Bloomberg-ը Ուիթկոֆի, Ուշակովի և Դմիտրիևի ենթադրյալ հեռախոսազրույցների սկանդալային գաղտնալսումներն է հրապարակել
Քաղաքականություն
26.11.2025 | 12:10
Հոկտեմբերին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահի խորհրդական Յուրի Ուշակովի հետ, որի ընթացքում առաջարկել է համատեղ մշակել Ուկրաինայի համար խաղաղության ծրագիր՝ Գազայի համաձայնագրի օրինակով։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը, որի տրամադրության տակ է հայտնվել հոկտեմբերի 14-ի հինգ րոպեանոց զրույցի ձայնագրությունը, փոխանցում է The Insider-ը։
Ուիթկոֆն Ուշակովին ասել է, որ ամերիկացիները 20 կետանոց ծրագիր են պատրաստել Գազայի համար և առաջարկել են նմանատիպ բան անել Ուկրաինայի համար։ Նա խորհուրդ է տվել ռուս պաշտոնյային՝ ինչպես կարող է Պուտինն այդ հարցը քննարկել Թրամփի հետ, այդ թվում՝ երկու երկրների ղեկավարների միջև հեռախոսազրույց կազմակերպել՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Սպիտակ տուն այցից առաջ։
«Ահա թե ինչ, կարծում եմ՝ հիանալի կլինի։ Գուցե նա նախագահ Թրամփին ասի. «Գիտեք՝ Սթիվը և Յուրին քննարկել են շատ նման 20 կետանոց խաղաղության ծրագիր, և սա կարող է լինել մի բան, որը, մեր կարծիքով, կարող է մի փոքր առաջ տանել գործերը մեռյալ կետից»,- ասել է նա։
Ուիթկոֆը նաև առաջարկել է, որ Պուտինը շնորհավորի Թրամփին Գազայի համաձայնագրի հաջողության կապակցությամբ և նրան անվանի «խաղաղության մարդ»։ Ուշակովը նշել է, որ իր ղեկավարը դա կանի։ Երկու օր անց Պուտինը և Թրամփը երկու ժամ տևողությամբ հեռախոսազրույց են ունեցել, որն ԱՄՆ նախագահն անվանել էր «շատ արդյունավետ»։
Հոկտեմբերի վերջին Ուիթկոֆը Մայամիում հանդիպել է Պուտինի մեկ այլ խորհրդականի՝ Կիրիլ Դմիտրիևի հետ։ Հոկտեմբերի 29-ին առանձին զրույցի ժամանակ Դմիտրիևը և Ուշակովը քննարկել են, թե որքանով պետք է Մոսկվան պնդի խաղաղության առաջարկում իր պահանջների վրա։ Ուշակովը պնդել է «առավելագույնը» պահանջելու հարցում։
Նոյեմբերի վերջին ի հայտ եկավ 28 կետից բաղկացած խաղաղության ծրագիր, որն ԱՄՆ-ն առաջարկել է Ուկրաինային ընդունել որպես բանակցությունների հիմք։ Ծրագրի պայմանների համաձայն՝ Կիևը պետք է դուրս բերեր իր զորքերը Դոնբասի այն մասերից, որոնք Ռուսաստանը չէր կարողացել գրավել ուժով, մինչդեռ Մոսկվան պետք է բռնակցված Ղրիմի, Լուգանսկի և Դոնեցկի մարզերի նկատմամբ վերահսկողության փաստացի ճանաչում ստանար, որի հարցում պնդում էր։ Ուկրաինան ԱՄՆ-ի կողմից զգալի ճնշման տակ է հայտնվել՝ այս ծրագիրն ընդունելու համար։ The Insider-ը նշում է, որ այն համեմատել է Ստամբուլի համաձայնագրերի նախագծերի հետ և պարզել, որ այն գործնականում ոչ մի զիջում չի պարունակում ուկրաինական կողմի համար, սակայն պարունակում է բազմաթիվ նոր պահանջներ։
Bloomberg-ը ներկայացրել է Ուիթկոֆի և Ուշակովի միջև զրույցի ամբողջական սղագրությունը.
