Երբ լռությունը դառնում է բռնություն․ Ինչպես է Եվրոպան պաշտպանում կանանց, իսկ Հայաստանը դեռ փորձում է
Հայաստանում Աննան պահում էր արյունոտված գիշերանոցը, որ որդիներին ցույց տար, Նիդերլանդներում Ամին՝ օրագիր՝ իրավապահներին ներկայացնելու համար։ Երկու կանայք էլ բռնության զոհ են դարձել, սակայն նրանց լռության պատճառները նույնն են՝ վախ և տնտեսական կախվածություն։ Մինչ Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերը կտրուկ աճում են, ԵՄ-ն փորձում է նոր լուծումներ գտնել՝ Ֆրանսիայի դեղատների կոդային բառերից մինչև Շվեդիայի մասնագիտացված դատախազներ։
Աննան (Հայաստանում բնակվող կանանցից մեկը, որը ենթարկվել է բռնության ու որի անունը փոփոխված է) մի գիշերանոց ուներ, որն ամբողջությամբ արյունոտված էր։ Նա այդ գիշերանոցը պահում էր, որ ցույց տար որդիներին, որ երբեք կնոջ վրա ձեռք չբարձրացնեն։
Ամին (Նիդերլանդների Թագավորությունում բնակվող կանանցից մեկը, որը ենթարկվել է բռնության ու որի անունը փոփոխված է) մի նոթատետր ուներ, որտեղ գաղտնի պահել էր ամսաթվերի, ժամերի և Թոմասի ամենադաժան մեջբերումները։ Նա այդ օրագիրը պահում էր, որ ցույց տար իրավապահներին։

Հայաստանում բռնության ենթարկված կանանց միայն 12%-ն է դիմել օգնության որևէ պատասխանատու կառույցի։
Աննայի խոսքով՝ իրենց երջանիկ կյանքը տևեց ընդամենը մեկ տարի, հետո ամուսինը սկսեց ավելի շատ խմել ու պարեբարաբար կնոջը ծեծել։ Ծեծը չէր նվազել անգամ որդիների ծնվելուց հետո․ «Հարբած վիճակում տանը դանակով վազում էր երեխաների հետևից»,- արցունքները զսպելով պատմում էր Աննան։ Նա իրեն համոզում էր, որ մի օր ամեն ինչ կփոխվի ու այդ օրվան սպասեց շուրջ յոթ տարի։
Ամին նոթատետրում գրում էր այն ամսաթվերը, երբ ամուսինը իրեն ծեծել էր։ Նա մտերիմ ընկերուհի ուներ, որի հետ զրույցում վերջինս ասել էր, որ օրագիր պահելն օգնում է։ Նա այս իրավիճակին դիմացավ շուրջ հինգ տարի։
2022-ին Աննան դուրս եկավ տանից, անվերադարձ, նա չուներ ոչ աշխատանք, ոչ էլ մտերիմներ, որոնք իրեն կպահեին։ Մեկ տարի անց էլ Նիդերլանդների իր տանից դուրս եկավ Ամին։

Հայաստանում բռնության ենթարկված կանանց 33 %-ը հեռացել է տնից։ Նրանք չունեն բնակվելու վայր ընտրելու լայն հնարավորություն։
Այս երկու կանայք Հայաստանում ու Նիդերլանդներում պատսպարվում են ապաստարանում, ոտքի են կանգնում ու պայքարում իրենց իրավունքների համար։
2024-ին դատարանը մեղավոր ճանաչեց Աննայի ամուսնուն՝ դաժան ծեծի՝ ֆիզիկական ու հոգեբանական ներգործության համար։ Դատարանում հաջողության հասավ նաև Ամին։
Լատվիայի ամենամեծ մոբիլիզացիան՝ 1990-ականներից ի վեր
Նոյեմբերի 6-ին Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում միայն պաշտոնական տվյալներով շուրջ 10,000 անձ հավաքվել էր՝ բողոքելով Լատվիայի իշխանության՝ Ստամբուլի կոնվենցիայից հնարավոր դուրս գալու նախաձեռնության դեմ։ Հանրավաքին նախորդում էր երկրի նախագահի հայտարարությունը, որ նա կոնվենցիան ուղարկում է խորհրդարան լրացուցիչ քննարկման համար։
