«Կոչ, ոչ թե պատմողական նախադասություն»․ ինչպես է հիմնավորվել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի մեղադրանքը
Հասարակություն
23.10.2025 | 16:40
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակել է Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ դատավճիռը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն 2025 թվականի հունիսի 17-ին քրեական վարույթ է նախաձեռնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ 2024 թվականին տված հարցազրույցի առթիվ։ Մինչ այդ՝ սկսած հունիսից, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել էր քննադատական գրառումներ կատարել եկեղեցականների մասին։
Հունիսի 26-ին որոշում է կայացվել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ Հունիսի 27-ին իրավապահները գնացել են Շիրակի թեմի առաջնորդարան՝ խուզարկություն կատարելու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ հոգևորականին արգելանքի վերցնելու, սակայն տևական ժամանակ դա նրանց չի հաջողվել, քանի որ Մայր աթոռում հավաքված քաղաքացիները թույլ չեն տվել։ Ի վերջո Աջապահյանը դուրս է եկել Մայր աթոռից ու նախ՝ երթով, ապա՝ մեքենայով եկել Քննչական կոմիտե, որտեղ նրան իշխանությունը զավթելու կոչեր հնչեցնելու մեղադրանք է ներկայացվել ու կալանքի միջնորդություն ներկայացվել դատարան։ Երևանի դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը Աջապահյանին կալանավորել է երկու ամսով, և մինչ կլրանար կալանքի ժամկետը, գործն ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննության։ Երևանի քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը, գրեթե ամենօրյա ռեժիմով նիստեր անցկացնելով, աննախադեպ արագությամբ քննել է գործն ու հոգևորականին դատապարտել երկու տարի ժամկետով ազատազրկման։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի որ խոսքն է որակվել որպես իշխանությունը զավթելու կոչ
Դատական ակտում նշվում է, որ Գևորգ Արտաշեսի Աջապահյանը ձեռնադրվելուց հետո անվանակոչվել և համաձայն եկեղեցական կանոնների` հանդես է եկել Միքայել Աջապահյան տվյալներով։ Ըստ մեղադրանքի՝ նա, «ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև՝ իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների հետ, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև՝ 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։
Մասնավորապես, «Գալա Թի-վի» հեռուստաընկերությանը տրված և 2024 թվականի փետրվարի 3-ին տարբեր լրատվական կայքերով ու սոցիալական ցանցերով հրապարակված հարցազրույցում Գևորգ Արտաշեսի Աջապահյանը նշել է. «Հիմա էտ ա, ինձ վերապահված հարգանքը սրա է նման, հիմի ո՞վ է լսում ինձ, եթե ինձ լսող լիներ հեղափոխությունը պետք է վաղուց լիներ։ Իշխանություն փոխելու ընդամենը ես երեք ճանապարհ գիտեմ, դուք եթե չորրորդը գիտեք ասեք։ Էս ա՝ ընտրություն, իբր թե, կամ, կամ իբր թե ընտրություն, կամ ընտրություն, երկրորդը՝ հեղաշրջում, երրորդը՝ ժողովրդական ապստամբություն։ Ուրիշ կա՞, կա՞ ուրիշ, չկա։ Է երեքն էլ անհնարին է, երեքն էլ անհնարին է սուբյեկտիվորեն, օբյեկտիվորեն հնարավոր է», ապա ավելացրել՝ «Ուրեմն իմ էս վերջին վեց տարվա, միայն վեց տարվա, էն ժամանակ, վեց տարվա