Ով է սուտ, ով՝ ճիշտ․ ՀԷՑ-ում փողերի ենթադրյալ լվացման ու չարաշահման թեման՝ հեռակա բանավեճի առիթ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
26.11.2025 | 20:45«Տվյալները սխալ են, սուտ են»։ Ով է սուտ, ով՝ ճիշտ․ երեկ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում ուղիղ հեռարձակումից հետո հեռակա բանավեճ է իշխանության ներկայացուցիչների ու ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի միջև։ Վարչապետի ու ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանի՝ ավելի քան մեկ ժամ տևած աշխատանքային քննարկման ժամանակ հնչած գնահատականներին Կարապետյանն արձագանքել է ընդհանուր շուրջ 20 րոպե տևողությամբ 3 տեսանյութերով։
«Ցանկություն առաջացավ ներկայացնել այլընտրանքային տեսակետը, իրականությունը, որպեսզի դուք բոլորդ հասկանաք, թե ինչից էին խոսել, և թե ինչն էր ճիշտ ու սխալ»,- նշել է Նարեկ Կարապետյանը։
Պետրոսյանը Փաշինյանին զեկուցում էր, թե ինչ աշխատանքներ են կատարվել ՀԷՑ-ում, ինչ չարաշահումներ են բացահայտվել իր նշանակումից հետո։ Սկզբում անդրադարձ եղավ աշխատավարձերին։
«Միջին աշխատավարձն ամսական 320,000 դրամ է։ ՀԷՑ-ի շուրջ 6800 աշխատակիցներից ուղիղ կեսը՝ մոտ 3400 աշխատակիցներ, վարձատրվում են 300,000 դրամից ցածր չափով, իսկ նրանցից ավելի քան 1700-ը չեն հաղթահարում 200,000-ի շեմը։ Եվ ահա ամենախոցելի սոցիալական այդ շերտին մենք լրացուցիչ 20,000 դրամական ամսական միանվագ պարգևատրումներ ենք անում»,- նշեց Պետրոսյանը։
Այնինչ, Կարապետյանը պնդում է՝ ՀԷՑ-ում աշխատավարձերի չափն իրենք չեն որոշում, ավելին՝ Սամվել Կարապետյանն իր գրպանից ՀԷՑ-ի աշխատակիցներին վճարել է 11 մլրդ հավելյալ աշխատավարձ։
«ՀԷՑ-ում աշխատավարձը որոշում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որն արգելում է ավելի բարձր աշխատավարձ վճարել։ Նույն ԲԷՑ-ում նույն աշխատավարձն է։ Եթե դուք այդպիսի լավ տրամադրվածություն ունեք մարդկանց հանդեպ, որ ուզում եք աշխատավարձ բարձրացնեք, ԲԷՑ-ում ինչո՞ւ է աշխատավարձը նույն չափ, ինչքան ՀԷՑ-ում։ Որովհետև նույն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է որոշում»,- պնդում է Կարապետյանը։
Երկխոսության ժամանակ Փաշինյանը, հիմնվելով Պետրոսյանի խոսքերի վրա, արձանագրեց՝ տարբեր տարիների ընթացքում ՀԷՑ-ի կողմից հավելագրումներ են իրականացվել․ «Ավելի մեծ քանակի էլեկտրաէներգիա էր մղվում ցանց արտադրողների կողմից, քան հաշվարկվում և վճարվում էին վերջիններս, և սպառողների կողմից։ Ընդ որում՝ պետական և համայնքային ընկերությունները շատ մեծ թիվ են կազմում, ում վրա հավելագրումներ էին տեղի ունենում։ Հավելագրումների ծավալն ընդհանրական, որ ասեմ, արդեն իսկ հայտնաբերված և փաստաթղթավորված՝ անցնում են մի քանի միլիոն կիլովատ/ժամ քանակները։ Միջինացված, դա կարելի է բազմապատկել միջին սակագնով՝ 50 դրամով, օրինակ, մի քանի տասնյակ միլիոն դրամի յուրացում»։
Գուցե հենց ա՞յս պատճառով են 2018-2024 թվականների տվյալները ջնջել․ հարց բարձրացեց Փաշինյանը։
Կարապետյանը, սակայն, այստեղ ևս հակադարձում է․ «Խնդիր եղել է, խնդրից կպատմեմ, բայց ինքը մոռանում է նշել, որ ջնջվելուց հետո վերականգնվել է։ Իսկ վերականգնվել է նրա համար, որ իմ կողմից եղել է խիստ ցուցում և եղել է ծառայողական քննություն՝ նախաձեռնված իմ կողմից, որի արդյունքում երկու-երեք օրվա ընթացքում վերականգնվել է»։
Արդեն Փաշինյան-Պետրոսյան երկխոսության ավարտին անդրադարձ կատարվեց ենթադրյալ չարաշահումներին և ֆինանսական հարցերին․ «Կառավարչի կառավարման չորս ամիսների արդյունքներով մենք ավելի քան 21 միլիոն դոլարի վարկային պարտավորությունների մայր գումարներ ենք մարել վաղաժամկետ»։
Մյուս թևից կրկին հակադարձում են․ «Ներդրումը երկու անգամ քիչ են արել։ Հաստատած՝ փողը տված, մեր կողմից, մեր շահույթի հաշվին հատկացված գումարներով, 46 միլիարդից արել են 23 միլիարդ՝ իմ հիշելով։ Երկու անգամ քիչ են արել։ Երկրում 23 միլիարդ քիչ ներդրում ա արվել, որից մոտավորապես 5 միլիարդ քիչ հարկ ա գնացել, հարկատուների հաշվին նստել է ևս 13 միլիոն դոլար։ Ռոմանոս Պետրոսյանի նշանակումը ՀԷՑ»։
Քննչական կոմիտեն օրերս հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ՀԷՑ-ի մասնաճյուղերից մեկի տեսուչը մեղադրվում է համայնքապետարանին 1 մլն 102 հազար 288 ՀՀ դրամի գույքային վնաս հասցնելու մեջ: Հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ խոշոր չափերով խարդախության հոդվածի հատկանիշներով։ Արդյո՞ք Փաշինյան-Պետրոսյան երկխոսության ընթացքում հնչեցված փաստերն իրավական արձագանք կստանան, առաջիկա օրերին կերևա։
Ավելի վաղ՝ երեք օր նիստ գումարելուց հետո, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չորս կողմ և մեկ դեմ ձայներով դադարեցրեց ՀԷՑ-ի էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան: Առաջիկա 3 ամիսներին պետությունը սեփականատիրոջ կամ ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի հետ կսկսի բանակցել գույքի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ։ Եթե այդ 3 ամիսների ընթացքում կողմերը չգան համաձայնության, ապա դրանից հետո պետությունը կարող է գերակա շահի իրավունքով վերցնել այդ սեփականության իրավունքը։
Փաշինյանը երեկ հայտարարեց՝ երկու տարբերակ են դիտարկում․ ՀԷՑ-ը լինում է պետական սեփականություն և կառավարվում է պրոֆեսիոնալ ընկերության կողմից, երկրորդ տարբերակը նոր ներդրող գտնելն է: Սա կկիրառվի այն դեպքում, եթե հնարավոր չլինի առաջինը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոզա Վարդանյան