Եվրոպայի կուլիսներում․ կենսակերպ, ո՛չ նորաձևություն

Լուրեր

06.12.2025 | 23:56
Պլոմբել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցու դռները` Փաշինյանի այցից առաջ
06.12.2025 | 22:41
Պետք է շարունակենք մեր ծառայությունը բերել մեր ժողովրդին. Գարեգին Բ-ն` Փաշինյանի քայլերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 21:05
Գնդակները, որ մաշում են, մի խնայե՛ք, առեք, եթե հնարավոր չի, ինձ ասեք, ես կառնեմ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 19:41
ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկել է վորկաութի և առողջ ապրելակերպի խթանման ծրագիր
06.12.2025 | 19:30
Ինչ ընկերություն է «Fieldfisher LLP»-ն, որի  հետ  համագործակցում է Հայաստանի կառավարությունը TRIPP-ի միջպետական պայմանագրային փաթեթի մշակման համար
06.12.2025 | 19:00
Մեզնից շատերը լավ ապրելը քեֆերի մեջ են տեսնում, երբ շուրջը ատելություն և թշնամանք է. Սամվել Թոփալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 18:41
Տավուշի մարզի պարեկները ձկնագողության դեպք են բացահայտել. վնասի չափը՝ շուրջ 470 հազար դրամ. ՆԳՆ
06.12.2025 | 18:14
«Նոան» պարտվեց Հայաստանի առաջնության տարեվերջյան խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 18:07
Մեծ հավանականությամբ կմասնակցեմ. Քոչարյանը՝ առաջիկա ընտրությունների մասին
06.12.2025 | 17:53
Տեսեք, սա մեր լեգիտիմ սահմանն է. Փաշինյանը` Կիրանցի պատի տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 17:44
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
06.12.2025 | 17:21
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.12.2025 | 17:04
«Միջանցք» եզրույթն ընդունելի չէ մեզ համար. Գրիգորյանը՝ Հաջիևի հետ քննարկմանը
06.12.2025 | 16:51
Ներկայացվել է Զբաղվածության 2025–2031 ռազմավարական ծրագիրը․ քննարկվել են առաջնահերթություններն ու իրականացման քայլերը
06.12.2025 | 16:31
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Բոլորը

Եվրոպայում թանգարաններն ու պատկերասրահները, թեեւ գտնվում են մշակույթի կառավարման ոլորտում, ուղղակի եւ ամուր կապ ունեն անդամ երկրների կրթական համակարգերի հետ։ Այդ կապն անշուշտ արտացոլված է օրենքներում, ենթաօրենսդրական ակտերում, բայց կարեւորը ոչ թե օրենքի տառն է, այլ հաստատությունների՝ միմյանց հետ համագործակցելու ունակությունն ու պատրաստակամությունը:

Անցած տարի մի հետազոտության համար այցելել էի Փարիզի Ներգաղթի պատմության ազգային թանգարան (Musée national de l’histoire de l’immigration)։ Շատ երկար ու մանրամասն կարելի է պատմել այդ հաստատության մասին, բայց կենտրոնանամ կրթական բաժնի եւ դրա առաքելության վրա։

Թանգարանում շրջելիս տեսա՝ ինչպես էին դպրոցականների խմբերն ամբողջ օրն անցկացնում թե՛ մշտական ցուցասրահներում, թե՛ ժամանակավոր մի ցուցադրության տարածքում, որը, «Փարիզ-2024» օլիմպիադայի բացմանն ընդառաջ՝ նվիրված էր օլիմպիական շարժման մեջ ներգաղթյալների ունեցած դերին եւ հաջողություններին։

Մի պահ զգացի, որ, աչքս չկտրելով՝ հետեւում եմ երեխաների շարժին ու վարքին։ Զարմանալի էր՝ դպրոցականների հետ գիդերի փոխարեն աշխատում էին ուսուցիչները։

Ներգաղթի պատմության ազգային թանգարանի կրթական բաժնի ղեկավար տիկին Լուիզ Լուկեն (Louise Luquet), ի պատասխան զարմանքիս՝ մեղմ ժպտաց. «Արտառոց ոչինչ չկա, դա մեր ռազմավարությունն է։ Աշակերտների համար այս այցելությունները պետք է լինեն ոչ միայն ժամանց, այլեւ հետազոտական գործընթաց»։

Կրթական բաժինը մշակում եւ տրամադրում է մանկավարժական ռեսուրսներ, ստեղծում ուղեցույցներ ու գործիքներ, որոնք ուղղված են ներգաղթի պատմության թեմաները սովորողների ու մանկավարժների համար հասանելի դարձնելուն:

Նույն թանգարանի հրատարակչական բաժնի ղեկավար Մարի Պուանսոն (Marie Poinsot), ում հետ եւս հանդիպում ունեցա, ասում էր, թե իրենք ամեն կերպ նպաստում են, որ միգրացիոն երեւույթները ճանաչվեն եւ ընկալվեն քաղաքական գործընթացներից դուրս, նաեւ խթանվի հանդուրժողականությունը։ Այս նպատակով բաժինը հրատարակել է հանրամատչելի երկու գրքույկ՝ «Les 100 Mots Des Migration» (Միգրացիայի 100 բառ) եւ «Les 100 Dates De L’Histoire De L’Immigration» (Ներգաղթի պատմության 100 տարեթիվ)։

Կրթությունն առանց աշխարհայացքի թերի է

Եվրոպական գրեթե բոլոր թանգարաններում՝ անկախ թեմատիկայից եւ ուղղվածությունից (արվեստի, պատմության, բնության, տեխնիկայի եւ այլն) նախադպրոցական ու դպրոցական տարիքի երեխաների առատ ներկայությունը սովորական երեւույթ է։

Թանգարաններում ու պատկերասրահներում նրանց տալիս են ճանաչողություն, սովորեցնում տեսնել, ընկալել ու վերլուծել։ Նրանցից յուրաքանչյուրն ապագայում ընտրում է ուրույն իր ճանապարհը, դառնում, ասենք, տնտեսագետ, ծրագրավորող, դիվանագետ՝ ձեռք բերած մասնագիտական կարողության հիմքում ունենալով ընկալման մի կերպ, որը չի կարող չնպաստել աշխատանքային խնդիրների լուծմանը։

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն ասում է, որ գրքեր կարդալը, արվեստի գործեր տեսնելը, երաժշտություն լսելը, ֆիլմեր դիտելը նպաստում են ուղեղի օպերատիվության զարգացմանը՝ օգնելով մարդուն տարբերակել կարեւորն անկարեւորից։ «Հետազոտություն է արվել՝ չոր թվերով։ Այն երկրներում, որտեղ կա ընթերցանության բարձր մակարդակ, մենեջմենթի մակարդակը բարձր է։ Որտեղ ցածր է մակարդակը ընթերցանության, մենեջմենթի մակարդակը ցածր է»։

Գրականության եւ արվեստի հետ մշտական շփումն Արմեն Մարտիրոսյանը համեմատում է մարզվելու հետ։ «Ինչպես մարդը մարզում է մկանները՝ աստիճանաբար մեծացնելով մարզաքարերի ծանրությունը, այդպես էլ ուղեղն է. կարդացածդ հաջորդ գիրքը պիտի լինի ավելի բարդ, տեսածդ հաջորդ կտավն՝ ավելի բարդ, լսածդ երաժշտական հաջորդ գործը՝ ավելի բարդ, եւ այդպես արդյունք կլինի»։

Եվրոպական պետությունները, ըստ Մարտիրոսյանի՝ ֆինանսավորում են պահանջարկը, ոչ թե առաջարկը։ Այսինքն՝ եթե պարզեցնենք, չեն ֆինանասավորում գիրք հրատարակելը կամ ցուցահանդես կազմակերպելը, ինչպես մեզ մոտ է ընդունված։