ՍԹԻՎ ՈՒԻԹԿՈՖ. Բարև, Յուրի։
ՅՈՒՐԻ ՈՒՇԱԿՈՎ. Այո, Սթիվ, բարև, ինչպե՞ս ես։
ՍՈՒ. Լավ, Յուրի։ Դու ինչպե՞ս ես։
ՅՈՒ. Լավ եմ։ Շնորհավորում եմ, ընկերս։
ՍՈՒ. Շնորհակալություն։
ՅՈՒ. Դուք հիանալի աշխատանք եք կատարել։ Իսկապես հիանալի աշխատանք։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն, շնորհակալություն։
ՍՈՒ. Շնորհակալություն, Յուրի, և շնորհակալություն աջակցության համար։ Գիտեմ, որ ձեր երկիրն աջակցում է դրան, և ես շնորհակալ եմ ձեզ։
ՅՈՒ. Այո, այո, այո։ Այո։ Գիտեք, հենց դրա համար էլ մենք հետաձգեցինք ռուս-արաբական առաջին գագաթնաժողովի կազմակերպումը։
ՍՈՒ. Այո։
ՅՈՒ. Այո, որովհետև մենք կարծում ենք, որ դուք իսկապես կարևոր աշխատանք եք կատարում այնտեղ, տարածաշրջանում։
ՍՈՒ. Լսեք։ Ես ձեզ կասեմ հետևյալը։ Կարծում եմ, կարծում եմ, եթե մենք կարողանանք լուծել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ խնդիրը, բոլորը կցատկեն ուրախությունից։
ՅՈՒ. Այո, այո, այո։ Այո, դուք պետք է լուծեք միայն մեկ խնդիր։ [ծիծաղում է]
ՍՈՒ. Ո՞րը։
ՅՈՒ. Ռուս-ուկրաինական պատերազմը։
ՍՈՒ. Գիտեմ։ Ինչպե՞ս լուծենք այն։
ՅՈՒ. Բարեկամս, ես ուղղակի քո խորհուրդն եմ ուզում լսել։ Ինչ ես կարծում՝ օգտակար կլինե՞ր, եթե մեր ղեկավարները հեռախոսով խոսեին։
ՍՈՒ. Այո, կարծում եմ։
ՅՈՒ. Այո։ Եվ ե՞րբ, քո կարծիքով, դա հնարավոր կլինի։
ՍՈՒ. Կարծում եմ՝ իմ տղան պատրաստ է դա անել, հենց որ դուք առաջարկեք։
ՅՈՒ. Լավ, լավ։
ՍՈՒ. Յուրի, ահա թե ինչ կանեի ես։ Իմ խորհուրդը։
ՅՈՒ. Այո, խնդրեմ։
ՍՈՒ. Ես կզանգահարեի և պարզապես կկրկնեի, որ դուք շնորհավորում եք նախագահին այս նվաճման համար, որ դուք աջակցել եք նրան, որ դուք հարգում եք, որ նա խաղաղության մարդ է, և դուք պարզապես իսկապես ուրախ եք տեսնել, որ սա տեղի է ունենում: Այնպես որ՝ ես կասեի դա: Կարծում եմ, որ դա իսկապես լավ որոշում կլինի։
Որովհետև… թույլ տուր պատմեմ, թե ինչ ասացի նախագահին։ Ես նախագահին ասացի, որ դուք… որ Ռուսաստանի Դաշնությունը միշտ էլ ցանկացել է խաղաղության գործարք։ Ես հավատում եմ դրան։ Ես նախագահին ասացի, որ հավատում եմ դրան։ Եվ կարծում եմ, որ խնդիրը, հարցի էությունն այն է, որ մենք ունենք երկու երկիր, որոնք դժվարանում են հասնել փոխզիջման, և երբ դա տեղի ունենա, մենք կունենանք խաղաղության համաձայնագիր։ Ես նույնիսկ մտածում եմ, որ գուցե մենք մշակենք 20 կետանոց խաղաղության առաջարկ, ինչպես արեցինք Գազայում։ Մենք մշակել ենք Թրամփի 20 կետանոց ծրագիրը, որը 20 կետ էր խաղաղության համար, և կարծում եմ, գուցե, մենք նույնը կանենք ձեզ հետ։ Իմ միտքն այսպիսին է…