գործունեությունից պարզ չի՞, ես ինչ եմ ասում, քանի անգամ ասի բացեիբաց՝ ռազմական հեղաշրջում ա պետք, պատերազմի օրերին ասի և նախագահներին ասեցի՝ Քոչարյանին և Սերժին: Ասի՝ լավ, դուք, պարոն նախագա՛հ Քոչարյան, տասը տարի նախագահ եք եղել, դրանից առաջ մի տարի երկու տարի էլ վարչապետ, չէ՞, էտքան տարի էլ Ղարաբաղի նախագահ, Դուք Ձեր կողմնակից, գաղափարակից ոչ մի գեներալ չունե՞ք, ո՛չ բանակում, ո՛չ ոստիկանություն, ո՛չ ազգային անվտանգություն, որ գան Ձեր կողքը կանգնեն և հեղաշրջում իրականացնեն։ Եթե իրենցով ա։ Սե՛րժ, դու ավելի, տաս տարի նախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, ներքին գործերի նախարար, ազգային անվտանգության նախարար, ազգային անվտանգության քարտուղար, էլ պաշտոն կա՞ որ չես տարել, հա շախմատի ֆեդերացիայի նախագահ։ Դու ոչ մի գեներալ քեզ նվիրված չունե՞ս, ոչ ոստիկանությունում, ոչ ազգային անվտանգությունում, ոչ բանակու՞մ, որ հելել ես փողոց «Պատիվ ունեմ»- «մատիվ ունեմ»։ Ռեալ պոլիտիկը ինչի՞ մասին էր խոսում, էտի ռեալ պոլիտիկն է չէ, որ ընտրությունով չի, հնարավոր չի սա փոխել։ Ու՞ր եք գնացել ընտրության, ու՞ր եք մտել ընտրության։ Նշանակում ա ձեր նպատակը փոխելը չի։ Բա ձեզանից լավ ո՞վ պտի իմանա, որ էսի ընտրությամբ չի փոխվի…»։
Նշենք, որ բացի 2024-ի այս հարցազրույցից, ռազմական հեղաշրջման անհրաժեշտության մասին Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը խոսել է նաև 2020, 2023 և 2025 թվականներին։
2025-ի հունիսի 17-ին վարույթը նախաձեռնվել է 2024-ի հարցազրույցի համար, այսինքն՝ հարցազրույցից 1 տարի 4 ամիս անց, սակայն հունիսի 21-ին, այն ժամանակ, երբ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու նրա աջակիցները մեկ այլ՝ իշխանությունը զավթելու և ահաբեկչության փորձի գործով ներգրավվել են որպես մեղադրյալ, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հարցազրույց է տվել News.am-ին ու պատմել իր նախորդ հարցազրույցներում հնչեցրած մտքերի մասին։
Քննչական կոմիտեն այս երկրորդ հարցազրույցը ևս ներառել է Աջապահյանի մեղադրանքում։
Մասնավորապես՝ ըստ մեղադրանքի՝
««NEWS.AM» լրատվական ալիքին տրված և 2025 թվականի հունիսի 21-ին հրապարակված հարցազրույցում Գևորգ Արտաշեսի Աջապահյանը ի պատասխան լրագրողի հարցին՝ նշել է. «Շատ էլ լավ եմ արել, զավթելու ոչ, երբեք, զավթելու կոչ չեմ արել։ Ես կոչ եմ արել հեղաշրջման, դա զավթելու կոչ չի, ես հեղաշրջման, ես ուժային կառույցներին ասել եմ, որ փրկեք էս երկիրը, էս խելագարից փրկեք, է չեն փրկում, իրենք էլ նույնքան մեղավոր են էս ամեն ինչի մեջ։ Ես իշխանության զավթման կոչ չեմ արել, ես ասել եմ, ոչ էլ ասել եմ, որ հայ–հա, ես ասել եմ, որ անհրաժեշտ է դա անել։ Դա կոչ չի, դա անհրաժեշտ է անել։ Հիմա էլ է անհրաժեշտ, շատ ուշացած է, բայց էլի անհրաժեշտ է անել, էսքան բան, բայց եթե ուժայինները պարզապես տուն են պահում հա, և ոչ թե էս երկրի մասին ես մտածում, ոչ թե էս Հանրապետության մասին են մտածում, ոչ թե էս ժողովրդի մասին են մտածում, տուն են պահում, թող շարունակել տուն պահել…»,- նշված է մեղադրանքում, ապա առկա է հետևյալ եզրահանգումը․
