Բաքվի դատարանում Լևոն Մնացականյանը հերքել է «տուժողներից» մեկին, իբր, ծեծելու մեղադրանքները
Քաղաքականություն
03.10.2025 | 09:56
Արցախի ղեկավարների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերով հերթական դատական նիստն է տեղի ունեցել Բաքվի զինվորական դատարանում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ցուցմունք տված «տուժող» Իլհամ Մամեդովն ասել է, թե 2002 թվականի մայիսի 10-ին, զինվորական ծառայության ընթացքում, ինքը գերի է վերցվել հայկական զինված ուժերի կողմից և Արցախի ՊԲ-ի նախկին հրամանատար Լևոն Մնացակայանը, իբր, իրեն ծեծի է ենթարկվել։
Ըստ ադրբեջանական կողմի՝ Լևոն Մնացականյանը հաստատել է, որ 2002 թվականին գերի է վերցվել մի ադրբեջանցի զինծառայող։ Նա նշել է, որ զինծառայողը քննության տակ է առնվել, հարցաքննվել քննիչների կողմից, ապա հանձնվել համապատասխան մարմիններին։ Մնացականյանը, սակայն, պնդել է, որ ձերբակալվածը չի ենթարկվել խոշտանգումների։
Պետական մեղադրանքը պաշտպանող դատախազի հարցերին պատասխանելով՝ Լևոն Մնացականյանը նշել է, որ չգիտի՝ այդ ժամանակ ձերբակալված ադրբեջանցին Ի.Մամեդո՞վն է, թե՞ ոչ, և որ ինքը նրան չի ճանաչել։
Այնուհետև Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը դիմել է դատարանին՝ խնդրելով իրեն տրամադրել Ադրբեջանում գրանցված միջազգային կազմակերպությունների ու լրատվամիջոցների ցանկը։
Նախագահող դատավորն ասել է, որ այդ հարցը դատարանի իրավասության մեջ չի մտնում։ Նա նշել է, որ Ադրբեջանում միջազգային կազմակերպությունների գործունեության հետ կապված որևէ խնդիր չկա։ Այդ կազմակերպությունները գործում են օրինականորեն և հարգում են երկրի օրենքները, և նրա փաստաբանը կարող է տրամադրել այդ կազմակերպությունների ցանկը։
Դատավորը նաև Դավիթ Իշխանյանին տեղեկացրել է, որ իրենց պլանշետներում կբեռնվի նաև ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Մանվել Գրիգորյանի հարցազրույցի տեսանյութը, որը ցուցադրվել էր նախորդ դատական նիստում և օգտագործվել որպես գործով ապացույց։
Դատավարությունը շարունակվել է քրեական գործերի հետ կապված փաստաթղթերի ընթերցմամբ։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 3-ին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի