաքննության կողմից գործը դատարան ուղարկելու փաստն ինքնին խափանման միջոց կալանքի չեզոքացման մասին չի կարող վկայել։ Դատարանը գտել էր, որ կալանքը պետք է պահպանվի, և, հաշվի առնելով վարույթի ոչ ծավալուն լինելը,  կալանքի ժամկետը երկարաձգվել էր 10 օրով։ Ժամկետը լրանալուն պես հրապարակվեց Աջապահյանի դատավճիռը, և անձը մնաց քրեակատարողական հիմնարկում։

Իսկ օրինակ 3 անչափահաս երեխաների մայր Լիանա Հարությունյանին մինչ կալանավորումը հանրությունը որևէ կերպ չէր ճանաչում, բայց միայն այն հանգամանքը, որ 8 ամսական երեխայի մոր նկատմամբ դատարանը միանգամից 3 ամսով կալանքի որոշում կայացրեց ու կինն անմիջապես իր կրծքով կերակրվող երեխայի հետ միասին տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ, սոցցանցերի ամենաքննարկվող թեման դարձավ։ Մի քանի օր անց Լիանա Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխվեց վարչական հսկողությամբ և երկրից չբացակայելու արգելքով։ Սա ինքնին վկայում է այն մասին, որ դատարանը կարող էր և պետք է դիտարկեր առաջին հերթին այլընտրանքային խափանման միջոցների կիրառման հնարավորությունները` պահպանելու համար անձի ազատության իրավունքը և այս դեպքում նաև ելնելով կրծքով կերակրվող երեխայի և երկու մյուս մանկահասակ երեխաների լավագույն շահով։

Այդպիսով, նման մոտեցման պայմաններում, փաստացի, կալանքի անհրաժեշտությունն այլևս չի հիմնավորվում փաստերով, այլ մնում է ենթադրությունների վրա, իսկ համաչափության սկզբունքը մնում է հռչակագրային՝ վտանգելով մարդու ազատության և անձեռնմխելիության հիմնարար իրավունքը։ Ու թեև Հայաստանը հայտարարել է պատժիչ արդարադատությունից դեպի վերականգնողական արդարադատություն անցում կատարելու մասին, սակայն դեռևս դատաիրավական համակարգը գործում է պատժողական քաղաքականության սկզբունքներով։

Այդ մասին են վկայում նաև վիճակագրական տվյալները, որոնք արտացոլված են ՀՀ դատախազության գործունեության  մասին տարեկան հաղորդումներում։ Ըստ այդմ՝ 2018 թվականից մինչև 2024 թվականը ՀՀ առաջին ատյանի դատարաններ ներկայացված մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց  կիրառելու վերաբերյալ միջնորդությունների թիվը ավելի քան կրկնապատկվել է։ Եվ եթե 2018 թվականին ՀՀ առաջին ատյանի դատարաններ է ներկայացվել մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին 870 միջնորդություն, որոնցից բավարարվել է 804-ը, ապա 2024 թվականին միջնորդությունների թիվը եղել է 2282, որոնցից բավարարվել է 2013-ը։

2025 թվականի տվյալները պարզելու  նպատակով  Factor.TV-ն դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին։ Պատասխան գրությամբ Դատախազությունից հայտնել էին, որ միայն 2025 թ․ առաջին կիսամյակում ՀՀ առաջին ատյանի դատարաններ է ներկայացվել մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին 1238 միջնորդություն, որոնցից բավարարվել է 771-ը, մասնակի է բավարարվել 321-ը, մերժվել՝ 146-ը։ Համեմատության համար նշենք, որ ըստ նույն աղբյուրի, տվյալ ժամանակահատվածում ՀՀ առաջին ատյանի դատարաններ է ներկայացվել տնային կալանքի ընդամենը 71 միջնորդություն, որից բավարարվել է 59-ը, ինչն արդեն իսկ խոսում է կալանքի կիրառման կայուն կենսունակության մասին։

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածով երաշխավորված ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտումների վերաբերյալ ունի հստակ և կայուն դիրքորոշում, որը ձևավորվել է տարիների ընթացքում՝ բազմաթիվ վճիռներով։ Այդ դիրքորոշման հիմքում ընկած է այն գաղափարը, որ ազատությունից զրկումը պետք է լինի բացառիկ միջոց, այն չի կարող լինել պատժին փոխարինող կամ քննությունը դյուրին դարձնող միջոց։ Այն պետք է լինի խիստ անհրաժեշտ, ժամանակավոր և պատշաճորեն հիմնավորված։ 

2018–2022 թվականների ընթացքում ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ 19 վճիռ է կայացրել, որոնք վերաբերում են կալանքի կիրառմանը։ 

 