«Այսինքն, Գևորգ Արտաշեսի Աջապահյանը, ըստ մեղադրանքի, 2025 թվականի հունիսի 21–ին հրապարակված իր ելույթում վկայակոչելով 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած՝ հեղաշրջում կատարելու և իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով՝ բարձրաստիճան զինվորականների օգնությամբ ստանձնելու անհրաժեշտության մասին իր խոսքը, վերահաստատել է այն, ուժային կառույցների կողմից ՀՀ–ում իշխանությունը փոխելը ներկայացրել որպես անհրաժեշտություն՝ այդ կերպ զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով հնչեցնելով իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն՝ ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ գործադիր իշխանության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչեր, որոնք «youtube.com» համացանցային հարթակում հասանելի են դարձել հանրության լայն շրջանակներին, դիտվել ավելի քան 40 հազար անգամ»։
Այսպիսով՝ ստացվում է, որ հունիսի 17-ին քրեական վարույթ է հարուցվել 2024-ի փետրվարի 3-ի հարցազրույցի համար, որից հետո հունիսի 21-ին Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեկ այլ հարցազրույց է տվել՝ խոսելով այն ամենի մասին, ինչի մասին խոսել է նաև 2020-ին, 2023-ին, 2025-ի հունիսի 21-ին, սակայն հունիսի 21-ի հարցազրույցը ոչ թե դիտարկվել է որպես նոր ենթադրյալ հանցագործություն ու դրա համար առանձին վարույթ նախաձեռնվել, այլ գնահատվել որպես 2024-ին տված հարցազրույցում հնչեցրած մտքերի վերահաստատում։
Դատարանի դիրքորոշումը՝ կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքի մասին
Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե առկա է անձին մեղսագրվող նույն արարքի կապակցությամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մաuին դատախազի չվերացված որոշում:
Այն բանից հետո, երբ Միքայել արքեպիսկպոս Աջապահյանին մեղադրանք է ներկայացվել 2024 թվականի հարցազրույցի համար, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը հրապարակել է փաստաթղթեր, համաձայն որոնց՝ 2023-ին տված նույնաբովանդակ հարցազրույցից հետո իրենք դիմել են Դատախազություն՝ վարույթ նախաձեռնելու հարցով, սակայն վարույթ չի նախաձեռնվել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով։
Այդ դեպքում ինչպե՞ս ստացվեց, որ 2024-ին արտահայտած նույն միտքը հանցակազմ է պարունակում։
Պաշտպանական կողմը բարձրացրել է այն հարցը, որ այժմ նույն արարքի համար Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին քրեական պատասխանատվության կանչելը կրկին դատվելու արգելքի սկզբունքի խախտում է։ Այս հիմնավորմամբ պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ։
Անդրադառնալով միջնորդությանը՝ դատարանն արձանագրել է, որ քրեական վարույթ չնախաձեռնելու արձանագրությունն օրենսդիրը չի դիտել քրեական հետապնդումը բացառող որոշումների շարքում, բացի այդ՝ նշել է, որ այս դեպքում գործ չունենք նույն արարքի հետ:
«Դատարանն արձանագրում է, որ կրկնակի դատապարտման սկզբունքի խախտումը վերաբերում է այն դեպքերին, երբ անձը միևնույն արարքի համար է երկու անգամ ենթարկվում պատասխանատվության, մինչդեռ, դատարանի գնահատմամբ, սույն պարագայում նախևառաջ առկա չէ նույն արարքը, քանզի խոսքը վերաբերում է տարբեր ժամանակահատվածներում դրսևորված վարքագծին, բացի այդ՝ քրեական վարույթ չնախաձեռնելը որևէ կերպ և որևէ մեկնաբանությամբ չի կարող գնահատվել որպես քրեական պատասխանատվության դրսևորում, այն պարզ պատճառաբանությամբ, որ ի տարբերություն քրեական հետապնդում չհարուցելու և քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումներին, որոնք վերաբերում են անձին, քրեական վարույթ նախաձեռնելը կամ չնախաձեռնելը վերաբերում է փաստին»։