Ստամբուլի կոնվենցիան (պաշտոնապես՝ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիա») մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագիր է։ Այս կոնվենցիայի նպատակն է ստեղծել իրավական շրջանակ՝ կանխարգելելու կանանց նկատմամբ բռնությունը և ընտանեկան բռնությունը, պաշտպանելու բռնության զոհերին (ապաստարանների, թեժ գծերի, իրավական և հոգեբանական օգնության միջոցով), ինչպես նաև քրեական պատասխանատվության ենթարկելու բռնարարներին։ Հայաստանը ստորագել, բայց դեռևս չի միացել կոնվենցիային։
Ընտանեկան բռնության զոհերի պաշտպանությամբ զբաղվողները արձանագրում են, որ այս հանրահավաքները «լատվիական քաղաքացիական հասարակության ամենամեծ մոբիլիզացիան 1990-ականներից և անկախությունից ի վեր»։
Եվրոպան ընտանեկան բռնության դեմ արդյունավետ պայքարի մեթոդներ ու իրավական նորմեր ունի, ամենակարևորը, թերևս, որ դրանց համար պայքարում են մարդիկ։
ԵՄ գենդերային բռնության 2024 թվականի հետազոտության համաձայն՝ թեև բռնության ենթարկված կանանց մեծամասնությունը պատմել է այդ մասին իրեն մտերիմ մարդուն, սակայն միայն քսան տոկոսն է դիմել սոցիալական կամ առողջապահական ծառայություններ, և յուրաքանչյուր ութից միայն մեկն է դեպքի մասին հայտնել ոստիկանություն։

ԵՄ-ում կանանց 45%-ից 55%-ը սեռական ոտնձգության է ենթարկվել 15 տարեկանից սկսած։
Ընտանեկան բռնությունը, հատկապես կանանց նկատմամբ, ունի իր առանձնահատկությունները։ Կանայք քիչ են դրա մասին բարձրաձայնում սոցիալական և տնտեսական խնդիրների պատճառով։ Այս իրավիճակը բնորոշ է ոչ միայն եվրոպական երկրներին, այլև հենց Հայաստանին։
«Սա գլոբալ խնդիր է, երբ շատ հանցագործություններ մնում են չբացահայտված»,- ասում է շվեդ ավագ դատավոր Պատրիկ Ալմը։ Նրա խոսքով՝ պատճառները կարող են լինել տարբեր. օրինակ՝ մշակութային ավանդույթները, որ այս արարքները կամ հանցագործությունները պետք է մնան ընտանիքի շրջանակում, և որ իշխանությունները չպետք է ներքաշվեն այդ ամենում։
«Կարող է լինել նաև հետևանքների վախ։ Եթե դուք հայտնեք, մյուս կողմից կարող է լինել վրեժխնդրություն։ Եվ կարող է նաև լինել անվստահություն իրավական համակարգի նկատմամբ, և մարդիկ չեն կարող վստահ լինել, որ մեղադրյալը կդատապարտվի։ Իսկ ինչ-որ բանի մասին հայտնելը, ապա ոստիկանական երկարատև հետաքննություն և դատարանում բանավոր լսումներ անցնելը բավականին դժվար է յուրաքանչյուրի համար»,- նշում է շվեդ դատավորը։

Այս իրավիճակը նույնական է Հայաստանի դեպքերի հետ, երբ հատկապես գյուղական բնակավայրերում «բոլորը բոլորին գիտեն»։