«Մարդն ուզում է ընթերցել կամ գնալ թատրոն կամ ֆիլմ դիտել կամ երաժշտություն լսել, պետությունը, տեղական ինքնակառավարման մարմինները  ֆինանսավորում են դա՛։ Բազմաթիվ դպրոցական, բուհական ծրագրեր կան, աբոնեմենտներ են թողարկվում ու պարտադիր չի այդ աբոնեմենտն անվճար լինի, անվճարը վատ բան է համարվում։ Էժան լինի, բայց ինչ-որ վճար մարդը պետք է տա»,-ասում է «Անտարեսի» տնօրենը։

Պետական կամ պետության մասնակցությամբ ընթերցանությունը խթանող 121 ծրագրեր կան միայն Գերմանիայում, որոնք եւս պահանջարկը խթանելու ձեւեր են։ Դրանցից մեկը կապված է գերմանացի հռչակավոր ֆուտբոլիստ, դարպասապահ Մանուել Նոյերի անվան հետ։

«Մանուել Նոյերի մանկական հիմնադրամը» բարեգործական նախաձեռնություն է, որի նպատակն է աջակցել սոցիալապես անապահով երեխաներին ու պատանիներին՝ կրթության եւ ինտեգրման միջոցով նրանց տալով համարձակություն, հեռանկարներ եւ լավ կյանքի հնարավորություններ։

Հիմնադրամը գործում է Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալյա երկրամասի Ռուրի շրջանում։ Նույն շրջանի երկու քաղաքներում՝ Գելզենկիրխենում եւ Բոտրոպում ունի MANUS կոչվող երիտասարդական կենտրոններ, որոնք 6-18 տարեկանների համար են։

MANUS կենտրոններն աշխատում են հմտություններ զարգացնող աշխատանոցներով, սաների հետ իրականացնում ստեղծարար նախագծեր՝ խթանելով նրանց սոցիալական ինտեգրումը։

Ստեղծագործական ինդուստրիաներ

Մշակութային ու ստեղծագործական ինդուստրիաները Եվրոպայում ամենաարագ զարգացող ոլորտներից են: Գերմանիայում, օրինակ՝ 2010 թվականին դրանց շրջանառությունը եղել է շուրջ 140 միլիարդ եվրո: Գործում են 244 հազար ընկերություններ, որոնք աշխատատեղեր են ապահովում միլիոնավոր մարդկանց համար:

Դիզայն, գրքեր, ճարտարապետություն, երաժշտություն, կինո, համակարգչային խաղեր, գովազդ… ստեղծագործական ոլորտները բազմազան են: Այս բազմազանությունն ընդգծվում է ընկերությունների ձեւերով ու չափերով։ Առանձին արվեստագետներից, հեղինակներից եւ այլ մասնագետներից բացի, կան բազմաթիվ փոքր ու միջին ընկերություններ, ինչպիսիք են գովազդային գործակալությունները, հրատարակչությունները, պատկերասրահները, երաժշտություն ​​​​արտադրող ընկերությունները, որոնք շրջանառություն են ապահովում:

Ոլորտն աջակցություն է ստանում «Մշակութային եւ ստեղծագործական ինդուստրիաներ» կոչվող նախաձեռնության կողմից, որը ստեղծել է Գերմանիայի Դաշնային կառավարությունը 2008 թվականին։ Այն մշակույթի եւ արվեստի, ինչպես նաեւ էկոնոմիկայի դաշնային նախարարությունների համատեղ ձեռնարկն է։ Նրանք էլ համակարգում են ծրագրերի իրականացումը։

Նմանօրինակ նախաձեռնություններից ու նպատակային ծրագրերից բացի՝ պետություններն արվեստի զարգացմանը նպաստում են նաեւ հարկային ճկուն քաղաքականությամբ։

«Գերմանիայում, օրինակ՝ բոլոր ապրանքների համար ավելացած արժեքի հարկը 13 տոկոս է, գրքի համար՝ 7 տոկոս։ Շատ երկրներում զրո տոկոս է։ Շահութահարկից են ազատում հրատարակչություններին։ Այսինքն՝ ամեն ինչ անում են, որ գիրքը հասանելի լինի»,-ասում է Արմեն Մարտիրոսյանը։

«KulturDialog Armenien» կազմակերպության հիմնադիր-նախագահ Սոնա Հարությունյանը նույնպես կարեւորում է պետության կարգավորիչ դերը։ «Արվեստագետները հաճախ ասում են, թե պետությունը չպետք է միջամտի արվեստին։ Այո՛, պետությունը չպետք է ասի՝ ով ինչ նկարի, ինչպես նկարի, պետությունը պետք է ապահովի հարթակներ արվեստի զարգացման համար։

Ինչպե՞ս է պետությունը մասնակցում արվեստային գործընթացներին

«Եվրոմիության եւ առանձին պետությունների մշակույթով զբաղվող կառույցները մշակում են ռազմավարություններ, սահմանում առաջնահերթություններ, իսկ արվեստի ֆինանսավորման համար գործում են այլ մեխանիզմներ»,-ասում է Սոնա Հարությունյանը՝ բերելով Գերմանիայի օրինակը, որտեղ հատկապես հետաքրքիր է ապակենտրոնացումը։

Գերմանիան համադաշնային պետություն է։ Ամեն երկրամաս ունի մշակույթի իր նախարարությունը։ Տեղական այս կառույցներն իրենք էլ մշակում են ռազմավարություններ՝ համահունչ ԵՄ կամ անդամ երկրների կառավարությունների մոտեցումներին։ Արվեստը ֆինանսավորելու համար գործում են մշակույթի հիմնադրամներ, որոնք թեեւ պետական են, բայց միջոցներ են ներգրավում նաեւ բիզնեսից ու տարատեսակ ֆոնդերից։

Թատրոն, երաժշտություն, գրքարվեստ, պար, կերպարվեստ… Բացի կինոյից, կինոն այլ կերպ է ֆինանսավորվում, արվեստի բոլոր ճյուղերն աշխատում են մշակույթի հիմնադրամների հետ։ Ֆինանսավորումն արվում է բաց կանչերի միջոցով։ Արվեստագետը դիմում է, ներկայացնում գաղափար (concept), նախկինում արված աշխատանքների հավաքածո (portfolio) եւ բյուջե։ Առաջարկները քննարկվում ու բավարարվում են՝ ըստ նախապես մշակված ռազմավարությունների եւ առաջնահերթությունների։

«Մասնավոր բիզնեսը ցանկացած երկրում միշտ հետեւում է պետության կողմից ուշադրության արժանացած արվեստագետներին։ Այսինքն՝ պետության սահմանած նշաձողը, չափանիշ է նաեւ բիզնեսի համար։ Եվ սա վերաբերվում է ոչ միայն դրամաշնորհի մեխանիզմին»,-ասում է «KulturDialog Armenien» կազմակերպության նախագահը։

Մշակույթի հիմնադրամների միջոցով իրականացված նախագծերն ու դրանցով ձեռք բերած ճանաչումը ապահովում է նաեւ մասնավոր պատվերներ՝ հյուրանոցների, բիզնես կենտրոնների, հանրային այլ հաստատությունների ձեւավորում, որոնք լրացուցիչ վաստակ են արվեստագետների համար։