Թեև քննված գործերը արտացոլում են նախորդ իշխանության օրոք տեղի ունեցած դատական պրակտիկան՝ «Ղավալյանն ընդդեմ Հայաստանի» (22.10.2020), «Սմբատ Այվազյան ընդդեմ Հայաստանի» (08.10.2020), «Ոսկերչյան ընդդեմ Հայաստանի» (18.10.2018), «Շիրխանյանն ընդդեմ Հայաստանի» (16.05.2022), «Ջհանգիրյանն ընդդեմ Հայաստանի» (04.11.2021), «Գասպարին ընդդեմ Հայաստանի» (20.09.2018), «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» (20.09.2018) և այլն, սակայն արձանագրած խախտումները բացահայտում են համակարգային խնդիրներ, որոնք արդիական են ցայսօր։

ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ կայացրած մի շարք վճիռներում ընդգծել է, որ նույնիսկ այն դեպքերում, երբ անձը գտնվել է փախուստի մեջ կամ հայտարարված է եղել հետախուզում, այդ հանգամանքը ինքնին չի կարող համարվել բավարար և  հիմնավոր՝ կալանքի երկարաձգման համար։

Մասնավորապես,  ուշագրավ է ՄԻԵԴ դիրքորոշումը «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով (07.04.2022)։ Դատարանը քննել է Նիկոլ Փաշինյանի՝ 2009 թվականի հոկտեմբերի 12-ից մինչև 2010 թվականի հունվարի 19-ը կալանքի տակ գտնվելու օրինականությունը և արձանագրել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի խախտում։ ՄԻԵԴ-ը նշել է, որ դիմումատուի համար չի ապահովվել համարժեք պաշտպանություն կամայականությունից, մինչդեռ դա հանդիսանում է կալանավորման օրինականության պահանջի առանցքային տարրը։

Կալանքի շարունակականությանն անդրադարձել է նաև ՀՀ վճռաբեկ դատարանը՝ 2025 թվականի ապրիլի 9-ի վճռով՝ արձանագրելով կարևոր սկզբունքային դիրքորոշում, ըստ որի՝ շարունակական կալանքի պայմաններում անձին կալանքի տակ պահելու անհրաժեշտության հիմնավորման շեմը պետք է ժամանակի ընթացքում աստիճանաբար բարձրանա։ Այս մոտեցումը էականորեն հակադրվում է այն պրակտիկային, երբ կալանքի երկարաձգումը հաճախ հիմնավորվում է նույն, սկզբնական փուլում ներկայացված փաստարկներով։ Շարունակական կալանքի պայմաններում հիմնավորման շեմի աստիճանական բարձրացման սկզբունքը ոչ միայն իրավական, այլև արժեքային ուղերձ է, որի հիմքում ընկած է սկզբունքը, որ ազատությունը առաջնային է, իսկ ազատության սահմանափակումը պետք է մշտապես խիստ հիմնավորված լինի դատական ակտում։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչ, իրավաբան Հասմիկ Հարությունյանը նկատում է․

«Առանձին զգայուն գործերով, քաղաքական գործերով, միանգամից, առանց լրացուցիչ ուսումնասիրությունների և հիմնավորումների շատ արագ անձը տարվում է կալանքի, և շատ կանխատեսելի է դարձել դատական պրակտիկան, թե որ դատավորի կողմից ինչպիսի որոշում կարող է լինի։ Սա, հավանաբար, վերջին 10-ամյակի կտրվածքով ամենամտահոգիչն  խնդիրն է․ ինչո՞ւ, որովհետև Հայաստանում շատ ռեֆորմներ են իրականացվել թե՛ դատական համակարգի, թե՛ քրեակատարողական ոլորտի, բայց հիմա մենք շատ վտանգավոր տեղում ենք գտնվում, քանի որ նման քաղաքական գործերով անհիմն որոշումներն ու բողոքարկման ինստիտուտները, փաստացի, արդյունավետ չեն»։

Այսպիսով, կալանքի կիրառումը Հայաստանի դատական համակարգում վերջին տարիների ամենացայտուն  մարտահրավերն է․  2018 թվականի հեղափոխությունից հետո կալանքի կիրառման ծավալը կրկնապատկվել է։  Դա վկայում է այն մասին, որ մեծ ծավալով խախտվում է մարդու հիմնարար իրավունքներից ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը, կալանավորումը կիրառվում է որպես դատական պրակտիկայի նախընտրելի և նույնիսկ պատժիչ միջոց։ Իրավիճակը պահանջում է անհապաղ և հետևողական քաղաքական արձագանք։ Առանց կալանքի կիրառման քաղաքականության վերանայման, Հայաստանը շարունակելու է բախվել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում լրջագույն մարտահրավերների՝ իր ծանր հետևանքներով, որոնք արտացոլվելու են նաև ՄԻԵԴ վճիռների տեսքով։

Զարուհի Հովհաննիսյան