«Այստեղ դեր է խաղում նաև տնտեսական վիճակը,- նշում է Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի անդամ, ավագ դատավոր Բյորն Լինդենը և հավելում,- կինը մտածում է՝ գուցե բաժանվի զուգընկերոջից և մնա միայնակ՝ երեխաների հետ, որպես կանոն՝ նման կարգավիճակում գտնվող կանայք աշխատանք չունեն։ Սրանք նաև տնտեսական պատճառներ են, թե ինչու են մարդիկ խուսափում ոստիկանություն կամ սոցիալական մարմիններ դիմելուց»։

Ընտանիքում բռնության դեպքերի գերակշիռ մասը ֆիզիկական ներգործության դեպքեր են. 2024-ին արձանագրվել է նմանատիպ 934 դեպք՝ 2023-ի 372-ի դիմաց. դեպքերն աճել են 562-ով կամ 151 տոկոսով։
Շվեդիան ունի ընտանեկան բռնության դեմ պայքարի աշխարհում ամենահամապարփակ և երկարամյա մոտեցումներից մեկը։ Այն հիմնված է երեք հիմնական սյուների վրա՝ պաշտպանություն, կանխարգելում և պատժի անխուսափելիություն:
Նախ և առաջ շվեդ օրենսդիրներին հաջողվել է առաջադեմ իրավական դաշտ մշակել․ այս երկրում մոտեցումը սկսվում է օրենքներից, որոնք ճանաչում են բռնության բարդ բնույթը։
Շվեդիան ունի «Տղամարդկանց կողմից կանանց նկատմամբ բռնության» դեմ պայքարի ազգային ռազմավարություն։ Այն ավարտվում է 2026-ին։ Այս ձևակերպումը կարևոր է, քանի որ այն խնդրի պատասխանատվությունը դնում է բռնություն կիրառողի՝ հիմնականում տղամարդկանց վրա, այլ ոչ թե զոհի։
«Մեկի խոսքը մյուսի դեմ». ապացույցների խնդիրը և շվեդական լուծումները
Ընտանեկան բռնության գործերով ամենամեծ մարտահրավերներից մեկը, ըստ Բյորն Լինդենի, ապացույցների բացակայությունն է։ «Դրանք հանցագործություններ են, որոնք կատարվում են մարդու տանը: Վկաներ գուցե չլինեն, բացի երեխաներից։ Եվ մարդիկ հիմար չեն, նրանք գիտակցում են, որ դժվար է լինելու ապացուցել դեպքը»,- ասում է մեր զրուցակիցը։
Առանց ապացույցների, իրավիճակը դառնում է «մեկի խոսքը մյուսի դեմ», ինչպես նշում է մեկ այլ դատավոր Պատրիկ Ալմը, և այդ պայմաններում «հիմնականում անհնար կլինի մեկին դատապարտել»։ Ապացուցելու միջոցը, նրա խոսքով, բժշկական հետազոտություններն են և անմիջապես ընկերների կամ, նախընտրելի է, ոստիկանության հետ կապ հաստատելն ու հայտնելը, քանի որ դա կարող է «լրացուցիչ ապացույց լինել դեպքի համար»։
Այդուհանդերձ, դիմելուն խոչընդոտում են ոչ միայն ապացույցները։ Դատավոր Լինդենը մատնանշում է զգացմունքային բարդ կապվածությունը. «Սրանք երկու մարդիկ են, որոնք ժամանակին սիրել են իրար, և գուցե դեռ սիրում են։ Որոշ դեպքերում, կինը մտածում է՝ նա սովորաբար շատ բարի և սիրող մարդ է, բայց երբ խմում է, դառնում է այս հրեշը»։

Շվեդիայի փորձը ցույց է տալիս, որ մեկ օրենքով հնարավոր չէ հասնել փոփոխության։ Դատավոր Ալմի խոսքով՝ սա տարբեր միջոցառումների համապարփակ ցանց է։ Հաջողության համար անհրաժեշտ է «աջակցություն հասարակության մեջ», որ մարդիկ հավատան՝ իրենց «լուրջ կվերաբերվեն»։ Զոհը պետք է վստահ լինի, որ ոստիկանություն գնալուց հետո ստիպված չի լինի տուն գնալ իր բռնարար ամուսնու մոտ, այլ կկարողանա գնալ անվտանգ վայր։
Թեև փոփոխությունները տեղի են ունեցել աստիճանաբար՝ մոտ 20 տարվա ընթացքում, ինչպես նշում է Լինդենը, Շվեդիան ունի մի քանի նորարարական իրավական մոտեցում։ Օրինակ, դատավոր Ալմը նկարագրում է «հովանոցային հանցագործությունները», երբ կա հանցագործությունների օրինաչափություն (օրինակ՝ սպառնալիքներ, ապտակներ), դրանք կարող են դիտվել որպես մեկ ընդհանուր հանցագործություն, ինչը հանգեցնում է ավելի խիստ պատիժների։
Մյուս կարևոր նորամուծությունը վերաբերում է երեխաներին։ Շվեդիան առաջինն էր, որ արգելեց ծնողներին ծեծել երեխաներին։ Վերջին մի քանի տարիներին, ըստ Ալմի և Լինդենի, օրենսդրորեն ամրագրվել է նոր հանցագործություն. «Եթե երեխան ականատես է լինում ծնողների կռվին, այն կարող է համարվել մեկ այլ հանցագործություն»։ Սա երեխայի նկատմամբ բռնություն է, նույնիսկ եթե երեխային ֆիզիկապես չեն հարվածել։
Այս համակարգի գործունեության համար կարևոր է նաև մասնագիտացումը։ Ինչպես նշում է Լինդենը, դատախազները մասնագիտացած են այս տեսակի հանցագործությունների մեջ, համենայն դեպս խոշոր քաղաքներում։
Դատավորները նաև ընդունում են, որ բռնության զոհ կարող են լինել նաև տղամարդիկ, թեև դա տարածված չէ։ «Տղամարդու համար շատ ավելի դժվար է գնալ ոստիկանություն և ասել, որ կինս ինձ ծեծում է: Նույնիսկ բաց, ժողովրդավարական հասարակությունում»,- ասում է Լինդենը։ Դատավոր Ալմը հիշում է մի գործ, երբ մարզական կազմվածքով տղամարդը բողոքել էր մարտարվեստ տիրապետող կնոջ կողմից խեղդվելուց։ Թեև դատավորի համար դժվար էր դա ընկալել, տղամարդն ունեցել է բավարար լրացուցիչ ապացույցներ, և կինը դատապարտվել է։
Հայաստանյան իրականությունը. օրենքից մինչև էլեկտրոնային հսկողություն
2018-ին ուժի մեջ մտած Ընտանիքում բռնության կանխարգելման մասին օրենքի ընդունումից հետո ՀՀ Ներքին գործերի նախարարությունում, ըստ գրավոր պատասխանի, հիմնական շեշտը դրվել է նորմատիվ-իրավական դաշտի ստեղծման վրա. մշակվել են կառավարության որոշումներ և ոստիկանության պետի վեց առանձին հրամաններ, որոնք կարգավորում են տարբեր խնդիրներ՝ վտանգի գնահատման չափորոշիչներից մինչև հաշվառման կարգեր։
Երևանում ընտանեկան բռնության ամենաշատ դեպքերն են գրանցվում։
Զուգահեռաբար, ըստ պաշտոնական պատասխանի, իրականացվել են վերապատրաստումներ։ 2018-ին վերապատրաստվել է 306 ծառայող, իսկ միայն 2024թ. երկրորդ կեսին և 2025թ. սկզբին՝ 1800 համայնքային ոստիկան։
Ներկայում ոստիկանությունը շեշտը դնում է տեխնիկական լուծումների վրա։ 2025թ. հուլիսի 1-ից ներդրվում է «էլեկտրոնային հսկողության միջոցներ» (էլեկտրոնային թևնոցներ), որոնք կկրեն բռնություն գործադրած անձինք։