ՅՈՒ. Լավ, լավ, ընկերս։ Կարծում եմ՝ սա հենց այն պահն է, որը մեր առաջնորդները կարող են քննարկել։ Սթիվ, ես համաձայն եմ քեզ հետ, թող նա շնորհավորի, ասի, որ պարոն Թրամփն իսկական խաղաղության մարդ է և այլն։ Նա դա կասի։
ՍՈՒ. Բայց ահա թե ինչ եմ կարծում, որ հիանալի կլինի։
ՅՈՒ. Լավ, լավ։
ՍՈՒ. Ի՞նչ կլինի, եթե… լսիր ինձ…
ՅՈՒ. Ես սա կքննարկեմ իմ ղեկավարի հետ, ապա կկապվեմ քեզ հետ։ Լա՞վ։
ՍՈՒ. Այո, որովհետև լսիր, թե ինչ եմ ասում։ Ես ուղղակի ուզում եմ, որ դու ասես, գուցե, պարզապես ասես սա նախագահ Պուտինին, որովհետև, գիտե՞ս, ես խորը հարգանք ունեմ նախագահ Պուտինի նկատմամբ։
ՅՈՒ. Այո, այո։
ՍՈՒ. Միգուցե նա նախագահ Թրամփին ասի՝ գիտես, Սթիվը և Յուրին քննարկել են շատ նման 20 կետանոց խաղաղության ծրագիր, և դա կարող է լինել մի բան, որը, մեր կարծիքով, կարող է մի փոքր տեղաշարժել իրավիճակը մեռյալ կետից, մենք բաց ենք նման բաների համար՝ ուսումնասիրելու, թե ինչ է անհրաժեշտ խաղաղության համաձայնագրի հասնելու համար: Հիմա մեր միջև, ես գիտեմ, թե ինչ է անհրաժեշտ խաղաղության գործարքի հասնելու համար. Դոնեցկ և, հնարավոր է, տարածքների փոխանակում որևէ տեղ: Բայց ես ասում եմ, որ այդպես խոսելու փոխարեն, եկեք ավելի խրախուսական խոսել, որովհետև կարծում եմ, որ մենք կհասնենք համաձայնագրի: Եվ կարծում եմ, Յուրի, նախագահը ինձ մեծ տարածք և ազատություն կտա համաձայնագիրը կնքելու համար։
ՅՈՒ. Հասկանալի է․․․
ՍՈՒ. …եթե կարողանանք ստեղծել այդ հնարավորությունը, ես խոսեցի Յուրիի հետ, մենք զրույց ունեցանք, և կարծում եմ, որ դա կարող է մեծ բաների հանգեցնել։
ՅՈՒ. Լավ, դա լավ է հնչում։ Վատ չի հնչում։
ՍՈՒ. Եվս մեկ բան. Զելենսկին ուրբաթ օրը գալիս է Սպիտակ տուն։
ՅՈՒ. Ես գիտեմ դրա մասին։ [ծիծաղում է]
ՍՈՒ. Ես կգնամ այդ հանդիպմանը, որովհետև նրանք ուզում են, որ ես այնտեղ լինեմ, բայց կարծում եմ, որ եթե հնարավոր լինի, մեզ անհրաժեշտ է զանգ ձեր ղեկավարի հետ այդ հանդիպումից առաջ։
ՅՈՒ. Մինչև, մինչև… չէ՞։
ՍՈՒ. Այո։