Այսպիսով՝ դատարանը եկել է հետևության, որ 2023-ին Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի տված հարցազրույցում հնչեցրած մտքերի համար վարույթ չնախաձեռնելն՝ այն հիմնավորմամբ, որ հաղորդմամբ նշված տեղեկությունները վերացական և ընդհանուր բնույթի են, չի կարող համարվել քրեական պատասխանատվության դրսևորում, և դրանից հետո անձի մեկ այլ վարքագծին տրված քրեաիրավական գնահատականը չի կարող առաջացնել կրկնակի դատապարտման սկզբունքի խախտում:
«Ինչ վերաբերում է պաշտպանական կողմի այն թեզին, որ այնքանով, որքանով պետությունը՝ ի դեմս պատկան մարմինների, նախկինում նույնաբնույթ արարքի կապակցության քրեական վարույթ չի նախաձեռնել, ուստի անձի մոտ կարող է առաջանալ իրավական որոշակիության հետ կապված խնդիր, Դատարանի համար ընդունելի չէ, քանզի նախ որևէ տեղեկություն առկա չէ առ այն, որ մեղադրյալը նշված հանգամանքի մասին տեղեկացված է եղել, իսկ նույնիսկ տեղեկացված լինելու պարագայում չի կարող ստեղծվել իրավական որոշակիության հետ կապված խնդիր, քանզի խոսքը վերաբերում է տարբեր արարքներին»,- դատական ակտում գրել է դատավոր Արմինե Մելիքսեթյանը։
Ըստ դատարանի՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքում կոչ է առկա, ոչ թե պատմողական նախադասություն
Անդրադառնալով Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին վերագրվող, Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքին՝ դատարանը նշել է, որ այս հոդվածով քրեական պատասխանատվություն է նախատեսում հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչ կատարելու համար:
Դատարանը գտել է, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը զանգվածային լրատվության միջոցը ՝ «Գալա Թի-վին»-ն օգտագործելով՝ 2024 թվականի փետրվարի 3-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ է կատարել:
Անդրադառնալով 2025թ. հունիսի 21-ին հրապարակված հարցազրույցին, դատարանը նշվածը չի գնահատել որպես առանձին արարք, այլ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դիտավորությունը հաստատող հանգամանք։
«Նախ՝ նշված դրվագի վերաբերյալ նոր վարույթ չի նախաձեռնվել, բացի այդ, պաշտպանական կողմին քննիչի կողմից պաշտոնական պարզաբանում է տրվել արարքի վերաբերյալ՝ բացառելով նշվածը որպես առանձին արարք գնահատելու հանգամանքը, մինչդեռ անձի արարքը պարբերաբար գնահատելու համար, անհրաժեշտ է, որ անձի կողմից կատարվի մի քանի հանցանքներ, ընդ որում՝ այդ արարքներին պետք է առանձին իրավական գնահատականներ տրվեն՝ նախ վարույթ նախաձեռնելու, ապա նաև՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու և մեղադրանք ներկայացնելու ձևով:
