Փաշինյանը Տոկաևին պետական այցով հրավիրել է Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.12.2025 | 13:04
Պյոտր Յանը հասել է ռևանշի ու վերադարձրել UFC-ի չեմպիոնի տիտղոսը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.12.2025 | 13:01
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ, եթե գտնվում եք հանրային տրանսպորտում․ վարքականոններ՝ վարորդների և ուղևորների համար
07.12.2025 | 12:30
Հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոն է ներթափանցում․ հանրապետության ողջ տարածքում տեղումներ են սպասվում
07.12.2025 | 12:22
Յոթ Վերքից դուրս բերեցին Գարեգին Բ-ի անունը հնչեցրած երիտասարդ աղջկան
07.12.2025 | 12:05
Ով է պատարագիչ քահանան Յոթ Վերք եկեղեցում
07.12.2025 | 12:02
«Ինտեր Մայամին»` MLS-ի չեմպիոն, Բուսկետսն ու Ալբան ավարտեցին կարիերան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.12.2025 | 12:00
Ես իմ հայրենիքի համար եմ եկել. Փաշինյանի հետ Գյումրիում պատարագի մասնակցող քաղաքացի․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.12.2025 | 11:40
ԱԱ․ Հայ բռնցքամարտիկների հաղթարշավը շարունակվում է
07.12.2025 | 11:26
Նիկոլ Փաշինյանը Յոթ Վերքում է․ եկեղեցում են արքեպիսկոպոսներ Կճոյանը, Միրզախանյանն ու Ադամյանը, եպիսկոպոս Սարոյանը
07.12.2025 | 11:23
Արեք բոլորիս ձերբակալել, չի կարելի եկեղեցու դռները փակել. գյումրեցի. ՏԵՍԱՆՅՈւԹ
07.12.2025 | 11:20
Փաշինյանը իր այցի պատճառով եկեղեցու դռները փակելու մասին հարցն անպատասխան թողեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.12.2025 | 10:38
Հարգանքի տուրք՝ 1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին
07.12.2025 | 10:30
Նիկոլ Փաշինյանը Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում պատարագի է մասնակցում. ՈՒՂԻՂ
07.12.2025 | 10:11
Արագածի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն
06.12.2025 | 23:56
Կապարակնքել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցու դռները` Փաշինյանի այցից առաջ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիպումից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով․ հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության սղագրությունը՝ ստորև․

Մեծարգո պարոն նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաև, նախ թույլ տվեք ևս մեկ անգամ արձանագրել, որ ինձ համար մեծ պատիվ է արժանանալ եղբայրական Ղազախստանի բարձրագույն պարգևին: Այդ որոշումը կայացված տեսնել Ձեզ նման փորձառու պետական, քաղաքական գործչի և դիվանագետի կողմից և այդ պարգևը ստանալ Ձեզնից, իհարկե, պարտավորեցնող է, և ես երախտապարտ եմ նման գնահատականների համար։ Դուք մի մարդ եք, ով ժամանակակից միջազգային քաղաքականության մեջ շոշափելի ներդրում է ունեցել, և իրադրությունը տեսնել Ձեր գնահատականի տեսակետից, իհարկե չափազանց կարևոր է, որովհետև ցանկացած զարգացում ցանկացած պարագայում միշտ գնահատման և վերագնահատման անհրաժեշտություն ունի, որովհետև ամեն դեպքում ցանկացած որոշում նաև հետագա սպասարկման և զարգացման կարիք ունի։

Երբ ես Վաշինգտոնից վերադարձա 2025 թվականի օգոստոսի 8-ի Խաղաղության գագաթաժողովից` հարկ համարեցի զանգահարել և Ձեզ անձամբ տեղեկացնել տեղի ունեցած իրադարձությունների մասին: Դա նաև իմ գնահատանքի արտահայտությունն էր այս ընթացքում անձամբ Ձեր ցուցաբերած աջակցության համար և Ղազախստանի ցուցաբերած աջակցության համար: Ուզում եմ հիշեցնել նաև, որ Ղազախստանը շատ կարևոր մի ժամանակահատվածում Ալմա-Աթայում մեր երկրների արտաքին գործերի նախարարներին հանդիպման հարթակ տրամադրեց, և այդ խոսակցությունը, այդ բանակցությունները շատ կարևոր էին հետագա զարգացումների համար։ Նաև գաղտնիք չէ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը հիմնվում է Ալմա-Աթայի հռչակագրի վրա, որը, իհարկե, տվյալ դեպքում ունի շատ կոնկրետ քաղաքական նշանակություն և ունի խորհրդանշական նշանակություն։ Ես շատ ուրախ եմ և մեծ պատիվ է ինձ համար, որ մենք, ահա, այսպիսի միջավայրում ունենում ենք այս պաշտոնական այցը, որի արդյունքներով Հայաստանի և Ղազախստանի միջև հարաբերությունները հասնում են ռազմավարական գործընկերության կետի, ինչը, իհարկե, նոր ցատկուղի է մեր հետագա հարաբերությունների զարգացման համար։