Ըստ Սոնա Հարությունյանի՝ մշակութային հիմնադրամներն այնքան ծանրաբեռնված են աշխատում, որ արդեն մտածում են ոլորտները տարանջատելու մասին։ Հատկապես շատ են տեսաձայնային տեխնոլոգիաների վրա հիմնված արվեստի տեսակները՝ վիդեոարթ, տեսաձայնային ինստալացիաներ եւ այլն, որոնք առանձին մոտեցում են պահանջում։ Նա բերում է օրինակը Բադեն-Վյուրտենբերգ երկրամասի Կառլսռուե քաղաքի, որը դարձել է աուդիովիզուալ արվեստի համաշխարհային կարեւոր կենտրոններից մեկը։

Կառլսռուեն՝ շուրջ 300 հազար բնակչությամբ, 22-րդն է Գերմանիայի քաղաքների շարքում։ Փոքրիկ քաղաք՝ Ֆրանսիայի սահմանի մոտ, որը 1989-ից աշխարհին հայտնի է դարձել արվեստի ու մեդիայի իր յուրօրինակ կենտրոնով (ZKM-Zentrum für Kunst und Medien)։ ZKM-ն թվային դարաշրջանում առաջ է տանում արվեստի բաց հայեցակարգը։ Այստեղ գիտական հավաքածուն եւ արխիվային հետազոտությունները միահյուսված են էլեկտրոնային արվեստի գեղարվեստական փնտրտուքի հետ։

2015-ից քաղաքն աշխարհում հայտնի է դարձել «Շլոսլիխցփիլե» ամենամյա մեդիա փառատոնով (Schlosslichtspiele Light Festival Karlsruhe), որը նախաձեռնել եւ իրականացնում է ZKM-ի Արվեստի եւ մեդիայի կենտրոնի գեղարվեստական ու գիտական ղեկավար Փիթըր Վեյբելը (Peter Weibel)՝ Կառլսռուեի պալատի 170 մետր երկարությամբ ճակատային մասն օգտագործով որպես էկրան, որի վրա հեռարձակվում են հսկայական 3D պրոյեկցիոն քարտեզագրական տեսաձայնային նյութեր։ Հիմնադրումից ի վեր ամբողջ աշխարհից փառատոնը դիտելու համար քաղաքն ընդունել է ավելի քան երկու միլիոն զբոսաշրջիկների:

Կրկին աշխարհայացքի մասին

Մեր ընկալումներում արվեստը, գիրքն առաջին անհրաժեշտության կարիք չէ, իսկ առավել հոռետես ընկալումներում՝ թվային դարաշրջանի հնոտի։ Ի՞նչ կարիք կա մեծ միջոցներ ծախսել արվեստ ու գրականություն զարգացնելու վրա, եթե ունենք iPhone-ներն ու Smartphone-ները, որոնց խորքերում կարելի է ժամանակ անցկացնել։

Ժամանակակից եվրոպական փորձը, սակայն, ցույց է տալիս, որ արվեստը տնտեսության, քաղաքականության ու քաղաքացիական վարքի կարեւոր բաղադրիչ է։ «Անտարեսի» տնօրեն Արմեն Մարտիրոսյանը մի բան պատմեց, առանց որի մեջբերման այս հոդվածը չէր եզրափակվի։

«Մի անգամ Ֆինլանդիայում գործընկերոջս տանն էի, ասաց՝ վաղը քաղաքում հանրաքվե է լինելու եւ ինքն անպայման մասնակցելու է։ Ի՞նչ հարցով՝ հետաքրքրվեցի։ -Ուզում են հարկերը բարձրացնել։ Ասի՝ դուք կո՞ղմ եք։ -Իհարկե, դրանից հետո բոլոր մեր դպրոցները լողավազան կունենան, հիմա ոչ բոլորն ունեն։ Չգիտեմ՝ Հայաստանում քանի՞ մարդ այդպես կմտածի։ Սա դպրոցում կամ համալսարանում չեն սովորեցնում»։

 

Տիգրան Պասկեւիչյան

Սույն հոդվածը հրապարակվել է «Պարզաբանելով ժողովրդավարությունը․ իրազեկման նախաձեռնություն» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ֆինանսավորմամբ։