Այս համատեքստում Դատարանի համար ընկալելի չէ, թե ինչ նկատի ունի մեղադրանքի կողմը՝ վերահաստատել տերմինն օգտագործելով, քանի որ սույն պարագայում այն իրավական եզրույթ չէ, մասնավորապես, եթե մեղադրանքի կողմը նկատի ունի մեկ միասնական դիտավորության շրջանակներում մի քանի արարք կատարելու հանգամանքը, ապա նշվածը բացառվում է այն հանգամանքի հաշվառմամբ, որ քննիչը պաշտոնական պարզաբանմամբ փաստել է, որ մեղադրյալին վերագրվող արարքն ավարտվել է 2024 թվականի փետրվարի 03-ին, մինչդեռ շարունակվող հանցագործության պարագայում հանցանքի կատարման ավարտ պետք է դիտարկվեր վերջին արարքն ավարտված լինելու օրը:
Այլ կերպ, մեղադրանքի բովանդակությունը կազմող և Դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանք հանդիսացող «NEWS.AM» լրատվական ալիքին 2025 թվականի հունիսի 21-ին տրված հարցազրույցը Դատարանը չի գնահատում որպես առանձին դրվագ, այլ այն գնահատում է մեղադրյալի՝ «Գալա Թի-վի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում արված կոչի /հանցագործության/ սուբյեկտիվ կողմը հաստատող հանգամանք, որով մեկ անգամ ևս փաստվում է անձի դիտավորությունը։
Այս համատեքստում անդրադառնալով պաշտպանական կողմից դատաքննության ընթացքում որպես ապացույց ներկայացված՝ ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջում 2025 թվականի հունիսի 28-ին հրապարակված հայտարարությանը, Դատարանը, նկատի ունենալով, որ վարույթը նախաձեռնվել է նախքան հիշյալ հայտարարությունը, իսկ մյուս կողմից «NEWS.AM» լրատվական ալիքին 2025 թվականի հունիսի 21-ին տրված հարցազրույցը Դատարանի կողմից որպես արարք չի դիտարկվել, ուստի առարկայազուրկ է համարում դրան անդրադառնալը»,- նշել է դատավոր Արմինե Մելիքսեթյանը։
Անդրադառնալով պաշտպանական կողմի այն պնդմանը, թե արդյոք մեղադրյալի կողմից հնչեցված արտահայտությունները կարող են դիտարկվել որպես կոչ այն պայմաններում, երբ ըստ պաշտպանի՝ դրանք չեն եղել բացահայտ, ընկալելի և պարզ չի եղել, թե լսողի համար ինչ է ակնկալվում անել, դատարանն արձանագրել է, որ խոսքի բացահայտ լինելը կամ հրամայական եղանակով արվելը չի հանդիսանում այն որպես կոչ գնահատելու միակ չափանիշը։
«Իրավական տեսանկյունից խոսքը կարող է գնահատվել որպես կոչ նույնիսկ այն ժամանակ, երբ իր էությամբ, բովանդակությամբ և կոնտեքստով ուղղված է կոնկրետ գործողությունների խթանմանը կամ օրենքի խախտման մղմանը։
Այսպիսով, Դատարանն արձանագրում է, որ խոսքը կարող է գնահատվել որպես կոչ, եթե դրանով փոխանցվում է հստակ ուղերձ, հետևաբար, խոսքի իրավական գնահատման ժամանակ չպետք է սահմանափակվել միայն դրա ձևի՝ բացահայտ կամ հրամայական լինելու չափորոշիչով, այլ պետք է հաշվի առնել նաև խոսքի ենթատեքստը, խոսողի դիրքը և ազդեցությունը, լսարանի ընկալման հնարավորությունը, նպատակն ու ազդեցությունը կոնկրետ ժամանակային և սոցիալական միջավայրում»,- գրված է դատական ակտում։
Դատարանը նշել է, որ եթե Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կողմից հնչեցված խոսքը դիտարկվի կոնտեքստից կտրված և զուտ լեզվաբանական առումով, ապա իր բովանդակությամբ գուցե կարող է գնահատվել որպես պատմողական նախադասություն՝ անցյալի գործողությունների վերաբերյալ, մինչդեռ, ըստ դատարանի Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքի իրական նպատակն ու ակնկալվող արդյունքը գնահատելիս պետք է հաշվի առնել այն, որ դրանում պարունակվում են գործողություններ կատարելու անհրաժեշտություն, ընդ որում՝ այդ անհրաժեշտությունը բխում է օրինական եղանակից զատ այլ եղանակով իշխանափոխություն կատարելու անհնարինությունից, ուստի առաջին հայացքից պատմողական նախադասությունն իր մեջ պարունակում է հստակ ուղերձ, ինչը կատարելու անհրաժեշտությունն էլ հաստատվում է «ընտրությունով հնարավոր չի սա փոխել» արտահայտությամբ։