Վաշինգտոնի հռչակագրի արդյունքներով մենք հիմա կենտրոնացած ենք «Թրամփի ուղի» նախագծի իրականացման վրա և Միացյալ Նահանգների հետ շատ ակտիվ բանակցային գործընթացում ենք, որպեսզի կոնկրետացնենք և համաձայնության հասնենք իրավական շրջանակի և կարգավորումների շուրջ։ Ինչպես գիտեք, հիմնական և սկզբունքային հարցերը Վաշինգտոնի հռչակագրի արդյունքներով որոշված են, համաձայնեցված են, և Հայաստանը և Ադրբեջանը միմյանց համար իրենց կապուղիները բացում են ներքին, այսինքն՝ Հայաստանի տարածքով Ադրբեջանից դեպի Ադրբեջան, Ադրբեջանի տարածքով Հայաստանից դեպի Հայաստան, երկկողմ հաղորդակցության և միջազգային հաղորդակցության համար: Եվ Վաշինգտոնի հռչակագրի համաձայն, այդ ամենը տեղի է ունենալու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության հիման վրա:

Իհարկե, Հայաստանը և Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը: Ուզում եմ ընդգծել, որ նաև Վաշինգտոնում նախաստորագրվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որտեղ նույնպես Ալմա-Աթայի հռչակագիրն ունի բազային սկզբունք: Եվ այդ համաձայնեցված և նախաստորագրված տեքստում Հայաստանը և Ադրբեջանն ընդգծում են, որ հիմնվելով այն ըմբռնման վրա, որ նախկին խորհրդային երկրների հանրապետությունները դարձել են անկախ պետություններ և նրանց միջև ադմինիստրատիվ սահմանները վերածվել են պետական սահմանների, այս հենքի վրա երկու երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը, արձանագրում են, որ միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ և պարտավորվում են միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չբարձրացնել նաև ապագայում։

Սա, իսկապես, շատ ամուր հենք է տևական, կայուն և հուսալի խաղաղության համար, և մենք, իհարկե, առաջիկայում պետք է ջանքեր գործադրենք խաղաղության համաձայնագրի ստորագրման և վավերացման համար։ Իհարկե, մինչ այդ մենք այսօր արդեն աշխատում ենք «Թրամփի ուղի» նախագծի վրա, որը, կարծում եմ, էականորեն մեծացնելու է նաև Հայաստանի և Ղազախստանի միջև երկկողմ տնտեսական գործակցության հնարավորությունները, ինչպես նաև մեծացնելու է թե՛ Հայաստանի, թե՛ Ղազախստանի արտահանման պոտենցիալը, Հայաստանի դեպքում՝ դեպի արևելք, Ղազախստանի դեպքում՝ դեպի արևմուտք: Եվ մենք, իհարկե, շատ ուրախ ենք, որ Ղազախստանն ամենաբարձր` բարձրագույն մակարդակով հետաքրքրություն է ցուցաբերում այս նախագծի նկատմամբ, որը իհարկե, բաղկացած է լինելու երկաթուղային հաղորդակցությունից, խողովակաշարերից, էլեկտրահաղորդման գծերից, մալուխներից և նաև ավտոտրանսպորտի համար նախատեսված ենթակառուցվածքները Հայաստանը և Ադրբեջանը պատրաստակամություն են ցուցաբերել տրամադրել միմյանց։