Ոստիկանության տրամադրած վիճակագրությունն արձանագրում է 2024թ. ընտանեկան բռնության քննված դեպքերի կտրուկ աճ։ Եթե 2023-ին այդ թիվը 508 էր, ապա 2024-ին այն հասել է 1360-ի։ 2025-ի միայն առաջին եռամսյակում արդեն գրանցվել է 454 դեպք։ Միևնույն ժամանակ, «նախազգուշացման որոշումների» թիվը համադրելի աճ չի ունեցել՝ 2023-ին կազմելով 551, իսկ 2024-ին՝ 574։
Ինֆոգրաֆիկան՝ այստեղ։
Հայաստանում վերջին հինգ տարում շարունակաբար աճել է ընտանեկան բռնության վերաբերյալ հարուցված քրեական գործերի թիվը։ Տարեցտարի աճը կայուն է եղել։
Չնայած հարուցված վարույթների թվի կտրուկ աճին՝ դատարան հասնող գործերի տոկոսային հարաբերությունը վերջին չորս տարիներին 50 տոկոսից ցածր է եղել։
Մյուս կողմից էլ Հայաստանում նախաքննության և դատաքննության ընթացքում քննիչներն ու դատավորներն ակտիվորեն փորձում են հաշտեցնել տուժողին հանցանքը կատարած անձի հետ: Այսկերպ, սակայն, անպատիժ են մնում բռնարարները։ Ընդհանուր առմամբ՝ բռնության կանխարգելմանը խանգարում են օրենսդրական բացերն ու հանրային կարծրատիպերը։
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցը նախկինում աշխատել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։ Նրա խոսքով՝ կանանց բողոքների մեծ մասը այն էր, որ իրենց անգամ չեն լսում։ «Հիմա կարծես թե այդ որակի բողոքներ չկան, հիմա մենք ավելի շատ թերևս խոսում ենք ոչ այնքան արդյունավետ պաշտպանության մասին»,- նշում է Թումանյանցը։
Փոստատարներ Չեխիայում, կոդային բառեր Ֆրանսիայում. պայքարի նորարարական մեթոդներ
2024-ին ԵՄ-ն ընդունեց կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի մասին առաջին համաեվրոպական հրահանգը։ Այն սահմանում է նվազագույն չափորոշիչներ անդամ բոլոր երկրների համար՝ պահանջելով քրեականացնել հոգեբանական, ֆիզիկական և տնտեսական բռնությունը, ինչպես նաև կիբեռհետապնդումը։
ԵՄ լավագույն փորձի հիմքը բռնության բոլոր ձևերի հստակ քրեականացումն է։ Բացի այդ շեշտը դնում են տուժածի անհապաղ և երկարաժամկետ կարիքների բավարարման վրա։
Այս հրահանգը քրեականացնում է կանանց նկատմամբ բռնության որոշակի ձևեր։ Սա մասնավորապես ներառում է ինտիմ կամ շահարկված նյութերի առանց համաձայնության տարածումը, կիբերհետապնդումը, կիբերոտնձգությունը և կիբերհրահրումը՝ ուղղված բռնության կամ ատելության։
ԵՄ երկրներում նաև սահմանում է տնտեսական բռնությունը (որպես հոգեբանական բռնության մաս), որը ներառում է գործընկերոջ կողմից ընտանեկան ֆինանսների նկատմամբ վերահսկողությունը, կնոջ ծախսերի չափազանց վերահսկումը կամ նրան աշխատել արգելելը։