Անդրադառնալով պաշտպանական կողմի դիտարկմանը՝ կապված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի լույսի ներքո մեղադրյալի գործողությունները խոսքի ազատության իրավունքի դրսևորում դիտարկելուն՝ դատարանն արձանագրում է հետևյալը․
«Խոսքի ազատության իրավունքն իրավաչափ է մինչև այն պահը, երբ այն ստեղծում է իրական և անխուսափելի վտանգ հասարակական անվտանգության կամ իրավունքի խախտման համար, և, եթե խոսքը կարող է ակնհայտորեն ազդել իր լսարանի վարքի վրա, ապա այն կարող է իրավաչափորեն սահմանափակվել։
Վերոգրյալ նախադեպային որոշման լույսի ներքո վերլուծելով քրեական վարույթի ընթացքում հետազոտված ապացույցները՝ Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալը, գիտակցելով իր մեծ լսարան ունենալու հանգամանքը, հետպատերազմական իրավիճակով պայմանավորված՝ ժողովրդի հուզական զգայունությունը, և իր կողմից հնչեցված կոչի՝ պետության համար իրական սպառնալիք առաջացնելու վտանգը, թույլ է տվել խոսքի իրավունքի սահմանազանցում, որն իրավաչափորեն ենթակա է սահմանափակման»։
Անդրադառնալով պաշտպանական կողմի վկայակոչած Եվրոպական դատարանի որոշումներից մեկին՝ Castells v. Spain (1992) գործին՝ դատարանն արձանագրում է, որ վերոհիշյալ գործում խոսքը վերաբերում է քաղաքական քննադատությանը, որն էականորեն տարբերվում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի քրեական գործի փաստական հանգամանքներից, քանզի սույն դեպքում մեղադրյալին ոչ թե մեղադրանք է առաջադրվել քաղաքական քննադատության, այլ՝ իշխանության զավթման կոչ անելու համար։
«Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ ի տարբերություն վկայակոչած գործի, որտեղ քննադատության հասցեատերը եղել է իշխանությունը, մեղադրյալի խոսքն ուղղված է եղել հասարակությանը, որը ևս մեկ անգամ փաստում է, որ անձի նպատակը եղել է ոչ թե իշխանության գործողությունների նկատմամբ հաշվետվողականության պահանջը, այլ՝ հասարակությանը հակաօրինական գործողութան «դրդելը»։ Վերոգրյալի արդյունքում պետք է փաստել, որ հիշյալ նախադեպային որոշումը պաշտպանում է քաղաքական գործչի՝ իշխանություններին քննադատելու իրավունքը քաղաքական դիսկուրսի շրջանակում, երբ չկա իրական վտանգ, չկա կոչ, չկա բռնության խրախուսում, մինչդեռ սույն քրեական գործի փաստական հանգամանքներում ոչ միայն տարակուսելի է պաշտպանական կողմի՝ մեղադրյալին՝ որպես քաղաքական գործչի հիշյալ իրավունքները վերապահելը, այլև՝ հնչեցված արտահայտությունները պարզապես որպես քննադատություն դիտարկելը»,- գրել է դատավոր Արմինե Մելիքսեթյանը։
Այսպիսով՝ դատարանը մեղավոր է ճանաչել Աջապահյանին ու նրան դատապարտել 2 տարի ժամկետով ազատազրկման։ Հանրային մեղադրողները պահանջել էին 2․5 տարի ազատազրկում։ Դատախազությունն այժմ բողոքարկել է դատավճիռն ու պահանջում է ավելացնել հոգևորականի պատժաչափը։
Արաքս Մամուլյան