Մեծարգո պարոն նախագահ, ուզում եմ ընդգծել, որ մեր հարաբերությունների այս նոր ակտիվությունը և դինամիկան 2024 թվականին Հայաստանի Հանրապետություն Ձեր ունեցած պաշտոնական այցի արդյունք են, որը շատ կարևոր և առանցքային նշանակություն ունեցավ: Այդ այցը նոր լիցք հաղորդեց մեր հարաբերություններին: Եվ, ահա մենք ունենք կոնկրետ արդյունքը, մեր հարաբերությունները վերաճել են և վերաճում են նոր մակարդակի։

Շատ կարևոր եմ համարում, Դուք ընդգծեցիք և մենք էլ այդ ազդակները տեսնում ենք, որ Ղազախստանում Հայաստանի նկատմամբ զբոսաշրջային հետաքրքրությունն աճում է, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, որ Դուք այդ նախաձեռնությունը ցուցաբերում եք, որպեսզի մեր երկրների միջև ուղիղ ավիաչվերթներ տեղի ունենան։

Իհարկե, պարոն նախագահը մի ևս շատ կարևոր գաղափար առաջ քաշեց: Խոսքը վերաբերում է ուսանողների փոխանակման ծրագրերին: Դա նույնպես մի գործոն է, որը մեր հարաբերությունները կզարգացնի բոլոր մակարդակներում: Մենք շատ ուրախ ենք և անհամբերությամբ ենք սպասում Ղազախստանում «Թումո» կենտրոնի բացմանը: Իհարկե, բարձր տեխնոլոգիաների և արհեստական ինտելեկտի ոլորտում մեր հարաբերությունների խորացման նոր հնարավորություններ են ստեղծում: Ես պարոն նախագահին տեղյակ պահեցի, որ օգոստոսի 8-ի վաշինգտոնյան այցի արդյունքներով նաև Միացյալ Նահանգների հետ մի շարք փոխըմբռնման հուշագրեր են ստորագրել, որոնցից մեկը վերաբերվում է բարձր տեխնոլոգիաների և արհեստական ինտելեկտի ոլորտում համագործակցությանը: Եվ վերջերս Միացյալ Նահանգների Կառավարությունն արտահանման լիցենզիա է տրամադրել NVIDIA ընկերությանը, և Firebird ընկերության ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է շուրջ 500 միլիոն դոլարի ներդրում իրականացնել Հայաստանի Հանրապետությունում։ Ես գիտեմ և նախորդ այցերի ընթացքում էլ առիթ ունեցել եմ տեսնել և համոզվել, որ Ղազախստանը բարձր տեխնոլոգիաների, թվայնացման ոլորտում շատ լուրջ հաջողություններ ունի, արդյունքները տպավորիչ են: Շնորհակալ եմ Ձեզ, որ աջակցում եք նաև այս ոլորտներում մեր երկրների միջև հարաբերությունների հետագա խորացմանը և զարգացմանը։

Ուզում եմ ասել, Ձեր թույլտվությամբ, պարոն նախագահ, արդեն առիթ ունեցա Ղազախստանի նախագահին հրավիրել մասնակցելու հաջորդ տարի աշնանը Հայաստանում կայանալիք կենսաբազմազանության COP 17 գագաթաժողովին: Ուրախ եմ արձանագրել, որ մեծարգո նախագահը կենսաբազմազանության ոլորտում ակտիվ հետաքրքրություններ ունի և շրջակա միջավայրի ակտիվ պաշտպանության դիրքերից է հանդես գալիս։

Իհարկե, բացի միջազգային հարթակներից, ինձ համար մեծ պատիվ է նաև Ղազախստանի նախագահին, հարգելի Կասիմ-Ժոմարտ Տոկաևին հրավիրել պետական այցով Հայաստանի Հանրապետություն: Մեզ համար մեծ պատիվ կլինի Ձեզ պետական այցով ընդունել Հայաստանի Հանրապետությունում: Ես համոզված եմ, երբ այդ այցը տեղի ունենա, մենք կկարողանանք արձանագրել, որ ընթացիկ այցի արդյունքներով արդեն իսկ մեր հարաբերությունները հասել են նոր կետի և նոր օրակարգ ձևակերպելու, այդ օրակարգը ակտիվորեն իրականացնելու հնարավորություն և աշխատանքի տարածք կունենանք։

Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, պարոն նախագահ, այս բարձր մակարդակի ընդունելության, բարձր գնահատանքի և ուղղակի մարդկային ջերմության համար:

Շնորհակալ եմ շատ։