Կան տարբերություններ «բռնաբարության» ազգային օրենսդրական սահմանումներում։ Որոշ երկրներ այն սահմանում են ֆիզիկական ուժի գործադրման հիման վրա, մինչդեռ այլ երկրներ կիրառում են Ստամբուլի կոնվենցիայի սահմանումը, որը կենտրոնանում է սեռական բնույթի ներթափանցման՝ առանց համաձայնության փաստի վրա։ Այս օրենսդրական տարբերությունները կարող են ազդել հանրային ընկալման և դեպքերի մասին հայտնելու պատրաստակամության վրա։
Կանխարգելիչ գործողությունները կարևորվում են Նիդերլանդների նման երկրում։ Թագավորությունում իրականացվում է «Act4Respect» արշավը, որը կենտրոնանում է 15-30 տարեկան երիտասարդների վրա՝ նպատակ ունենալով կանխել, որ սեռը, գենդերային ինքնությունը կամ անհատականությունը բռնության պատճառ դառնան։ Նախաձեռնությունը ձգտում է գենդերային հավասարության և տարբերությունների ընդունման, ինչպես նաև նպատակ ունի կոտրել կարծրատիպերը՝ վերաբերմունքը փոխելուն և սոցիալական նորմերի վրա ազդելուն ուղղված արշավների միջոցով։
«Act4Respect»-ի գործունեությունը ներառում է նաև մասնագետների կրթում և վերապատրաստում, բացի այդ կարևորվում է ռիսկի խմբի երիտասարդների հետ աշխատանքը։

Չեխիայում իրականացվել է տեղեկատվական արշավ՝ զոհերին առկա ծառայությունների մասին տեղեկացնելու համար, ինֆորմացիան տարածվել է սոցիալական ցանցերով։ Ուշագրավ նախաձեռնություն է նաև իրականացվել․ վերապատրաստվել են փոստատարներ՝ ընտանեկան բռնության նշանները ճանաչելու համար։
Սլովենիայում բռնություն գործադրող տղամարդկանց համար սոցիալական հմտության ուսուցման ծրագիր է գործում։ Բռնություն գործադրողներին հաճախ ուղղորդում են դատարանները, բանտերը կամ սոցիալական ծառայությունները։ Նրանք սովորում են ոչ բռնի հաղորդակցման և կոնֆլիկտների լուծման հմտություններ։
Լեհաստանում գործում է «Կապույտ քարտ» ընթացակարգը։ Բռնության կասկածի դեպքում ոստիկանությունը կարող է անհապաղ միջոցներ կիրառել՝ առանց զոհի համաձայնությունը ստանալու։
Հասկանալով, որ զոհը չի կարող զանգահարել բռնարարի ներկայությամբ, Ֆրանսիան ներդրեց դեղատներում կոդային բառի համակարգը և օգնության համարին SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն։ Լիտվան նույնպես պարզեցրել է SMS-ով դիմելու կարգը:
Բռնության կանխարգելումը չի ավարտվում դատավճռով, այն սկսվում է կրթությամբ, վստահությամբ և պետական հստակ կամքով, ավարտվում՝ դրանց կյանքի կոչմամբ։
Օրերս Լատվիայում տեղի ունեցած 10-հազարանոց ցույցը հիշեցնում է, որ կանանց իրավունքների պաշտպանությունը շարունակական գործընթաց է նույնիսկ Եվրոպայում։ Թեև մոտեցումները տարբեր են՝ ֆրանսիական կոդային բառերից մինչև սլովենական ծրագրեր բռնարարների համար, նպատակը մեկն է՝ կոտրել լռությունը, որը, ինչպես ցույց է տալիս հայկական վիճակագրությունը, դեռևս մնում է գլխավոր մարտահրավեր։
Գևորգ Թոսունյան
Սույն հոդվածը հրապարակվել է «Պարզաբանելով ժողովրդավարությունը․ իրազեկման նախաձեռնություն» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ֆինանսավորմամբ։