ՅՈՒ. Լավ, լավ։ Հասկացա քո խորհուրդը։ Այնպես որ, կքննարկեմ այն իմ ղեկավարի հետ, ապա կկապվեմ քեզ հետ, լա՞վ։
ՍՈՒ. Լավ, Յուրի, շուտով կխոսենք։
ՅՈՒ. Հիանալի, հիանալի։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն։
ՍՈՒ. Ցտեսություն, ցտեսություն։
ՅՈՒ. Ցտեսություն։
Դմիտրիևի և Ուշակովի միջև զրույցի ամբողջական սղագրությունը։
ՈՒՇԱԿՈՎ. Ալո։
ԴՄԻՏՐԻԵՎ. Յուրի Վիկտորովիչ։
ՈՒՇԱԿՈՎ. Այո, Կիրիլ Ալեքսանդրովիչ, լավ, ես ամեն ինչ այնտեղ եմ ուղարկել։ Մենք վաղը այնտեղ կխոսենք։
ԴՄԻՏՐԻԵՎ. Հիանալի է, հիանալի է։ Այո, այո, այո։ Ես թռել եմ Սաուդյան Արաբիա, բայց կարծում եմ, որ դա շատ կարևոր է, այո, որովհետև դա շատ լավ առաջ շարժվելու ուղի է։
ՈՒՇԱԿՈՎ. Ենթադրում եմ, մեզ անհրաժեշտ է առավելագույնը, ի՞նչ ես կարծում։ Բայց ի՞նչ պետք է փոխանցել։
ԴՄԻՏՐԻԵՎ. Ոչ, լսեք։ Կարծում եմ՝ մենք պարզապես այդ փաստաթուղթը, պարզապես կանենք մեր դիրքորոշումից, և ես պարզապես ոչ պաշտոնապես կփոխանցեմ, որ սա ամեն ինչ ոչ պաշտոնական է։ Եվ թող նրանք դա անեն այնպես, կարծես դա իրենցը լինի։ Բայց կարծում եմ՝ նրանք մեր տարբերակն ամբողջովին չեն վերցնի, բայց գոնե դրան հնարավորինս մոտ մի բան։
ՈՒՇԱԿՈՎ. Դե, դա է խնդիրը, նրանք կարող են չընդունել այն, բայց կասեն, որ դա մեզ հետ համաձայնեցված է եղել։ Դա է, ինչից ես վախենում եմ։
ԴՄԻՏՐԻԵՎ. Ոչ, ոչ, ոչ։ Ես անպայման ձեզ հետ եմ, լավ, ինչ էլ որ ասեք բառ առ բառ, ես կասեմ։
ՈՒՇԱԿՈՎ. Նրանք կարող են հետագայում աղավաղել այն, և վերջ։ Դե, այդ ռիսկը կա։ Դե լավ։ Կտեսնենք։
ԴՄԻՏՐԻԵՎ. Այո, կարծում եմ՝ պարզապես դա է… Եվ հետո դուք կարող եք խոսել Սթիվի հետ նաև այս թղթի մասին։ Այնպես որ՝ մենք դա կանենք զգուշորեն։
ՈՒՇԱԿՈՎ. Հասկանալի է։
ԴՄԻՏՐԻԵՎ. Շատ շնորհակալ եմ, Յուրի Վիկտորովիչ։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Ցտեսություն։
Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը X սոցիալական ցանցում մեկնաբանել է Bloomberg-ի հրապարակումը, որը ներառում է Յուրի Ուշակովի հետ նրա զրույցի սղագրությունը։
«Կեղծ»,- գրել է Դմիտրիևը։
Այնուհետև նա մեջբերել է իր նախորդ գրառումներից մեկը, որում նշել էր. «Որքան մոտենում ենք խաղաղությանը, այնքան ավելի հուսահատ են դառնում պատերազմը հրահրողները»։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի